Սալվա Նակուզի. Աշխատասիրության դիմաց ՀՖՀՀ-ում կստանաք որակյալ կրթություն - Mediamax.am

exclusive
1861 դիտում

Սալվա Նակուզի. Աշխատասիրության դիմաց ՀՖՀՀ-ում կստանաք որակյալ կրթություն


Լուսանկարը` ՀՖՀՀ

Անն Լույոն
Անն Լույոն

Լուսանկարը` ՀՖՀՀ

Արթուր Բակունցն ու Արտակ Բակունցը
Արթուր Բակունցն ու Արտակ Բակունցը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լիլիթ Բաբաջանյանը
Լիլիթ Բաբաջանյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ


Ներկայում 1775 ուսանող, մասնագիտական առարկաներին զուգահեռ 5 լեզու սովորելու հնարավորություն ու շրջանավարտների 91 տոկոսանոց զբաղվածություն: Սա Հայաստանում ֆրանսիական համալսարանն(ՀՖՀՀ) է՝ մի քանի ցուցանիշով:

 

Սրանք, ինչպես նաեւ համալսարանի մի շարք այլ առավելություններ ներկայացվել են դիմորդներին ու նրանց ծնողներին, որոնք բաց դռների օրն այցելել են ՀՖՀՀ:

 

Ամենամյա միջոցառմանն այս անգամ հարյուրավոր դիմորդներ են գրանցվել, որոնց ողջունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, ՀՖՀՀ ռեկտորը, համալսարանի անձնակազմն ու ուսանողները:

 

Մեդիամաքսը ներկա է եղել բաց դռների օրվան եւ առանձնացրել հետաքրքիր դրվագները:

 

ՀՖՀՀ ուսանողը՝ հայ-ֆրանսիական ընկերության դեսպան

 

«Հայաստանում ֆրանսիական համալսարանը հայ-ֆրանսիական գործընկերության ու ընկերության լավագույն խորհրդանիշն է», - ողջունելով դիմորդներին ու նրանց ծնողներին՝ ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն:

Անն Լույոն Անն Լույոն

Լուսանկարը` ՀՖՀՀ

Նա նշել է՝ ՀՖՀՀ-ն հիմնվել է հայ երիտասարդներին բարձրորակ կրթության հնարավորություն տալու նպատակով, որպեսզի նրանք ստանան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիք.

 

«Կարող եմ ասել՝ հասել ենք մեր նպատակներին, քանի որ կրթության որակը ՀՖՀՀ-ում իսկապես բարձր է: Ֆրանսիականում ստացած գիտելիքն արժեւորվում է ոչ միայն տեղական շուկայում, այլեւ՝ միջազգային մակարդակով, քանի որ համալսարանն ավարտելիս ստացած դիպլոմը ճանաչվում է ամբողջ աշխարհում: ՀՖՀՀ-ն իր ուրույն տեղն ունի Հայաստանի թե՛ բուհական, թե՛ տնտեսական համակարգում»:

Լուսանկարը` ՀՖՀՀ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հույս է հայտնել, որ գալիք տարում ներկա դիմորդներն արդեն ՀՖՀՀ ուսանող կլինեն:  

 

«Եթե Հայաստանում ֆրանսիական համալսարան ընդունվեք, կդառնաք Հայաստանի եւ Ֆրանսիայի ընկերության դեսպաններ, կստանաք բարձրորակ կրթություն ու դիպլոմ, որը ճանաչելի է ամբողջ աշխարհում: Նաեւ վստահ եմ՝ ՀՖՀՀ-ում ձեր ուսանողական տարիները շատ ուրախ կանցնեն, այստեղ դուք երջանիկ կլինեք», - ասել է դեսպան Անն Լույոն:

 

«Պետք է օրինակելի, պատասխանատու եւ աշխատասեր լինեք»

 

«Բարեւ ձեզ», - ներկաներին հայերենով ողջունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ու առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ծնողներին, որոնք դիմորդների հետ եկել են ՀՖՀՀ:

Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` ՀՖՀՀ

«Առաջին հերթին ցանկանում եմ շարունակել տիկին դեսպանի խոսքն այն մասին, որ ՀՖՀՀ-ում երջանիկ եք լինելու: Այո՛, բայց անպայման պետք է ավելացնեմ՝ մեզ մոտ սովորելու ընթացքում նաեւ շատ եք «տանջվելու», Ֆրանսիականի ուսանող լինելը շատ աշխատանք է ենթադրում», - ասել է Սալվա Նակուզին:

 

Անդրադառնալով բուհի առանձնահատկություններին՝ նա նշել է շրջանավարտներին տրվող կրկնակի դիպլոմի, ինչպես նաեւ «փափուկ հմտությունների» մասին, որոնք ՀՖՀՀ ուսանողները ձեռք են բերում մասնագիտական գիտելիքին զուգահեռ. «Մեր մանկավարժական մեթոդիկան, իհարկե, ներառում է տեսությունը, բայց մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ գործնական մասին: ՀՖՀՀ-ում կրթական գործընթացը հիմնված է տարբեր ձեռնարկությունների հետ կապերի վրա, բազմաթիվ գործնական առաջադրանքներ ու պրակտիկաներ ենք ունենում: Նման մոտեցումը կարեւոր է, քանի որ հետագայում դրա շնորհիվ առավել դյուրին է դառնում աշխատանք գտնելու գործընթացը»:

Լուսանկարը` ՀՖՀՀ

Սալվա Նակուզին ասել է, որ ներկաներին ցանկանում է մեկ գլխավոր միտք փոխանցել՝ եթե ընդունվեն Հայաստանում ֆրանսիական համալսարան, անձնակազմը, դասախոսներն ամեն հարցում իրենց աջակցելու են, բայց դրան զուգահեռ՝ իրենք եւս մի շարք պատասխանատվություններ են ստանձնելու.

 

«Լինել օրինակելի, պատասխանատու ու աշխատասեր, սրանք այն հատկանիշներն են, որ ակնկալում ենք ուսանողից: Դրա դիմաց Ֆրանսիական համալսարանը ձեզ կտա որակյալ կրթություն, հետաքրքիր միջոցառումներ, կապեր տարբեր ձեռնարկությունների հետ ու կուղեկցի ձեզ դեպի աշխատաշուկա»:

 

«Հստակ որոշել եմ՝ դիմելու եմ ՀՖՀՀ»

 

Բաց դռների օրվան ներկա դիմորդ Լիլիթ Բաբաջանյանն ասում է՝ համալսարան է եկել, որպեսզի առավել շատ տեղեկատվություն ստանա ուսումնական գործընթացի, ընդունելության պայմանների մասին.

Լիլիթ Բաբաջանյանը Լիլիթ Բաբաջանյանը

Լուսանկարը` ՀՖՀՀ

«Ինձ համար շատ կարեւոր էր իմանալ նաեւ շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը: Ստացած տվյալներն ինձ գոհացրեցին: Հիմա կարող եմ ասել, հստակ որոշել եմ՝ դիմելու եմ ՀՖՀՀ»:

 

Դիմորդ Արթուր Բակունցն էլ Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին դրական կարծիքներ է լսել ներկա ուսանողներից.

 

«Խորհուրդ են տվել, քանի որ այստեղ սովորելով՝ կարող եմ իրական գիտելիք ստանալ ու հետագայում աշխատաշուկայում գտնել իմ տեղը: Ցանկանում էի անձամբ ծանոթանալ գործող կանոնակարգին, մասնաշենքին ու համալսարանական միջավայրին: Գիտեմ, որ ուսումնական գործընթացը հեշտ չի լինելու, բայց բարդություններ սիրում եմ ու կփորձեմ դրանք հաղթահարելով՝ որակյալ մասնագետ դառնալ»:

Արթուր Բակունցն ու Արտակ Բակունցը Արթուր Բակունցն ու Արտակ Բակունցը

Լուսանկարը` ՀՖՀՀ

Բաց դռների օրվան նրան ուղեկցել է հայրը՝ Արտակ Բակունցը:

 

«Ֆրանսիական համալսարանի մասին մի կարծիք կա, որը հաճախ որակվում է որպես բացասական: Քննարկվում է, որ այստեղ սովորելը բարդ է, բայց անկեղծորեն՝ սա ինձ ամենից շատ գայթակղող հանգամանքն էր: Կարծում եմ՝ առանց բարդությունների, առանց հիմնավոր չարչարանքի հնարավոր չէ լավ մասնագետ դառնալ ու հաջողությունների հասնել: Եթե բուհ ես ընդունվում պարզապես 4 տարի ժամանակ անցկացնելու, վերջում դիպլոմ ստանալու համար, ապա կրթությունդ անիմաստ է դառնում՝ չարդարացված ժամանակի կորուստ: Այնպես որ, գիտելիք ստանալու միակ տարբերակն աշխատասիրությունն է», - ասել է դիմորդի հայրը:

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին