«Պոպլավոկ»` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
52022 դիտում

«Պոպլավոկ»` կենդանի պատմություն

«Երեւան. XX դար» հատուկ նախագծում այսօր կրկին անդրադառնում ենք երեւանյան այսպես կոչված «Բերմուդյան եռանկյունուն»` բաղկացած «Պոպլավոկ», «Սկվոզնյաչոկ» ու «Կոզիրյոկ» սրճարաններից:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Մարկ Կրիմսկիյ:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Ֆ. Հակոբյանի արխիվից:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Գյունտեր Ռեյֆ:

Երեւանն ու «Առագաստ» սրճարանը:
Երեւանն ու «Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Երեւանն ու «Առագաստ» սրճարանը:
Երեւանն ու «Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` «Երեւան» գրքից (2001թ.):

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշաքարը:
Ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշաքարը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Առագաստ» սրճարանը:
«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Աղբյուր» հուշարձանը:
«Աղբյուր» հուշարձանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:


«Երեւան. XX դար» հատուկ նախագծում այսօր կրկին անդրադառնում ենք երեւանյան այսպես կոչված «Բերմուդյան եռանկյունուն»` բաղկացած «Պոպլավոկ», «Սկվոզնյաչոկ» ու «Կոզիրյոկ» սրճարաններից: «Կոզիրյոկ»-ի մասին արդեն պատմել ենք ու նույնիսկ հեռուստատեսային հաղորդում ենք նկարահանել, իսկ այսօր հերթը «Պոպլավոկինն» է:

 

Բացի արտիստիկ մթնոլորտից եւ ստեղծագործական բուռն քննարկումներից, որոնք կային նաեւ «Սկվոզնյաչոկում» եւ «Կոզիրյոկուն», «Պոպլավոկը» աչքի էր ընկնում իր թեթեւ, հմայիչ, վարպետորեն արված ճարտարապետությամբ: Ինչպես «Եվ լողում է նավը» հոդվածում գրում է ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը, «Պոպլավոկի» հեղինակ Ֆելիքս Հակոբյանը շատ զուսպ միջոցներով ներդաշնակել էր սրճարանը շրջակա բնական ռելիեֆի հետ՝ այն վարպետորեն տեղադրելով բարձրության վրա այնպես, որ շինության վերեւի մասը ստացել էր դարավանդի տեսք, իսկ տարբեր մակարդակների միջեւ եղած տարածությունը տրամաբանորեն զբաղեցրել էր սրճարան-«նավի» ներքեւի մասը:

 

Երեւանն ու «Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

 

Ցավոք, նշում է հոդվածի հեղինակը, այդ հիանալի շինությունը մնաց միայն մեր հուշերում, իսկ նրան փոխարինած ծանր, «գլամուրային» հավակնություններ ունեցող ծավալային կառույցը այլեւս չունի հին սրճարանի անասելի ձգողական ուժը:

 

Պատմում է Ճարտարապետ Ֆելիքս Հակոբյանի դուստր Ասթինե Հակոբյանը` հայրս շատ էր սիրում սրճել «Առագաստում»

 

Մինչեւ «Առագաստը» ստեղծելը հայրս արդեն սրճարանների նախագծման փորձ ուներ. 1960-ին նա նախագծել էր Բաղրամյանի պողոտայում գտնվող «Գուսան» սրճարանը: 

 

1963 թվականին ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի արվեստանոցը սկսեց նախագծել «Օղակաձեւ այգին»: 1964-ին հայրս նախագծեց  «Առագաստ» սրճարանը, իսկ Մարգարիտա Հայրապետյանը՝ սրճարանին կից հասարակական զուգարանը: 

 

Սրճարանի անվանումը հայրիկիս մտահաղացումն է եղել: Սրճարանի ձեւավորման համար նա տենտ էր օգտագործել, որը պարաններով ամրացրել էր կառույցին: Այն տարիներին նման բան չկար եւ շատ յուրօրինակ էր դիտվում: 

 

«Առագաստ» սրճարանի եւ «Օղակաձեւ զբոսայգու» մեկ հատվածի նախագծման համար հայրս ճանաչվել էր Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր:

 

Հայրս շատ էր սիրում իր նախագծած սրճարանն այցելել, օրը մեկ անգամ պետք է պարտադիր այնտեղ սուրճ ըմպեր: Հաճախ ընկերներով հավաքվում էին, զրուցում, երբեմն անգամ անծանոթ մարդիկ էին միանում նրանց: Իսկ երեկոյան, երբ սրճարանը փակվում էր, կարող էին զրույցը մեր տանը շարունակել:

 

Ֆելիքս Հակոբյանը ընկերների հետ «Առագաստ» սրճարանում:

Լուսանկարը` Ա. Հարությունյանի արխիվից:

 

Մանկությունս անցել է այդ զբոսայգում, դա մեր ընտանիքի հանդիպման վայրն էր. մայրիկիս հետ գնում էինք այգի, որտեղ մեզ միանում էր աշխատանքի վայրից դուրս եկած հայրս: Այդ տարիներին այգում տիրում էր արվեստով լի, հետաքրքիր միջավայր:

 

1997-ին սրճարանի նոր սեփականատերը որոշեց վերակառուցել «Առագաստը» եւ նախագիծը պատվիրեց հայրիկիս: Սակայն, երբ նախագիծն արդեն պատրաստ էր, տեղեկացանք, որ սեփականատերը զուգահեռ եւս մեկ ուրիշ նախագիծ էր պատվիրել, որն էլ հետագայում իրագործվեց:

 

«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

 

Պատմում է ՀՀ վաստակավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը՝ վերեւի հարկում նստում էին սուրճ խմող ու մտածող մարդիկ, ներքեւում՝ «ուտող-խմող» տղերքը

 

Այսօր այնքան շատ են սրճարանները, ակումբները, ռեստորանները, որ դժվար է պատկերացնել. 35-40 տարի առաջ քաղաքում ընդամենը 4 սրճարան կար, որտեղ հավաքվում էին մշակույթի ներկայացուցիչները, մտավորականները՝ ոչ թե բամբասելու, այլ կարեւոր թեմաներ քննարկելու համար:

 

Այդ չորս վայրերն էին «Սկվոզնյաչոկը», «Կոպեյկա»-ն, «Պոպլավոկը» եւ «Կոզիրյոկը»:

 

«Կոպեյկա»-ում շատ էին նկարիչները, «Կոզիրյոկում»՝ Օպերայի դերասանները, իսկ «Սկվոզնյաչոկ»-ում գրողները: «Պոպլավոկ»-ում հավաքվում էին բոլորը՝ գրողները, դերասանները, նկարիչները, երաժիշտները:

 

«Պոպլավոկ»-ում հավաքվում ու խոսում էինք ամեն ինչից. ԽՍՀՄ տարիներին դժվար էր գրքեր հայթայթել եւ ցանկացած ինֆորմացիա արժեքավոր էր: «Պոպլավոկ»-ում փոխանակվում էինք աշխարհում տեղի ունեցող բոլոր նորություններով, այն ամենով, ինչը երբեք չէինք գտնի թերթերում ու չէինք տեսնի հեռուստատեսությամբ:

 

Յուրաքանչյուրս մի պարտավորվածություն ուներ՝ իր հետ բերել կարեւոր ու արժեքավոր նորություն: «Պոպլավոկը» ռուսների ասած «սարաֆանային ռադիո»-ի դերն էր կատարում:

 

«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

 

Մի անգամ «Պոպլավոկում» դժբախտ պատահար տեղի ունեցավ. մոտ 5 մետր բարձրությունից վայր ընկավ ու մահացավ «Պոպլավոկի» մշտական այցելուներից մեկը՝ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանը: Եթե այդ ցավալի դեպքը պատահեր մեկ այլ սրճարանում, այդ վայրը հաստատ կկորցներ իր վարկանիշը: Բայց «Պոպլավոկը» անկոտրում էր:

 

«Թաղի տղերքը» մեծագույն հարգանք ունեին Դրամատիկական թատրոնի դերասանների հանդեպ: Հետեւում էին, որ մեզ որեւէ «թթու խոսք» չասեն, ամենալավ տեղը միշտ մեզ էին զիջում: Այդ առումով թատրոնի բոլոր դերասանները «Պոպլավոկ»-ում իրենց զգում էին ինչպես տանը: Այդ տարիներին «Պոպլավոկ»-ի վերեւի ու ներքեւի հարկերը լիովին տարբերվում էին միմյանցից՝ վերեւում նստում էին սուրճ խմող ու մտածող մարդիկ, ներքեւում՝ «ուտող-խմող» տղերքը:

 

Ինքս էլ այդ տարիներին Դրամատիկական թատրոնում էի աշխատում: Թատրոնի շենքում բուֆետ չունեինք ու «Պոպլավոկը» մեր մշտական հավաքատեղին էր՝ մինչ փորձերի սկիզբը: Ասիստենտը դուրս էր գալիս թատրոնի պատշգամբ ու կանչում էր` «Քոթանջյան՝ մուտքի»:

 

«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Ֆ. Հակոբյանի արխիվից:

 

«Պոպլավոկ»-ում սուրճ ըմպելու ավանդույթը հիմնեց Արթուրը, ով մինչ այդ աշխատում էր Ժուրնալիստների միությունում: Հենց նա ներմուծեց ավազի վրա սուրճ պատրաստելու տարբերակը: Այսօր Արթուրը ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում է ու բավականին մեծ հաջողությունների է հասել` պատրաստում եւ ձեւավորում է գլխարկներ: Սուրճ էր եփում նաեւ Նինան: Այնտեղ էր աշխատում էր նաեւ Նինայի որդին՝ Մացոն, ով եւս դարձավ «Պոպլավոկի» խորհրդանիշներից մեկը:

 

Փող չունենալու խնդիր «Պոպլավոկ»-ում չկար: Կարող էիր հանգիստ գալ՝ իմանալով, որ քեզ անպայման կհյուրասիրեն: Նման ավանդույթ կար, ցանկացած սեղանակից երբեք մեկ սուրճ չէր պատվիրում, բոլորին էլ հյուրասիրում էր:

 

Շատ մարդիկ հաջողության հասան «Պոպլավոկ»-ում, շատերն էլ՝ կործանվեցին, սակայն ոչ թե խմիչքի պատճառով(«Պոպլավոկում» այն շատ չէր օգտագործվում), այլ ժամանակը անհիմն ու անարդյունք վատնելու հետեւանքով:

 

Ինձ համար «Պոպլավոկը» անհրաժեշտություն էր, որովհետեւ սովորություն ունեմ առանձնանալ եռուզեռի մեջ, սիրում եմ հասարակական միայնություն: Այդ առումով «Պոպլավոկը» ինձ համար լավագույն վայրն էր. գալիս էի, ինձ ոչ ոք չեր խանգարում, ես էլ հետեւում էի մարդկանց, ինձ համար հերոսներ գտնում, ֆիքսում նրանց շարժուձեւը, միմիկան…

 

Պատմում է «Աղբյուր» հուշարձանի հեղինակ, քանդակագործ Արա Հարությունյանի թոռ Արա Հարությունյանը

 

Օղակաձեւ զբոսայգում հատվածում տեղադրված տուֆակերտ «Աղբյուր» հուշարձանը ստեղծվել է 1965-ին: Արձանի հեղինակներն են քանդակագործ Արա Հարությունյանը եւ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը:

 

«Աղբյուր» հուշարձանը:

Լուսանկարը` Ա. Հարությունյանի արխիվից:

 

Հուշարձանի հորինվածքը խաչքար է հիշեցնում: Խորհրդային տարիներին, պետական պատվերներ իրականացնելիս, արգելվում էր խաչքարի տեսքով հարթաքանդակներ կամ էլ նման խորհրդանիշեր ստեղծել: Սակայն հարթաքանդակների պարագայում հնարավոր էր դառնում հորինվածքը «հարմարեցնել» այդ տարիների պահանջներին: Այս հուշարձանի հորինվածքը սիմետրիկ է` հուշասյան երկու կողմերում իրար դիմաց կանգնած խոյեր են: Դրանք որպես տոտեմային պաշտամունք բավական տարածված էին Հայկական լեռնաշխարհում:

 

Այս աղբյուր-հուշարձանի մեկ այլ տարբերակ գտնվում է իտալական Կարարայի քաղաքային զբոսայգում եւ խորհրդանշում է Երեւան-Կարարա քույր քաղաքների բարեկամությունը: 1967 թվականին Կարարայի քաղաքապետարանից պատվիրակություն ժամանեց Երեւան: Տեսնելով աղբյուրը, պատվիրակության անդամները ցանկացան նման մի հուշարձան ունենալ իրենց մոտ: Պատվերը իրականացրին նույն հեղինակները` Արա Հարությունյանը եւ Ռաֆայել Իսրայելյանը: Իտալական տարբերակում խոյերը տեղադրված են ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց` հուշասյան աջ եւ ձախ կողմերում: Տարբեր են նաեւ զարդաքանդակները, իսկ հորինվածքը փաստորեն նույնն է:

 

«Աղբյուր» հուշարձանը Կարարայի քաղաքային զբոսայգում:

Լուսանկարը` Ա. Հարությունյանի արխիվից:

 

Նույն թվականին Օղակաձեւ զբոսայգու հաջորդ հատվածում տեղի ունեցավ «Բարեկամության ձեռքեր» մարմարե հուշարձանի պաշտոնական բացումը, որը խորհրդանշում է Կարարայի եւ Երեւանի նորաթուխ բարեկամությունը: «Ձեռքերը» Կարարայի նվերն է Երեւանին: Սակայն եթե Արա Հարությունյանը չլիներ, այդ արձանը Երեւանում երբեք չէր հայտնվի:

 

1965-ին Արա Հարությունյանը մասնակցում էր Իտալիայում կայացած քանդակագործների խոշոր բիենալեին եւ պատվիրակության հետ այցելել էր Կարարա քաղաքի հայտնի մարմարի քարհանքը, որից օգտվել է Միքելանջելո Բուոնարոտին: Հանքավայրում պապիկիս ուշադրությունը գրավեցին մարմարե  խոշոր մի արձանի հատվածներ` ձեռքեր, գլուխ եւ այլն: Պարզվում է, որ դա պետք է լիներ Հիսուս Քրիստոսի հսկայական մարմարե արձան, որն անավարտ էր մնացել ու վերջնական չէր հավաքվել ֆինանսավորման պատճառով: Պապիկիս հատկապես գրավեցին ձեռքերը: Հանքավայրի տնօրենը, նկատելով նրա հետաքրքրությունը, մոտեցավ եւ խոսակցության ընթացքում առաջարկեց պաշտոնապես նվեր ձեւակերպել արձանի յուրաքանչյուր հատված, մասնավորապես` Քրիստոսի գլուխը: Պապիկս ժպտաց`քաջ գիտակցելով, որ այն օրերին Հիսուս Քրիստոսի գլուխը Երեւան տեղափոխել չէր ստացվի, սակայն ձեռքերի վերաբերյալ պայմանավորվեցին: 

«Ձեռքեր» արձանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

 

Որոշ ժամանակ անց Քրիստոսի ձեռքերը տեղափոխվեցին Երեւան:

Փաստորեն, Արա Հարությունյանը պետք է մի նոր հուշարձան կառուցեր մարմարե ձեռքերից, որոնք բոլորովին այլ նպատակով էին ստեղծվել: Այդպես ստեղծվեց նոր կոմպոզիցիա` «Բարեկամության ձեռքեր»-ը, որն այսօր գտնվում է մետրոյի Երիտասարդական կայարանի հարեւանությամբ: Իսկ Հիսուսի ձեռքերի գաղտնիքը պահպանվեց այնքան, քանի դրա հրապարակումը վտանգավոր էր: 

 

Պատմում է ճարտարապետ Համլետ Խաչատրյանը` հայտնի մարդիկ օրվա մի մասն անցկացնում էին այնտեղ

 

Մարդիկ խոսում էին, որ Մեծ Հայրենական պատերազմի ավարտից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում էր ներկայիս «Առագաստ» սրճարանի վայրում կառուցել իր երեւանյան նստավայրը: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին, սակայն աշխղեկը յուրացրել էր գումարները: Երբ այս լուրը հայտնեցին կաթողիկոսին, Վեհափառն իր մոտ կանչեց աշխղեկին եւ նզովեց նրան: Մեկ տարի անց աշխղեկը մահացավ, իսկ նստավայրի կառուցման աշխատանքները դադարեցվեցին:

 

Դրանից հետո այդ վայրում կառուցվեց երեւանցիներին հայտնի «Մոսկովյան» լողավազանը, ուր մատչելի գներով գնում էինք լողալու:

 

1960-ականներին, Երեւանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի օրոք, սկսվեց Օղակաձեւ այգու կառուցումը: Մեկնարկը տրվեց հենց «Առագաստ» սրճարանի կառուցմամբ: Շատ շուտով այն դարձավ մեր սիրված վայրերից մեկը, ուր հավաքվում էր այդ տարիների «բոմոնդը»՝ մտավորականները, դասախոսները:

 

Սրճարանի ներքեւի հատվածում մատուցում էին ուտելիքներ, իսկ վերեւում՝ միայն քաղցրավենիք եւ սուրճ:

 

Սրճարանում աշխատող մարդիկ այդ վայրի յուրահատուկ խորհրդանիշներն էին՝ սուրճ եփող Արթուրը, գինովցածներին կռվի ժամանակ բաժանող, համարձակ տիկին Լիլիկը:

 

«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Մարկ Կրիմսկիյ:

 

Մեր սերնդի հայտնի դեմքերն օրվա մի մասն անցկացնում էին այնտեղ: Դրամատիկական թատրոնի բացումից հետո սրճարան սկսեցին հաճախել նաեւ դերասանները: Այդ տարիներին այնտեղ կենդանի երաժշտություն չկար, բայց սրճարանում հաճելի աղմուկ էր: Մեր խոսակցությունը յուրատեսակ երաժշտություն էր: Մարդկանց գրավում էին ոչ թե համեղ ուտելիքները, որոնցով «Առագաստ» -ը աչքի չէր էլ ընկնում, այլ մարդկային շփման անհրաժեշտությունը: Երբ գալիս էր գարունը, մարդիկ սկսում էին ձգվել դեպի «Առագաստ»:

 

Այսօր «Առագաստ» գրեթե չեմ հաճախում` պակասել են այն մարդիկ, որոնց հետ հանդիպում էինք: Հիմա այնտեղ հավաքվում են այլ մարդիկ: Ես կորցրեցի այն հարազատ «Առագաստ»-ը, ուր այդքան սիրում էի հաճախել:

 

Պատմում է դաշնակահար Լեւոն Մալխասյանը` համարվում եմ «Պոպլավոկի» նոր, ջազային ժամանակաշրջանի հիմնադիրը

 

«Պոպլավոկում» նվագել եմ մոտ 7 տարի, 1996 թվականից սկսած: Առաջարկը ստացել էի սրճարանի սեփականատերերից՝ Գարեգին եւ Վաչագան Նուշիկյաններից: Կարելի է ասել, համարվում եմ «Պոպլավոկի» նոր, ջազային ժամանակաշրջանի հիմնադիրը:

 

Ի դեպ, առաջարկի սկզբնական տարբերակում պետք է մենակ հանդես գայի, սակայն մենակ լինելս ընդամենը մեկ օր տեւեց: Հաջորդ իսկ օրը հրավիրեցի կոնտրաբասահար Աքսել Բակունցին եւ թմբկահար Վյաչեսլավ Բունիաթյանին: Սկսեցինք հանդես գալ որպես ջազ տրիո: Մի քանի օր անց հրավիրեցի Արմեն Ուսնունցին՝ իր «Time report» խմբով: Որոշ ժամանակ անց մեզ միացավ Վահագն Հայրապետյանը…Աստիճանաբար հավաքվեց 6-7 խումբ, որոնցից յուրաքանչյուրը հանդես էր գալիս մի կոնկրետ օր: «Պոպլավոկը» վերածվեց ջազային սրճարանի, որտեղ մինչեւ ուշ գիշեր հնչում էր կենդանի երաժշտություն:

 

Հենց Պոպլավոկի մթնոլորտը ու պարբերաբար ստեղծվող նոր խմբերը ոգեշնչեցին մեզ կազմակերպել (եւ իրականացնել իմ վաղեմի երազանքը) առաջին միջազգային ջազային փառատոնը Երեւանում:

 

«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

1998 թվականին երազանքս իրականություն դարձավ. Օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում 5 անմոռանալի օր շարունակ վայելում էինք ջազի իրական աստղերի ելույթները: Հրավիրված էին երաժիշտներ Մոսկվայից, Սլովենիայից, Շվեդիայից, Անգլիայից եւ, իհարկե, ԱՄՆ-ից, որը ներկայացնում էին New York Voices բենդը եւ Նոր Օրլեանի մեծահասակ երաժիշտներից բաղկացած խումբը: Համերգներից հետո հյուրերի հետ գնում էինք «Պոպլավոկ» եւ ջեմ-սեյշններ նվագում: «Պոպլավոկում» տեղի ունեցած այդ երեկոների շնորհիվ մեր երաժիշտներից շատերը հետագայում հյուրախաղերով հանդես գալու հրավերներ եւ ձայնագրություններ անելու առաջարկներ ստացան: Չորս փառատոններ կազմակերպեցինք, այդ ընթացքում «Պոպլավոկ» սկսեցին հաճախել պաշտոնյաներ, արտասահմանցի բարձրաստիճան  հյուրերից շատերին եւս հրավիրում էին այստեղ: 

 

Իմ գնալուց հետո «Պոպլավոկի» ջազային շրջանն ավարտվեց: Որքան գիտեմ, այժմ այնտեղ հանդես են գալիս տարբեր ոճերի երգիչներ եւ երաժիշտներ:

 

«Պոպլավոկը» մի քանի տասնյակ տարի է, ինչ գոյություն ունի: Ժամանակին այն կոչում էին ամենատարբեր անուններով՝ «Տրյում», «Ռասկլադուշկա»: «Պոպլավոկը» գտնվում էր այնպիսի վայրում, որտեղ «կուտակված» էին արվեստի ներկայացուցիչները՝ դերասաններ, երաժիշտներ, գրողներ: Նույն մասում էին «Սկվոզնյաչոկը», Կինո «Նաիրիի» դիմացը գտնվող «Չորրորդ խանութը», որի հետ կարող էր «մրցել» միայն «Հանճարանոցը»(«Կոպեյկա»-ն): «Հանճարանոցում» ամեն օր հանդիպում էինք մեր մեծերին՝ Հրաչյա Ներսիսյանին, Քոչարին, Մհեր Մկրտչյանին:

 

Չնայած նրան, որ ես ավելի շատ «սկվոզնյակիստ» էի եւ «Չորրորդ խանութի» երկրպագու, «Պոպլավոկը» եւս այդ տարիների իմ կյանքի անբաժան մասն էր հանդիսանում: Հավաքվում էինք այնտեղ, նորություններով փոխանակվում, գինի ըմպում: Քաղաքի երկրորդ սրճարանն էր, որտեղ սուրճը պատրաստում էին ավազի վրա: Այս ավանդույթի հեղինակն էր Արթուրը, որը «Պոպլավոկ» եկել էր Անգլիական այգու հարեւանությամբ գտնվող «Մասիս» ռեստորանից (հենց «Մասիսում» նա առաջին անգամ մատուցեց նման կերպով պատրաստված սուրճը): 

 

Լճի վրա գտնվող կղզին հայտնի էր իր «ուսանողական գարուններով»: Կղզու վրա նաեւ հավաքվում էին, բարձրաձայն գրքեր, բանաստեղծություններ ընթերցում:

 

«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

 

Ավելի վաղ տարիներին, երբ «Պոպլավոկը» դեռեւս չկար, այդ վայրում գործում էր հայտնի «Մոսկովյան» ջրավազանը, որտեղ գալիս էինք լողանալու` վճարելով 10 կոպեկ:

 

Պատմում է Մարտին Վարդազարյանը` «Պոպլավոկը» դռներ է բացել սկսնակ երաժիշտների համար

 

«Պոպլավոկ»-ը ինձ մոտ ջազի հետ է ասոցացվում: Այստեղ տեղի էին ունենում ոչ միայն ջազային համերգներ, այլեւ ջեմ-սեյշններ, որոնց մասնակցում էին տարբեր երաժիշտներ: Բացի այդ, լճակի հատվածում գտնվող կղզում ելույթ էր ունենում  Հայաստանի պետական ռադիոյի եւ հեռուստատեսության նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ՝ Արմեն Մարտիրոսյանի ղեկավարած պետական ջազ բենդը: Այս միջոցառումներն անվանում էինք «Ջազը ջրի վրա»: Ամերիկայում դա բավականին հայտնի տերմին է, որը կիրառվում է նավերի վրա տեղի ունեցող ջազային համերգների ժամանակ: 

 

Այս վայրը փորձաքար է եղել եւ շատ դռներ է բացել սկսնակ երաժիշտների համար: «Պոպլավոկ»-ում են տեղի ունեցել բազմաթիվ անվանի երաժիշտներին նվիրված ստեղծագործական երեկոներ: Տպավորվել են Կոնստանտին Օրբելյանի, Էլվինա Մակարյանի արվեստին նվիրված երեկոները: Բացի այդ,այստեղ են եղել ու նվագել համաշխարհային համբավ ունեցող շատ երաժիշտներ, օրինակ` Չիկ Կորեան:

 

«Պոպլավոկ»-ը ջազի անկյուն է: Յուրաքանչյուր օր, ցանկացած միջոցառումից հետո, կարելի է գալ այստեղ ու մասնակցել «ջազային աֆթեր-փարթիին»: Ուրախ եմ, որ ջազային ավանդույթներն այստեղ պահպանվում են նաեւ այսօր:

 

Պատմում է երաժիշտ Գայանե Տեր-Հովհաննիսյանը` այստեղ է տեղի ունեցել իմ առաջին ժամադրությունը ապագա ամուսնուս հետ

 

Սկզբում «Պոպլավոկ» սրճարանը գործում էր միայն վերեւի հարկում: 1970-ին, երբ սովորում էի կոնսերվատորիայում, դասերից հետո կամ ընդմիջումներին միշտ գնում էինք այնտեղ: Կլավիրներով ու պարտիտուրներով գալիս էինք սրճարան, պարապում էինք:

 

Բացի հաճելի մթնոլորտից ու բացվող գեղեցիկ տեսարանից  այստեղ մշտապես կարելի էր հանդիպել Դրամատիկական թատրոնի դերասաններին: Աղջիկներից շատերը սիրահարված էին նրանց, հատուկ գալիս էին` «սիրելիներին» տեսնելու: Հետագայում նույնիսկ ընկերացել էինք նրանց հետ, ամեն անգամ սրճարանում հանդիպելիս ողջունում էինք միմյանց:

 

Այս սրճարանը Ալեքսանդր Գրինի գրքի անունով էինք անվանում`«Ալ Առագաստ»: Ամեն մեկս իրեն գրքի գլխավոր հերոսուհու՝ Ասոլի հետ էր նույնացնում:

 

«Առագաստ» սրճարանը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

 

Այստեղ է տեղի ունեցել իմ առաջին ժամադրությունը ապագա ամուսնուս հետ: Նա ինձ ասաց, որ հանդիպման համար իմ սիրելի վայրն ընտրեմ ու գնացինք «Պոպլավոկ»: Անձրեւոտ օր էր, մտանք սրճարան, սեղանները դատարկ էին, ոչ ոք չկար: Երկար մտածելուց հետո, թե ուր նստենք, ընտրեցի ամենածայրում գտնվող ու լճին նայող սեղանիկը: Նստեցի ու լսեցի մատուցողի բղավոցը: Պարզվեց, որ բոլոր աթոռներից հենց այդ մեկը թարմ ներկված էր…

 

Պատմում է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը` այնտեղ աշխարհի ամենահամով լահմաջոն էր

 

Սովորում էինք Պուշկինի անվան դպրոցում` «Պոպլավոկի» անմիջական հարեւանությամբ: 1980-ականների վերջում այդ տեղը մեզ համար ձգողական մեծ ուժ ուներ` «Պոպլավոկի» ներքեւի հարկում լահմաջո էին պատրաստում, որը մինչեւ հիմա համարում եմ աշխարհի ամենահամով լահմաջոն:

 

Իրականում այն այդքան համով էր թվում, քանի որ լահմաջոյի համն ամեն անգամ մեր «բերանում էր մնում»: Մեկ լահմաջոն արժեր 15 կոպեկ, իսկ իմ ու ընկերներիս «օրական բյուջեն» տատանվում էր 20-ից 50 կոպեկի սահմաններում:

 

Երբեմն երեք-չորս հոգով հանգանակում էինք 1.5 կամ 2 ռուբլի եւ գնում էինք «Պոպլավոկ»` «լահմաջո ուտելու»: Իրականում լահմաջոն չէինք վայելում`մեր համեստ միջոցները թույլ էին տալիս ամեն մեկիս ուտել երկու, լավագույն դեպքում` երեք հատ լահմաջո, ինչը, մեղմ ասած, բավարար չէր: Ոչ միայն չէինք կշտանում, այլ ընդհակառակը, ախորժակներս ավելի էինք գրգռում: Իսկ «ամենազարհուրելին» այն էր, որ միշտ հանդիպում էինք մեզանից տարիքով երիտասարդների` ուսանողների, որոնք 4-5 հոգու համար պատվիրում էին 30-40 լահմաջո, երկու մեծ գրաֆին թան ու առանց շտապելու վայելում էին այդ ամենը:

 

Հիմա Երեւանում շատ տեղերում են լահմաջո մատուցում` ավանդական, արեւելյան, մեծ, փոքր: Բայց լահմաջո ուտելիս միշտ հիշում եմ «Պոպլավոկ»-ի լահմաջոն:

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Լենա Գեւորգյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Աննա Ալավերդյանը:

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին