Չինաստանի նվիրաբերած 249 ավտոբուսների մի մասը վաղը Երեւանում դուրս կգա երթուղիներ - Mediamax.am

2024 դիտում

Չինաստանի նվիրաբերած 249 ավտոբուսների մի մասը վաղը Երեւանում դուրս կգա երթուղիներ


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Չինաստանի նվիրաբերած 249 քաղաքային ավտոբուսների մի մասն արդեն վաղը Երեւանում դուրս կգա երթուղիներ:

Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել է Չինաստանի «Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

 

Շնորհակալություն հայտնելով չինական կողմին` քաղաքապետն ասել է. «Հուսով եմ, որ ձեր ընկերության արտադրության ավտոբուսներն երկար կծառայեն մեր քաղաքին, եւ երեւանցիներն էլ սիրով կօգտվեն դրանցից: Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգով եւս նախատեսել ենք, որ ուղեւորափոխադրում իրականացնող մասնավոր ընկերություններն աստիճանաբար անցնեն մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներով սպասարկման»:

 

Չինական կողմի հետ քաղաքապետը քննարկել է ավտոբուսների շահագործման եւ տեխնիկական բնույթի հարցեր, այդ թվում նաեւ վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ:

 

Իր հերթին Խուան Շու Պինը նշել է, որ քաղաքապետի կողմից բարձրացված բոլոր հարցերը պատրաստ են քննարկել եւ ներկայացնել համապատասխան առաջարկներ:

 

«Որպես աշխարհում ավտոբուս արտադրող խոշորագույն ընկերություն, մեր մասնագետների աջակցությամբ կանենք հնարավորը, որպեսզի ավտոբուսները շահագործվեն ճիշտ եւ ծառայեն Երեւանին երկար տարիներ»,-ընդգծել է Խուան Շու Պինը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ առաջիկայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման եւ չինական ընկերության հետ հետագա հնարավոր համագործակցության շուրջ հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին