Հայ հեղինակները գիրք են գրել «Թուրքիայի հնարավոր ապագա նախագահի» մասին - Mediamax.am

Փետրվար 13, 2026
4870 դիտում

Հայ հեղինակները գիրք են գրել «Թուրքիայի հնարավոր ապագա նախագահի» մասին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը հայտնել է «Хакан Фидан - штрихи к портрету возможного будущего президента Турции» գրքի հրատարակման մասին։

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ գրքի հեղինակներ Գեւորգ Մինասյանն ու Անժելա Սիմոնյանը «փորձում են բացել հեռանկարային թուրք քաղաքական գործիչ Հաքան Ֆիդանի «անձի ծածկագիրը»։

 

«Գրքում ներկայացված է նրա կյանքն ու մասնագիտական ուղին: Որպես հավելված ներկայացված է Հաքան Ֆիդանի ատենախոսությունը՝ նվիրված Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հետախուզական համակարգերի համեմատական վերլուծությանը»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Գրքի համահեղինակ Գեւորգ Մինասյանը Հայաստանի ԱԱԾ զորացրված գնդապետ  է, 1996-2022 թվականներին զբաղեցրել է տարբեր օպերատիվ եւ ղեկավար պաշտոններ, եղել է նաեւ Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնում։

 

Անժելա Սիմոնյանը թուրքագետ է, ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը։ Հետազոտություններ է իրականացնում Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի վերաբերյալ։

 

Գրքի նախաբանը գրել է անվտանգության մարմինների վետերան, գնդապետ Ալեքսանդր Պոլտավսկին։

 

Գրքի շնորհանդեսը կկայանա Մոսկվայում ապրիլի 21-ին։




Մեր ընտրանին