Երեւանի նոր երթուղային ցանցի նախագծման աշխատանքներն ավարտվում են - Mediamax.am

exclusive
7408 դիտում

Երեւանի նոր երթուղային ցանցի նախագծման աշխատանքներն ավարտվում են


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Մեդիամաքսին հայտնել է, որ Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծման աշխատանքները մոտենում են ավարտին։

 

Դեռեւս երկու տարի առաջ Երեւանի քաղաքապետարանը բրիտանական WYG խորհրդատու կազմակերպության հետ պայմանագիր էր կնքել՝ Երեւանի երթուղային նոր ցանցի նախագծման վերաբերյալ։ Երեւանի նոր իշխանությունները շարունակում են ցանցի ներդրման աշխատանքները։

 

Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախագիծը կդրվի հանրային քննարկման, եւ դրա վերջնական տարբերակը կներկայացվի հաստատման:

 

Քննարկվում է ավտոբուսների մոդելների ընտրությունը

 

Երեւանում ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումները հիմնականում իրականացվելու են ավտոբուսներով, տրոլեյբուսներով, ինչպես նաեւ մետրոպոլիտենով: Միկրոավտոբուսներն ամբողջությամբ դուրս են գալու կիրառությունից։

Լուսանկարը` Photolure

Նոր երթուղային ցանցի սպասարկման համար ուսումնասիրվում են մի շարք երկրների արտադրության ավտոբուսների մոդելներ՝ ըստ վառելիքի տեսակների։

 

Առաջարկվել են ցանցի սպասարկման հիմնական չափորոշիչներ, որոնց հաստատումից հետո միայն հնարավոր կլինի կատարել ֆինանսական հաշվարկներ։ Սակագնի փոփոխության մասին տեղեկատվություն հայտնել ներկայումս հնարավոր չէ:

 

Մեկնարկում է ներդրումների ներգրավման գործընթացը

 

Այս պահին ավարտին է մոտենում տրանսպորտային ցանցի նախագծման փուլը եւ զուգահեռ մեկնարկում են աշխատանքներ՝ համապատասխան ֆինանսական ներդրումային ծրագրերի իրականացման համար։

 

Ավելի հստակ ժամկետների մասին հնարավոր կլինի խոսել նոր ցանցի վերջնական հաստատումից հետո։

 

Մենք ցանկանում ենք արդիականացնել տրանսպորտային ցանցը ներդրումների ներգրավմամբ՝ ամբողջությամբ փոխելով շարժակազմը, ներդնելով միասնական տոմսային համակարգ, վերանայելով երթուղիներն ու կանգառները, ապահովել քաղաքային տրանսպորտի հասանելիությունը առնվազն մինչև կեսգիշեր։ Այդ ամենը իրականացնելու համար մեզ ժամանակ է պետք։

Լուսանկարը` Photolure

Միեւնույն ժամանակ, մինչեւ նոր տրանսպորտային համակարգի ներդրումը նախատեսում ենք իրականացնել բարելավումներ։ 

 

Տրանսպորտի բարելավման այլ առաջարկներ

 

Հասարակական սեկտորից պարբերաբար առաջարկներ են ստացվում կայանատեղերի կազմակերպման, հեծանվուղիների կահավորման եւ այլ հարցերի վերաբերյալ, որոնք ըստ էության, տրանսպորտային համակարգի բարեփոխումների առանձին էլեմենտներ են, եւ այդ առաջարկները քաղաքապետարանը վերցնում է որպես հիմք՝ հետագա քննարկումների համար:

 

Տրանսպորտային հոսքի ինքնաշխատ կառավարման համակարգի ներդրման համար ունենք պիլոտային ծրագիր, որը կմեկնարկի 2019թ. ամռանը։

 

Թագուհի Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին