Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ ռազմական գործողություն իրականացնել քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (ԺՊՈՒ) դեմ, եթե Սիրիայի նոր իշխանությունները լիակատար վերահսկողություն հաստատեն երկրի տարածքի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ֆիդանը Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է, որ ԺՊՈՒ-ն լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար, սակայն «այժմ Դամասկոսում նոր վարչակազմ է, եւ այժմ դա առաջին հերթին նրանց խնդիրն է»։
«Եթե նրանք պատշաճ կերպով զբաղվեն այս հարցով, մենք միջամտելու պատճառ չենք ունենա», - նշել է Ֆիդանը` մեկնաբանելով Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողություն նախապատրաստելու մասին լուրերը։
Խոսելով այն մասին, թե արդյո՞ք Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծումը սպառնալիք է Թուրքիայի համար, Ֆիդանը ասել է, որ «դա պետք է որոշի սիրիացի ժողովուրդը»։ Նրա խոսքով, Անկարան կցանկանար, որ քրդերն ու արաբները ապրեին մեկ պետության կազմում։
Դեկտեմբերի 17-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել էր, որ Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանի երկայնքով, եւ դա կարող է վկայել մոտալուտ լայնածավալ ներխուժման մասին:
Հաքան Ֆիդանը նաեւ ասել է, որ իր երկիրը Սիրիայում ռազմական ներկայություն պահպանելու պատճառ չի ունենա, եթե վերանան միգրացիայի եւ ահաբեկչության հետ կապված սպառնալիքները։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան մտադիր է օգտագործել իր ազդեցությունը Սիրիայում՝ սիրիացի ժողովրդի համար ավելի շատ օգնություն ներգրավելու համար։ «Մենք դրան նայում ենք այսպես, քանի որ չենք ցանկանում, որ տարածաշրջանի երկրների մոտ տպավորություն ստեղծվի, թե Թուրքիան ինչ-որ կերպ գերիշխում է Սիրիայում»,- հավելել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: