Կամավորական աշխատանքները՝ ՀՖՀՀ-ի ուշադրության կենտրոնում - Mediamax.am

exclusive
2544 դիտում

Կամավորական աշխատանքները՝ ՀՖՀՀ-ի ուշադրության կենտրոնում


Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ


Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներն առանձնանում են կամավորական տարբեր աշխատանքներում իրենց շատ ակտիվ ներգրավվածությամբ։ Համալսարանում գործում է Կամավորների ակումբ՝  համալսարանական միջոցառումներից զատ, կամավորներն ակտիվորեն մասնակցում են նաեւ բազմաթիվ այլ ձեռնարկությունների կողմից կազմակերպվող գիտաժողովների, քննարկումների, ցուցահանդեսների, բարեգործական համերգների եւ այլն։

 

Նշանակալից առավելություններ

 

ՀՖՀՀ կամավորների ակումբի անդամ, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Սյուզաննա Հովհաննիսյանը պատմում է.

 

«Արդեն մեկ տարի է, ինչ ակտիվ կամավորությամբ եմ զբաղվում, ու կարող եմ ասել, որ կամավորությունն ամենաբարձր վարձատրվող աշխատանքն է։ Կամավորության շնորհիվ զարգացնում ենք մի շարք հմտություններ, առնչվում ենք տարբեր ոլորտների մասնագետների հետ, ընդլայնում ենք մեր հետաքրքրությունների շրջանակը եւ ձեռք ենք բերում կապեր։ Կամավորության մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ այն փորձը, գիտելիքները, կապերն ու հմտությունները, որոնք ձեռք եմ բերել կամավորության շնորհիվ, անգնահատելի են։ Կամավորությունն ինձ օգնել է նաեւ մասնագիտական կողմնորոշման ու աշխատանք գտնելու հարցում»։

 

Ըստ Սյուզաննայի՝ հենց համալսարանում կամավորությամբ զբաղվելը մեծապես խրախուսվում է եւ մի շարք հնարավորություններ է ընձեռում: «Դրա շնորհիվ ուսանողներն ավելի հեշտ են ընդգրկվում համալսարանական առօրյայում, բացի այդ՝  բավականին հաճելի է տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացնել սեփական համալսարանդ»։

 

Կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Կարինե Հովհաննիսյանի համար Կամավորների ակումբին միանալու ներշնչման աղբյուր են հանդիսացել այն հմտությունները, որոնք այս ընթացքում ստացել է կամավորություն կատարելով եւ կիրառել է առօրյա կյանքում, աշխատանքում, ուսման մեջ։ Նա, մասնավորապես, առանձնացնում է կազմակերպչական, թիմի հետ աշխատելու, լսելու, հարցին դիվանագիտորեն մոտենալու ունակությունները։ Դրանց շնորհիվ ապահովվել է նաեւ տեսականի եւ փորձնականի համատեղումը:

 

Ուսանողների կարծիքը կիսելով՝ ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարը նշում է.

 

«Կամավորությունը եզակի հնարավորություն է ուսանողների համար զարգացնելու լայնակի հմտություններ, որոնք անհրաժեշտ են հաջող կարիերայի համար: Սա նաեւ հնարավորություն է ամրապնդելու ՀՖՀՀ համայնքի մասնիկը լինելու զգացումը։ Վերջապես, կամավորությունը թույլ է տալիս ստեղծել յուրահատուկ կապեր անձնակազմի եւ ուսանողների միջեւ»:

 

Երկարատեւ եւ տարաբնույթ կամավորական աշխատանքներ

 

Կամավոր ուսանողներն իրենց ուսումնառության ընթացքում ակտիվ մասնակցություն են ունենում մի շարք միջոցառումների, ինչպիսին են՝ առաջին կուրսեցիների դիմավորում, «Իրավունքի գիշեր», «Ֆրանկոֆոնիայի գիշեր», «Արհեստական բանականության գիշեր», բաց դռների օրեր, դիպլոմների հանձնման արարողություն, «Կրթություն եւ կարիերա EXPO» եւ այլն։

Լուսանկարը` ՀՖՀՀ

Մարքեթինգի ֆակուլտետի ուսանող Մարիամ Զաքարյանի համար 2022-2023 ուստարին կամավորական փորձառության առումով առանձնակի հետաքրքիր է եղել.

 

«Մասնակցել եմ ՀՖՀՀ-ի կողմից կազմակերպված «Իրավունքի գիշեր» միջոցառմանը, ինչպես նաեւ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։ Գործառույթները հիմնականում կազմակերպչական բնույթի են՝ նախապես բաշխված պարտականություններով, ինչը հեշտացնում է աշխատանքային ընթացքը։ Հիմնականում կամավորական աշխատանքները փորձում եմ կատարել շաբաթ եւ կիրակի օրերին, երբ համալսարանում զբաղվածություն չունեմ։ Իսկ դասերի եւ կամավորության համատեղումը բարդ չէ, քանի որ հիմնականում կամավորական աշխատանքն ըստ ժամերի է բաշխված,  ու հնարավոր է ընտրել հնարավորինս հարմար ժամանակ»։

 

Կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Զվարթ Ալեքսանյանն էլ առանձնացնում է «Ֆրանկոֆոնիայի գիշեր» միջոցառումը.

 

«Այդ միջոցառման ժամանակ ոչ միայն որպես կամավոր էինք ներգրավված, այլեւ մեծ սիրով մասնակցում էինք մեր իսկ օգնությամբ կազմակերպված միջոցառմանը ու վայելում ամեն պահը»։

 

Կամավոր լինելու համար պահանջվում են առանձնահատուկ որակներ

 

Կարինե Հովհաննիսյանի կարծիքով, կամավորությամբ զբաղվելու համար ուսանողները պետք է ցուցաբերեն մեծ պատրաստակամություն, նվիրվածություն, ունենալ պատասխանատվության բարձր զգացում, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու եւ լուծումներ տալու հմտություններ:

Լուսանկարը` ՀՖՀՀ

Սյուզաննա Հովհաննիսյանն էլ մյուս ուսանողներին խորհուրդ է տալիս զբաղվել կամավորությամբ, լինել ավելի ակտիվ, ներգրավվել տարբեր ծրագրերում։  Վերջինս ընդգծում է, որ կամավորական աշխատանքները անհնար չեն, ու համալսարանական համայնքը դրանց կարիքը միշտ ունի, ուստի ցանկալի է բոլորի ներգրավվածությունը։

 

Ռեկտոր Բերտրան Վենարը եզրափակում է.

 

«Կամավորությունը միայն ուսանողական ալտրուիզմի օրինակ չէ։ Այն նաեւ բարյացակամությունը գործի դնելու հնարավորություն է։ Բացի այդ, ուսանողները զարգացնում են իրենց կազմակերպչական եւ արագ ու ճշգրիտ գործելու հմտությունները, թիմային աշխատանքի, նախագծերի կառավարման ունակությունները, մի շարք այլ հմտություններ, որոնք բնորոշ են մեր շրջանավարտներին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին