«Հին Երեւան» նախագծի ներդրման նվազագույն ծավալը $ 120 մլն է - Mediamax.am

exclusive
5346 դիտում

«Հին Երեւան» նախագծի ներդրման նվազագույն ծավալը $ 120 մլն է


Լեւոն Վարդանյանը
Լեւոն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՀ կառավարությունը եւ շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմակեսի «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն օրերս համաձայնագիր ստորագրեցին  «Հին Երեւան» պատմաճարտարապետական նախագծի կառուցապատման ներդրման վերաբերյալ: Մեդիամաքս-ը ծրագրի եւ դրանից բխող քայլերի վերաբերյալ զրուցել է նախագծի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Վարդանյանի հետ:

 

«Ուրախ եմ, որ նախագծի ներդրողը Վարդան Սիրմակեսն է, ով երկար ժամանակ Հայաստանում տարբեր ներդրումներ է կատարել: Նա տեսել է նախագիծն ու հավանել է ընդհանուր կառուցվածքը»,-Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Լեւոն Վարդանյանը:

 

Ճարտարապետը նշել է, որ անձամբ չի հանդիպել ներդրողի հետ, սակայն գալիք տարեսկզբին պատրաստվում է մեկնել Ժնեւ` նախագծի մանրամասները քննարկելու համար:

 

Պետության հետ կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ նախագծի հեղինակը մինչեւ 2015-ի մարտի 1-ը պետք է ավարտին հասցնի մանրակերտը, որպիսի այն հանրային քննարկման դրվի: Լեւոն Վարդանյանի փոխանցմամբ, հանրային քննարկումներից հետո կսկսի աշխատանքային փուլը, որի ընթացում բնականոն կերպով փորձելու են նախագիծը կյանքի կոչել:

 

Խոսելով ներդրումային ծրագրի արժեքից` մեր զրուցակիցը նշել է, որ պայմանագրի համաձայն, ներդրողը նվազագույնը 120 մլն ԱՄՆ դոլարի ներդրում պետք է կատարի: Գումարը կարող է հասնել մինչեւ 150 մլն, որի դեպքում կկատարվեն նաեւ ինտերիերի հարդարման աշխատանքները: Լեւոն Վարդանյանի տրամադրած տեղեկության համաձայն,  նախագծի հողակտորի համար պետությանն արդեն կանխավճար է արվել` ներդրման գումարի կեսից ավելի չափով:

 

Ճարտարապետը նշել է, որ ներդրողի կողմից ցանկություն է հնչել նախատեսվող ստորգետնյա ավտոկայանին եւս մեկ հարկ ավելացնել: Ստորգետնյա լրացուցիչ մեկ հարկի առաջարկ է արվել նաեւ առեւտրի կենտրոնի համար:

 

«Երեւանում կայանման խնդիրը բավական լուրջ է, իսկ փողոցները` ծանրաբեռնված: Նման նախագծի դեպքում, կարծում եմ, երկհարկանի ավտոկայանատեղիի առկայությունն արդարացված կլինի: Առեւտրային տարածքը ստորգետնյա հատվածում տեղակայելը եւս արդարացված մոտեցում է. վերին հատվածը պետք է հուշարձանային մնա»,-ասել է Լեւոն Վարդանյանը:

 

Ճարտարապետը նշել է, որ վերգետնյա հատվածի աշխատանքները կմեկնարկեն ստորգետնյա հատվածի շինարարության ավարտից հետո: Պայմանագրում նշված չէ, թե հուշարձանի վերգետնյա տարածքը ինչ նպատակով է օգտագործվելու: Հեղինակն առաջարկում է, որ այնտեղ լինեն գորգագործության, գինու, արծաթագործության եւ այլ  խանութ-սրահներ, թանգարաններ ու ցուցասրահներ, ինչպիսիք սովորաբար լինում են զբոսաշրջային կենտրոններում:

 

«Շատ եմ ցանկանում, որ արվեստի ցուցասրահներ լինեն: Բնական է, խանութներ եւս կլինեն, սակայն դրանք պետք է կապ ունենան ազգային արտադրության հետ»,- ասել է ճարտարապետը:

 

«Ցանկացած ներդնող իր պատկերացումն ունի, սակայն սա հուշարձանային գոտի է եւ այն, ինչ ելնում է հուշարձանների եւ հանրային շահերից, պետք է պահպանել»,- նկատել է ճարտարապետը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին