Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-17
Խաղաղապահները մեկնեցին Կոսովո
Փետրվարի 12-ին 34 հայ խաղաղապահներ հունական ռազմատրանսպորտային «Հերկուլես» ինքնաթիռով մեկնեցին Կոսովո:
Սա առաջին արտասահմանյան գործուղումն էր հայ խաղաղապահների համար:

Լուսանկարը` Ֆոտոլուր
ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «մեր զինծառայողների ձեռք բերվելիք փորձը շատ կարեւոր է Հայաստանի զինված ուժերի համար»: Նա ընդգծել էր, որ հայ խաղաղապահների գործուղումը Կոսովո «ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվացման փուլերից մեկն է, որը սկսվել էր 2000 թվականից»:
Սկսել «զրոյից»
Փետրվարի 12-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել էր, որ Բաքուն «լիարժեք իրավունք» ունի ղարաբաղյան կարգավորման բանակցությունները սկսել «զրոյից»:
«Բանակցային գործընթացի սկզբունքների մասին կխոսենք միայն այն ժամանակ, երբ դրանք ընդունեն երկու կողմերը: Այսօր ղարաբաղյան կարգավորման մեջ չկա այնպիսի սկզբունք, որն ընդունել են երկու կողմերը: Ուստի, Ադրբեջանը զրոյից սկսելու լրիվ իրավունք ունի»,- ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը:
Ավելի վաղ՝ 2003 թվականի դեկտեմբերի 11-ին, Վիլայաթ Գուլիեւը Մեդիամաքսի հետ հարցազրույցում հայտարարել էր.

«Նախագահներ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը զբաղվում էին ղարաբաղյան խնդրի լուծման ուղիների որոնմամբ, եւ մեզանից ոչ ոք չգիտի, թե ի՞նչի մասին են նրանք պայմանավորվել, քանի որ այդ բանակցությունների արդյունքները որեւէ փաստաթղթում չեն արձանագրվել: Հետեւաբար, Հայաստանը եւ Ադրբեջանը որեւէ պարտավորություն չեն ստանձնել, եւ Իլհամ Ալիեւը կարող է սկսել «զրոյից», նոր պահանջներ եւ մոտեցումներ ունենալ»:
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը՝ մեկնաբանելով Գուլիեւի հայտարարությունները, նշել էր.
«Եթե Ադրբեջանը ցանկանում է ամեն ինչ սկսել զրոյից, ապա նրանք պետք է դիմեն բացառապես Ստեփանակերտին, եթե վերջինս, իհարկե, համաձայնվի դրան»:
Շավարշ Քոչարյանը` ընդդիմությունը պառակտելու փորձերի մասին
Փետրվարի 13-ին «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները վտանգ են զգում ընդդիմադիր ուժերի խորհրդարանական նիստերի բոյկոտից:
Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ իշխանությունները մի շարք միջոցներ են ձեռնարկում, որոնց նպատակն է «կանխել համազգային ալիքի բարձրացումը»: Այդ միջոցների թվում պատգամավորը նշել էր «իշխանությունների առանձին սադրանքները՝ ուղղված ընդդիմության պառակտմանը»: Ավելին, ասում էր Շավարշ Քոչարյանը, իշխանությունները ցանկանում են ընդդիմությանը մղել հակասահմանադրական քայլերի, «սակայն, մենք չենք տրվի այդ հնարքներին»:
«Իշխանությունները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, գիտակցում են, որ իրենց հաշված օրեր են մնացել»,- ասում էր Շավարշ Քոչարյանը:
2008 թվականին՝ Սերժ Սարգսյանի ՀՀ նախագահ ընտրվելուց հետո, Շավարշ Քոչարյանը նշանակվեց արտաքին գործերի նախարարի տեղակալ եւ զբաղեցնում է այդ պաշտոնը մինչ օրս:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-17
Սարգսյանն ու Գյուլը՝ իրենց երկխոսության մասին
Փետրվարի 12-ին Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները մեկնաբանում էին Երեւանի եւ Անկարայի երկխոսությունը:
Ելույթ ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր, որ «մեր նպատակը Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություների հաստատումն է եւ սահմանների բացումը»:
Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ Հայաստանը պետք է նորմալ հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ, «ինչի համար այսօր լավ հնարավորություն կա, որը մենք պետք է օգտագործենք»:
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հույս էր հայտնել, որ իր այցը Երեւան «ոչ միայն մեկնարկ հաղորդեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլեւ կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»:
«Ես հավատում եմ, որ իմ այցը Երեւան ոչ միայն մեկնարկ հաղորդեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլեւ կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Միաժամանակ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին այդ բարդ հանգույցները քանդելուն ուղղված անդուլ ջանքերի համար»,- հավելել էր Աբդուլա Գյուլը ռուսաստանյան «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-17
«Նիմֆոմանուհու» ցուցադրության չեղարկումը
Փետրվարի 12-ին «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը մեկնաբանել էր «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրության չեղարկումը:

««Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը հրաժարվել է նախապես հայտարարված «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի երկար սպասված պրեմիերան նախատեսված էր փետրվարի 13-ին` ֆիլմի համաշխարհային ցուցադրությանը զուգահեռ: Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Գեղամյանի գիրքը
Փետրվարի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր գտնվել «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: