Երիտասարդական պալատ` (ան)կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
76724 դիտում

Երիտասարդական պալատ` (ան)կենդանի պատմություն

«Երեւան. XX դար» նախագծում այսօր ներկայացնում ենք մեր մայրաքաղաքի ոչնչացված խորհրդանիշներից մեկը` Երիտասարդության պալատը, որը քանդվեց 2006 թվականին:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Կ. Դեմիրճյանը պալատի բացմանը:
Կ. Դեմիրճյանը պալատի բացմանը:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Բանալին պահվում է Կ. Դեմիրճյանի թանգարանում:
Բանալին պահվում է Կ. Դեմիրճյանի թանգարանում:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Կ. Դեմիրճյանի նվիրում են պալատի խորհրդանշական բանալին:
Կ. Դեմիրճյանի նվիրում են պալատի խորհրդանշական բանալին:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

«Այաս» խմբի համերգը Երիտասարդական պալատում:
«Այաս» խմբի համերգը Երիտասարդական պալատում:

Լուսանկարը` Ա. Միտինյանի արխիվից:

«Այաս» խմբի համերգը Երիտասարդական պալատում:
«Այաս» խմբի համերգը Երիտասարդական պալատում:

Լուսանկարը` Ա. Միտինյանի արխիվից:

«Այաս» խմբի համերգը Երիտասարդական պալատում:
«Այաս» խմբի համերգը Երիտասարդական պալատում:

Լուսանկարը` Ա. Միտինյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

Լուսանկարը` Ա. Ասոյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Ասոյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Ասոյանի արխիվից:

Այստեղ գրանցվում էին նաեւ արտասահմանցիների ամուսնությունները:
Այստեղ գրանցվում էին նաեւ արտասահմանցիների ամուսնությունները:

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:


«Երեւան. XX դար» նախագծում այսօր ներկայացնում ենք մեր մայրաքաղաքի ոչնչացված խորհրդանիշներից մեկը` Երիտասարդության պալատը, որը քանդվեց 2006 թվականին: Շենքի կենդանության օրոք մեզանից շատերը այն ծաղրաբանելով «Կուկուռուզ» էին անվանում, սակայն երբ այն քանդվեց, հասկացանք, որ իրականում մեր կյանքից հեռացավ Երեւանի կարեւոր մասնիկներից մեկը: Ու մնում է միայն ափսոսալ, որ 6 տարի առաջ հասարակությունը դեռ չուներ պայքարի այն փորձը, որը ձեռք բերեց Կինո Մոսկվայի ամառային դահլիճի ու Մաշտոցի այգու պահպանության մղված պայքարում: Եթե այդ փորձը լիներ, միգուցե Երիտասարդության պալատը եւս կհաջողվեր փրկել..,

 

Ճարտարապետ Հրաչ Պողոսյան`շենքը համարվում էր սովետական մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը

 

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ իշխանություններն որոշեցին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում Երիտասարդական պալատներ կառուցել: 1970 թթ. կեսերին Հայաստանի Կոմերիտմիության ղեկավարը Ստեփան Պողոսյանն էր: Նա դիմեց երեք ճարտարապետներիս ՝ ինձ, Արթուր Թարխանյանին եւ Սպարտակ Խաչիկյանին ՝ առաջարկելով զբաղվել այդ նախագծով:

 

Հրաչ Պողոսյանը,  Արթուր Թարխանյանը եւ Սպարտակ Խաչիկյանը:

 

Մինչ Երիտասարդական պալատի նախագծի վրա աշխատելը, մենք՝ երեք ճարտարապետներով, աշխատել էինք Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծի վրա եւ որոշակի համագործակցության փորձ արդեն ունեինք: 

 

Երիտասարդական պալատի կառուցման համար շատ վայրեր փորձարկվեցին՝ Ազգային ժողովի ետնամասում գտնվող տարածքը, Պասկեւիչի բլուրը եւ այլն: Նախատեսվում էր, որ Երիտասարդական պալատը պիտի բարձրադիր, բոլորին երեւացող վայրում կառուցվի:

 

Երկար փնտրտուքներից հետո կանգ առանք այն վայրի վրա, որտեղ եւ կառուցվեց  Երիտասարդական պալատը: Նախագծային աշխատանքները բավականին բարդ էին. պետք է կառուցվեր ոչ միայն հյուրանոց, այլեւ ակումբ, ռեստորան, հարսանյաց սրահ, լողավազան եւ սրճարան: 

Սպարտակ Խաչիկյան
դոսյե
Սպարտակ Խաչիկյան

Սկզբից կառուցվեց հյուրանոցը, հետո ակումբային մասը, լողավազանը: Ավելի ուշ կառուցվեց նաեւ էստրադային դահլիճը՝ 1 000 նստատեղով:  Ակումբային մասում կառուցվեց մեկ այլ դահլիճ՝ նախատեսված 300 հոգու համար:

 

Շինարարությունը բավականին երկար տեւեց` պալատը կառուցվում էր մաս-մաս: Շինարարության համար նախատեսված գումարները տրամադրվում էին Մոսկվայից, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրում էին մեր ուղարկած բոլոր նախահաշիվները: Լավ հիշում եմ, որ կառույցի վերջնական հաստատված գումարը 9.5 միլիոն ռուբլի էր: Ներկայիս փոխարժեքով դա կկազմեր մոտ 5 միլիոն դոլար, ինչը շատ փոքր գումար էր նման հսկայական կառույցի համար:

 

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

 

Շենքի ամենավերեւի հարկում կար սրճարան, որի հատակը պտտվում էր: Մեկ ժամվա ընթացքում սրճարանը պտտվում էր իր առանցքի շուրջ` հնարավորություն տալով վայելել քաղաքի տեսարանը: Մարդիկ նախօրոք էին տեղեր պատվիրում այդ սրճարան հաճախելու համար:

 

Հետո բացվեցին ակումբային հատվածը, լողավազանը, դահլիճը: 1980-ականների կեսերին համալիրն արդեն ամբողջությամբ պատրաստ էր:

 

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

 

Կոմերիտականների մտահաղացումն այն էր, որպեսզի Երիտասարդական Պալատում հավաքվեն տարբեր հանրապետություններից, մարզերից ժամանած երիտասարդներ, շփվեն միմյանց հետ, սիմպոզիումներ, փառատոններ կազմակերպեն, սպորտով զբաղվեն, եւ ողջ այդ ընթացքում բնակվեն շենքի տարածքում գործող հյուրանոցում:  

 

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

 

Հյուրանոցի սենյակները շատ մեծ չէին, փոքր լոգասենյակներ ունեին: Հետագայում Երիտասարդական պալատի գնորդը ՝ Էդուարդ Ավետիսյանը, որպես շենքի քանդման հիմնական պատճառաբանություն բերում էր այն, թե հյուրանոցի սենյակները շատ փոքր են, առաստաղը՝ ցածր, մինչդեռ ինքն ուզում է բարձրակարգ հյուրանոց կառուցել: Իսկ հետո կազմվեց մի փաստաթուղթ, որի համաձայն Երիտասարդական պալատը իբր վատթար վիճակում էր գտնվում, վերականգնման ենթակա չէր եւ անպայման պետք է քանդվեր:

 

Սակայն «Հայպետնախագիծ» ինստիտուտն ուսումնասիրել էր կառույցի վիճակը, եւ եզրակացության մեջ նշել էր, որ շենքը պետք է ամրացվի, այլ ոչ թե քանդվի: Որեւէ սեյսմիկ վտանգ այն չէր ներկայացնում:

 

2004 թ.-ին, երբ Երիտասարդական պալատը վաճառվեց, սեփականատիրոջ հետ աշխատանքի ընթացքում ես բազմաթիվ տարբերակներ առաջարկեցի, որոնք թույլ կտային պահպանել շենքը, վերականգնել այն, այլ ոչ թե հիմնովին քանդել: Մասնավորապես, առաջարկեցի շենքի ստորին հատվածում կառուցել բարձրակարգ հյուրանոցային համարներ, իսկ շենքի այլ հարկերում պահպանել էժան սենյակները:

 

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

 

Երբ սեփականատիրոջը ասացի, որ շենքը չի կարելի քանդել, քանի որ այն ճարտարապետական ու պատմական արժեք է ներկայացնում, նա ինձ ասաց, թե դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով համաձայնություն է տվել քանդել շենքը՝ ավելի լավ շենք կառուցելու նպատակով:

 

Մինչդեռ դա ժողովրդի սեփականությունն էր: Երբ որեւէ շինություն քանդելու մտադրություն կա, սեփականատերը պետք է ներկայացնի, թե ի՞ն է առաջարկում կառուցել այդ շենքի փոխարեն: Երիտասարդական պալատի պարագայում նման բան չեղավ:

Հրաչ Պողոսյան
դոսյե
Հրաչ Պողոսյան

2005 թ.-ին Երեւանի քաղաքապետարանը շենքի քանդման որոշումն ընդունեց: Անմիջապես բողոքեցի, նամակագրություն ունեցա այդ ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ: Պնդում էի, որ անթույլատրելի է Երիտասարդական Պալատի քանդումը առանց նոր շենքի հաստատված նախագծի: Սեփականատերը պետք է երաշխիքներ տար, որ այդ տարածքում նոր, ավելի լավ շենք կկառուցվի:

 

 

Սակայն սեփականատերը, կառույցը ձեռք բերելուց հետո երկու տարվա ընթացքում, քանդեց ամբողջ շենքը, իսկ հետո սկսեց ոչնչացնել շենքի մոտակայքում գտնվող 4 հա տարածությամբ բլուրը: Արդեն 7-8 տարի է, ինչ այդ տարածքը վերածվել է հսկայական շինհրապարակի: 

 

2010 թ.-ին այդ տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ հայտարարվեց:  Ներկայացված աշխատանքներից ընտրվեց ճապոնացի ճարտարապետի ներկայացրած առաջարկը: Այն ներկայացվեց Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում եւ, որոշ դիտողություններով հանդերձ, հավանություն ստացավ: Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նախագիծը չիրագործվեց:

 

Երիտասարդական պալատի նախագծի համար մենք՝ ճարտարապետներս, ստացանք Կոմերիտմիության համամիութենական մրցանակ, որը համարվում էր ԽՍՀՄ թվով  երրորդ պատվավոր մրցանակը: Անցյալ տարի Նյու-Յորքում լույս տեսավ «Սովետական Մոդերնիզմ» գիրքը, որտեղ տեղ են գտել խորհրդային շրջանի մոդերն ոճի շենքերը: Ի թիվս այլ կառույցների, գրքում տեղ է գտել նաեւ Երիտասարդական պալատի շենքը:

 

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

 

Երիտասարդական պալատը ժողովրդի, մեր քաղաքի բնակիչների սեփականությունն էր, որը նման ճակատագրի չպետք է արժանանար:

 

Երիտասարդական Պալատի դիզայներական խմբի ղեկավար, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյան` աշխատանքների հետագա ճակատագիրը հայտնի չէ

 

Երիտասարդական պալատի ճարտարապետների հետ լավ ընկերներ էինք եւ հաճույքով աշխատում էինք միմյանց հետ: Երբ ընթանում էր Երիտասարդական պալատի կառուցման գործընթացը, ես աշխատում էի Գյումրիում՝ «Շիրակ» հյուրանոցի մուտքի քանդակների վրա: Ավարտելուց հետո ինձ կանչեցին Երեւան եւ նշանակեցին Երիտասարդական պալատի դիզայներների խմբի ղեկավար: Հավաքեցի տաղանդավոր արվեստագետների մի խումբ, որի աշխատանքի արդյունքում ունեցանք երիտասարդության, թարմության, գարնանային շնչով հագեցած ինտերիեր:

 

Խմբի կազմում էին քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը, որը պատրաստեց պալատի բարում տեղադրված «Ադամ եւ Եվա» ոսկեզօծ քանդակը, քանդակագործ  Թոմ Գեւորգյանը` նրա «Գարուն» քանդակը տեղադրվեց սպասասրահում:

 

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

 

Տեղեկություններ ունեմ, որ Երիտասարդական պալատի ապամոնտաժումից  հետո այդ քանդակը գտնվում էր մի արվեստանոցում, որտեղից այն գողացան եւ վերավաճառեցին:

 

Արմինե Կալենցը նկարեց Հայաստանը պատկերող շատ գեղեցիկ որմնանկարներ, Զորիկ Ստեփանյանը պատրաստեց սպասասրահի պատերից մեկին փակցված Հայաստանի փայտե քարտեզը: Նելլի Ասատրյանի գոբելենը տեղադրվեց Ընդունելությունների սրահում: Իսկ Մարտին Զաքարյանի շնորհիվ ունեցանք Ամուսնությունների գրանցման պալատի հայտնի վիտրաժները:

 

 

Արվեստով հարուստ շենք էր: Ցավոք, այդ աշխատանքների հետագա ճակատագիրը ինձ հայտնի չէ:

 

Ինքս սկսել էի աշխատել 4-5 մետրանոց, երիտասարդությանը նվիրված բրոնզե արձանի վրա, որը պետք է տեղադրվեր պալատի մուտքի առջեւ: Սակայն որոշ ժամանակ անց ինձ հայտնեցին, որ Կենտկոմում չեն հավանում իմ աշխատանքը, քանի որ այն չի համապատասխանում սոցռեալիզմի չափանիշներին: Այնուամենայնիվ, շարունակեցի աշխատել: Մի օր էլ առավոտյան եկա ու տեսա, որ 20 տոննա քաշ ունեցող գիպսե տարբերակը «քամուց շուռ է եկել»:

 

Անահիտ Թարխանյան` հայրս միշտ եկեղեցի կառուցելու երազանք է ունեցել

 

Երիտասարդական պալատի կառուցման համար ընտրված վայրը շատ յուրահատուկ էր: Կարծես, ամֆիթատրոն լիներ, որի կենտրոնում գտնվում էր դոմինանտ բլուրը: Բլուրի շուրջ ստեղծվում էր էներգետիկ տարածություն: Դեռ վաղ միջնադարից սկսած մեր ճարտարապետներին հաջողվում էր աշխատել տարածության եւ դրա շնորհիվ առաջացող զգացողությունների հետ: Դրա վառ օրինակներն են մեր վանքերը:

 

Անահիտ Թարխանյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Երիտասարդական պալատը ստեղծվեց այն ժամանակ, երբ արգելված էր ցանկացած մուտք դեպի ճարտարապետության արեւմտյան աշխարհ: Սա կարծես մի հնարավորություն լիներ՝ ժողովրդավարական աշխարհ ներխուժելու համար: Մոտենում էիր շենքին, «բարձրացնում էիր» երկաթյա վարագույրը եւ հայտնվում մեկ ուրիշ միջավայրում: Առջեւումդ կանաչ գորգով պատված աստիճանն էր եւ դեպի վեր խոյացող հիմնասյուները: Բարձրանում էիր վերջին հարկը, մտնում էիր պտտվող սրճարանը եւ զգում էիր ազատության շունչը:

Արթուր Թարխանյան
դոսյե
Արթուր Թարխանյան

Այն կառուցվել էր որպես ժողովրդավարական հանրության խորհրդանիշ, որում տեսնում էինք  նոր հորիզոններ, մտքի ազատություն: Ցավալի է, որ հետագայում, երբ Հայաստանն անկախացավ, հենց այդ հանրությունն էլ քանդեց այն, ինչ ստեղված էր իր համար:

 

Հայրս միշտ եկեղեցի կառուցելու երազանք է ունեցել: Որոշ չափով նա այն իրականացրեց պալատի Ամուսնությունների գրանցման դահլիճը նախագծելու ժամանակ, որտեղ քարե գրասեղանն արված էր հայկական խորանի տեսքով:

 

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Երիտասարդական պալատի ոչնչացումը իսկական վանդալիզմի ակտ էր: Երբ շենքը սեփականաշնորհվեց, շուրջ 6 ամիս այն հետազոտվում էր փորձագետների կողմից, որոնք էլ եզրակացրեցին, որ այն գտնվում է բարվոք վիճակում, անհրաժեշտ է միայն վերանորոգել եւ ամրապնդել որոշ հատվածներ: Ողջ աշխարհը գնահատում եւ պահպանում է այդ տարիների մոդեռն ճարտարապետությունը, իսկ մեզ մոտ դրա փոխարենը սեփականատերը որոշեց քանդել ամենավառ նմուշներից մեկը եւ կառուցել այդ տեղում մի հյուրանոցային համալիր, որը կդառնա «աշխարհի 8-րդ հրաշալիքը»:

 

Սակայն կարծում եմ, որ Էդուարդ Ավետիսյանը («Ավանգարդ Մոթորս» ընկերության տնօրենը-խմբ.) չի տիրապետում համապատասխան ֆինանսական միջոցների եւ անցկացվող մրցույթները պարզապես «աչքերին թոզ փչելու» միջոց են:

 

Պալատը գործում է

«Սովետական Հայաստան»

1979թ.

 

Օրերս մեծ հանդիսավորությամբ բացվեց Երեւանի Երիտասարդության պալատը: Հանրապետության պատանիններն ու աղջիկները երախտագիտության ջերմ զգացումով ու անսքող հրճվանքով ընդունեցին այդ հիասքանչ նվերը:

 

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

Պալատում պայմաններ են ստեղծված բովանդակալից հանգստի եւ ուրախ ժամանցի համար: Առաջիկա մեկ-երկու տարում շարք մտնեն համալիրի մյուս շինությունները` սպորտային ու կինոդահլիճները, լողավազանը, բազմաթիվ այլ հարմարություններ, որոնք հնարավորություն կստեղծեն պալատը վերածելու երիտասարդության հետ տարվող քաղաքական-մասսայական, գեղագիտական դաստիարակության մի յուրօրինակ կենտրոնի:

 

Նորակառույց համալիրի մասին առանձնահատուկ ջերմությամբ ու հուզմունքով է պատմում պալատի դիրեկտոր Ս. Մուրադովը: Նա այստեղ աշխատանքի անցավ, երբ գոյություն ունեին միայն նախագծերն ու ժայռակոփ բարձունքը: Եվ դիրեկտոր Մուրադովը շինարարների եւ ճարտարապետների հետ մեծագույն հրճվանք ապրեց, երբ պալատի դռները խինդով բացվեցին այցելուների առաջ:

 

Կ. Դեմիրճյանը պալատի բացմանը:

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

Օրեր են դեռեւս անցել, բայց արդեն բուռն կենդանությամբ ու աշխույժով են շնչում պալատի հոյաշեն ճեմասրահները, դահլիճները, ռեստորան-սրճարանները, ցուցասրահը:

 

Խորհրդավոր խաղաղությամբ է լցված ձայնապնակների սրահը (դիսկոտեկա):

 

Կիսամութի մեջ լսվում են փոքրիկ սեղանների շուրջը նստած երիտասարդների շշնջոցները: Եվ հանկարծ սրահը լցվում է երաժշտության հոգեպար հնչյուններով: Մեղեդու զվարթ ռիթմի հետ խաղում, կարծես պարում են գույնզգույն լույսերը: Թվում է, թե տեսնում ես ինչպես է տարածվում երգը, որը կարծես երգ չէ, այլ գունավոր լուսատեսիլք է, որ վետվետալով հասնում է քեզ ու աննկատ փախչում, գունափոխվելով սրահում, թեւածում է սրահի կամարների տակ:

 

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

 

Հետո երգին փոխարինում է պարը, նույնպիսի գունավոր լուսախաղային ուղեկցությամբ պտտվում, պարում են զույգերը: Դիկտոր-մեկնաբանողը խորհրդավոր ձայնով ձեզ պատմում է պարի, նրա ծագման արմատների մասին, այն մասին, թե բազում տասնամյակներ առաջ մեր պապիկներն ու տատիկներն ինչպիսի զմայլանքով, հուզմունքով էին պարում այդ պարը:

 

Մենք անաղմուկ դուրս ենք գալիս եւ ուղղվում դեպի մեծ ու փոքր սրահներով ռեստորանները, որոնք ձեւավորված են գեղեցիկ, ճաշակով, առանց ավելորդությունների:

 

Չափազանց գրավիչ է ընդարձակ ճեմասրահը: Այս ու այնտեղ դրված փոքրի սեղանների մոտ երիտասարդներ են նստած, որոնք զրուցում են, կարդում ամսագրերի ու թերթերի թարմ համարները: Ճեմասրահից կարող ես մտնել ցուցասրահը, որտեղ ցուցադրվում են կերպարվեստի մշտապես փոփոխվող նմուշներ:

 

Իսկ ներքեւում խորհրդավոր արարողություն է. Պսակադրության սրահում իրենց ամուսնությունն են գրանցում երիտասարդ զույգերը: Ամեն ինչ այստեղ պարզ է, զուսպ ու հանդիսավոր: Հատկապես գրավիչ է սրահն իր ազգային-ճարտարապետական արտահայտիչ լուծումներով` կամարակապ առաստաղից մինչեւ մետաղյա յուրօրինակ էլեկտրաջահը:

 

500 տեղանոց հյուրանոցի առաջին հյուրերը արտադրության երիտասարդ առաջամարտիկների հանրապետական հավաքի մասնակիցներն էին, որոնք արդեն եզրափակել են 10-րդ հնգամյակը: Հետո հյուրեր եկան Մոսկվայից, Լենինգրադից, Ռիգայից, արտասահմանյան երկրներից:

 

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

Բարձրանում ենք հյուրանոցի 18-րդ հարկը, որտեղ տեղավորված է սրճարանը` պտտվող հատակով: Անկրկնելի գեղեցիկ համայնապատկեր է բացվում սրճարանից: Երեւում է մայրաքաղաք Երեւանը բոլոր կողմերից: Եվ որքան գեղեցիկ, գրավիչ եւ հոյաշեն է մեր մայրաքաղաքը:

 

Եվ այս բոլորը ձեզ համար` երիտասարդներ, ձեր հանգստի, ուրախ ժամանցի համար, որ վաստակած աշխատանքից հետո ավելի ամբողջական զգաք ձեզ բաժին ընկած խաղաղ ու երջանիկ կյանքի ազնիվ հաճույքը:

 

Խ. Մխիթարյան 

 

Բաս-կիթառահար Արտաշես (Աթոս) Մարգարյան` Երիտասարդական պալատում աշխատելու շնորհիվ մեկ տարում ավտոմեքենա գնեցի

 

Այնպես ստացվեց, որ Երիտասարդական պալատի կառուցման վերջին փուլի ժամանակ ես գործազուրկ էի: Ամեն անգամ այդ կառույցի կողքով անցնելիս մտածում էի. ինչ լավ կլիներ, եթե հաջողվեր այստեղ աշխատանքի ընդունվել:

 

Ընկերս, սաքսոֆոնահար Լեւան Մանուկյանը լայն շրջապատ ուներ ու խնդրեցի նրան պարզել` ինչպե՞ս կարելի է այնտեղ աշխատանքի ընդունվել: Մի քանի օր հետո Լեւանը զանգահարեց եւ ասաց, որ կարող ենք սկսել թիմ հավաքել, քանի որ մոտ ապագայում պետք է տեղի ունենա երաժշտական անսամբլների մրցույթ՝ Երիտասարդական պալատում մշտական աշխատանք ստանալու համար: Մեզ հետ սկսեցին նվագել ստեղնահար Բոգդան Ալավերդյանը, կիթառահար Տիգրան Հակոբյանը, հարվածահար Գարիկ Թումանյանը եւ մենակատար Աշոտ Ղազարյանը:  Շատ լավ եւ ծավալուն ծրագիր պատրաստեցինք, որը բաղկացած էր ԽՍՀՄ-ի էստրադային եւ ժողովրդական երգերից՝ մոլդովական, ուկրաինական, վրացական, լատվիական եւ այլն:

 

Մրցույթը բավականին մեծ էր, սակայն մենք լավագույնը ճանաչվեցինք եւ առաջին անգամ նորաստեղծ կազմով ելույթ ունեցանք հենց Երիտասարդական պալատի հանդիսավոր բացմանը, որին ներկա էին ԽՍՀՄ-ի երկրների շատ ներկայացուցիչներ:

 

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

 

Երիտասարդական պալատի ռեստորանում նվագեցի 3,5 տարի` ամեն օր, առանց հանգստյան օրերի, ժամը 19:00-ից 23:00-ը: Չնայած նրան, որ խոհանոցը բավականին անհետաքրքիր էր, ռեստորանը միշտ լեփ-լեցուն էր, քանի որ այնտեղ շատ յուրահատուկ մթնոլորտ էր տիրում: Գալիս էին ոչ միայն երեւանցիները, այլեւ ԽՍՀՄ-ից եւ արտերկրից ժամանած բազմաթից պատվիրակություններ: Հատկապես շատ հյուրեր էին գալիս Լեհաստանից, Մերձբալթյան եւ Միջին Ասիայի երկրներից: Մեր ամսական աշխատավարձը կազմում էր մոտ 90 ռուբլի, սակայն բոլորը գիտեն, որ ռեստորանում նվագող երաժիշտները բավականին մեծ գումարներ էին վաստակում պատվերների շնորհիվ: Պատվերի արժեքը տատանվում էր 3-ից 10 ռուբլու սահմաններում: Երիտասարդական պալատում ընդամենը մեկ տարի աշխատելուց հետո ավտոմեքենա գնեցի:

 

Ռեստորանում ելույթ էինք ունենում հատուկ մեզ համար կարված կարմիր բաճկոններով եւ թիթեռնիկներով: Քանի որ բեմը ոչ մի կերպ ձեւավորված չէր, Երիտասարդական պալատի առաջին տնօրեն, «Ինտուրիստի» նախկին ղեկավար  Իլյա Գեւորգովին առաջարկեցի բեմի ետնամասը պատել ուղղահայաց նեղլիկ հայելիներով: Մտահաղացումս հավանության արժանացավ եւ ի կատար ածվեց: 

 

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյան` շենքն բացառիկ ինժեներական լուծումներ ուներ

 

«Հայնախագիծ» ինստիտուտը 2003 թվականին իրականացրեց Երիտասարդական պալատի վիճակի ուսումնասիրությունը: Խնդիրը հետեւյալն էր՝ պարզել, թե ինչ է հնարավոր անել՝ շենքը գործող սեյսմիկ նորմերին համապատասխանեցնելու համար: Հաշվարկներ արեցինք ու եզրակացրինք, որ որոշ հատվածներ պետք է ամրացնել` շենքի սեյսմակայունությունը ուժեղացնելու նպատակով:

 

Սակայն այդ ուսումնասիրություններից հետո սեփականատիրոջ մոտ այլ ցանկություններ առաջ եկան: Երիտասարդական Պալատի հյուրանոցի սենյակների առաստաղը 2.5 մետր էր: Սեփականատերը ցանկանում էր, որ առաստաղը լինի ավելի բարձր` բարձրակարգ հյուրանոցների նորմերին համապատասխան: Ճարտարապետների կողմից առաջարկվեց հյուրանոցի համարներն տեղակայել շենքի ստորին հատվածում: Առաջարկվեց նաեւ որոշ սենյակներ միացնել իրար՝ ուղղահայաց եւ հորիզոնական տարբերակներով:

 

Բայց թե ի՞նչ անցավ սեփականատիրոջ մտքով եւ ինչու՞ նա որոշեց քանդել շենքը, եւ ինչպե՞ս քաղաքապետարանում ընդունվեց քանդման որոշումը, մեզ մինչ օրս հայտնի չէ: Ո՛չ որոշումն ընդունողին եմ հասկանում, ո՛չ քաղաքապետարանին, որը թույլ տվեց քանդումը: Որոշումն ընդունվեց առանց մասնագիտական շրջանակների հետ քննարկման:

 

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

 

Ես մասնակցել եմ Երիտասարդական պալատի նախագծման աշխատանքներին: Մինչեւ հիմա գրքեր են հրապարակվում, որտեղ ներառված է այդ պալատը: Շենքն ուներ բացառիկ ինժեներական լուծումներ: Օրինակ՝ կարելի էր հինգերորդ հարկը դատարկ թողնել, սակայն շենքը կայուն կմնար: Երիտասարդական պալատի նման յուրահատուկ կառույց մենք չենք ունեցել: Չի կարելի պատմություն ստեղծող կառույցները քանդել առանց քննարկելու, խորհրդակցելու հանրության լայն շերտերի հետ:

 

Չեմ հասկանում նաեւ, թե մինչեւ հիմա ինչու՞ այդ կառույցի վայրում այլ բան չի կառուցվում: Ինչու՞ այդքան շուտ քանդեցին այդ բացառիկ շենքը՝ առանց հստակ նախագիծ ունենալու:

 

«Այաս» ռոք-խմբի հիմնադիր, կոմպոզիտոր Արթուր Միտինյան` պալատում «Սեկրետ» խմբի հետ համատեղ համերգ տվեցինք

 

1980-ականներին Երիտասարդական Պալատը մեծ դեր ունեցավ հայկական ռոք-շարժման մեջ: 1983թ-ին այնտեղ հիմնեցինք ռոք-ակումբ, որի գործունեության շրջանակներում ունեցանք բազմաթիվ  համերգներ, փառատոներ, հանդիպումներ:

 

Լուսանկարը` Ա. Միտինյանի արխիվից:

 

Համագործակցում էինք ռուսական խմբերի հետ, օրինակ՝ 1987թ-ին Մոսկվայից Երեւան ժամանեց շատ սիրված «Սեկրետ» խումբը, որի հետ համատեղ համերգ տվեցինք: Բացի այդ, հյուրեր էինք ընդունում նաեւ արտերկրից: Այդ առումով Երիտասարդական պալատը շատ հարմար էր, քանի որ գտնվում էր քաղաքի կենտրոնում եւ ուներ սեփական հյուրանոց:

 

Այդ տարիների համերգներից հատկապես տպավորվել է 1986թ. Երիտասարդական պալատի փոքր դահլիճում կայացած «Ասպարեզ» եւ «Օլիս» խմբերի համատեղ համերգը, ինչպես նաեւ ռոք-մարաթոնը, որի ընթացքում կայացավ երեք համերգ՝ վեց խմբի մասնակցությամբ: Բացի այդ, մարաթոնի ժամանակ տեղի ունեցավ չափազանց հետաքրքիր հանդիպում-բանավեճ՝ ռոքի սիրահարների եւ հակառակորդների միջեւ:

 

«Այաս» խմբի համերգը Երիտասարդական պալատում:

Լուսանկարը` Ա. Միտինյանի արխիվից:

 

Հաճախ տեղի էին ունենում նաեւ հանրապետական ռոք-փառատոներ, Երեւան էին ժամանում խմբեր Լենինականից, Սիսիանից, Կիրովականից: Երիտասարդական պալատի ռոք-ակումբի գործունեության գագաթնակետը դարձավ 1987թ-ին կազմակերպված եռօրյա ռոք-փառատոնը, որը տեղի ունեցավ ապամոնտաժված հեծանվային հրապարակի տարածքում: Այդ տարիներին Հայաստանում կար մոտ 50-60 ռոք-խումբ եւ սովետական ռոք-երաժշտության մասին իր գրքում Արտեմի Տրոիցկին պատահական չէր նշել, որ Երեւանը որոշ ժամանակ ռոքի համամիութենական կենտրոնի համբավ ուներ: 

         

Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյան` Ամուսնությունների սրահում գրանցված առաջին զույգը դարձանք

 

1979 թվականին Երիտասարդական պալատը պատրաստվում էր բացմանը: Այդ շենքում էր գտնվում Հանրապետական ԶԱԳՍ-ը: Ապագա կինս, ով մասնագիտությամբ ճարտարապետ է, աշխատում էր կառույցի հեղինակների` Արթուր Թարխանյանի, Հրաչ Պողոսյանի եւ Սպարտակ Խաչիկյանի հետ: Մի քանի ամիս էր, ինչ հանդիպում էինք: Մի օր հանդիպեցի նրա ղեկավարներին, նրանք էլ ասացին, որ շուտով կայանալու է ԶԱԳՍ-ի բացումը ու եթե մեր նպատակները լուրջ են, կարող են օգնել մեզ լինել առաջինները, որ կամուսնանան այնտեղ:

 

Մեզ բավական երկար «տանջեցին»` կանչելով կոմերիտական ու կուսակցական տարբեր մարմիններ. բացմանը ներկա էին լինելու հանրապետության ղեկավարները, եւ մեզ զգուշացնում էին, որ ավելորդություններ թույլ չտանք, նրանցից որեւէ բան չխնդրենք: Բացմանն իսկապես ներկա էին Խորհրդային Հայաստանի բոլոր ղեկավարները` Կենտկոմի առաջին քարտուղարը, Նախարարների Սովետի նախագահը, Գերագույն խորհրդի նախագահության նախագահը եւ այլն:

 

Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

 

ԶԱԳՍ-ի ներսում պաստառներ կային` «Слава КПСС» , «Да здравствует СССР», «Советский Народ–самый бракосочетаемый народ»: Շատ գեղեցիկ տիկին Կլարան էր ԶԱԳՍ-ի տնօրենը ու հենց նա՝ 1979 թվականի ապրիլի 7-ին անց կացրեց մեր ամուսնության արարողությունը: Մեզ հետ եւս չորս զույգեր կային: Առաջինը գրանցվեց մեր զույգը, սակայն քանի որ սովետական երկիր էր, հայտարարեցին, որ գրանցվեց բանվորների ընտանիքը:

 

Լուսանկարը` Ա. Ասոյանի արխիվից:

 

Գրանցումից հետո տարբեր լուրեր էին պտտվում, օրինակ` որ Լենինի հրապարակի մերձակայքում մեզ բնակարան են տրամադրել: Իրականում, մոզ նույնիսկ ծաղիկներ չէին բերել, իսկ մեր ընտանիքը 14 տարի վարձով ապրեց:

 

Ամուսնության պալատի պետ Լաուրա Նավասարդյան`2007 թվականից «ճամփորդում ենք»

 

Նախկին Երիտասարդական պալատում տեղակայված Ամուսնության պալատն այժմ գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում՝ Օտյան փողոց, 53ա շենք, 1-ին հարկ հասցեով:

 

2007 թվականից մենք «ճամփորդում ենք», եւ ներկայիս հասցեն մեր թվով չորրորդ «կանգառն» է: Սակայն մարդիկ փնտրում եւ գտնում են մեզ, քանի որ մեր ծառայությունները միշտ տարբերվել են մյուսներից: Այս տարի մեզ մոտ արդեն գրանցվել է 400 ամուսնության ակտ:Մեր պալատը ընդունում է զույգեր՝ հանրապետության տարբեր մարզերից:

 

Վերջին շրջանում ամուսնությունը գրանցելու արարողության ժամանակ երիտասարդները նախընտրում են իտալական երաժշտություն: Շատերն իրենց հետ բերում են իրենց նախընտրած երաժշտությունը: Սակայն Մենդելսոնի դասական վալսը, բնականաբար, իր դիրքերը չի զիջում:

 

Ի՞նչ է լինելու հետո

 

Երիտասարդական պալատի վայրում կառուցվելիք հյուրանոցային ճարտարապետական համալիրի շինարարության համար 2009 թ. հոկտեմբերի 8-ին հայտարարվել էր ճարտարապետների մրցույթ: Նախագծի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել էր 2010 թվականի հունվարի 15-ը:

 

Նախագծեր էին ներկայացրել ավելի քան 1 000 ճարտարապետներ`60 երկրներից: Մրցույթին մասնակցում էին ճարտարապետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ճապոնիայից եւ այլն:

 

Առաջին փուլում 274 աշխատանքներից առավելագույն միավորներ ստացան 6 աշխատանքներ, իսկ եզրափակիչ փուլ դուրս եկան 4-ը։

 

Ի վերջո հաղթող ճանաչվեց ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արային` Arai Architects ընկերությունից։ Նրա ներկայացրած նախագիծն իր մեջ ներառում է «ԻնտերԿոնտինենտալ–Հայաստան» հյուրանոցային համալիրը, միջազգային գործարար կենտրոնը, բնակարանային համալիրը։ Նախագծով նախատեսված շենքերի պատուհանների 95 տոկոսը նայում են Արարատին։ Բացի դրանից, Արարատի երկու գագաթները ճարտարապետը նույնպես օգտագործել է իր նախագծում։ Գագաթներից մեկը՝ բարձրահարկ հյուրանոցն է, իսկ երկրորդը՝ բնակարանային համալիրը։

 

Լուսանկարը` Arai Architects:

 

Նախագծի համաձայն՝ համալիրն ամբողջությամբ բացվում է այցելուների համար Տերյան փողոցից։ Երեք հիմնական շենքերը միանում են հրապարակով։ Նույն տեղանքում նախատեսվում է նաեւ երկու հազար ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղի։

 

Լուսանկարը` Arai Architects:

 

Ցավոք, «Ավանգարդ մոթորս» ընկերության տնօրինությունը չցանկացավ որեւէ տեղեկատվություն տրամադրել մեզ:

 

Քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը Մեդիամաքս-ին

 

«Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը հասցեագրված ձեր հարցմանը՝ երիտասարդական պալատի մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հայտնում ենք, որ Երիտասարդական պալատի քանդման համար հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված 20-10-2005 թ-ի հ.40 քանդման թույլտվությունը։

 

Սարալանջի փող. 1 հասցեում գտնվող տարածքը սեփականության իրավունքով պատկանում է « Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը: Վերջինիս կողմից ներկայացված երկու նախագծային առաջարկություններից ոչ մեկը Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում հավանություն չստանալուց հետո հայտարարվեց հյուրանոցային համալիրով միջազգային բիզնես կենտրոնի ճարտարապետական կոնցեպցիայի մշակման վերաբերյալ բաց միջազգային մրցույթ, որի 2010 թ-ի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեց «Arai Architect» ընկերության նախագիծը: Ներկա պահին կատարվում են նախագծային աշխատանքներ։

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Արմինե Մելքոնյանը:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Գրիգոր Ազիզյանին, Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրինությանը:

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին