Փաշինյանը՝ Երեւանի նոր քաղաքապետին. «Ունեք իմ լիարժեք աջակցությունը» - Mediamax.am

1582 դիտում

Փաշինյանը՝ Երեւանի նոր քաղաքապետին. «Ունեք իմ լիարժեք աջակցությունը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Երեւանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Ըստ կառավարության մամուլի ծառայության, հանդիպմանը վարչապետն ասել է.

 

«Այն իրավիճակը, որ ունեցանք Երեւանի քաղաքապետարանում, ինստիտուցիոնալ իրավիճակ էր եւ ինստիտուցիոնալ խնդիր: Եվ այդ խնդիրն ինստիտուցիոնալ առումով հանգուցալուծվեց: Ի՞նչ նկատի ունեմ: Ի վերջո, Երեւանում 2018 թվականի աշնանից սկսած իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, եւ քաղաքական պատասխանատվությունն էլ «Իմ քայլը» դաշինքինն ու քաղաքական մեծամասնությանն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ ծրագիրն էլ իր հերթին բխում էր 2017 թվականի Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից: Այս առումով՝ կարեւոր է, որ ծրագիրը լիարժեք, ամբողջական եւ ինստիտուցիոնալ առումով կայանա: Եվ պիտի նաեւ արձանագրեմ, պարոն Սարգսյան, որ Դուք մինչեւ այս փուլն այդ ծրագրի իրականացման լիարժեք մասնակից եք եղել՝ զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Երեւանի ավագանու մեր գործընկերներն էլ իրենց գործառույթներն են իրականացրել այդ առումով:

 

Նաեւ կարեւորում եմ տեղի ունեցած գործընթացը պետական ինստիտուտների կայացման առումով: Որովհետեւ գիտեք, որ հիմա արդեն 4000 եւ ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում ավագանու ընտրություններ: Այսինքն՝ համայնքի ղեկավարի ընտրություններն անուղղակի են: Եվ ինստիտուցիոնալ առումով անհնար է համայնքի ղեկավարի աշխատանքը՝ առանց ավագանու մեծամասնություն ունենալու: Սա պարզ քաղաքական տրամաբանություն է: Եվ այս խնդիրն է, որ հանգուցալուծվեց:

 

Պիտի արձանագրենք, որ այսօր ունենք ներդաշնակ իրավիճակ Երեւանի քաղաքապետի, ավագանու եւ քաղաքական մեծամասնության միջեւ: Սա շատ կարեւոր է: Իհարկե, շատ կարեւորում եմ, որ քաղաքապետը համագործակցի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հետ, որովհետեւ այստեղ էլ համախմբող դերակատարումը շատ կարեւոր է: Այս պահին ուզում եմ ասել, որ մինչեւ օրս ամենայն աջակցություն ենք ցուցաբերել Երեւանի քաղաքապետարանին, եւ, իհարկե, այսուհետ եւս այդ աջակցությունը պիտի շարունակվի: Ծրագրի իրականացման ուղղությունները, տեմպերը, միջոցները, ժամկետները, իհարկե, պետք է նաեւ լրացուցիչ քննարկենք եւ լուծումներ ստանանք: Այս առումով՝ մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում: Պիտի իմանաք, որ ունեք կառավարության եւ իմ լիարժեք աջակցությունը: Քաղաքապետ, ավագանի, կառավարություն, քաղաքական մեծամասնություն ներդաշնակությունը պիտի սիներգիա ստեղծի, որն առավել արտահայտիչ երեւա երեւանցիների կյանքում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին