Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու ԱՄՆ վարչակազմի ծրագրերը «անընդունելի են», եւ Թուրքիան դա թույլ չի տա։
«Մենք վճռականորեն ընդգծել ենք, որ երբեք թույլ չենք տա իրականացնել Իսրայելի կողմից հրահրվող ամերիկյան վարչակազմի անմարդկային, անօրինական ծրագրերը, որոնց նպատակը Գազայի մեր եղբայրներին վտարելն է իրենց հայրենիքից»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Էրդողանի խոսքերը։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածը իր տիրապետության տակ վերցնելու հարցը՝ այն զարգացնելու համար։ Նա կողմ էր արտահայտվել անկլավից պաղեստինցիների տարածաշրջանի այլ երկրներում վերաբնակեցմանը, ովքեր, ըստ նրա, կարող են «վճարել դրա համար»:
Արաբական երկրները, Իրանը եւ որոշ արեւմտյան երկրներ դեմ են արտահայտվել ԱՄՆ ղեկավարի գաղափարին, իսկ Եգիպտոսն ու Հորդանանը հայտարարել են, որ պատրաստվում են Գազայի վերականգնման այլընտրանքային ծրագիր, որը պաղեստինցիների վերաբնակեցում չի ենթադրում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: