exclusive
6405 դիտում

Երեւանի բազմաբնակարան շենքերի միայն 20%-ն է սեյսմակայուն


Լուսանկարը` «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն

Լուսանկարը` «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն

Լուսանկարը` «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն

Լուսանկարը` «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն

Լուսանկարը` «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն

Լուսանկարը` «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն

Լուսանկարը` «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն

Լուսանկարը` «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն


Իրանում վերջերս տեղի ունեցած երկրաշարժը կրկին կենտրոնացրեց մարդկանց ուշադրությունը սեյսմիկ անվտանգության եւ պաշտպանության հիմնախնդիրների վրա: Հայաստանի նման երկրի համար, որն ունի Սպիտակի երկրաշարժի փորձը, այս խնդիրն առավել քան ցավոտ է: 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետեւանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, շուրջ 19 հազար մարդ դարձավ հաշմանդամ, 500 հազարը մնաց անօթեւան, երկիրը կրեց ավելի քան $ 13 միլիարդի տնտեսական վնաս: 

Սպիտակի երկրաշարժի պարագայում զոհերի եւ ավերածությունների թիվը մեծ էր նաեւ այն պատճառով, որ խորհրդային իշխանությունները թերագնահատել էին Հայաստանի սեյսմիկ վտանգը: Իրականում, Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ երկրաշարժերի ուժգնությունը մեր տարածաշրջանում գնահատվում է 8 եւ ավելի բալ, մինչդեռ մեր երկրի շենք-շինությունները կառուցվել էին՝ առանց հաշվի առնելու այս հանգամանքը:

Հայաստանի տարածքն ըստ սեյսմիկ վտանգի բաժանված է երեք գոտիների: Մայրաքաղաք Երեւանը գտնվում է երրորդ՝ ամենավտանգավոր գոտում: Մասնագետների գնահատմամբ, ուժգին երկրաշարժի դեպքում մայրաքաղաքում հնարավոր է զոհվի ավելի քան 100 հազար մարդ:



Երեւանի սեյսմիկ ռիսկի գնահատումը

Երեւանը Հայաստանի ամենախիտ բնակեցված քաղաքն է, որտեղ 1000 տարվա կտրվածքով հնարավոր է 9 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայության կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանի խոսքերով, մայրաքաղաքում, հատկապես կենտրոնում, շատ են մինչեւ 1950թ. կառուցված շենքերը, որոնք չեն ենթարկվել հակասեյսմիկ միջոցառումների, իսկ 1950 թ-ից մինչեւ Սպիտակի երկրաշարժի ժամանակահատվածում կառուցված շենքերի պարագայում սեյսմիկ վտանգը թերագնահատված է: 

Վերջերս ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասնագետները ճապոնացի գործընկերների հետ համատեղ գնահատել են Երեւանի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ ռիսկը:

«Նախնական գնահատականներով, կարելի է ասել, որ Երեւանի շուրջ 4800 բազմաբնակարան շենքերի 20%-ը սեյսմակայունության տեսակետից շահագործման պիտանի չի: Դրանք պետք է ապամոնտաժվեն եւ փոխարինվեն նորերով:  Բազմաբնակարանների մոտ 60%-ը սեյսմազինվածության բարձրացման եւ ամրակայման կարիք ունի: Այսպիսով, բազմաբնակարանների միայն 20%-ը ուժեղ երկրաշարժի դեպքում կվնասվի, բայց չի փլուզվի»,- նշել է Զավեն Խլղաթյանը:

 Հայ եւ ճապոնացի մասնագետները դիտարկել են հավանական երկրաշարժի մի քանի սցենարներ: Այսպես, սցենարներից մեկի համաձայն՝ Գառնու մերձակայքում ցերեկային ժամերին ուժգին երկրաշարժի պարագայում Երեւանում կզոհվի շուրջ 100 հազար մարդ, կփլուզվի շենքերի 40%-ը: Եթե երկրաշարժը գրանցվի գիշերը, զոհերի թիվը կհասնի 250 հազարի:

Որպես Երեւանի առավել վտանգավոր թաղամասեր Զավեն Խլղաթյանը առանձնացրել է Կենտրոն համայնքը, որը կառուցապատված է հիմնականում հին, սեյսմակայունության նորմերին չհամապատասխանող շենքերով: Հնարավոր երկրաշարժի դեպքում առավել վտանգավոր են նաեւ Շենգավիթ, Էրեբունի, Աջափնյակ եւ Հարավ-Արեւմտյան Բ թաղամասերը:



Ինչպե՞ս հասնել սեյսմիկ ռիսկի նվազեցման 

2011թ. հունիսին «Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիան» բաց նամակ ուղղեց ՀՀ ղեկավարությանը, որում, մասնավորապես, ասված էր.

«Հետազոտությունները ցույց են տվել, որ Երեւանում, որտեղ կենտրոնացած է Հայաստանի ազգաբնակչության ավելի քան 40%-ը, 6.5-7 մագնիտուդայով կանխատեսվող երկրաշարժի դեպքում կավերվի կապիտալ կառուցապատման շենքերի գերակշռող մեծամասնությունը, իսկ զոհերի թիվը կլինի անհամեմատելի ավելի շատ, քան Սպիտակի երկրաշարժի դեպքում: Անդամալույծների եւ անտուն մնացած մարդկանց թիվն արդեն հնարավոր չի լինի հաշվել:

Ակնհայտ է, որ նույնիսկ հարուստ պետություններն ի վիճակի չեն իրականացնելու գոյություն ունեցող շենքերի ու կառույցների զանգվածային ուժեղացում: Օրինակի համար, անհրաժեշտ եւ ոչ անհրաժեշտ առիթներով շքեղ տոնակատարությունների ու համերգների փոխարեն այդ միջոցներն ուղղեք երկրաշարժից բնակչության պաշտպանությանը:

Մենք առաջարկում ենք շտապ կարգով սկսել դպրոցների, հիվանդանոցների ու կառավարական շենքերի ուժեղացումը»:

Ակնհայտ է, որ այսօր մեր պետությունը, օբյեկտիվ պատճառներից ելնելով, ի վիճակի չէ հրաժարվել ոչ միայն սեյսմիկ անվտանգության նորմերին չհամապատասխանող, այլեւ վթարային վիճակում գտնվող շենքերից: Սա կպահանջի ոչ միայն ահռելի ֆինանսական միջոցներ, այլեւ բնակչության որոշակի խմբերին՝ նոր կացարանով ապահովում, ինչը ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակում անիրական է թվում: 

Ներկա պայմաններում սեյսմիկ ռիսկի նվազեցման ամենաիրատեսական եւ արդյունավետ ճանապարհներից մեկը բազմաբնակարան շենքերի, դպրոցների, հատուկ նշանակության օբյեկտների ուժեղացումն է: Զավեն Խլղաթյանի փոխանցմամբ, մոտ ապագայում կառավարությունը կընդունի որոշում, որով առաջնային խնդիր է դրվում ամրակայել հենց դպրոցներն ու մանկապարտեզները:

Սեյսմիկ ռիսկի նվազեցման տեսանկյունից պակաս կարեւոր չէ նաեւ ենթակառուցվածքների խնդիրը:

«Մեր ճապոնացի գործընկերների համար անհասկանալի էր, թե ինչու են մեր թաղամասերի գազատարներն անցնում շենքերի պատերին անմիջապես կից: Դա շատ վտանգավոր է: Այդ ենթակառուցվածքները նախատեսված չեն անգամ փոքր ցնցումների համար, եւ երկրաշարժի դեպքում դրանք կբերեն երկրորդային վտանգների»,- նկատել է սեյսմիկ պաշտպանության գործակալության մասնագետը:     

Բազմաբնակարանների ամրակայումը՝  նվազագույն ծախսերով

Զավեն Խլղաթյանը մշակել եւ ԱԻՆ ուշադրությանն է ներկայացրել ռազմավարական ծրագիր, որով առաջարկում է նվազագույն ֆինանսական միջոցներով հասնել բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ ռիսկի նվազեցմանը:


Նախնական հաշվարկներով, յուրաքանչյուր շենքի սեյսմազինվածության բարձրացումը կկազմի դրա արժեքի ոչ պակաս քան 40%-ը եւ կպահանջի շենքի բնակիչների ժամանակավոր տարհանում:

«Մենք առաջարկում ենք խնդրի լուծման ժամանակակից եւ արդյունավետ եղանակ, որի իրականացումը պետական բյուջեից ներդրումներ չի պահանջի. օգտագործել տատանումների դինամիկական մարիչներ, որը մեր առաջարկած պարագայում իրենից ներկայացնում է շենքի տանիքում մեկ լրացուցիչ հարկ: Երկրաշարժի ժամանակ այն տատանվում է շենքի տատանմանը հակառակ ուղղությամբ եւ իր վրա է վերցնում երկրաշարժից շենքին փոխանցվող էներգիայի զգալի մասը: Այն երկու անգամ փոքրացնում է սեյսմիկ ազդեցությունները բուն շենքի վրա եւ բացառում է շենքի փլուզումը»,- ասել է Խլղաթյանը:

Նախնական հաշվարկներով, այս տարբերակը յուրաքանչյուր շենքի պարագայում հնարավոր է իրականացնել 1-1,5 ամսվա ընթացքում, եւ 1 մ քառ. Շինարարության համար կպահանջվի ոչ ավել, քան 500 ԱՄՆ դոլար:    

«Չենք կարողանում զսպաշապիկ հագցնել կառուցապատողին»

Հայաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որն ընդունել է «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենք: Սակայն այն դեռեւս չի լրացվել բազմաթիվ օրենսդրական ակտերով:

«Նորմատիվային դաշտ կա, բայց կան դեռ հարցեր, որոնց շուրջ մենք չենք կարողանում «զսպաշապիկ» հագցնել կառուցապատողին: Բազմաթիվ նամակներ ենք պատրաստել եւ ուղարկել ՀՀ քաղաքաշինության նախարարություն եւ քաղաքապետարան՝ Երեւանում կառուցապատման խնդրի վերաբերյալ: Մենք մատնանշել ենք, որ Երեւանում կառուցապատումը պարտադիր պետք է համապատասխանեցնել սեյսմիկ ռիսկի մակարդակին»,- ասել է Զավեն Խլղաթյանը:

Սեյսմակայուն շինարարության նորմերի ամեն մի խախտում բերում է անկանխատեսելի հետեւանքների: Մասնագետներին հատկապես մտահոգում է քաղաքացիների կողմից բնակարաններում ինքնուրույն իրականացվող ձեւափոխումները՝ միջնորմերի, հիմնական կրող պատերի ձեւափոխումը կամ քանդումը:

«Իմ խորհուրդն է մեր ազգաբնակչությանը՝ մի վերագրեք ձեզ շինարարի գործառույթները եւ ինքնուրույն շինարարական միջամտություններ բնակարանում մի արեք»,- ասել է Զավեն Խլղաթյանը:

Եկատերինա Պողոսյան


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am