Պուտինը ազդարարեց ռազմական գործողության մեկնարկը Ուկրաինայի արեւելքում - Mediamax.am

7194 դիտում

Պուտինը ազդարարեց ռազմական գործողության մեկնարկը Ուկրաինայի արեւելքում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին։

«Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Այդ կապակցությամբ ես որոշեցի հատուկ ռազմական գործողություն իրականացնել: Դրա նպատակն է պաշտպանել մարդկանց, ովքեր Կիեւի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների, ցեղասպանության ութ տարի շարունակ, եւ այդ նպատակով մենք ձգտելու ենք Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապաազգայնացմանը, ինչպես նաեւ պատասխանատվության ենք ենթարկելու նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»,- ասել է Պուտինը հատուկ հեռուստաուղերձում։

 

Նրա խոսքով, Ռուսաստանը մնում է մոլորակի ամենահզոր միջուկային տերություններից մեկը, ուստի ոչ մի հավանական ագրեսոր չպետք է կասկածի, որ լիովին կջախջախվի։

 

«Ինչ վերաբերում է ռազմական ոլորտին, ապա ժամանակակից Ռուսաստանը, նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից եւ միջուկային ներուժի զգալի մասի կորստից հետո, այսօր հանդիսանում է ամենահզոր միջուկային տերություններից մեկը, եւ ավելին, ունի որոշակի առավելություններ մի շարք ոլորտներում. սպառազինությունների վերջին տեսակները: Այս առումով ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ Ռուսաստանի վրա ուղղակի հարձակումը կհանգեցնի պարտության եւ սարսափելի հետեւանքների հավանական ագրեսորի համար»,- ասաց նա:

 

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը չի նախատեսում օկուպացնել ուկրաինական տարածքները, այլ հանդես է գալիս Ուկրաինայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի օգտին։

 

«Մենք չենք պատրաստվում որեւէ մեկին ուժով որեւէ բան պարտադրել»,- ասել է նա։

 

Հնարավոր արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է ուկրաինական ռեժիմը, վստահ է ՌԴ նախագահը։

 

Նա շեշտել է, որ իրադարձություններին դրսից միջամտելու դեպքում Ռուսաստանը անմիջապես կպատասխանի։ Պուտինի խոսքով՝ արդարությունն ու ճշմարտությունը Ռուսաստանի կողմն են։

 

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ռուս զինծառայողները պրոֆեսիոնալ եւ խիզախորեն կկատարեն իրենց պարտականությունները, իսկ ուկրաինացի զինծառայողներին հորդորել է անմիջապես վայր դնել զենքերը եւ «գնալ տուն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին