Հայտնի է «Էրեբունի-Երեւան» միջոցառումների ժամանակացույցը - Mediamax.am

5315 դիտում

Հայտնի է «Էրեբունի-Երեւան» միջոցառումների ժամանակացույցը


Լուսանկարը` Photolure (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 19-ին կնշվի Երեւանի հիմնադրման 2801-ամյակը:

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքի օրն առաջին անգամ հավասարապես կտոնեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: 

 

«Էրեբունի-Երեւան 2801» միջոցառումների համար ընտրվել է «Սրտումս Երեւան» կարգախոսը։ 

 

«Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի նաեւ պարգեւատրման արարողություն եւ մշակութային մաս»,- ասել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

 

Երեւանի ծննդյան տոնին կհնչի մանսուրյանական երաժշտություն: Այս օրերին Տիգրան Մանսուրյանի «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» ստեղծագործության հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ, որում ընդգրկված են մշակութային հայտնի գործիչներ, արվեստագետներ, պետական ու քաղաքական դեմքեր, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

 

Միջոցառումների ժամանակացույց

 

«Էրեբունի - Երեւան 2801» միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00-ին, իսկ հիմնական միջոցառումները կանցկացվեն 19:00-22:00-ը։ 

 

Վարչական շրջաններում կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր: Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է: Դասականների սիրահարներին Երեւանը հրավիրում է Արաբկիր: Հայկական ջազի լեգենդները ելույթ կունենան Դավթաշենում: Էրեբունիուն սպասվում է ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում՝ փոփ համերգ: Մալաթիայում կհնչի էստրադային, Նոր Նորքում՝ էլեկտրոնային, իսկ Նորք-Մարաշում՝ ազգագրական երաժշտություն: Ռոքի հայ աստղերը ելույթ կունենան Նուբարաշենում, հեղինակ-կատարողները՝ Շենգավիթում: Քանաքեռ-Զեյթունում կլինի ռետրո երաժշտություն: 

 

«Էրեբունի-Երեւան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: 

 

Ժամը 22:00-ին տեղի կունենա վարչական շրջանների միաժամանակյա հրավառություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին