Երեւան։ Մեդիամաքս։ Երեւանի նորընտիր ավագանին այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Երեւանի քաղաքապետ է ընտրել Տիգրան Ավինյանին:
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել ավագանու 32, դեմ՝ 5 անդամ:
Նիստին ներկա էր ավագանու 37 անդամ։
Երեւանի ավագանու առաջին նիստին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» եւ «Հանրային ձայն» կուսակցությունները:
«Մայր Հայաստան» դաշինքը եւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մասնակցի նիստին:
Տիգրան Ավինյանը խոստացավ ծառայել Երեւանին, Հայաստանին «բոլոր այն սկզբունքների հիմքով, որը հայտարարվել էր դեռ 2018 թվականին»:
Քվեարկությունից առաջ Տիգրան Ավինյանն ասել էր, որ «ընտրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում քաղաքացիների քվեարկության պատկերը»։
Մեկնաբանելով նոր ընտրություններ անցկացնելու հարցը, նա ասել էր.
«Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու եւ սատարելու գործում: Իսկ նոր ընտրությունները ոչնչով չէին նպաստելու դրան, ավելին՝ շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ, կարծում եմ, ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»։
















