Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-21
Էրդողանը Փարիզում
Հուլիսի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փարիզում հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն անհնարին կլինի, եթե Հայաստանը եւ Սփյուռքը չհրաժարվեն 1915 թվականի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից:
Փարիզում այցով գտնվող Թուրքիայի կառավարության ղեկավարն ասել էր, որ «հայկական սփյուռքը շարունակում է օրակարգում պահել այսպես կոչված ցեղասպանության հարցը»:
«Իրականում, այդ փաստն ամենեւին էլ օգուտ չի բերում Հայաստանին: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները չեն կարող բարելավվել, քանի դեռ շարունակվում են նման գործողությունները: Եթե նրանք վերջ դնեն Թուրքիայի վարկաբեկմանն ուղղված քաղաքականությանը, թուրք-հայկական սահմանը կարող է բացվել»,- ասում էր Էրդողանը:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-21
Ավիավթարը
Հուլիսի 15-ին վթարի էր ենթարկվել Caspian Airlines իրանական ավիաընկերությանը պատկանող Tu-154 ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Երեւան չվերթը:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Ավիավթարի հետեւանքով 168 մարդ էր զոհվել՝ ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ:
Կործանված ինքնաթիռի 168 ուղեւորներից 36-ն ազգությամբ հայ էին, որոնցից վեցը Հայաստանի քաղաքացիներ էին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել հուլիսի 16 Սգո օր հայտարարելու մասին:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Փախստականների հարցն՝ ավելի լայն համատեքստում »
Հուլիսի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Երեւանը «երբեք չի համաձայնի խնդրի այնպիսի լուծմանը, որին համաձայնություն չի տա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւ ղեկավարությունը»:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը խոստովանել էր, որ «բնականաբար, որոշ հարցերում Լեռնային Ղարաբաղը կարող է այլ մոտեցումներ ունենալ, բայց ԼՂՀ-ի կարծիքը մեզ համար մեծ եւ կարեւոր նշանակություն ունի»:
Նախարարը նաեւ շեշտել էր, որ «Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը բանակցություններին որպես անհրաժեշտություն եւ բանակցային գործընթացի արդյունավետության երաշխիք»:
Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ ադրբեջանցի փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցը չի քննարկվում բանակցային գործընթացի շրջանակում: «Այս հարցը կարելի է քննարկել միայն խնդրի վերջնական լուծումից հետո՝ ավելի լայն համատեքստում՝ հաշվի առնելով Ադրբեջանից 400 հազար հայ փախստականների գործոնը»,- ասել էր նախարարը:
«Կարգավիճակը՝ հիմնական խնդիր»
Հուլիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, որը պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի գլխավորությամբ Եվրամիության «Եռյակի» պատվիրակության հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել էր, որ այդ հարցը քննարկվել էր Ադրբեջանի Նախագահի հետ հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ: Նրա խոսքով` այդ քննարկումը մի փոքր այլ պայմաններում էր կայացել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանրությանը տեղյակ էին պահել, թե ինչ սկզբունքների շուրջ են բանակցությունները: Սերժ Սարգսյանը սա ինչ-որ տեղ նաեւ օժանդակություն էր համարել՝ «ցավոք, միշտ չէ, որ կողմերը հանրությանը ներկայացնում էին այն հարցերը, որոնց մասին խոսվում էր բանակցությունների ընթացքում»:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Չնայած այս հանգամանքին, մոսկովյան քննարկումներից հետո եւս, մեր հարեւան Ադրբեջանում այլ կերպ են փորձում ներկայացնել բանակցությունների օրակարգը եւ իմաստը: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ թեեւ դժվարությամբ, բայց առաջընթաց կա: Այժմ մենք քննարկում ենք Մադրիդյան սկզբունքներից առանձնացված հիմնական սկզբունքները, այնուհետեւ պետք է քննարկենք մնացած սկզբունքները, որից հետո դրանց հիման վրա սկսենք հիմնական պայմանագրի մշակումը»,- ասում էր Սերժ Սարգսյանը:
Նա շեշտել էր՝ «արդեն բոլորի համար պետք է պարզ դառնա, որ հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, որը պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ եւ ունենա պարտադիր իրավական ուժ»:
«Երբ այս խնդրին մենք կարողանանք պատշաճ ձեւակերպում տալ, որը որեւէ երկմտանք չի առաջացնի, այնուհետեւ, կարծում եմ, բանակցությունները շատ ավելի հարթ կշարունակվեն»,- հայտարարել էր ՀՀ նախագահը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: