Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-7
Քրեական գործ «Արդարություն» դաշինքի դեմ
Ապրիլի 1-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի գործողությունների առնչությամբ:
Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ասվում էր, որ «ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները Երեւանում եւ մարզերում անցկացնում են հիմնականում չարտոնված հանրահավաքներ, որոնց ընթացքում կոչ են անում բռնի կերպով յուրացնել պետական իշխանությունը եւ փոխել հանրապետության սահմանադրական կարգը»:
Նույն օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկել էր ներքաղաքական իրավիճակը Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:
Պետության ղեկավարի մամլո ծառայությունից հաղորդել էին, որ «հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ առաջնահերթ է երկրում կայունության պահպանումը, ինչը Հայաստանի առաջընթացի եւ հաջող զարգացման հիմնական գործոնն է»:
Արտակարգ դեպք
Ապրիլի 2-ին Երեւանի ճոպանուղում տեղի էր ունեցել արտակարգ դեպք՝ խափանվել էր երկու վագոնների աշխատանքը, որոնցից մեկը ընկել էր 15 մետր բարձրությունից:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Վթարի ժամանակ վագոններից մեկում 8 մարդ կար, որոնցից երկուսը տեղում մահացել էին: Մյուս ուղեւորները ստացել էին տարբեր ծանրության վնասվածքներ:
Այդ միջադեպից հետո Երեւանի կենտրոնը Նորքի հետ կապող ճոպանուղին ապամոնտաժվեց:
Գեղամյանը մեղադրում է նախագահին եւ ՊՆ ղեկավարին
Ապրիլի 6-ին «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, որ ՀՀ նախագահը եւ պաշտպանության նախարարը անձնական պատասխանատվություն են կրում ապրիլի 5-ին Երեւանի կենտրոնում կայացած ընդդիմության հանրահավաքում տեղի ունեցած սադրանքների համար:
Հանրահավաքի կեսից անհայտ անձինք փորձել էին ձվեր նետել Արտաշես Գեղամյանի վրա: Տեսնելով, որ լրագրողները նկարում են տեղի ունեցողը, 15-ից 20 երիտասարդներ հարձակվել էին Հանրային հեռուստատեսության, «Կենտրոն» ու «Հայ TV» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի, «Առավոտ» եւ
«Հայկական ժամանակ» թերթերի լրագրողների վրա: Նրանք կոտրել էին նշված լրատվամիջոցների ֆոտոխցիկները:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, որ «սադրանքների ծրագիրը հաստատվել էր նախօրեին՝ Հայաստանի նախագահի մոտ կայացած հանդիպմանը, եւ միայն ժողովրդի զսպվածությունն է բացառել է անկարգությունները»: Քաղաքական գործչի խոսքով՝ հանրահավաքի ընթացքում ԶԼՄ-ների վրա հարձակված անձիք «որոշ օլիգարխների թիկնապահներն էին»:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-7
Վաշաձեի հայտարարությունը
Ապրիլի 4-ին Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել էր, որ «Վրաստանն ու Հայաստանը կհաստատեն ռազմավարական հարաբերություններ»:
«Վրաստանն ու Հայաստանն անպայման կհաստատեն ռազմավարական հարաբերություններ. կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասել էր նա:

Լուսանկարը` REUTERS
Վաշաձեի խոսքով, Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները կդառնան Վրաստանի Արտաքին քաղաքականության նոր ռազմավարության բաղադրիչը:
Վրաստանի եւ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները այդպես էլ չեն ձեւակերպվել:
Օբամայի հետ հանդիպումը
Ապրիլի 6-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ստամբուլում հանդիպել էր Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներին եւ նրանց կոչ էր արել ավարտել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Լուսանկարը` REUTERS
Հանդիպումը կայացել էր Քաղաքակրթությունների դաշինքի պաշտոնական ընթրիքից հետո:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-7
«Անակնկալ» հրաժարականը
Ապրիլի 3-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել:
Ապրիլի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն «անակնկալ» էր իր համար:
Ապրիլի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «նոր կառավարությունում էական փոփոխություններ են լինելու»:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաեւ նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»,- ասել էր երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը նշել էր, որ վարչապետի հրաժարականը պարտադրանք չի եղել:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: