«Նկուղային» պայքար քաղաքացու եւ քաղաքապետարանի միջեւ - Mediamax.am

exclusive
7661 դիտում

«Նկուղային» պայքար քաղաքացու եւ քաղաքապետարանի միջեւ


Լուսանկարը` A.Harutyunyan


Արդեն մի քանի ամիս է՝ Երեւանի քաղաքապետարանը վաճառքի է հանում բնակելի շենքերի նկուղային հարկերը՝ առանց քաղաքացիներին տեղեկացնելու կամ խորհրդակցելու: Քաղաքապետարանի այս քայլը հարուցել է մի շարք քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը, որոնք հնարավոր բոլոր միջոցներով փորձում են կանխել իրենց նկուղային տարածքների կորուստը:

 

Մեդիամաքսն անդրադարձել է խնդրին՝ ներկայացնելով քաղաքացիների դժգոհությունն ու քաղաքապետարանի բացատրությունը:

 

«Նկուղները բոլոր բնակիչների սեփականությունն են»

 

Աճուրդի հանված նկուղներից մեկն էլ Հալաբյան փողոցում է, որի վաճառքի մասին քաղաքապետարանը մի քանի շաբաթ առաջ է տեղեկացրել շենքի բնակիչներին: Սուրեն Մովսիսյանին հեռախոսազանգով հայտնել են, որ նկուղը քաղաքապետարանի սեփականությունն է եւ աճուրդում վաճառվելու է 2 մլն 600 հազ. դրամով: Հեռախոսազանգից մեկ շաբաթ անց էլ նա գրավոր ծանուցում է ստացել:

 

«Ինձ ասել են, որ Երեւան քաղաքի շահերից ելնելով՝ խնդրում են 10-օրյա ժամկետում ազատել Հալաբյան փողոցի 27 շենք, թիվ 75 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը եւ հանձնել գույքի սեփականատիրոջը՝ Երեւան քաղաքին: Նշել են, որ ցանկության դեպքում կարող եմ ներկա լինել աճուրդին, իսկ իրենք կանեն ամեն ինչ, որ ես հաղթեմ, ու տարածքն ինձ մոտ մնա»,- պատմում է Սուրեն Մովսիսյանը:

 

Հետաքրքիրն այն է, որ այդ տարածքն անգամ չի պատկանում Սուրեն Մովսիսյանին. նրա հայրն այն վարձակալել է 2005-2010 թթ., սակայն չի օգտագործել: Սուրեն Մովսիսյանի խոսքով՝ ինքը փորձել է բացատրել, որ այդ տարածքը բոլոր բնակիչների սեփականությունն է ու հետեւաբար բոլորի ստորագրությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի այն վաճառքի հանել:

 

«Քաղաքապետարանն ինձ անհիմն կերպով մեղադրում է, որ ես առանց փաստաթղթի օգտագործում եմ այդ սեփականությունն ու պետք է այն վերադարձնեմ: Իրավաբանների հետ խորհրդակցել եմ ու քաղաքապետին նամակ ուղարկել, որում պահանջել եմ բացատրել, թե ինչի հիման վրա են շենքում ապրող բոլոր բնակիչներին պատկանող տարածքները հանկարծ համարվում քաղաքապետարանի սեփականությունը»,- վրդովված նշում է Սուրեն Մովսիսյանը:

 

Երեւանը համարվում է թաղային համայնքների իրավահաջորդը

 

Երեւանի քաղաքապետարանը, ի պատասխան այս մեղադրանքների, իր բացատրություններն ունի: Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունում նշում են, որ Երեւանի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը սահմանվել է ՀՀ կառավարության 1997թ. ընդունված որոշումներից մեկով:

 

Կառավարության 2009թ. որոշումներից մեկով էլ սահմանվել է Երեւան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը:

 

Որոշման կետերից մեկի համաձայն՝ «քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները եւ պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները համարվում են Երեւան քաղաքի սեփականությունը: Բացառություն են կազմում միայն պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքները»:

 

Ստացվում է, որ «Երեւանը համարվում է Երեւան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը»: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110/12 հոդվածն էլ սահմանում է, որ ավագանին որոշում է ընդունում Երեւանի սեփականությունը համարվող գույքի կառավարման կարգի վերաբերյալ:

 

Այդ է պատճառը, որ քաղաքապետարանը սկսել է բազմաբնակարան բնակելի շենքերում Երեւան համայնքի սեփականություն համարվող գույքային միավորների նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքն ու տնօրինել դրանք:

Քաղաքապետարանն օտարում է այն տարածքները, որոնք հանդիսանում են բազմաբնակարան շենքում առկա շինությունների ընդհանուր բաժնային սեփականությունն ու համայնքի սեփականություն հանդիսանալ չեն կարող:

 

Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ

 

Համատիրությունների նախագահների ասոցիացիայի ղեկավար Արամ Գրիգորյանը համաձայն չէ քաղաքապետարանի այդ գործելակերպի հետ: Նա փաստում է, որ նկուղների հետ կապված խնդիրն առկա է արդեն մոտ 20 տարի: Դրա հետ կապված տարիներ առաջ Ազգային ժողով եւ կառավարություն են դիմել, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել:

 

Թե ինչու է նկուղային հարկերի վաճառքը հատկապես հիմա լայնամասշտաբ իրականացվում, Արամ Գրիգորյանը պայմանավորում է նրանով, որ բազմանակարան շենքերն առանձին բաժանումներով կադաստրային գրանցում չունեն, եւ նկուղները որեւէ տեղ նշված չեն:

 

«Այդ պատճառով տեղական իշխանությունները՝ այն ժամանակ թաղապետարանները, իսկ հիմա քաղաքապետարանը, այլ ճանապարհներով սեփականության փաստաթուղթ են ձեռք բերում, իսկ դրանից հետո բոլոր խնդիրները կարողանում են լուծել»,- ասում է նա:

 

Ըստ Արամ Գրիգորյանի՝ 2002թ. օրենքով ամրագրվել է, որ շենքերի ոչ բնակելի տարածքները՝ տանիքը, նկուղներն ու օժանդակ կառույցները, սեփականության իրավունքով պատկանում են բնակիչներին։ Այդ տարածքները համարվում են շենքի ընդհանուր բաժնային սեփականություն, հետեւաբար ոչ ոք իրավունք չունի առանց բոլորի համաձայնությունը ստանալու դրանք տնօրինելու կամ վաճառելու:

 

«Քաղաքապետարանի նման պահվածքի միակ նպատակը նկուղ վաճառել ու փող աշխատելն է: Քաղաքապետարանը որեւէ հիմունք չունի դրանք աճուրդի հանելու: Այն հղում է կատարում կառավարութան 1997թ. թիվ 42 որոշմանը, որը սխալ է կիրառում»,- նշում է Արամ Գրիգորյանը:

 

Նրա խոսքով՝ իրենք խորհրդատվություն են տրամադրում իրենց դիմած քաղաքացիներին, սակայն փորձում են խնդրի ամբողջական լուծումը գտնել՝ նմանատիպ բոլոր տարածքների վաճառքը կանխելու նպատակով: Իսկ դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ՝ լուծելու բազմաբնակարան շենքերի ու շենքերի հարակից տարածքների գրանցման հարցը:

 

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին