«Էներգետիկների» կամ «Տղամարդկանց» շենքը` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
53119 դիտում

«Էներգետիկների» կամ «Տղամարդկանց» շենքը` կենդանի պատմություն

«Երեւան. XX դար» նախագծի այսօրվա գլուխը կարելի է անվանել նախորդ պատմության շարունակությունը:

Լուսանկարը` Հ. Թամանյանի արխիվից:

Լուսանկարը` Դ. Սմիրնով:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Հ. Թամանյանի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Թաթուլ Ալթունյանի հուշատախտակը
Թաթուլ Ալթունյանի հուշատախտակը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ջոն Կիրակոսյանի հուշատախտակը
Ջոն Կիրակոսյանի հուշատախտակը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լեոնիդ Հուրունցի հուշատախտակը
Լեոնիդ Հուրունցի հուշատախտակը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հայկ Մարտիրոսյանի հուշատախտակը
Հայկ Մարտիրոսյանի հուշատախտակը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Մարտիրոս Սարյանի արձանի աշխատանքային տարբերակը
Մարտիրոս Սարյանի արձանի աշխատանքային տարբերակը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Մարտիրոս Սարյանի արձանի աշխատանքային տարբերակը
Մարտիրոս Սարյանի արձանի աշխատանքային տարբերակը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Մարտիրոս Սարյանի արձանի աշխատանքային տարբերակը
Մարտիրոս Սարյանի արձանի աշխատանքային տարբերակը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Մարտիրոս Սարյանի արձանի էսքիզները
Մարտիրոս Սարյանի արձանի էսքիզները

Լուսանկարը` Մեդիամաքս:

Մարտիրոս Սարյանի արձանի աշխատանքային տարբերակը
Մարտիրոս Սարյանի արձանի աշխատանքային տարբերակը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Մարտիրոս Սարյանի արձանի էսքիզը
Մարտիրոս Սարյանի արձանի էսքիզը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը եւ Մեդիամաքս-ի թղթակից Էլեոնորա Արարատյանը
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը եւ Մեդիամաքս-ի թղթակից Էլեոնորա Արարատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Գրաֆ» Ռաֆիկը
«Գրաֆ» Ռաֆիկը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ջորջ Բայրոնի անվան գրադարանը
Ջորջ Բայրոնի անվան գրադարանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ջորջ Բայրոնի անվան գրադարանը
Ջորջ Բայրոնի անվան գրադարանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Էլվինա Մակարյանի նկարը եւ ինքնագիրը Ջորջ Բայրոնի անվան գրադարանում
Էլվինա Մակարյանի նկարը եւ ինքնագիրը Ջորջ Բայրոնի անվան գրադարանում

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ջորջ Բայրոնի անվան գրադարանը
Ջորջ Բայրոնի անվան գրադարանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ջորջ Բայրոնի անվան գրադարանը
Ջորջ Բայրոնի անվան գրադարանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ջորջ Բայրոնի անվան գրադարանը
Ջորջ Բայրոնի անվան գրադարանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Դավիթ Մինասյանը եւ Արամոն
Դավիթ Մինասյանը եւ Արամոն

Լուսանկարը` Դ. Մինասյանի արխիվից:

Լուսանկարը` Դ. Մինասյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Խանզադյանի արխիվից:

Տիգրան եւ Դավիթ Քյոսայաններն արձանի բացմանը
Տիգրան եւ Դավիթ Քյոսայաններն արձանի բացմանը

Լուսանկարը` Դ. Մինասյանի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:


«Երեւան. XX դար» նախագծի այսօրվա գլուխը կարելի է անվանել նախորդ պատմության շարունակությունը:

Մոսկովյան 31-ի բնակելի շենքը կամ «Էներգետիկների» շենքը, «Արագիլ» ու «Կոզիրյոկ» սրճարանները, Սարյանի այգին, շենքի դալանի ծաղկավաճառները, «Սպուտնիկ» տուրիստական բյուրոն` բոլորը միասին այն Երեւանի մարմնացումն են, որի մասին փորձում ենք պատմել վերջին ամիսների ընթացքում:

 

Գյումուշ ՀԷԿ-ի աշխատակիցների համար նախատեսված այս շենքը միշտ էլ համարվում էր Երեւանի ամենագեղեցիկ շենքերից մեկը: Սակայն «Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումից հետո շենքի մասին իմացան ողջ Խորհրդային միությունում:

ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյան` շենքը դարձավ քաղաքի ամենաառաջադեմ կառույցներից մեկը

 

Երբ Մոսկովյան 31 շենքը դեռեւս չկար, առջեւի հատվածում 1-2 հարկանի խրճիթներ էին: Այդ հատվածում ջրահեռացման համակարգը լավ չէր աշխատում եւ այդ հատվածում անդադար առվակներ էին հոսում, դրանց «ливневка»-ներ էին ասում:

 

Երբ շենքը կառուցվեց, այն դարձավ քաղաքի ամենաառաջադեմ կառույցներից մեկը:

 

Բնակիչների թվում զինվորականներ կային. այդտեղ էր ապրում գեներալ Հայկ Մարտիրոսյանը: Հայտնի բնակիչներից էին Թաթուլ Ալթունյանը, Ջոն Կիրակոսյանը, ատոմակայանի գլխավոր ինժեներ Արշալույս Մելիքսեթյանը, բժիշկ Էմիլ Գաբրիելյանը: Շատերի ժառանգները շարունակում են բնակվել այդ շենքում:

 

Թաթուլ Ալթունյանի հուշատախտակը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ջոն Կիրակոսյանի հուշատախտակը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Դուստրս հիշում է, որ «Կոզիրյոկի» դիմացի անկյունում գտնվում էր «Լյուքս» վարսավիրանոցը: Այդ տարիներին վարսավիրանոցները Երեւանում մի քանիսն էին, եւ «Լյուքսը» լավագույններից էր: Այստեղ էին աշխատում Երեւանի լավագույն վարսավիրները` հայտնի վարպետներ Մարգարը, Սուրիկը, Ռուդիկը, Լյովան, տիկին Գեղեցիկը, Վոլոդյան, ով մի պահ նույնիսկ  վարսավիրանոցի տնօրենը դարձավ: Վարպետներից շատերը հայրենադարձներ էին: Այդ վարսավիրանոցը հայտնի էր նաեւ  մատնահարդարի եւ կոսմետոլոգի սրահներով:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այժմ վարսավիրանոցը շարունակում է գործել` նկուղային հարկում: Իսկ առաջին հարկում հիմա «Պրոկրեդիտ բանկի» գրասենյակն է: Ի դեպ, Լյովան, Գեղեցիկը, Ռուդիկը դեռեւս աշխատում են վարսավիրանոցում:

 

Վարսավիրանոցի հարեւանությամբ պատվերով խանութն էր, որտեղ կիսաֆաբրիկատներ էին վաճառվում` կոտլետներ, վարդագույն եւ կանաչ տորթեր:

 

Այժմյան չինական ռեստորանի տեղում խանութ էր: Շարքային խանութներից մեկն էր, բայց հիշարժան էր նրանով, որ լուցկիներն ու օճառները խանութում բուրգերի պես էին շարում, իսկ վաճառողները պարտադիր կերպով սպիտակ գլխարկներ ու հագուստ էին կրում: 1980-ական թվականներին այդ խանութում մեծ հերթեր էին գոյանում:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Սովետական «բիզնեսը» սկսվել է այս շենքի դալաններում: Այդ հատվածում ծաղկավաճառներն էին կանգնում, սակայն նրանց առեւտուրը պաշտոնապես արգելված էր: Երբ հայտնվում էին ոստիկանները, ծաղկավաճառները դալանների բակերում թաքնվում էին: Այնտեղ սեփական տներ կային, դրանցից մի քանիսը մինչ այժմ էլ պահպանվել են:

 

Ծաղկավաճառներից մեկը Սամվել Գեւորգյանն էր, ով Արցախյան պատերազմի տարիներ «Սասնա Ծռեռ» ջոկատը կազմավորեց: Նա զոհվեց պատերազմում, իսկ նրա հիշատակին դալանների մոտ ցայտաղբյուր տեղադրեցին:

 

Դալաններից մեկի վերեւում մանկապարտեզ կար: Մանկապարտեզ կար նաեւ հարեւան շենքում: 1985-86 թվականներին, երբ Սարյանի արձանը դեռեւս տեղադրված չէր, այգու տարածքում հողը կարմիր էր, այգին բարեկարգված չէր: Ցերեկվա ժամերին երեխաները մանկապարտեզներից իջնում ու խաղում էին այդտեղ: Այդ ժամերին շատ ուրախ ու աշխույժ մթնոլորտ էր տիրում այդ տարածքում:

 

Գրադարանից մի փոքր դեպի վերեւ КМО-ի (Комитет молодежных организаций) եւ Спутник տուրիստական գործակալության գրասենյակներն էին: Վերջինս գործում է նաեւ այսօր:

 

Հատված «Տղամարդիկ» ֆիլմից (Հայֆիլմ, 1973թ.), ռեժ. Է, Քյոսայան: Տրամադրված է Մեդիամաքս-ին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

 

1987-88 թվականներին Սարյանի այգում սկսեցին կազմակերպվել առաջին վերնիսաժները: Այդ իրողությունը կարծես դեմոկրատիկ, ազատագրական շարժում լիներ: Հավաքվող էին նկարիչների թվում շատ հայտնի արվեստագետներ կային: Այդտեղ կարելի էր հաճախ տեսնել Սէվ Հենդոյին: Փիրուզ անունով նկարչուհի կար, ով մինչ այժմ էլ կանգնում է վերնիսաժում, արդեն դստեր հետ:

 

Մոսկովյան 31-ի շենքի հարեւանությամբ գտնվող Թումանյան 38 շենքը, որտեղ մեր ընտանիքն է բնակվում, նկուղներ ունի: Այնտեղ եզդիներ էին ապրում:  Բակի հարեւանները լավ հարաբերություններ ունեին նրանց հետ, երեխաները միասին էին խաղում: Եզդիները ապահովում էին Սարյանի այգու եւ հարակից շենքերի բակերի մաքրությունը: Աննման տեսք ունեին` իրար վրա մի քանի գույնզգույն շրջազգեստներ էին հագնում:

 

Ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյան` ինչպես ստեղծեցինք առաջին «Արագիլ» սրճարանը

 

60-ականներին Երեւանում սրճարաններ գրեթե չկային: Երիտասարդության համար դա շատ անհարմար էր` ժամադրությունների ժամանակ չգիտեին` ո՞րտեղ գնալ: Մի օր ես, Գարիկ Հովհաննիսյանը եւ Լեւոն Ներսիսյանը զբոսնում էինք քաղաքով եւ հանկարծ ուշադրություն դարձրեցինք, որ Մոսկովյան 31-ի շենքի տակ ազատ տարածք կա: Մտածեցինք, որ սրճարանի համար կարող է շատ հարմար տեղ լինել:

 

Լուսանկարը` Դ. Սմիրնով:

 

Մի քանի օր անց, ես եւ ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը եւ Լեւոն Էլոյանը գնացինք առեւտրի նախարար Ստեփան Սաֆարյանի մոտ եւ ներկայացրեցինք մեր գաղափարը, որն անմիջապես արժանացավ նրա հավանությանը: Հարցրեց, թե որքան գումար ենք ուզում այդ գործն իրականացնելու համար:

 

«Վրձիններ, ներկեր եւ աշխատելու թույլտվություն», - պատասխանեցինք մենք:

 

Գործընթացը սկսվեց: Աշխատանքից հետո գնում էինք այնտեղ եւ մնում մինչեւ առավոտ: Յուրաքանչյուր օր սրճարան գալիս էին արվեստի ներկայացուցիչներ՝ նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, նստում էին հատակին եւ հետեւում մեր աշխատանքին: Երկու անգամ մեզ այցելեց Մարտիրոս Սարյանը եւ տվեց իր հավանությունը:

 

Այդ շենքում բնակվում էր Թաթուլ Ալթունյանը, ով ամեն օր աշխատանքից վերադառնալիս մտնում էր մեզ մոտ, քաջալերում էր: Մեզանից յուրաքանչյուրն ուներ «իր» պատը, որի վրա որմնանկար էր պատկերում: Մինչ մենք նկարում էինք, դեռ չբացված սրճարանում արվեստին վերաբերող բուռն քննարկումներ էին ընթանում, մասնավորապես՝ այդ տարիներին շատ արդիական աբստրակցիոնիզմի մասին:

 

Ընդամենը 15 օր հետո աշխատանքն ավարտված էր: Ոմանք մեզ մեղադրում էին բուրժուական ազդեցության տակ ընկնելու եւ «կոսմոպոլիտիզմի» մեջ, իսկ մենք, լսելով այդ ամենը, հպարտանում էինք, որ հաղթահարել ենք սահմանված որոշ արգելքները:

 

1961 թվականին սրճարանը բացվեց` «Արագիլ» անունով: Բոլոր արտասահմանյան հյուրերին տանում էինք այնտեղ, որպեսզի ապացուցենք, որ Երեւանում եւս կարելի է զգալ նորարարության եւ ազատության շունչը:

 

Սրճարանը գործեց մոտ 2 տարի: Մի անգամ, կողքով անցնելիս, տեսա, որ բանվորները քանդում են մեր «Արագիլի» պատերը: Ասացին, որ սրճարանը քանդելու հրաման են ստացել, քանի որ դրա փոխարեն նախատեսվում է բացել կիսաֆաբրիկատների խանութ: «Աղաչում եմ, կանգ առեք, գոնե լուսանկարիչ բերեմ»,-խնդրեցի ես եւ վազեցի իմ ծանոթի հետեւից, ով «Ավանգարդ» թերթում էր  աշխատում: Միայն այդ լուսանկարները, չհաշված հիշողությունները, հիշատակ մնացին այդ «Արագիլից»: Ցավոք, այսօր այդ լուսանկարները չեմ կարողանում գտնել, որ ներկայացնեք ձեր ընթերցողներին:

 

Ալ. Թամանյանի թանգարանի տնօրեն Հայկ Թամանյան` պապիկիս նախագծած շենքում եմ բնակվել

 

6-ից 9 տարեկան հասակում բնակվել եմ Մոսկովյան 31 հասցեում գտնվող պապիկիս նախագծած շենքում: Չնայած փոքր էի, բայց հասկանում ու գնահատում էի այն, որ շենքի հետ «բարեկամական կապ» ունեմ:

 

Բնակարանը պատկանում էր մյուս պապիկիս` նա քաղաքական ու կուսակցական գործիչ էր: Այժմ այնտեղ մայրս է բնակվում, այնպես որ շենքում հաճախ եմ լինում:

 

Լուսանկարը` Հ. Թամանյանի արխիվից:

 

Այս շենքը ինքնատիպ գույն է հաղորդում քաղաքի ընդհանուր միջավայրին: Ցավոք, բազմաթիվ այլ շենքերի նման, այն եւս ենթարկվել է բացասական փոփոխությունների`նկատի ունեմ ցուցանակները, ցուցափեղկերը, ճակատային մասի որոշ ձեւափոխումները եւ այլն:

 

Շենքի բակում քիչ էի խաղում, ավելի հաճախ հեծանիվ էի վարում Սարյանի այգում:

 

Ստեփան Զորյանի անվան նեղլիկ փողոցը ու «Կոզիրյոկը» շատ ինքնատիպ միջավայր էին ստեղծում: 

 

Ես Գեւորգ Թամանյանի առաջին թոռն եմ եղել եւ շատ մեծ ջերմության ու ուշադրության եմ արժանացել նրա կողմից: Մի անգամ իր սենյակում նստեցի ու հաշվեցի, թե որքան բառեր եմ դուրս հանել այդ սենյակից` հենց պապիկիս շնորհիվ:

Գեւորգ Թամանյան
դոսյե
Գեւորգ Թամանյան

Շենքի բնակիչ, հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյան` շատ եմ ափսոսում, որ կտրվեցին մի քանի չինարներ

 

Կարծում եմ, որ այս շենքը միակն է Երեւանում, որն 13 մուտք ունի: Շենքը կառուցվել է փուլ առ փուլ. առաջին մասը`5 մուտքերով, շահագործման հանձնվեց 1953 թվականին:

 

Հենց այդ տարի մենք բնակարան ստացանք 2-րդ մուտքում: Միաժամանակ «Հայհիդրոէներգոնախագծի» պատվերով կառուցվում էր մի այլ շենք: Հայրս «Հայհիդրոէներգոնախագծի» տնօրենն էր եւ մենք` շենքը հանձնելուն պես, պետք է տեղափոխվեինք այնտեղ: Սակայն հայրս հրաժարվեց այդ բնակարանից եւ 1957թ-ին տեղափոխվեցինք այս շենքի չորրորդ մուտքում գտնվող բնակարաններից մեկը, որտեղ մինչ այդ բնակվում էր 4 ընտանիք:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մոսկովյան 31 շենքում բնակվել են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ` նախարարներ, Կենտկոմի աշխատակիցներ: Շենքում միշտ եղել է տաք ջուր, ջեռուցում, ինչն այն տարիներին զարմանալի էր Երեւանի համար:

 

Ինձ միշտ զարմացնում էր, որ այստեղ (համենայնդեպս` շենքի մեր մասում) ընդունված չէր «հարեւանություն անելը»: Ամենքն իր համար էր: Միգուցե դա բխում էր մարդկանց «բարձր կարգավիճակից»:

 

Շենքի տակ, այսօրվա չինական ռեստորանի տեղում «Պատվերով խանութն» էր: «Պատվեր»-ը նշանակում էր, որ եթե խանութում, օրինակ, ստացել էին կոնֆետ, ապա զանգում էիր եւ խնդրում, որ քեզ համար 1 կիլոգրամ մի կողմ դնեն:

 

Ավելի ուշ բացվեց «Հեքիաթ» մանկական սրճարանը, որը նորույթ էր` քաղաքի բոլոր ծայրերից երեխաներին բերում էին այդտեղ: Սրճարանից ներքեւ երկհարկանի «Լյուքս» վարսավիրանոց էր:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այժմ կառուցվող գարեջրատան տեղում գտնվում էր քաղաքի ամենամեծ նորաձեւության ատելյեն: Մի քանի տարի առաջ այնտեղ բացվեց Բժշկական կենտրոն, սակայն այդպես էլ չաշխատեց: Շենքի տակ էր գտնվում նաեւ հանրահայտ կտորեղենի խանութը, որի տեղում վերջին տարիներին «Արմավիայի» գրասենյակն էր, իսկ վերջին ընտրությունների ժամանակ` «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական շտաբը:

 

Շենքում նաեւ մանկապարտեզ կար: Երեխաներին հաճախ զբոսանքի են դուրս բերում հենց դիմացի այգին:

 

 

Հատված «Տղամարդիկ» ֆիլմից (Հայֆիլմ, 1973թ.), ռեժ. Է, Քյոսայան: Տրամադրված է Մեդիամաքս-ին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

 

Մինչեւ Սարյանի արձանի տեղադրումը այգին բարեկարգված չէր, սակայն շատ ավելի լավն էր: Այգին կանաչ էր, ծառեռը` շատ: Շատ եմ ափսոսում, որ կտրվեցին մի քանի չինարներ:

 

«Գրաֆ» Ռաֆիկ` Սարյանի արձանի տարածքում միշտ քեֆ էր

 

1970-ականներից աշխատել եմ այս տարածքում: Սարյանի այգու հարեւանությամբ կրպակ ունեի՝ «Գրաֆ Ռաֆիկի բուդկան», որն աշխատեց մոտ 20 տարի: Սկզբում այնտեղ ծաղիկներ էին վաճառվում, ավելի ուշ՝ ծխախոտ, խմիչք եւ այլն:

 

Ուրախ օրեր էին` մարդիկ Սարյանի այգում նստում էին, զրուցում ու սուրճ ըմպում, ուտում եւ խմում:

 

«Գրաֆ» Ռաֆիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այս տարածքում աշխատող բոլոր նկարիչները ընկերներս են: Հին ու տաղանդավոր շատ նկարիչներ կան: Այն տարիներին նկարները լավ էին վաճառվում, եւ երբ հերթական նկարը գնում էին, հեղինակը իմ կրպակից գնում էր խմիչք եւ ուտելիք եւ  հենց արձանի տարածքում նշվում էր վաճառքը` այնտեղ միշտ քեֆ էր:

 

Կրպակիս հարեւանությամբ մի ծառ ունեի, որը նմանեցրել էի արմավենու` կտրելով ներքեւի ճյուղերը եւ փարթամ թողնելով վերեւի մասը: Մի անգամ «գրազ էի» եկել, որ սա իսկական արմավենի է, որի վրա կոկոսներ են աճում: Նկարիչ ընկերներիս խնդրեցի` արհեստական կոկոսներ պատրաստեցին` դրանք ամրացրեցի ծառի վրա:

 

Երբ Սարյանի արձանը նոր էին տեղադրել, տեսա, որ նրա շուրջ մարդիկ են հավաքվել ու խառնաշփոթ է տիրում: Լուր տարածվեց, որ գողացել են Սարյանի ձեռքում եղած վրձինները: Մի քանի օր ոստիկանությունը փնտրում էր գողերին, հարցաքննում էր անցորդներին, իսկ ես հետեւում էի այդ ամենին եւ զվարճանում` Սարյանի ձեռքին վրձիններ երբեք չէին եղել եւ լուրը տարածողը պարզապես կատակել էր:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

2007 թվականին, երբ Ժակ Շիրակը ժամանեց Երեւան ու պետք է ելույթ ունենար այժմյան Ֆրանսիայի հրապարակում, կրպակս ապամոնտաժեցին: Որպես պատճառ բերեցին ինչ-որ փաստաթղթերի բացակայությունը: 

 

Վերջին երեք տարին աշխատում եմ Մոսկովյան 31 շենքի առաջին հարկում գտնվող չինական ռեստորանում` որպես դռնապահ: Ժամանակին այստեղ մթերային խանութ էր, որը կոչվում էր “Магазин заказов”: 80-ականների վերջում խանութի հարեւանությամբ գտնվում էր «Արագիլ» սրճարանը, որտեղ մի անգամ եկան Վախթանգ Կիկաբիձեն ու Ֆրունզիկ Մկրտչյանը: Ամբողջ գիշեր նրանք երգեցին, կերան-խմեցին:

 

Ջորջ Բայրոնի անվան գրադարանի արվեստի եւ գրականության բաժնի վարիչ Ռուզան Հարությունյան` շենքի շատ բնակիչների հետ լավ հարեւաններ ենք

 

Ժամանակին այս գրադարանը գտնվում էր «Կարաս» խանութի նկուղում: 1956-57 թվականներին այն տեղափոխվեց Մոսկովյան 31, որտեղ եւ գործում է առ այսօր: Այստեղ աշխատում եմ 1977 թ-ից:

 

Ի սկզբանե մեր գրադարանը կոչվում էր N 23:  Քաղաքի բոլոր թաղամասերն ունեին իրենց  գրադարանները: Այնուհետեւ որոշում կայացվեց ստեղծել գրադարանների կենտրոնացված համակարգ. Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանը վերածեց կենտրոնականի, իսկ մնացածները սկսեցին հանդես գալ որպես նրա մասնաճյուղեր:

 

Ջորջ Բայրոնի անվան գրադարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Քանի որ մենք գտնվում ենք քաղաքի կենտրոնում, բազմաթիվ ուսումնական հաստատություններին մոտ ենք, որոշվեց, որ մենք կներկայացնենք արվեստի բաժինը: Այդպես դարձանք Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի արվեստի եւ գրականության բաժին: 1994թ-ին մեր գրադարանը այցելեցին Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները, ինչից հետո միտք ծագեց անվանակոչել այն Ջորջ Բայրոնի անունով:

 

Այստեղ տարբեր միջոցառումներ էին կազմակերպվում` համերգներ, արվեստագետների հետ հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ: Հաճախ համագործակցում էինք Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի հետ: Այս գրադարան եկել են Հովհաննես Շիրազը, Վալյա Սամվելյանը, Ղարիբ Եղիազարյանը: Հիշվող հյուրերից էր նաեւ Էլվիրա Մակարյանը:

 

Էլվինա Մակարյանի նկարը եւ ինքնագիրը Ջորջ Բայրոնի անվան գրադարանում

Լուսանկարը` Մեդիամաքս

 

90-ականներին գործում էր Կարեն Վարդանյանի «Ստերեո ստուդիան»: Նրա հետ միասին յուրաքանչյուր շաբաթ օր հանդիպումներ էինք կազմակերպում: Չնայած նրան, որ «մութ ու ցուրտ տարիներն» էին, այնքան հյուրեր էինք ունենում, որ գրադարանի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: 

 

Շենքի շատ բնակիչների հետ լավ հարեւաններ ենք: Այստեղ բնակվում են Ավետիք Իսահակյանի թոռը` Ավիկ Իսահակյանը եւ նրա կինը՝ Ռուզան Սարյանը, ով Մարտիրոս Սարյանի թոռնուհին է: Նրանք բազմաթիվ գրքեր են նվիրում մեր գրադարանին: Օրինակ, վերջերս Ռուզանը նվիրեց նոր հրատարակված Սարյանի նամակների գիրքը, իսկ Ավիկը՝ իր հոր`Վիգեն Իսահակյանի «Հայրս» գիրքը: 

 

Ջորջ Բայրոնի անվան գրադարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ուրախալի է, որ այսօր գրադարանից օգտվող մարդկանց քանակը սկսել է աճել: Անում ենք ամեն հնարավորը մեր տեսականին համալրելու համար: Ցավոք, համագործակցություն չկա Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ՝ դա կօգներ անգլերեն լեզվով գրականություն ունենալու հարցում: Շատ կցանկանայի, որ ունենանք Բայրոնի ստեղծագործությունները բնօրինակով:

 

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյան` Դեմիրճյանն առաջարկում էր Սարյանի արձանը կերտել կարմիր գրանիտից

 

1980-ականների սկզբին այգում մի քար էր տեղադրված եւ գրված էր, որ այստեղ լինելու է Մարտիրոս Սարյանի արձանը: Այդ տարիներին երգում էի Գոհար Գասպարյանի ղեկավարած երգչախմբում եւ փորձերից առաջ ընկերներիս հետ գալիս էինք «Կոզիրյոկ» սրճարան եւ քննարկում, թե ինչպիսին կարող է լինել այդ արձանը:

 

1983 թվականին Սարյանի արձանի համար հայտարարվեց մրցույթ: Մրցույթի ժյուրիի անդամներն էին Գրիգոր Խանջյանը եւ Երեւանի քաղսովետի նախագահ Մուրադ Մուրադյանը:

 

12 ներկայացված գործերից ընտրվեցին Ղուկաս Չուբարյանի, Արա Շիրազի եւ իմ աշխատանքները: Իմ տարբերակը ավելի դինամիկ եւ կերպարային էր եւ հաղթող ճանաչվեց:

 

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը եւ Մեդիամաքս-ի թղթակից Էլեոնորա Արարատյանը

 

Մինչ այդ ես քանդակել էի Սարյանի արձանը, որը տեղադրվեց Դոնի ափին: Երեւանում մեզ մոտ ամեն ինչը հեշտ ու հանգիստ չստացվեց: 1982 թվականին իշխանությանը եկավ Անդրոպովը, եւ հրաման արձակեց՝ ԽՍՀՄ-ի  տարածքում հուշարձաններ կառուցելու արգելքի վերաբերյալ: «Это излишество», - ասել էր նա:   

 

Սակայն մի կետ կար. եթե հանրապետության ղեկավարությունը պնդում էր, որ հուշարձանը անհրաժեշտ է երկրին, այն կառուցվում էր: Կարեն Դեմիրճյանը նամակ գրեց Մոսկվա, որտեղ ասվում էր, որ արձանը կառուցվում է եւ պետք է տեղադրվի:

 

Մարտիրոս Սարյանի արձանի աշխատանքային տարբերակը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հատուկ Ուրալից սպիտակ մարմար բերեցի: Կարեն Դեմիրճյանը դեմ էր այդ քարին, ասում էր, որ մեր քաղաքը փոշոտ է: Առաջարկում էր արձանը կերտել կարմիր գրանիտից: Հետագայում, երբ արձանն արդեն պատրաստ էր, նա ասաց, որ չէր կարծում, թե սպիտակ մարմարը այդքան լույս կտա քաղաքին:

 

Արձանի բացումը, որի ճարտարապետը Արթուր Թարխանյանն էր, տեղի ունեցավ 1986 թվականին մայիսի 25-ին:

 

Ժամանակին Սարյանը` փոքրամարմին մի մարդ, այս պուրակով քայլելիս է եղել: Նա փոքրամարմին էր, սակայն ես ներկայացրել եմ իրեն որպես հզոր սերմնացան, որը գույներ է շաղ տալիս: Կոմպոզիցիան սկսվում է վարպետի մերկ ոտքերից:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երբ Սարյանը նկարում էր բնության գրկում, կոշիկները հանում էր: Ուզում էր հողի ուժը զգալ: Վարպետի հագին հայտնի խալաթն է, որը մինչ օրս գտնվում է իր արվեստանոցում:   

 

«Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Միքայել Բարսեղյան` անդադար փորձում էինք շփվել Ֆրունզիկ Մկրտչյանի հետ

 

Մեր շաբաթաթերթի գրասենյակը գտնվում է այստեղ վերջին 5 տարիներին: Մինչ այդ այս տարածքում խաղատուն էր, իսկ մինչ այդ վերաբացված «Արագիլ» սրճարանը:

 

1970-ական թվականներին այստեղ մթերային խանութ էր, որտեղ վաճառվում էր նաեւ լցնովի գարեջուր:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ինքս 50 տարուց ավել բնակվել եմ այս շենքի  հարեւանությամբ` Բաղրամյան 1 հասցեում: «Տղամարդիկ» ֆիլմի որոշ հատվածներ նկարահանվել են Բաղրամյան 1 շենքի բակում, մասնավորապես, այն դրվագը, որում կտրվում է սպիտակեղենով պարանը: Փոքր տղաներ էինք եւ մեզ համար անմոռանալի օրեր էին: Հիշում եմ, որ անդադար փորձում էինք շփվել Ֆրունզիկ Մկրտչյանի հետ:

 

 

Հատված «Տղամարդիկ» ֆիլմից (Հայֆիլմ, 1973թ.), ռեժ. Է, Քյոսայան: Տրամադրված է Մեդիամաքս-ին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

«Տղամարդիկ»
դոսյե
«Տղամարդիկ»

Սեւանուհի Խանզադյան` Արամոն վախենում էր, որ հայրը իսկապես վայր կընկնի

 

«Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումները սկսելուց առաջ Էդմոնդ Քյոսայանին ուղարկեցին Երեւանի լավագույն շենքերի լուսանկարները: Նա միանգամից ընտրեց Մոսկովյան 31-ի շենքը՝ այն շատ գեղեցիկ էր, գտնվում էր քաղաքի սրտում, ուներ փողոց դուրս եկող մեծ պատշգամբներ, դիմացը` այգի էր: Հարմար էր նաեւ այն առումով, որ ֆիլմի հերոսները տաքսու վարորդներ էին ու հարեւանությամբ տաքսիների հայտնի կանգառն էր:

 

Շենքը նկարահանվել է միայն դրսից՝ բոլոր բնակարանային տեսարանները նկարահանվել են կահավորած պավիլյոնում:

 

 

Հատված «Տղամարդիկ» ֆիլմից (Հայֆիլմ, 1973թ.), ռեժ. Է, Քյոսայան: Տրամադրված է Մեդիամաքս-ին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

 

Բժիշկի տան համար հատուկ արաբական կահույք գնեցին: Հետագայում այն օգտագործվեց եւս մի քանի ֆիլմերում:

 

Իհարկե, ժողովրդի համար նկարահանումներին հետեւելը մեծ ուրախություն էր,ավելին՝ շենքի առջեւ խմբակային տեսարանում մասնակցում էին ոչ թե դերասաններ, այլ շենքի բնակիչները:

 

Տեսարանները նկարահանվել են երրորդ շքամուտքի բնակարաններից մեկի պատշգամբում, նույն շքամուտքում նկարվել են նաեւ Ֆրունզիկի՝ Քալաշյանների դռները շփոթելու եւ փախչելու կադրերը:

 

Իսկ պատշգամբից թռչելու կադրերը նկարվել են նախկին «Ջրերի խանութի» շենքի երկրորդ հարկի պատշգամբում: Հատակին փռել էին սպորտային մատեր, որոնց վրա «տղամարդիկ» պետք է «վայրէջք» կատարեին: Բոլորը թռան` բացի Ֆրունզիկից: Նա զգուշացնում էր ռեժիսորին, որ չի թռչելու,ասում էր. «Էդո, չեմ թռնելու, սպանես՝ չեմ թռնելու»:

 

 

Հատված «Տղամարդիկ» ֆիլմից (Հայֆիլմ, 1973թ.), ռեժ. Է, Քյոսայան: Տրամադրված է Մեդիամաքս-ին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

 

Այդ կադրը, որտեղ նա «փոշմանում է» եւ չի թռնում, նախատեսված չէր սցենարով, Ֆրունզիկը իրոք չկարողացավ թռնել, բայց Քյոսայանին այնքան դուր եկավ այն, ինչ ստացվեց, որ նա էլ ոչինչ չփոխեց:

 

Արամոն այդ ժամանակ 3 տարեկան էր, վերցնում էի հետս նկարահանումների, եւ երբ հասավ իր հոր՝ Ավետիք Գեւորգյանի թռչելու պահը, սկսեց լաց լինել, ասում էր. «Վախում եմ, պապաս կընկնի»:

 

 

Հատված «Տղամարդիկ» ֆիլմից (Հայֆիլմ, 1973թ.), ռեժ. Է, Քյոսայան: Տրամադրված է Մեդիամաքս-ին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

 

Նույնը կատարվեց Կինո Նաիրիի մոտ տրամվայ կանգնեցնելու տեսարանի ժամանակ: Մի անգամ Արամոն նույնիսկ վազեց, հոր ձեռքը քաշեց: Էդմոնդը Արամոյին գրկեց, հանգստացրեց եւ ասաց, որ չվախենա, պապային ոչինչ չի պատահի, իսկ ինձ վրա բարկացավ եւ խնդրեց, որ այլեւս երեխային նկարահանումներին չբերեմ:

 

Լուսանկարը` Ս. Խանզադյանի արխիվից:

 

Քյոսայանը եւ ֆիլմի օպերատորը՝ Վասիլկովը, մեր տանն էին մնում, եւ մենք ներկա  էինք բոլոր աշխատանքային քննարկումներին: Շատ հստակ եւ արագ  էին աշխատում: Առավոտյան հավաքվում էին, Էդմոնդը ասում էր, թե ինչ է պահանջվում անել եւ դա միանգամից իրականացվում էր:

 

«Տղամարդիկ» ֆիլմը նկարահանվել է ընդամենը մեկ ամսում: Նկարահանումները սկսվեցին սեպտեմբերի 1-ին, եւ հոկտեմբերի 10-15-ին արդեն ավարտել էին. սպասում էին միայն, որ ձյուն գա՝ վերջին տեսարանը նկարահանելու համար: Եվ զարմանալի կերպով, այդ տարի առաջին ձյունը եկավ հոկտեմբերի վերջում:

Ֆիլմում տաքսիների ղեկին նստում էին հենց «տղամարդիկ»`բացառությամբ Շերենցի` նա մեքենան «լաֆետի» վրա էր «վարում»:

 

Ամուսինս մեքենա վարել սովորեց հենց այդ նկարահանումների ընթացքում: Միայն օպերայի եւ երկաթգծի տեսարաններում ղեկին նստած են իսկական տաքսու վարորդներ:

 

Ֆիլմից դուրս «տղամարդիկ» շատ մտերիմ էին, հատկապես՝ Ավիկը եւ Ազատ Շերենցը: Ավագ որդիս եւ Արմեն Այվազյանի որդին մինչ օրս լավ ընկերներ են:

 

«Տղամարդկանց» արձանը Քյոսայանի որդիների` Տիգրանի եւ Դավիթի մտահաղացումն էր: Որպես արձանի հեղինակ հրավիրեցին իրենց եւ որդիներիս ընկեր Դավիթ Մինասյանին: Քանի որ Արամոն շատ է հորը նման` ընթացքում մի քանի անգամ որպես բնորդ հանդես եկավ:

 

Լուսանկարը` Դ. Մինասյանի արխիվից:

 

Բացմանը ներկա էր Արմեն Այվազյանը: Եկավ, արտասվեց…. ծանր հիվանդ էր եւ արդեն գիտեր, որ իրեն քիչ է մնացել:

 

«Տղամարդկանց» արձանը մեր ընտանիքի ուխտատեղին է դարձել: Այնտեղ տարել ենք փոքր թոռնիկիս` պապիկի հետ «ծանոթացնելու» համար: Ավագ որդուս հարսանիքի օրը գնացել ենք այնտեղ լուսանկարվելու: Երբ գերեզման գնալու հնարավորություն չեմ ունենում, երկու մեխակ եմ վերցնում եւ գնում արձանի մոտ...

 

Նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյան` Էդմոնդ Քյոսայանի կադրը կինոժապավենից փոխանցել եմ բրոնզի

 

Էդմոնդ Քյոսայանի որդիները` Տիգրանն ու Դավիթը, ցանկանում էին Երեւանում հուշարձան տեղադրել` նվիրված իրենց հոր 70-ամյակին: Նրանք որոշեցին, որ ճիշտ կլինի տեղադրել իրենց հոր ստեղծած ամենահայտնի ֆիլմերից մեկի կերպարներին:

 

«Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսներին որոշվեց տեղադրել հենց այն վայրում, որտեղ նկարահանվել է ֆիլմը: Մի քանի էսքիզներ արեցի եւ սկսվեց համագործակցությունը:

 

Լուսանկարը` Դ. Մինասյանի արխիվից:

 

Տղաների գաղափարը այսպիսին էր`Ավետիք Գեւորգյանի կերպարը` Արամը, ձմեռային հագուստով, պետք է նայեր այն շենքի հենց այն պատշգամբին, որին նայում է ֆիլմի վերջում: Պետք էր ֆիքսել ֆիլմի վերջին կադրը: Ես փորձում էի համոզել նրանց, որ ֆիլմի կերպարները հիշվել են ամառային հագուստներով: Բայց չեմ փոշմանել, որ իրականացրեցինք հենց առաջին գաղափարը:

 

2006 թվականին սկսվեցին նախապատրաստական աշխատանքները: Այդ ընթացքում շատ էին քննարկումները: Իրականում, ես շատ անելիք չունեի, Էդմոնդ Քյոսայանը բոլորիս փոխարեն ամենը արել էր: Պարզապես Էդմոնդ Քյոսայանի կադրը կինոժապավենից փոխանցել եմ բրոնզի` մի նյութից մեկ այլ նյութի:

 

Լուսանկարը` Դ. Մինասյանի արխիվից:

 

Արվեստանոցից հուշարձանները տեղափոխում էինք, որպեսզի տեղադրեինք այգում: Երբ փակ շուկայի հարակից թունելից մեքենան դուրս եկավ, փողոցի անցորդները սկսեցին ծափահարել:

 

Շենքի բնակիչները, հին երեւանցիները, բնակարաններից իջնում եւ վիճում էին մեզ հետ: Տեղյակ չէին, որ հուշարձան ենք տեղադրում` կարծում էին, թե հերթական սրճարանն է կառուցվում:

 

Երբ հուշարձանը տեղադրվեց, հիմքը պատեցինք բետոնով եւ պետք է սպասեինք, որ չորանա: Պետք էր անդադար հսկել տարածքը, որ նույնիսկ շուն չանցնի: Շենքի բնակիչները հերթապահություն էին նշանակել: Ինձ տուն էին ուղարկում, որ հանգստանայի, նրանց ողջ գիշեր հերթով հետեւում էին: Հենց դա է արվեստի ուժն ու այդ ֆիլմի հզորությունը:

 

«Կոզիրյոկի» տնօրեն տիկին Հռիփսիկը անդադար սուրճ էր բերում ու անվճար հյուրասիրում բանվորներին: Նեղանում էր, եթե որեւէ հարցով իրեն չէինք դիմում: Ասում էր` «Ախր, Ֆրունզիկը այստեղ էր նստում, ինչպես կարող եմ չաջակցել»:

 

Հուշարձանից այն կողմ չէին գնում դերասանների բարեկամները, որդիները: Արմեն Այվազյանի որդին` Տիգրանը, ինձ հետ գիշերը մնում էր, հսկում էր հուշարձանը: Բանվորներից մեկը, ով մասնակցում էր հուշարձանի տեղադրելու մեջ ընթացքին, այդ 3-4 օրվա ընթացքում Ֆրունզիկին նվիրված պոեմ գրեց:

 

Հուշարձանի բացումը տեղի ունեցավ 2007 թ-ի հոկտեմբերի 13-ին:

 

Տիգրան եւ Դավիթ Քյոսայաններն արձանի բացմանը

Լուսանկարը` Դ. Մինասյանի արխիվից:

 

Բացման հաջորդ օրը նստեցի հարեւան սրճարաններից մեկում` հետեւելու այցելուներին, նրանց ռեակցիան: Հանկարծ ընկերս ծիծաղելով եկավ, մի թուղթ տվեց: Դա 20 լիտր անվճար բենզինի չեկ էր: Պատմեց, որ մի ջիպ կանգնեց, որից մի մարդ իջավ, ուսումնասիրեց հուշարձանը, հարցրեց, թե ո՞վ է ճանաչում հեղինակին: Ընկերոջս է դիմել` ասելով` «Ախպեր ջան, հիմա ձեռքիս տակ այլ հարմար բան չկա, սա իմ կողմից իրեն կփոխանցես»: Բենզին չեմ գնել, այդ չեկը պահել եմ որպես հուշ:

 

Բացման արարողությանը ներկա էր Արմեն Այվազյանը, նա միակն էր չորս կերպարներից, ով դեռ ողջ էր: Ծանր հիվանդ էր, չէր ուզում գալ, որոշել էինք, որ դիմացի շենքի երկրորդ հարկից կհետեւի: Եկավ, տեսավ, թե որքան մարդ է հավաքվել, հուզվեց, չդիմացավ ու միացավ բոլորին: Մոտ մեկ ամիս անց նա մահացավ:

 

Հուշարձանը բրոնզից է: Ամենից հասակով կերպարը` 1 մետր 97 սանտիմետր է:

Քանդակները իրական կերպարներից հասակով բարձր են ընդամենը 3-4 սանտիմետրով` ուզում էինք այնպես անել, որ կերպարները բարեկամների համար ճանաչելի լինեն:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Արձանի բացումից հետո Արամոն բավական երկար ժամանակ գալիս էր, համբուրում էր հոր արձանը, երկար զրուցում էր: Միգուցե հիմա էլ այդպես է: Նրա եղբոր` Աշոտի, հարսանեկան արարողությունից անմիջապես հետո եկան ու լուսանկարվեցին հուշարձանի հետ: Այս հուշարձանները սկսեցին ապրել, շնչել, իսկ հեղինակի համար հենց դա է ամենից կարեւորը:

 

 

Հատված «Տղամարդիկ» ֆիլմից (Հայֆիլմ, 1973թ.), ռեժ. Է, Քյոսայան: Տրամադրված է Մեդիամաքս-ին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Մարիամ Լորեցյանը, Էմին Արիստակեսյանը, Արամ Մակարյանը, Լիլիթ Գրիգորյանը:

 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Կարեն Քոչարյանին, Արսեն Կարապետյանին, Զառա Մամյանին, Գեւորգ Գեւորգյանին եւ Սաթենիկ Ստեփանյանին (Հայաստանի Ազգային կինոկենտրոն):

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին