ԱԲ-ն հանուն բարօրության, երբեմն էլ՝ «ընդդեմ» ԱԲ-ի. hաքաթոն եւ աշխատարան ՀՖՀՀ-ում - Mediamax.am

exclusive
803 դիտում

ԱԲ-ն հանուն բարօրության, երբեմն էլ՝ «ընդդեմ» ԱԲ-ի. hաքաթոն եւ աշխատարան ՀՖՀՀ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինա Սարգսյանը
Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարուժան Բաղդասարյանը, Talk2edit գործիքի համահիմնադիր
Վարուժան Բաղդասարյանը, Talk2edit գործիքի համահիմնադիր

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Ջանվելյանը եւ Վարուժան Բաղդասարյանը Talk2Edit գործիքի համահիմնադիրներ
Դավիթ Ջանվելյանը եւ Վարուժան Բաղդասարյանը Talk2Edit գործիքի համահիմնադիրներ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինեսա Մովսեսյանը
Ինեսա Մովսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) 25-ամյակի կապակցությամբ կազմակերպել էր նորարարությանը, կրթությանն ու հասարակական ազդեցությանը նվիրված երկօրյա աշխատարան եւ հաքաթոն՝ «Արհեստական բանականությունը հանուն բարօրության. խելացի օգնականների ստեղծում առօրյա մարտահրավերների հաղթահարման համար» թեմայով։

 

Միջոցառումը կազմակերպվել էր Թուլուզի համալսարանի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ), Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) եւ Սինոփսիս Արմենիայի հետ համագործակցությամբ: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատարան-հաքաթոնի առաջին օրը ոլորտի առաջատարների կողմից անցկացվել են արհեստական բանականության վերաբերյալ դասախոսություններ։ Երկրորդ օրը  3-6 ուսանողից բաղկացած թիմերին տրվել է առաջադրանք՝ նախագծել ԱԲ հիմքով աշխատող գործիքներ, որոնք օգնում են լուծել շրջակա միջավայրի, կրթության, բարեկեցության եւ մատչելիության ոլորտում եղած խնդիրներ: 

 

ԱԲ կիրառման հնարավորությունների ու կրթության ոլորտի վրա ունեցած ազդեցության մասին Մեդիամաքսը զրուցել է աշխատարան-հաքաթոնի կազմակերպիչների ու մասնակիցների հետ:  

 

«Կրթությունը փոխվում է, եւ մեր ուսանողները պետք է պատրաստ լինեն դրան»

 

Սալվա Նակուզի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր

 

Այս տարի Հայաստանում ֆրանսիական համալսարանը տոնում է 25-ամյակն ու կարծում եմ՝ սա շատ խորհրդանշանական է, քանի որ մուտք ենք գործում կամ արդեն իսկ գտնվում ենք կրթության նոր դարաշրջանում: 

 

Արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը լուրջ ազդեցություն են թողնում կրթական գործընթացի վրա եւ, անշուշտ, մեր առաջնային խնդիրն է նախապատրաստել ՀՖՀՀ ուսանողներին այս նոր իրականությանը: 

Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Արհեստական բանականությունը պարզեցնում է շատ գործընթացներ, բայց պետք է կարողանանք հավասարակշռություն պահպանել ԱԲ գործիքների կիրառման եւ ուսանողի ինքնուրույն մտածողության միջեւ: Ուսանողը պետք է տիրապետի բոլոր տեխնիկական հնարավորություններին, դրան զուգահեռ՝ պահպանի ու զարգացնի կոգնիտիվ գործառույթները: 

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշտապես խրախուսել եւ իրականացրել է նախագծերի, հետազոտությունների իրականացման վրա հիմնված ուսուցումը: Կարծում եմ՝ սա մեր համալսարանի մրցակցային առավելություններից է: Միեւնույն ժամանակ, գործնական աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետության համար ուսանողներին պետք է տալ նաեւ բավարար տեսական գիտելիք:  

 

Սա է պատճառը, որ կազմակերպելով ԱԲ թեմայով աշխատարան-հաքաթոնը՝ այն բաժանեցինք երկու մասի: Առաջինում հրավիրեցինք ոլորտի մասնագետներին, որոնք կիսվեցին իրենց փորձով ու որոշ հմտություններով, իսկ երկրորդ օրը մեր ուսանողներին առաջադրանք տվեցինք՝ ինքնուրույն նախագծել ԱԲ հիմքով աշխատող եւ մեր կյանքի վրա դրական ազդեցություն ունեցող գործիքներ: Նրանք պետք է գիտակցեն, որ ոչ թե բոլորիս նման ԱԲ գործիքների սպառողներ են, այլեւ՝ դրանք նախագծողներ եւ ձեւավորողներ: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Նման միջոցառումների ընթացքում նկատում եմ ուսանողների ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը: Ինքներդ տեսեք՝ նրանք պատրաստ են այս հաքաթոնին մասնակցել հանգստյան օրերի ընթացքում (ժպտում է – հեղ.): Մյուս կողմից, ցանկանում եմ, որ ավելի շատ ուսանողներ դիմեն Արհեստական բանականության ուղղվածությամբ ՀՖՀՀ մագիստրոսական ծրագրին: Հասկանալի է, որ ՏՏ ոլորտում սովորող ուսանողներն աշխատում են արդեն բակալավրիատի տարիներից, սա շատ լավ է, բայց պետք է գիտակցել, որ ԱԲ-ն այսօր չափազանց պահանջված ուղղություն է, եւ այս ոլորտում մագիստրոսի աստիճանը կարող է շատ օգտակար լինել: Առավել եւս, որ մենք համագործակցում ենք ԱԲ ուղղությամբ Եվրոպայի խոշորագույն լաբորատորիաներից մեկի հետ: 

 

«Ընդլայնել ուսանողների պատկերացումն արհեստական բանականության վերաբերյալ»

 

Քրիստինա Սարգսյան, ՀՖՀՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան 

 

ՀՖՀՀ կազմակերպած աշխատարան-հաքաթոնի նպատակներից մեկն է ուսանողներին աջակցել, որպեսզի արհեստական բանականության կիրառմանը նայեն ավելի լայն համատեքստում: Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում ֆրանսիական համալասարնում սովորողներին, այլեւ՝ այլ բուհերում, քանի որ միջոցառմանը կարող են մասնակցել հետաքրքրված բոլոր ուսանողները: Մենք համոզված ենք՝ գիտելիքի տարածումը, այն կիսելը, փոխանակելը շատ կարեւոր է:

Քրիստինա Սարգսյանը Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բոլորս գրեթե ամեն օր կիրառում ենք ԱԲ-ով աշխատող տարբեր գործիքներ: Բայց կարեւոր է, որ ԻԿՄ ֆակուլտետի եւ առհասարակ ոլորտի ուսանողները ոչ միայն օգտագործեն այդ գործիքները, այլեւ հասկանան՝ իրենք կարող են նոր գործիքներ ստեղծել: Մեր խնդիրն է ոգեւորել նրանց, գիտելիք տալ եւ հուշել բոլոր այն հնարավորությունները, որոնք կարելի է զարգացնել Հայաստանում: 

 

Այս միջոցառման կազմակերպման երկրորդ առիթը մեր հպարտությունն է, քանի որ այս տարի մասնագիտական կյանք ենք ճանապարհում ԱԲ մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին (ժպտում է – հեղ.): Սա համընկել է նաեւ ՀՖՀՀ 25-ամյակի հետ: 

Վարուժան Բաղդասարյանը, Talk2edit գործիքի համահիմնադիր Վարուժան Բաղդասարյանը, Talk2edit գործիքի համահիմնադիր

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատարան-հաքաթոնի առաջին օրը ՀՖՀՀ ենք հրավիրել այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք արհեստական բանականության կիրառմամբ Հայաստանում ստեղծում են տարբեր գործիքներ: Կարծում ենք՝ այս շփումն օգտակար կլինի ուսանողներին: 

Երկորրդ օրը՝ բուն հաքաթոնի ընթացքում, ուսանողներին առաջարկել ենք նախագծել սեփական գործիքները, որոնք կարող են ավելի դյուրին եւ հարմար դարձնել մեր կյանքը տարբեր ոլորտներում: Ընդ որում՝ խրախուսել ենք, որ թիմերում ընդգրկվեն տարբեր կուրսերի, տարբեր տարիքի ուսանողներ, քանի որ կարծում ենք՝ թիմային նման աշխատանքը եւս շատ կարեւոր է: 

 

«Արհեստական բանականության շուրջ եղած վախի հիմքում անտեղյակությունն է»

 

Վարուժան Բաղդասարյան, ԱԲ միջոցով բանավոր խոսքը տեքստի փոխակերպող Talk2Edit գործիքի համահիմնադիր

 

Արհեստական բանականության հանդեպ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա: Այլ հարց է՝ այն ավարտվո՞ւմ է սիրողական մակարդակով, թե՞ մարդիկ գնում են տուն եւ սկսում ուսումնաիրել թեման: Ըստ իս՝ այսօր ապրում ենք իրականությունում, երբ արհեստական բանականության, դրա աշխատանքի եւ գործիքների մասին երեխաներին պետք է պատմել դեռ դպրոցական տարիներից: 

Դավիթ Ջանվելյանը եւ Վարուժան Բաղդասարյանը Talk2Edit գործիքի համահիմնադիրներ Դավիթ Ջանվելյանը եւ Վարուժան Բաղդասարյանը Talk2Edit գործիքի համահիմնադիրներ

Լուսանկարը` Մեդիամաքս

Միեւնույն ժամանակ, հետաքրքրությանը զուգահեռ՝ մարդկանց մոտ կա վախ, որի հիմքում, ըստ իս, անտեղյակությունն է: Շատերը կարծում են, որ ԱԲ-ն գրավելու է աշխարհը կամ առնվազն՝ խլելու իրենց աշխատանքը (ժպտում է – հեղ.): Սա մի քիչ իրատեսկան չէ: Այս վախերը հաղթահարելու համար պետք է մարդկանց տալ հիմնային գիտելիք ԱԲ աշխատանքի, տարատեսակ մոդելների վերաբերյալ՝ ցույց տալով, որ այն կարող է օգտակար գործիքի վերածվել տարբեր ոլորտներում: 

 

Այսօր արհեստական բանականության աջակցությամբ հնարավոր է կյանքի կոչել գաղափարներ, որոնք կցնցեն ամբողջ աշխարհը: Վստահ եմ՝ Հայաստանում կան պայծառ ուղեղներ, որոնք ԱԲ կիրառմամբ կարող են լուծել այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը դեռ փնտրում են ամբողջ աշխարհում: 

 

«Մեկ գիշերվա ընթացքում սկսել ենք նախագծել գործիք, որը հայերեն տեքստում բացահայտում է ԱԲ կիրառմամբ «գրված» հատվածները»

 

Ինեսա Մովսեսյան, ՀՖՀՀ ԻԿՄ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, հաքաթոնում առաջին տեղը գրաված թիմի անդամ

 

Աշխատարան-հաքաթոնին մասնակցել ենք հինգով՝ ես, համակուրսեցիներս՝ Ժաննա Մինասյանը, Ազգանուշ Սարգսյանը, Մարիա Պետրոսյանը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ուսանող Միլենա Մկրտումյանը: Նրա հետ մինչ այս ծանոթ չէինք եւ շատ ուրախ ենք, որ միացել է մեր թիմին՝ ներդրելով իր գիտելիքն ու գաղափարները (ժպտում է - հեղ)

Ինեսա Մովսեսյանը Ինեսա Մովսեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մրցույթի համար նախագծի գաղափարն առաջացել է մեկ օրում: Մեր նախագծած գործիքի նպատակն է հայերեն տեքստում բացահայտել այն հատվածները, որոնք «գրված են» արհեստական բանականության կողմից: Այլ կերպ ասած՝ ԱԲ-ն կիրառել ԱԲ միջոցով «կեղծիք» կատարելու փորձերը կանխելու նպատակով: Այս գործիքը բավականին լայն տարածում ունի անգլերեն տեքստերի դեպքում, սակայն հայերենով նման «օգնական» դեռեւս չկա: Այն կիրառման լայն հնարավորություններ ունի՝ ինչպես գիտական աշխատանքների դեպքում, այնպես էլ՝ լրագրության, գրականության եւ այլ ոլորտներում, երբ գործ ունենք տեքստի հետ: 

 

Փաստացի մեկ գիշերվա ընթացքում թե՛ մարդու, թե՛ ԱԲ կողմից ստեղծված հայերենի տվյալների բազան մշակել եւ «ներբեռնել ենք» մեր ընտրած մոդելի մեջ: Բնականաբար, բուն գործիքը մեկ օրում նախագծել հնարավոր չէ, բայց գաղափարը սիրվել է ժյուրիի կողմից: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասկանալի է, որ շատերի մոտ արհեստական բանականության նկատմամբ վախ կա, բայց միշտ ասում եմ՝ յուրաքանչյուր դարաշրջան իր նորամուծություններն ունի: Կար ժամանակ, երբ համացանցն էր նույնքան վախեցնող թվում, իսկ այսօր մեր կյանքն առանց դրա այլեւս չենք պատկերացնում: Կարծում եմ՝ ցանկացած գործիք կարող է ծառայել թե՛ լավ, թե՛ վատ նպատակների: Այս դեպքում ճիշտ չէ խուսափել կամ վախենալ այդ գործիքից, պարզապես պետք է օգտագործել այն ի բարօրություն: 

 

Յանա Շախրամանյան 

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին