Երեւանյան լիճը եւ Շավարշ Կարապետյանը` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
77125 դիտում

Երեւանյան լիճը եւ Շավարշ Կարապետյանը` կենդանի պատմություն

«Երեւան. XX դար» հատուկ նախագծում այսօր պատմում ենք Երեւանյան լճի մասին, որը ժամանակին նաեւ Երեւանյան ծով էին անվանում:

Երեւանյան լիճը:
Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Պեղումների վայրում:
Պեղումների վայրում:

Լուսանկարը` Բ. Երիցյանի արխիվից:

Վթարված տրոլեյբուսը դուրս է բերվում լճից:
Վթարված տրոլեյբուսը դուրս է բերվում լճից:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Երեւանյան լիճը:
Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Երեւանյան լիճը:
Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Երեւանյան լիճը:
Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Երեւանյան լճի կառուցումը:
Երեւանյան լճի կառուցումը:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

«Ծովինար» ռեստորանը:
«Ծովինար» ռեստորանը:

Լուսանկարը` Արծվին Գրիգորյանի արխիվից:

Երեւանյան լիճը:
Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Երեւանյան լիճը:
Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Վթարված տրոլեյբուսը դուրս է բերվում լճից:
Վթարված տրոլեյբուսը դուրս է բերվում լճից:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Երեւանյան լիճը:
Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Շավարշ Կարապետյանը տիկնոջ հետ:
Շավարշ Կարապետյանը տիկնոջ հետ:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Շավարշ Կարապետյանը դպրոցականների հետ:
Շավարշ Կարապետյանը դպրոցականների հետ:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Շավարշ Կարապետյանը:
Շավարշ Կարապետյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Երեւանյան լիճը:
Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Շավարշ Կարապետյանը:
Շավարշ Կարապետյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Կարապետյանների ընտանիքը:
Կարապետյանների ընտանիքը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Պեղումների վայրում:
Պեղումների վայրում:

Լուսանկարը` Բ. Երիցյանի արխիվից:

Պեղումների վայրում:
Պեղումների վայրում:

Լուսանկարը` Բ. Երիցյանի արխիվից:

Պեղումների վայրում:
Պեղումների վայրում:

Լուսանկարը` Բ. Երիցյանի արխիվից:

Պեղումների վայրում:
Պեղումների վայրում:

Լուսանկարը` Բ. Երիցյանի արխիվից:

Պեղումների վայրում:
Պեղումների վայրում:

Լուսանկարը` Բ. Երիցյանի արխիվից:

Պեղումների վայրում:
Պեղումների վայրում:

Լուսանկարը` Բ. Երիցյանի արխիվից:

Պեղումների վայրում:
Պեղումների վայրում:

Լուսանկարը` Բ. Երիցյանի արխիվից:

Լուսանկարը` «Ջրային կարույցներ»:

Լուսանկարը` «Ջրային կարույցներ»:

Երեւանյան լիճը:
Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Երեւանյան լիճը:
Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Երեւանյան լիճը:
Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:


«Երեւան. XX դար» հատուկ նախագծում այսօր պատմում ենք Երեւանյան լճի մասին, որը ժամանակին նաեւ Երեւանյան ծով էին անվանում: Տասնամյակներ առաջ լիճը համարվում էր Երեւանի խորհրդանիշներից մեկը: Սակայն շատ-շատերի համար լիճը նախեւառաջ ասոցացվում է 1976 թվականի տրոլեյբուսի վթարի եւ Շավարշ Կարապետյանի սխրանքի հետ: Հաշվի առնելով այն, որ դեպքը տեղի է ունեցել գրեթե 40 տարի առաջ, եւ մենք մեր հերոսներին մոռանալու արատավոր սովորություն ունենք, այսօր կհիշենք Շավարշ Կարապետյանի մասին: Ի դեպ, մայիսի 19-ին հերոսը տոնեց իր 60-ամյակը:

 

Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, դիզայներ Արմեն Բուբուշյան` ժամանակին տարածքը իսկական լողափի էր նման

 

1966-67թթ. Երեւանյան ծովը բոլորովին այլ տեսք ուներ. ջուրը մաքուր էր, հատակին՝  բերված ավազ էր (ոչ այնքան լավ որակի, սակայն՝ դեղին), տեղադրված էին հովանոցներ: Ամեն ինչ արված էր, որպեսզի տարածքը իսկական լողափի նմանվի:

 

Հաճախ էինք գնում այնտեղ լողանալու, մթնոլորտը շատ խաղաղ էր: Ի տարբերություն այլ նմանատիպ վայրերի, Երեւանյան ծովի լողափ գալիս էին նաեւ աղջիկները: Lճի մերձակայքում գտնվում էր նաեւ բայդարկայի թիավարության բազան:

 

Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

 

Սակայն մի քանի տարի անց պատկերը բոլորովին փոխվեց: Լիճը հայտնվեց բարձիթողի վիճակում, բացի այդ՝ մերձակա տարածքը վերածվեց «հաշիվներ պարզելու» վայրի, իսկ քաղաքում սկսվեցին լուրեր պտտվել լճից դուրս բերվող դիակների մասին: Լճի տարածքում գտնվում էր «Ծովինար» ռեստորանը, որը եւս հայտնի էր իր արագ բորբոքվող հաճախորդներով:

 

«Ծովինար» ռեստորանը:

Լուսանկարը` Արծվին Գրիգորյանի արխիվից:

 

1976թ-ին տեղի ունեցած տրոլեյբուսի վթարը մեծ աղմուկ բարձրացրեց: Մարդիկ կարող էին միայն կռահել, թե ինչը հանդիսացավ տրոլեյբուսի՝ ջրի մեջ հայտնվելու պատճառը, սակայն բոլոր հարցերն այդպես էլ մնացին օդում: Շավարշ Կարապետյանի մասին լսեցինք միայն տարիներ անց:

 

Հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բենիկ Երիցյան` Վիկտոր Համբարձումյանը հասկանում էր քարե դարի գտածոների նշանակությունը

 

Երեւանյան քարայրը գտնվում է լճի խորքում: Այսօր նրանից գրեթե ոչինչ չի պահպանվել, կարելի է ասել` մնացել է քարայրի կմախքը միայն: Նախ` փոխվել են բնական պայմանները, բացի դրանից` չենք կարող այնտեղ մուտք գործել, քանի որ ԱՄՆ դեսպանատունը դարպասներ է տեղադրել: Արդեն մոտ 10 տարի է, ինչ զրկված ենք քարայրի հետազոտմամբ զբաղվելու հնարավորությունից:

 

Երեւանի ամենահին քարայրը առաջինն էր Հայաստանի տարածքում, որը հետազոտվեց նման մանրակրկիտ կերպով: Լենինգրադում էի, երբ Բորիս Պիոտրովսկին ինձ հայտնեց, որ Ազիզյան ազգանունով կենսաբանը պատահաբար հայտնաբերել է տվյալ վայրում գտնվող քարայրը: Մի կերպ ներխուժելով քարայր` նա քարե գործիքներ է գտել եւ դրանք հանձնել մեր ինստիտուտ:

 

Պեղումների վայրում:

Լուսանկարը` Բ. Երիցյանի արխիվից:

 

1966-ից 1975 թվականը այդ տարածքում պեղումներ են կատարվել: Արշավախմբի ղեկավարն էր Հարություն Մարտիրոսյանը:

 

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը զգալի գումար հատկացրեց աշխատանքների իրականացման համար: Նա նաեւ մեզ տրամադրեց իր «վիլիս» ավտոմեքենան: Նա շատ լավ հասկանում էր քարե դարի գտածոների նշանակությունը:

 

Պեղումների ընթացքում օբսիդիանից քարե գործիքներ հայտնաբերեցինք, ինչպես նաեւ կենդանիների եւ մարդկանց ոսկորներ: 7 տարեկանին համապատասխանող երեխայի ոսկորներ էինք գտել: Պարզ դարձավ, որ այս տարածքում որսորդներ են բնակվել, եւ այս հատվածում վարվել է մի ամբողջ տնտեսություն: 

 

Պեղումների վայրում:

Լուսանկարը` Բ. Երիցյանի արխիվից:

 

Այս գտածոները 100 հազարից-400 հազար տարվա պատմություն ունեն: Գտնված նմուշներից շատերն այսօր գտնվում են Երեւանի պատմության թանգարանում: 

 

Ցավոք, լճի ջուրը բարձրանում եւ խոչընդոտում էր քարայրի խորքում կատարվող պեղումներին: Այնտեղ չկարողացանք ներթափանցել, պատկերացնում ե՞ք` դեռ ինչեր կարող էինք գտնել: Նստվածքների մեկ երրորդը պեղելուց հետո դադարեցրինք պեղումները, քանի որ այդ ահռելի նյութը ուսումնասիրության կարիք ուներ:

 

«Ջրային կառույցներ» ՓԲԸ  գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյան`

ջրամբարը կառուցվել է Նոր Կողբ գյուղի տարածքում

 

Ի սկզբանե Երեւանյան լիճը ստեղծվել էր որպես ջրամբար, ոռոգման ջրի պահոց:

 

Երեւանյան ջրամբարը կառուցվել է 1966 թ.-ին՝ Հրազդան գետի վրա, Նոր Կողբ գյուղի վայրում: Ջրամբարի կառուցման նպատակով գյուղի բնակչությունը վերաբնակեցվեց: Եթե այսօր իջեցնենք ջրի մակարդակը, կարող ենք տեսնել հին կամրջի մնացորդները: Այդ կամուրջը միացնում էր գետի երկու ափերը:

 

Երեւանյան ջրամբարից ջրի ընդհանուր բացթողումների ծավալը կարող է հասնել 286 խորանարդ մետր վայրկյանում: Ջրամբարն ունի հինգ ջրարգելակ:

 

Երեւանյան լճի կառուցումը:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

 

Երեւանյան լիճը լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշարների ապահովման խնդիրը: Հաշվի առնելով Երեւանի կլիմայական չոր պայմանները՝ 950 հազար քառ. մետր մակերեսով լիճը ամռանը մեղմում է քաղաքի միկրոկլիման:

 

Լճի ջրի մակարդակի առավելագույն նիշը 908 մետր է: Դրանից բարձր մակարդակի դեպքում ստեղծվում է վթարային վիճակ: Առավելագույն նիշի ժամանակ լճի ընդհանուր տարողությունը կազմում է 4.8 միլիոն խորանարդ մետր: 

 

Մեր ուշադրության կենտրոնում է լճի մաքրության խնդիրը: Ներկայումս լճի աղտոտվածության հիմնական պատճառը պոլիէթիլենային աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում գտնվող առեւտրի օբյեկտների եւ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետեւանքով:

 

Լուսանկարը` «Ջրային կարույցներ»:

 

Խնդրին արդյունավետ լուծում տալու համար 2010 թ.-ին լիճ թափվող գետի հունի վրա ստեղծել ենք աղբահավաք կայան: Ցավոք, շրջակա բնակավայրերի բնակիչները, չնայած բոլոր հորդորներին, ափամերձ տարածքները աղտոտում են կենցաղային եւ շինարարական աղբով, ինչը դժվարացնում է լճի մաքրման աշխատանքները:

 

Ո՞րն էր տրոլեյբուսի վթարի իրական պատճառը

 

1976 թվականի սեպտեմբերի 16-ին տրոլեյբուսը շրջվեց ու ընկավ Երեւանյան լիճը:

Պաշտոնական արձանագրության մեջ գրվեց, որ վթարի պատճառ հանդիսացավ վարորդի սրտի կաթվածը: Սակայն, փրկվածներից ոմանք հետագայում այլ պատմություն ներկայացրին:

 

Վթարված տրոլեյբուսը դուրս է բերվում լճից:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

 

Ըստ այդ պատմության, վթարի օրը 91 ուղեւորների թվում կար մեկ նախկին կալանավոր (չէին բացառում, որ նա վարորդի ծանոթներից էր): Երբ տրոլեյբուսն անցնում էր դամբայի վրայով, նա մոտեցավ վարորդին եւ հրամայական տոնով պահանջեց կանգնեցնել տրոլեյբուսը: Վարորդն էլ բավականին կոպիտ պատասխանեց, որ սա տաքսի չէ եւ ինքը չի պատրաստվում հետեւել ինչ-որ մեկի քմահաճույքին: Զայրացած ուղեւորը երկաթի ձողով հարվածեց վարորդի գլխին, որն էլ կորցրեց գիտակցությունը…

 

Պատմում է Պուշկին Սերոբյանը

 

Դատախազության գնդապետ էի եւ միաժամանակ Հայկական ԽՍՀ ստորջրյա մարզաձևերի ֆեդերացիայի նախագահը:

 

Մտերիմ էի Կարապետյանների ընտանիքի հետ ու երբ դեպքը տեղի ունեցավ, անկարող էի չգնալ ու չտեսնել, թե ի՞նչ է կատարվում այնտեղ: Բացի այդ, որպես ֆեդերացիայի նախագահ` պարտավոր էի ներկա գտնվել: 

 

Դեպքից հետո Շավարշը շատ ծանր վիճակում էր: Արյան վարակում էր ստացել: Նրա բուժման համար դեղեր էին պահանջվում, որոնք կային միայն արտերկրում: Ես իմ փոքր մասնակցությունն եմ ունեցել այդ գործում՝ միջնորդելով, որպեսզի Ֆրանսիայից մի քանի դեղամիջոցներ բերվեն Շավարշի բուժման համար:  

 

Այս ողջ պատմության հիմնական առանցքն այն էր, թե խորհրդային պետության պես հզոր երկրում տրոլեյբուսն ինչպե՞ս կարող էր լիճն ընկնել: Դա անհնար բան էր եւ այդ մասին ակնարկ անգամ չէր կարող լինել: Ուստի, դեպքի բոլոր ականատեսներին փորձեցին լռեցնել:

 

Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

 

Հոդվածներ գրեցի «Սովետական Սպորտ», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթերի համար, որտեղ փորձեցի թեկուզ մակերեսորեն, բայց գոնե խոսել այդ դեպքի մասին, ներկայացնել մեր մարզիկի՝ Շավարշի հերոսությունը: Սակայն ՊԱԿ-ից ինձ ուղղակիորեն զգուշացրին, որ չխառնվեմ այդ հարցերին: 

 

Դեպքից որոշ ժամանակ անց «Երեկոյան Երեւան» թերթը հոդված տպագրեց այն մասին, որ Կենտկոմի գործերի կառավարչի եւ ոմն դատախազի որդիներ  խրախուսման էին արժանացել մարդկանց փրկելու համար: Պարզվում է, որ այդ երիտասարդները մասնակցել են դեպքի օրը լճից մարդկանց ափ տեղափոխելու աշխատանքներին. Շավարշը սուզվում էր, մարդկանց դուրս բերում, իսկ այդ երկուսը նրանց տեղափոխում էին ափ: Իհարկե, հոդվածում այլ մանրամասներ չէին նշվում, թե կոնկրետ ո՞ր դեպքի համար են խրախուսվել երիտասարդները, սակայն չափազանց անարդար էր տեսնել, որ խորհրդային չինովնիկների որդիներն արժանանում են գնահատականի եւ ուշադրության, մինչդեռ Շավարշը, ով այդ պատմության իրական հերոսն էր, մնում է ստվերում:  Շավարշի սխրանքի մասին մարդիկ իմացան միայն տարիներ անց

 

Շավարշ Կարապետյան` առանց մարդկանց միասնականության ոչինչ չէր ստացվի

 

Այդ oրը եղել եմ եղբորս՝ Կամոյի  հետ: Մարզվում էին լճի մերձակայքում մեր թիմի անդամների ու մարզչի հետ: Երբ մեր աչքի առջեւ տրոլեյբուսը դուրս թռավ պատնեշից եւ ընկավ ջուրը, պայթյունին հավասարազոր ձայն եկավ:

 

Տրոլեյբուսում 92 հոգի կար: Իհարկե, տրոլեյբուսը նախատեսված չէր այդքան մարդկանց համար, սակայն պիկ ժամերին ընդունված էր բաց թողնել հետեւի դռները եւ որոշ քանակությամբ երիտասարդների հաջողվում էր երթեւեկել դրսից «կախված» վիճակում:

 

92 հոգուց 46-ը փրկվեցին, մյուս 46-ը, ցավոք, մահացան:

 

Շավարշ Կարապետյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

 

Ես կարողացա ջրից հանել 20 հոգու, ոմանց հաջողվեց ինքնուրույն հասնել ափին, ոմանք էլ դուրս բերվեցին փրկարարների օգնությամբ: Սակայն ուզում եմ շեշտել, որ առանց այն ուժի, որը միավորեց ափին կանգնած մարդկանց, ոչինչ չէր ստացվի:

Տրոլեյբուսը ջրի տակից հանվեց ընդամենը 45 րոպեում, դա եզակի դեպք է: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են ջրփրկայանի աշխատողները, լճում մարզվող բայդարկայի եւ կանոէի թիրավարողները, շտապ օգնության բժիշկները: Վերամբարձ կռունկի վարողներից մեկը, որը լողալ չգիտեր, թռավ ջուրը՝ մարդկային կյանք փրկելու նպատակով: Կային նաեւ 2-3 օտարազգի մարդիկ, որոնք բոլորի հետ հավասար մասնակցում էին փրկարարական աշխատանքներին` մարդկային կյանք փրկելու ժողովրդի պատրաստակամությունը չէր հարցնում ո՛չ ազգ, ո՛չ մասնագիտություն:

 

Շավարշ Կարապետյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Այլեւս չեմ հանդիպել ժողովրդի կողմից ցուցաբերած նման կազմակերպված գործողությունների. հանում էի մարդկանց, փոխանցում Կամոյին, Կամոն տանում էր նրանց նավակների մոտ, այնտեղից էլ մարդկանց հասցնում էին ափ (մինչեւ ափ 25 մետր էր), որտեղ ջրփրկարանի աշխատողները (այդ թվում եւ իմ մարզիչը, որը 16 տարի աշխատել է որպես փրկարար) եւ բժիշկները ցուցաբերում էին առաջին օգնությունը:

 

Հատվածներ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի Բյուրոյի որոշումից՝ 1976թ-ի սեպտեմբերի 16-ին Երեւանում տեղի ունեցած տրոլեյբուսի վթարի վերաբերյալ

 

17 սեպտեմբերի 1976 թ.

 

1976թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 18:10-ին Երեւանյան ջրամբարի պատնեշի ճանապարհային մասում տեղի է ունեցել տրոլեյբուսի վթար:

 

Առողջապահության նախարարության տվյալներով, վթարի հետեւանքով զոհվել է 46 հոգի, այդ թվում՝ վարորդը: Ուղեւորներից տասը տեղափոխվել են հիվանդանոց, եւս տասին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն:

 

Տրոլեյբուսում եղել է 75 հոգի, որոնցից 46-ը զոհվել է:

 

Զոհվածների ընտանիքներին Նախարարների Խորհրդի կողմից ցուցաբերվել է ֆինանսական օգնություն:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ:

 

Վթարի հանգամանքները

 

1976թ. սեպտեմբերի 16-ին վարորդ Ս.Մանուչարյանը իրականացնում էր #15 երթուղին: Ժամը 18:10 տրոլեյբուսը շարժվում էր 50/60 կմ/ժ արագությամբ` գտնվելով Երեւանյան ջրամբարի պատնեշի ճանապարհային մասի երկրորդ շարքում:

 

Այնուհետեւ այն կտրուկ թեքվել է աջ եւ, մոտավորապես 45 աստիճան անկյան տակ, ցատկել է մայթի վրայից եւ սուզվել ջուրը:

 

Հետախուզման տվյալների եւ ականատեսների ցուցմունքների համաձայն, չեն նկատվել տրոլեյբուսի շարժմանը խանգարող գործոններ: Բացի այդ, տրոլեյբուսը պետք է շարժվեր առաջին շարքում, քանի որ այդ շարքն ազատ էր:

 

Ըստ տեխնիկական տվյալների, այս մակնիշի տրոլեյբուսը կարող է արագություն բացել մինչեւ 60կմ/ժ, սակայն #15 երթեւեկության համար սահմանվել էր գործառնական արագություն՝16,3 կմ/ժ եւ միջին տեխնիկական արագություն՝ 24կմ/ժ:

 

Տեխնիկական զննման հանձնաժողովի կազմված ակտի համաձայն, վթարի պահին տրոլեյբուսը գտնվում էր սարքին վիճակում:

 

Վթարի պատճառը

 

Նախնական հետաքննության արդյունքների համաձայն, վթարը տեղի է ունեցել տրոլեյբուսի վարորդ՝ Մանուչարյանի կողմից կատարած երթեւեկության կանոնների  կոպիտ խախտման հետեւանքով:

 

Հետաքննությունը եզրակացրել է, որ Մանուչարյանի մահը տեղի է ունեցել ջրահեղձման հետեւանքով: Դիակի ուսումնասիրման ժամանակ արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել:

 

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ:

 

Աշխատանքի վայրում Սերգեյ Մանուչարյանին տրվել է բացասական բնութագիր: Նախկինում նրան մի քանի անգամ զրկել են վարորդական իրավունքներից՝ երթեւեկության կանոնների կոպիտ խախտումների համար: Բացի այդ, Մանուչարյանը երկու անգամ հեռացվել է աշխատանքից՝ անհիմն պատճառներով աշխատանքի չներկայանալու համար: Չնայած այդ ամենին, տրոլեյբուսի պարկի տնօրինությունը 1971թ. նոյեմբերին նրան տրամադրել է տրոլեյբուս վարելու երկրորդ կարգի, իսկ 1973թ. հուլիսին՝ առաջին կարգի իրավունք: 1976թ. հունիսին Մանուչարյանին թույլատրեցին աշխատել ծանրաբեռնված երթուղիների վրա:

 

Վթարն ուղեկցող գործոն է հանդիսացել նաեւ պատնեշի վրա պաշտպանիչ պարիսպների բացակայությունը: «Երեւաննախագծի» նախագծով նախատեսված են 15սմ բարձրության ճամփեզրեր: Ներկայումս այդ ճամփեզրերը մնացել են ասֆալտի նոր շերտերի տակ:

 

1966թ. «Արմհիդրոպրոեկտ» ինստիտուտը ներկայացրել էր պատնեշի մետաղական պարսպապատման նախագծերը, սակայն շինարարությունն այդպես էլ չի իրականացվել: 1970թ-ին Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեն ճարտարապետա-նախագծային վարչությանը եւ «Երեւաննախագծին» հանձնարարել էր դիտարկել Երեւանյան լճի պատնեշով եւ Հրազդանի կամրջով անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով համապատասխան կոնստրուկցիաների մշակումը: Այս հանձնարարությունը եւս չի կատարվել:

 

Վթարված տրոլեյբուսը դուրս է բերվում լճից:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

 

Քաղաքային տրանսպորտի ապահով աշխատանքի եւ թերությունների վերացման նպատակով հանձնաժողովը անհրաժեշտ է համարում հետեւյալ միջոցառումների իրականացումը.

 

1.    Մինչեւ ընթացիկ տարվա վերջ պարտադրել Երեւանի քաղխորհրդի էլեկտրատրանսպորտի վարչությանը՝ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ինվենտարիզացնել բոլոր էլեկտրատրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ հաստատել խստագույն հսկողություն՝ նախազգուշացնող վերանորոգման աշխատանքների եւ տեխնիկական զննման հանդեպ՝ տրոլեյբուսները եւ տրամվայները գծի վրա դուրս հանելուց առաջ:

2.    Մինչեւ 1977թ-ի ապրիլի 1-ը անցկացնել էլտրանսպորտի վարորդների վավերացում՝ վստահություն չներշնչող անձանց վարորդական իրավունքներից զրկելու նպատակով:

3.    Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեին պարտադրել քաղաքային ցանցի ընդհանուր վիճակի ուսումնասիրումը եւ 1976-78թթ ընթացքում Երեւանյան ջրամբարի պատնեշի վրա եւ քաղաքային տրանսպորտի երթեւեկության համար այլ վտանգավոր հատվածների ցանկապատման իրականացումը:

4.    Հրահանգել ՀԽՍՀ-ի Դատախազությանը արագացնել հետաքննության ընթացքը եւ փոխանցել գործը Գերագույն դատարան:

5.    Խիստ կուսակցական պատասխանատվության հրավիրել քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության գլխավոր ինժեներ Ռ. Քարաջյանին՝ տրոլեյբուսի  #1  պարկի աշխատանքը որ բավարար կերպով ղեկավարելու եւ հսկելու համար:

6.    Աշխատանքային եւ արտադրողական կարգապահության ցածր մակարդակի եւ Մանուչարյանին աշխատանքի ընդունելու համար հեռացնել աշխատանքից #1 տրոլեյբուսային պարկի տնօրեն Ի. Ավանեսյանին եւ գլխավոր ինժեներ Է. Մերանգուլյանին, ինչպես նաեւ խիստ կուսակցական պատասխանատվության հրավիրել Ի. Ավանեսյանին:

 

Հատվածներ՝ 1988թ-ին լույս տեսած Բորիս Լեյբովսկու «20 жизней Шаварша» գրքից

(փրկվածների հուշերը)

 

Իվան Գուսեւ

 

Սկսեցի մորս հիշել: Քանի անգամ խնդրել էի, որ գա մեզ հյուր, չէ որ թոռնիկին ոչ մի անգամ չէր տեսել: Եվ այդ պահին մտածում էի, որ չեմ տեսնի ո՛չ մորս, ո՛չ էլ դստերս: Գիտակցությունս կորցնումն էի…Վերջինը,ինչ հիշում եմ՝ ինչ որ մեկը ուժեղ բռնեց գլխիցս:

 

Եվդոկիա Կուրտ

(Ի.Գուսեւի կինը)

 

Ամուսնուս հետ շատ ենք ամաչում, որ չենք փնտրել մեր փրկչին: Շատ վախեցած էինք, սակայն դա, անշուշտ, չի կարող  արդարացում հանդիսանալ: Այժմ Շավարշը եւ իր ամբողջ ընտանիքը ամենաթանկ մարդիկ են մեզ համար:

 

Էմմա Հակոբյան

 

Ոչ, ես չեմ փնտրել իմ փրկչին, նույնիսկ չեմ փորձել իմանալ, թե որ էր նա: Չնայած նրան, որ արդեն 10 տարի է անցել, մինչ օրս չեմ կարող անգամ մոտենալ այդ լճին: Երբ սպորտով էի զբաղվում, Շավարշ Կարապետյանը բոլորիս կուռքն էր, նույնիսկ որոշ չափով ծանոթ էի նրա հետ: Միայն 1982թ-ին իմացանք, որ մեզ հենց նա է փրկել: Շնորհակալ եմ Շավարշին իմ ամբողջ կյանքով:

 

Թերեզա Սողոմոնյան

 

Դեպքից որոշ ժամանակ անց իմացա, որ մեզ ինչ-որ երիտասարդ էր փրկում: Եղբայրս՝ Ալբերտը, դիմել էր «Ավանգարդ» եւ «Երեկոյան Երեւան» թերթերին, ինչպես նաեւ դատախազություն, սակայն որեւէ հստակ պատասխան չստացանք: Տարիներ անց «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնեց այդ երիտասարդի անունը: Այդ ժամանակվանից Շավարշը մեզ համար ամենահարազատ մարդն է:

 

Պատմում է Շավարշ Կարապետյանի հայրը՝ Վլադիմիր Կարապետյանը

 

Աշխատում էի Շինարարության նախարարությունում, որպես ավտոտրանսպորտի ղեկավար: Աշխատանքի վայրում էի, երբ ծանոթներից մեկն ինձ հայտնեց դեպքի մասին: Գիտեի, որ երեք որդիներս էլ մարզվում են Երեւանյան լճի տարածքում: Սիրտս ահ ընկավ: Անմիջապես նստեցի մեքենան եւ հասա դեպքի վայր: Լճի մոտ այնքան մարդ էր հավաքվել, որ տեղ ու դադար չկար:

 

Հեռվից նկատեցի միջնեկ որդուս՝ Կամոյին: Շավարշն իջնում լճի հատակը, մարդ դուրս բերում ջրից, տուժածին փոխանցում Կամոյին, Կամոն էլ վիրավորներին տեղափոխում էր նավակների մեջ, իսկ նավակներն էլ նրանց հասցնում էին ափ, որտեղից նրանց տեղափոխում էին մոտակա հիվանդանոց: 

 

Ամեն անգամ, երբ Շավարշը կրկին ջուրն էր սուզվում, սիրտս կարծես տեղից դուրս էր թռչում: Այն պահին, երբ նա հերթական անգամ սուզվել էր, ջրում վիրավորներից մեկը բռնել էր նրա ձեռքը եւ չէր թողնում, որ դուրս գա: Այդ պահին ինձ թվաց, թե հիմա սրտի կաթված կստանամ:

 

Վլադիմիր Կարապետյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

 

Հետո լճին մոտեցրին վերամբարձ կռունկը, որպեսզի տրոլեյբուսը հանեն ջրից: Դրա համար հարկավոր էր պարանները (տրոսները) ամրացնել տրոլեյբուսին: Դեպքի վայրում աշխատող ոստիկաններից մեկը հանձնարարեց ենթականերին դա անել, սակայն դա նրանց մոտ չստացվեց: Շավարշը, տեսնելով, որ ոստիկանների մոտ ոչինչ չի ստացվում, նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը: Նա կոտրեց տրոլեյբուսի վերջի ապակին, ամրացրեց պարանները տրոլեյբուսին, եւ այն հանեցին դուրս:

 

Երբ Շավարշը դուրս եկավ ափ, տեսա, որ մարմնի վրա բացված վերքեր կային: Նրան եւ Կամոյին անմիջապես բերեցի տուն, բժիշկ կանչեցի: Դեպքից հետո Շավարշը երկարատեւ բուժում անցավ: Դեռ երկար ժամանակ որդիներս ճչում էին քնի մեջ, վեր թռնում: Ծանր հոգեբանական ցնցում էին ապրում: Նրանք շատ երիտասարդ էին. Շավարշը ընդամենը 23 տարեկան էր, Կամոն՝ 19:

 

Ընդհանուր առմամբ, Շավարշը փրկեց 22 մարդու կյանք, չնայած պաշտոնապես հայտարարվեց քսան փրկվածի մասին: Փրկվածներից երկուսը շտապ հեռացել էին դեպքի վայրից եւ չէին հաշվառվել փրկվածների ցուցակում:

 

Դեպքից շատ տարիներ անց մեզ այցելեց մի երիտասարդ: Նա պատմեց, որ 10 տարեկան է եղել, երբ Շավարշը փրկել է իրեն: Պարզվում է, որ այդ երիտասարդը եղել է փրկվածներից 21-րդը:

 

Փրկվածներից էր նաեւ Ժաննա անունով մի աղջիկ, ով եւս չէր հաշվառվել 20 փրկվածների մեջ: Երբ 1987թ-ին Վադիմ Լեյկբովսկին ժամանեց Երեւան Շավարշի մասին գիրք գրելու նպատակով, ծանոթներիցս մեկն ասաց, որ ճանաչում է փրկվածներից մեկին: Լեյբովսկին նրա հետ ծանոթանալու ցանկություն հայտնեց: 

 

Գնացինք նրանց տուն: Աղջիկը տանը չէր, մեզ ընդունեցին նրա ծնողները, ովքեր պատմեցին հետեւյալը. տրոլեյբուսի լիճն ընկնելու հաջորդ օրը Ժաննայի կուրսից մի երիտասարդ՝ հոր ուղեկցությամբ գալիս է նրա ձեռքը խնդրելու: Երիտասարդը վստահորեն պնդում է, թե ինքն է փրկել Ժաննային եւ պետք է նրա հետ ամուսնանա: Մինչ աղջկա ծնողները պայմանավորվում են երիտասարդի հետ, ներս է մտնում Ժաննան, ով, երիտասարդին տեսնելով, խնդրում է ցույց տալ ձեռքը: «Այս ձեռքը չի ինձ փրկել»,- ասել էր նա:

 

Երբ որոշ ժամանակ անցավ եւ հարցրեցի Շավարշին, թե ինչպե՞ս համարձակվեց գնալ այդ քայլին, նա ինձ պատասխանեց. «Զգացի, որ այդ պահին միայն ես կարող էի դա անել»:

 

Այն, որ Շավարշ Կարապետյանն է փրկել այդ մարդկանց, բացահայտվեց միայն վեց տարի անց՝ ռուս լրագրողի շնորհիվ: 1982թ-ին «Կոմսոմոլսկայա Պրավդա» շաբաթաթերթի թղթակից Բորիս Լեսկովը ջրասուզալողին նվիրված նյութ էր պատրաստում եւ մարզիկների հետ հարցազրույցում հետաքրքրվել էր. արդյո՞ք եղել են դեպքեր, երբ նրանց պրոֆեսիոնալ հմտությունները կիրառվել են իրական կյանքում: Ինչ-որ մեկը հիշել է, որ մի քանի տարի առաջ հայ մարզիկ Շավարշ Կարապետյանը մարդ է հանել ջրի հատակից: Այս պատմությունն այնքան հետաքրքրեց Լեսկովին, որ նա ժամանեց Երեւան եւ հանդիպեց Շավարշի հետ: 

 

Շավարշ Կարապետյանը դպրոցականների հետ:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

 

Լեսկովի՝ «Подводный бой чемпиона» հոդվածի լույս տեսնելուն պես սկսեցինք Շավարշին հասցեագրված նամակներ ստանալ: Ընդհանուր առմամբ շուրջ 30 հազար նամակ եկավ, որտեղ մարդիկ իրենց հիացմունքն ու երախտապարտությունն էին հայտնում: 

 

Հնարավոր չէ նկարագրել, թե որքան հպարտ եմ՝ որդուս գործած սխրագործության համար:

     

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Լենա Գեւորգյանը, Արա Թադեւոսյանը, Աննա Ալավերդյանը:

 

Շնորհակալություն ենք հայտնում` Տիգրան Լիլոյանին, Լիլիթ Տեր-Մինասյանին, Լուսիկ Ղուկասյանին:

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին