Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-10
«Ղ-Տելեկոմ»-ը` երկրորդ օպերատոր
Նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության ստեղծած մրցութային հանձնաժողովը հայտարարել էր, որ «Ղ-Տելեկոմ»-ը կդառնա Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատորը:
Նոյեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, որ «Ղ-Տելեկոմ»-ը մրցույթի հաղթող ճանաչելու մասին որոշումը կարելի է համարել «ավելի շուտ քաղաքական եւ ռազմավարական»:
Արդարադատության նախարարի խոսքով՝ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը, որի սեփականատերերը «Ղ-Տելեկոմի» հիմնադիրներն են, Լեռնային Ղարաբաղի տարածքում մատուցում է «փայլուն որակի» ֆիքսված եւ բջջային կապի ծառայություններ:
Նախարարը հիշեցրել էր, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է խոչընդոտել «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության միջազգային հարաբերություններին: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի տարածքում աշխատելու համար լիցենզիա տրամադրելը կօգնի «Ղարաբաղ-Տելեկոմ»-ին լուծել այդ խնդիրները:
ՆԱՏՕ-ն մտադիր չէ բազաներ տեղակայել Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը նոյեմբերի 5-ին Երեւանում ասել էր, որ «կազմակերպությունը մտադիր չէ ռազմական բազաները տեղակայել Հարավային Կովկասի որեւէ երկրում»:

Լուսանկարը` ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ շեշտել էր՝ «դաշինքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով զբաղվելու մտադրություն եւ հավակնություն չունի»:
Կառլոս Պետրոսյանի պաշտոնանկությունը
Նոյեմբերի 5-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր էր ստորագրել՝ Կառլոս Պետրոսյանին Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին:

Լուսանկարը` Ֆոտոլուր
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-10
«Չեն կարող վնաս հասցնել երրորդ կողմերին»
Նոյեմբերի 4-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ «հայ-թուրքական պայմանավորվածություններից ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես երրորդ կողմին վնաս հասցնող»:
«Փաստաթղթերի ստորագրումը, որը դարձավ հայ եւ թուրք գործընկերների` բարդ խնդիրների կարգավորմանն ուղղված նպատակաուղղված, համատեղ պրագմատիկ աշխատանքի արդյունքը, հաստատում է գործը բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը հասցնելու երկու երկրների ղեկավարների հստակ տրամադրվածությունը: Այժմ կողմերը պետք է վավերացնեն այդ արձանագրությունները եւ սկսեն դրանց գործնական իրագործումը»,- ասել էր ռուսաստանցի դիվանագետը`նոյեմբերի 4-ին «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի հետ հարցազրույցում:

Լուսանկարը` REUTERS
Գրիգորի Կարասինը նկատել էր, որ Ռուսաստանը պատրաստ է օժանդակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին նաեւ տնտեսական ծրագրերի իրականացման միջոցով, մասնավորապես, էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառում:
Orange-ի մուտքը
Նոյեմբերի 5-ին Orange Armenia բջջային օպերատորը պաշտոնապես հայտարարել էր հայաստանյան շուկա մուտք գործելու մասին:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Ելույթ ունենալով Երեւանում France Telecom խմբի նախագահ Դիդյե Լոմբարդն ասել էր, որ Հայաստանում Orange-ը շեշտը դնելու է նորարարությունների վրա: Իսկ France Telecom-ի փոխնախագահ Օլաֆ Սուանթին նշել էր, որ Orange Armenia-ն հատուկ ուշադրություն է դարձնելու Հայաստանում լայնաշերտ ինտերնետի զարգացմանը:
Հարաբերությունները «մրցակցային չեն»
Նոյեմբերի 6-ին Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Երեւանում հայտարարել էր, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ «մրցակցային չեն»:
Նա նշել էր, որ ՆԱՏՕ-ն նպատակ չունի Ռուսաստանին «դուրս մղել» տարածաշրջանից:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Մենք նման նպատակ չունենք: Մենք գիտենք, որ Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, եւ որ ռուս զինծառայողները Հայաստանում են գտնվում ձեր երկրի իշխանությունների համաձայնությամբ: Մենք չենք կարծում, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ մրցակցում են իրար հետ, թեեւ երբեմն ռուսաստանյան կողմից լսվում են նման հայտարարություններ: Հայաստանը լիիրավ իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել այս կամ այն երկրների կամ կազմակերպությունների հետ համագործակցելու վերաբերյալ, եւ մենք աջակցում ենք նրան իր այդ իրավունքում»,- ասում էր Ռոբերտ Սիմոնսը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-10
«Ճակատագրական սխալի» վտանգը
Նոյեմբերի 9-ին Հայ ազգային կոնգրեսը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: