Երեւանի Կարապի Լիճը` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
43529 դիտում

Երեւանի Կարապի Լիճը` կենդանի պատմություն

Մեդիամաքս-ի Երեւան. XX-րդ դար հատուկ նախագծի այսօրվա հերոսն է Կարապի լիճը:

Լուսանկարը` Դ. Սմիրնովի, “Երեւան” ֆոտոալբոմ, “Պրոգրես”, Մոսկվա

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղ. Օ. Ղայֆաջյան

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղ. Օ. Ղայֆաջյան

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղ. Համբարձումյան

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղ. Օ. Ղայֆաջյան

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղ. Օ. Ղայֆաջյան

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Լուսանկարը` Ե. Պողոսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղ. Ղասաբյան, 1965թ.

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Տ. Բակման եւ Ա. Նատալինա, 1967թ.

Լուսանկարը` Խորհրդային զինվորները Կարապի լճի մոտ, հեղինակ` Մ. Ղալեչյան, 1988թ.

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղ. Ռ. Ջրաղացպանյան

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Կարապի լիճն է: Կարծում ենք, կարիք չկա հիմնավորելու այս վայրի ընտրությունը` այն եղել եւ մնում է երեւանցիների ամենասիրելի վայրերից մեկը:

 

Ծանոթանալով այս նյութին, դուք կիմանաք նաեւ շատ հետաքրքիր պատմություններ, որոնք ուղղակիորեն կապված չեն լճի հետ: Օրինակ, կլսեք Կարապի լճի ճարտարապետ Գեւորգ Մուշեղյանի պատմությունն այն մասին, թե ինչպես էր

Ալեքսանդր Թամանյանն իր մոտ աշխատանքով ապահովել Սարդարապատի հերոսներից մեկին` գեներալ Սիլիկովին: Նաեւ կիմանաք, թե ինչպես ստեղծվեց Առնո Բաբաջանյանի ամենահայտնի երգերից մեկը…

Կարապի լիճ
դոսյե
Կարապի լիճ

Կարինե Մուշեղյան` Ժողովուրդը միշտ էլ քննադատում է

 

Հայրս Ալեքսանդր Թամանյանի աշակերտներից էր: Ամենից երկար հենց նա աշխատեց Թամանյանի հետ: Թամանյանը հորս կուռքն էր:

 

Հատված Գեւորգ Մուշեղյանի հարցազրույցից

Հեղինակային իրավունքը` Կարեն Քոչարյան, “3-րդ ալիք”, «Երեւան» հեռուստաընկերություն:

 

Երբ կառուցվում էր Կարապի լիճը, ես արդեն աշխատում էի: Ամեն օր, աշխատանքից հետո գնում էինք դեպի Կարապի լիճ, որ տեսնենք` որքան են արդեն կառուցել:

 

Մինչեւ լճի կառուցումը այդ տարածքում հին տներ էին: Խաչմերուկում, որտեղ հիմա Առնո Բաբաջանյանի արձանն է, երկու հարկանի տուն էր:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Այն ժամանակ Երեւանի քաղաքապետը Գրիգոր Հասրաթյանն էր, ով գնահատում էր հայրիկիս գաղափարները ու օգնում էր դրանք կյանքի կոչել: Երբ հայրս առաջարկեց Կարապի լճի նախագիծը, այն ընդունվեց, ու որոշում կայացվեց բոլոր հին տները քանդելու մասին:

 

Ժողովուրդը միշտ էլ քննադատում է: Այն ժամանակ ասում էին` ինչու՞ են լիճ կառուցում, ավելի լավ կլիներ բարձրահարկ շենք կառուցվեր, մարդիկ բնակարաններով կապահովվեին:

Գեւորգ Մուշեղյան
դոսյե
Գեւորգ Մուշեղյան

Շինարարական աշխատանքների ընթացքում բոլորը` շինարարները, հայրս, Գրիգոր Հասրաթյանը շատ ոգեւորված էին:

 

Ճարտարապետի համար նշանակություն ունեն նաեւ ծառերը` որ մասում ինչ տեղադրի: Ժամանակին ուռենիներ կային` Մուսայի արձանի դիմացը, կղզու կողմը:

 

Մուսայի արձանը Երեւանի Կարապի լճի մոտ

Հատված «Երեւան» (1986) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:

 

Հայրիկիս ու մայրիկիս հայրերը միասին սեմինարիայում էին սովորել: Էջմիածնում ապրում էին չորս եղբայրներ, որոնցից մեկը` Պողոս Մուշեղյանը եղել է Մայր Տաճարի շինարարներից մեկը, նա Գեւորգի պապն էր:

 

Հայրս հետեւում էր նորաձեւությանը, մշտապես նկատում ու գնահատում էր գեղեցիկը: Երբ փողոցով անցնում էր, գեղեցիկ կին էր տեսնում, ուշադրություն էր դարձնում, մենք կողքից ասում էինք` «Պապ՞», նա էլ պատասխանում էր` «Գեղեցիկը պետք է գնահատել»:

 

Երբ լճի մոտ տեղադրվեց Առնո Բաբաջանյանի արձանը եւ դա մեծ աղմուկ առաջացրեց, հայրս դրան առանձնահատուկ ուշադրություն չդարձրեց: Առնոյի հետ մտերիմ ընկերներ են եղել: Ժամանակին Առնոյի ճեպանկար էր արել: Այն այժմ Ճարտարապետության թանգարանում է:

Մի երգի պատմություն
դոսյե
Մի երգի պատմություն

«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյան` Ավանդույթն անցնում է սերնդից սերունդ

 

Կարապի լճի հետ կապված են մանկությանս հիշողությունները: Երեւանի շատ ընտանիքներում ընդունված էր տոնական օրերին երեխաներին նոր հագուստներով, փուչիկներով տանել զբոսանքի: Այդ տարիների լավագույն մանկական վայրերից մեկը հենց Կարապի լիճն էր: Երեխաներին այնտեղ պարտադիր լուսանկարում էին:

 

Երեխան Երեւանի Կարապի լճի մոտ

Հատված «Երեւանյան երազողներ» (1983) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:

 

Համերգների օրերին, երբ մարդիկ դուրս էին գալիս ֆիլհարմոնիայից, սիրում էին զբոսնել Կարապի լճի շուրջ, դա լավ ավանդույթ է, որն անցնում է սերնդից սերունդ:

 

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյան` Բնական ռելիեֆը փայլուն կերպով պահպանվեց

 

Այժմյան Կարապի լճի հատվածում նախկինում բնակելի տներ էին: Թամանյանի արվեստանոցը, որտեղ աշխատում էր Գեւորգ Մուշեղյանը, գտնվում էր դեպի Սայաթ Նովա փողոց տանող Կարապի լճի բարձունքում, որտեղ այժմ սրճարան է:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղ. Օ. Ղայֆաջյան:

 

Եթե նայենք հին հատակագծերին, ապա կգտնենք տարբերակ, որով Կարապի լճի տեղում նախատեսվում էր շենք կառուցել:

 

Մուշեղյանը դարձավ այն ճարտարապետը, ով սկսեց Երեւանին տալ ջրային մակերեսներ: Քանի որ Երեւանում ամռանը միշտ շոգ ու տոթ է եղել, Մուշեղյանը սկսեց ծրագիր իրականացնել` ուղղված տեղանքի միկրոկլիմայի բարելավվմանը:

 

Մեր քաղաքի բոլոր լճակների նախագծերը, սկսած Քանաքեռի բարձունքից, Ազատության պողոտայի մի հատվածում, մինչեւ դեպի Կայարան գնացող հատվածի լճակը, իրականացվել է հենց Մուշեղյանի կողմից:  Նա ջրային մակերես ունենալու նախագծային եւ իրականացման կուլտուրայի ջատագովներից մեկն էր:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղ. Օ. Ղայֆաջյան:

 

Կարապի լիճը նախագծելիս ռելիեֆի պահպանության հստակ ծրագիր է իրականացվել: Այնպես չէր, որ պետք է պարզապես հողը հանեին ու տեղը ջուր լցնեին: Բնական ռելիեֆը փայլուն կերպով պահպանվեց:

 

Օպերայի հատվածի բարեկարգման ծրագրի մեջ Մուշեղյանը մշտապես ինչ-որ դեր է ունեցել: Ազատության հրապարակը միշտ ասֆալտապատ է եղել: Իսկ Մուշեղյանը մի հետաքրքիր նախագիծ էր արել, որի համաձայն ասֆալտե հատակի փոխարեն պետք է լիներ տերեւանման, մեկը մյուսից «աճող» գունավոր սալահատակների ցանց: Այն ժամանակ դեռեւս չկային ներկայիս բետոնե սալիկները, որոնցից մայթերում գունազարդ նկարվածքներ են հավաքում: Նախագիծը, ցավոք, չիրականացավ, հակառակ դեպքում` օպերայի հարակից տարածքը այլ տեսք կունենար, կփոխվեր նաեւ մթնոլորտն ու միջավայրը:

 

Լուսանկարը` Տ. Բակման եւ Ա. Նատալինա, 1967թ.

 

ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյան. Հին տներից երեկոյան թառի, երգի ձայներ էին լսվում

 

Կարապի լճի տարածքում, Թումանյան փողոցի մայթին նախկինում գտնվում էր կրպակ-գինետունը, որտեղ այցելում էին արվեստագետները:  Հիշում եմ, որ Սերո Խանզադյանը, Վահագն Դավթյան էին այցելում այնտեղ:

 

Բուն Կարապի լճի տարածքում հին տներ էին, որտեղից երեկոյան թառի, երգի ձայներ էին լսվում: Գրող Վիգեն Խեչումյանը պատմում էր, որ այդ տներից մեկում էր ստորագրվել է ռուս-պարսկական պայմանագիրը: Երբ այդ մասում սկսեցին բարեկարգում անել, Վիգեն Խեչումյանն ասաց, որ քաղսովետի նախագահի Գրիգոր Հասրաթյանին պետք է ասել, որպեսզի այդ տունը չքանդեն: Բայց պիտի բարեկարգեին Օպերայի շրջակայքը եւ այդ տունն էլ քանդեցին:

 

Այդ տների խաղողի այգիները ձգվում էին մինչեւ Տերյան փողոց, տների պատշգամբները պատված էին խաղողի վազերով: Իհարկե, քանդված տների փոխարեն գեղեցիկ վայր ստացվեց, բայց ես ափսոսում եմ դրանք:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Հենրիկ Մամյանի դուստրը` Զառա Մամյանն ասում է, որ Կարապի լճի մասին մտածելից, հիշում է սուրճի բույրը` այժմյան Հյուսիսային պողոտայի սկզբնամասում հայտնի սրճաղացն էր:

 

Լուսանկարը` Մեդիամաքս/Հայաստանի Ազգային Գրադարան:

 

«Կարապի լիճը» լավ նվեր է

 

Երեւան թերթ

5 հոկտեմբերի 1963թ.

 

Հինգ ամիս առաջ էր, ապրիլի 7-ի երեւանյան համաքաղաքային շաբաթօրյակի օրը, երբ երեւանցիները գրոհ սկսեցին, եւ կատարելով մի շատ «ուժեղ քայլ», «շախ» հայտարարեցին հին քաղաքի վերջին ամրություններից մեկին, որն ընկնում էր օպերային թատրոնի հրապարակում՝ Լերմոնտով, Տերյան եւ Թումանյան փողոցների միջեւ: Հնության այս վերջին ամրոցի դեմ շաբաթօրյակի ժամանակ գրոհ քաղաքի էլեկտրատեխնիկումի ուսանողները, մոտ 360 հոգի, իրենց 23 դասատուների հետ միասին: Նրանց «ակտիվ գործողություններին» մասնակցում էին շինարարության մինիստրության եւ «Հայհիդրոշին»-ի 4 էքսկավատոր եւ նույնքան բուլդոզեր, 53 ավտոմեքենա «մարտի դաշտից» հեռացնում էին ավերածության մնացորդները՝ «հին բերդի» փլատակները: Դա նոր Երեւանի «համոզիչ հաղթանակն էր» հնի դեմ:

 

Այս տողերը բերված են «Երեւանի» ապրիլյան շաբաթօրյակի օրագրից: Այնուհետեւ նույն հոդվածում նկարագրվում էր, թե մոտավորապես ինչպիսին է լինելու ապագա լիճը: Բայց այժմ այդ օրից ընդամենը հինգ ամիս հետո գեղեցկուհի լիճը արդեն իրականություն է դարձել, կառուցված եւ լցված է ջրով:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Նայեցեք մեր լուսանկարներին եւ դուք կտեսնեք, թե ինչպես է փոխվել օպերայի հրապարակը մի քանի ամսվա ընթացքում: Լուսանկարներից մեկը պատկերում է հին Երեւանի կավաշեն թաղամասերից մեկը, որը ցավոտ խոցի պես վաղուց ի վեր մնում էր մայրաքաղաքի սրտում, այժմյան լճի տեղում: Երկրորդ լուսանկարում դուք տեսնում եք նոր լիճը, որը անճանաչելի է դարձրել օպերայամերձ այս պուրակը:

 

Լիճը ժամանակին եւ հաջողությամբ կառուցեցին Սպանդարյանի շրջանի շինվերանորոգման վարչության շինարարները, աշխղեկ Սերգեյ Սաֆարյանի ղեկավարությամբ: Կառույցում աշխատում էր Օնիկ Մկրտչյանի ղեկավարած կոմպլեքսային բրիգադը: Շինարարները կառուցել են հազարավոր խորանարդ մետր հողային աշխատանք, կառուցել են 2,700 քառակուսի մետր բետոնե ճանապարհներ, տեղադրվել է 1,350 գծամետր եզրաքարեր: Երեւանի կանաչ շինարարության տրեստը ճմախոտով կանաչապատել է մոտ 3,400 քառակուսի մետր տարածություն, մուտքի ծաղկամարգերում տնկել է 500 բեգոնիաներ, լճի շուրջը դրվել են 5 լացող ուռիներ, որոնք իրենց հեռարձակ գլուխները կթեքեն լճակի վետվետող ջրերին:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, հեղ. Ղասաբյան, 1965թ.:

Գեղեցիկ ձեւով է լուծված լճի լուսավորության հարցը, նրա շուրջը 17 տեղ զետեղվել են լուսասյուներ, որոնք որպես նորաձեւություն հաճելի տպավորություն են գործում: Լճում լողում են սեւ եւ սպիտակ կարապներ, որոնք հաճախ դուրս են գալիս քարքարոտ կղզին եւ տաքանում արեւի տակ:

 

Կարապի լիճը, ինչպես անվանվել է այս օպերայամերձ ավազանը, լավ նվեր է երեւանցիների համար:

 

Ծ. ՄԵԼԻՔՅԱՆ

Լուսանկարները՝ Թ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ եւ Կ. ՊՈՂՈՍՅԱՆԻ       

 

Ճարտարապետ Հրաչ Պողոսյան. Հասրաթյանը շատ մեծ երեւակայություն ուներ

 

Կարապի լճի վայրում տեղակայցված հին տները փայտե պատշգամբներ եւ այգիներ ունեին: Երբ Քաղսովետի նախագահ Գրիգոր Հասրաթյանի օրոք սկսվեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքի բարեկարգումը, ճարտարապետ Գեւորգ Մուշեղյանը նախագծեց Կարապի լիճը:

 

Հիշում եմ այն օրը, երբ Մուշեղյանն առաջարկեց քանդել Օպերայի շրջակայքի մետաղյա ցանկապատերը եւ այգին տրամադրել մարդկանց:: Այն ժամանակ ես Ճարտարապետների միությունում ելույթ ունեցա` ասելով, որ դեմ եմ քանդելուն, քանի որ դա հիշողություն է, եւ մշակութային արժեք:

 

Մուշեղյանին հաջողվեց բարեկարգել այդ այգին: Լանդշաֆտային ճարտարապետությունը հեշտ ոլորտ չէ: Պետք էր աշխատել այնպես, որ լիճը եւ նրա  շրջակայքը բնական վայր լիներ, բնությանը մոտիկ, եւ այդպես էլ ստացվեց:  

  

Շատ լավ է, որ լճի մի հատվածը ձմռան ամիսներին գործում է որպես սառցադաշտ, քանի որ քաղաքի այդ մասում հատուկ տոնական տրամադրություն է ստեղծվում: 

 

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Երեւանի քաղսովետի նախագահ Գրիգոր Հասրաթյանը շատ մեծ երեւակայություն ուներ եւ միշտ նոր գաղափարներ էր գտնում, որոնցով «վարակում» էր ճարտարապետներին: Երեւանցիները միշտ սպասում էին նորությունների` կապված քաղաքի տեսքի հետ:

 

Կարապի լճի անձնագիրը

 

Նկարին սեղմելով, կարող եք ծանոթանալ 1981թ. կազմված Կարապի լճի անձնագրին, որը մեզ է տրամադրել Մշակույթի նախարարության առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը:

 

Ճարտարապետ Լեւոն Իգիթյան` Ամբողջ Երեւանը դրանով էր ապրում

 

Թամանյանի գլխավոր հատակագծով Օպերայի թատրոնի տարածքում այգի էր նախատեսվում թատրոնի հակառակ կողմը` այնտեղ, որտեղ հիմա Ռոդենի քանդակն է տեղադրված:

 

Սակայն բնակելի շենքեր պետք է կառուցվեին եւ կառուցվեց Մաշտոցի պողոտայի շարունակությունը:

 

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ:

 

Կարապի լճի ներկա տարածքը այն ժամանակ անխնա վիճակում էր: Այդ շենքերը արժեք չունեին, հին, խարխուլ տներ էին: Մի փոքրիկ մատուռ կար, որը նույնպես քանդեցին:

 

Կարապի լճի շինարարության ընթացքում ամբողջ Երեւանը դրանով էր ապրում: Քաղաքի բնակչությունը մասնակից էր դրան: Գալիս էին, մտքեր էին փոխանակում: Եվ բացմանը, թե ինչ էր կատարվու~մ… ինչ ուրախությու~ն:

 

Երեւանի Կարապի լիճը

Հատված «Երեւանյան էսքիզներ» (1968) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Սիրանուշ Եղիազարյանը, Արա Թադեւոսյանը, Արամ Մակարյանը, Դավիթ Ալավերդյանը, Կարեն Անտոնյանը:

 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Ամատունի Վիրաբյանին եւ Անահիտ Գալստյանին (Հայաստանի Ազգային արխիվ), Հակոբ Սիմոնյանին եւ Հասմիկ Կարապետյանին (Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն), Աշոտ Գրիգորյանին (Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ), Սուրեն Օհանյանին եւ Զառա Մամյանին (Երեւաննախագիծ), Ռաֆայել Ղազարյանին (Հայաստանի Ազգային գրադարան), Խորեն Լեւոնյանին (Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիա), Գեւորգ Գեւորգյանին եւ Սաթենիկ Ստեփանյանին (Հայաստանի Ազգային կինոկենտրոն), Ելենա Թադեւոսյանին:

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին