Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ տեղական ինքնակառավարման բարեփոխումները մշտապես ուղեկցվել են ԵԽ-ի հետ համատեղ աշխատանքով եւ համագործակցությամբ, ինչի վառ ապացույցը, մասնավորապես, նաեւ «Երեւանի մասին» գործող օրենքն է:
Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, այս մասին ասել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը` նախօրեին քաղաքապետարանում ընդունելով հունիսի 29-30 Երեւանում անցկացվող` ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի «Միգրացիան որպես մարտահրավեր տեղական ու ռեգիոնալ իշխանությունների համար» կոնֆերանսի մասնակիցներին:
Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային կոնգրեսի փոխնախագահ Հալվարդ Սկարդին իր հերթին նշել է, որ Երեւանում անցկացվող կոնֆերանսը ԵԽ անդամ երկրների պատվիրակների համար լավ առիթ է հայ գործընկերների հետ փորձի փոխանակման եւ առանցքային հարցերի շուրջ երկխոսություն ծավալելու առումով:
ԵԽ կոնգրեսը եվրոպական, տեղական ու տարածքային իշխանությունների ինստիտուտ է, որի նիստերը սովորաբար անց են կացվում Ստրասբուրգում: Այս անգամ ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի համայնքների միության հրավերով այն անց է կացվում Հայաստանում` ԵԽ անդամ երկրների շուրջ 70 պատվիրակների մասնակցությամբ: