«Գործել մարդու նման՝ մեքենայի միջոցով». Արհեստական բանականության գիշեր ՀՖՀՀ-ում - Mediamax.am

exclusive
2032 դիտում

«Գործել մարդու նման՝ մեքենայի միջոցով». Արհեստական բանականության գիշեր ՀՖՀՀ-ում


Լուսանկարը` ՀՖՀՀ

Պոլ Սաբատիե համալսարանի պրոֆեսոր Պասկալ Սենրան
Պոլ Սաբատիե համալսարանի պրոֆեսոր Պասկալ Սենրան

Լուսանկարը` ՀՖՀՀ

Օլիվիե Գասքեն
Օլիվիե Գասքեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Բերտրան Վենարը
Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեն Կրուզիլը
Ալեն Կրուզիլը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինա Սարգսյանը
Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել «Արհեստական բանականության գիշեր» միջոցառման հայաստանյան առաջին թողարկումը: Դրա նպատակն էր ավելի ճանաչելի դարձնել համակարգչային մասնագիտությունները, բացահայտել արհեստական բանականության (ԱԲ)  կիրառությունը տարբեր ոլորտներում ու եւս մեկ անգամ ներկայացնել ՀՖՀՀ-Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանների համատեղ մագիստրոսական ծրագիրը, որը կրթելու է ԱԲ ոլորտի մասնագետներ:

 

Մեդիամաքսի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներն ու հյուրերը ներկայացրել են ծրագիրը, խոսել անելիքների ու սպասելիքների մասին:

 

Պրոֆեսոր Բերտրան Վենար, ՀՖՀՀ ռեկտոր

 

Այսօր մենք ապրում ենք Չորրորդ արդյունաբերական հեղափոխության փուլում, երբ տեղեկատվությունը, դրա վերլուծությունը կարող են վճռորոշ լինել, բազմաթիվ հնարավորություններ ու միաժամանակ բազմաթիվ սպառնալիքներ ստեղծել: Օրինակ՝ արհեստական բանականությունը կարող է ձեռնարկության կործանման պատճառ հանդիսանալ։ Տեղեկատվական ոլորտը, ցավոք, կարող է կոնֆլիկտի առիթ հանդիսանալ պատերազմների ընթացքում։ Այդ դեպքում արհեստական բանականությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ կիբերանվտանգության, ինչպես նաեւ ոչնչացման, մանիպուլյացիայի կամ տեղեկատվության պաշտպանության առումով:

Բերտրան Վենարը Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուստի, վերջին 10 տարիների ընթացքում արհեստական բանականությունը շատ կարեւոր է դարձել ՏՏ ոլորտում: Կարճ ասած՝ արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս ստեղծել մեքենաներ, որոնք ունակ են նմանակել մարդկային էակներին։  ԱԲ զարգացումը բազմաթիվ նոր հնարավորություններ կստեղծի ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ երկրների համար։ 2020թ. սեպտեմբերին, երբ Հայաստան ժամանեցի ու ստանձնեցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնը, հանդիպումներ ունեցա կառավարության մի քանի անդամների հետ: Զրուցեցի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, արդարադատության, էկոնոմիկայի նախարարների հետ, ու նրանց ամենից շատ հետեւյալ հարցն էի տալիս. «Ի՞նչ կարիքներ ունեք, որո՞նք են ձեր առաջնահերթությունները»: Գրեթե բոլորից ես հստակ պատասխան էի լսում. «Ցանկանում ենք զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը»: Ակնհայտ է՝ քանզի Հայաստանը ցանկանում է լինել  բարձր տեխնոլոգիական երկիր, երկիրը պետք է զարգացնի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և այնուհետև արդյունաբերությունը, արհեստական բանականության ոլորտի հմտությունները: Մենք շատ արագ հասկացանք՝ չափազանց կարեւոր է աշխատել հենց այս ուղղությամբ, ու արդեն 2020թ. դեկտեմբեր ամսվանից ի վեր որոշվել էր մեկնարկել  մեր նոր՝ արհեստական բանականության մագիստրոսական ծրագիրը: Մեկնարկը կտրվի 2022թ. սեպտեմբերին։ «Արհեստական բանականության գիշեր» միջոցառմանը, ի թիվս այլ քննարկումների, ցանկանում ենք եւս մեկ անգամ ներկայացնել ծրագիրը:  

 

Հայաստանն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Չինաստանի նման խոշոր երկիր չէ, որ կարողանա ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում: Փոքր երկրի համար ավելի արդյունավետ է թիրախավորել մի քանի տեխնիկական մասնագիտություններ և աշխատել դրանց զարգացման ուղղությամբ: Հնարավոր չէ ամեն ինչ զարգացնել։ Պետք է ընտրություն կատարել։ Ի՞նչ կարող է տալ արհեստական բանականության կիրառումը, օրինակ, տնտեսության ոլորտին. ավելի շատ տվյալներ վերլուծելու կարողություն, բոլոր գործողություններն առավել արագ, արդյունավետ ու էժան դարձնելու հնարավորություն: Այդպիսով, ծախսերի կրճատում է լինում և շուկայական մասնաբաժնի ձեռքբերում՝ ավելի մրցունակ ապրանքների շնորհիվ։

 

Ինչ վերաբերում է ուսանողներին՝ ԱԲ ոլորտում մասնագիտացումը բազմաթիվ հնարավորություններ կտա: Շատ արագ աշխատանք կգտնեք, լավ կվարձատրվեք, միջազգային կարիերա կերտելու հնարավորություն կունենաք, քանի որ սա ամենից դինամիկ զարգացող ուղղություններից է:

Պոլ Սաբատիե համալսարանի պրոֆեսոր Պասկալ Սենրան Պոլ Սաբատիե համալսարանի պրոֆեսոր Պասկալ Սենրան

Լուսանկարը` ՀՖՀՀ

Մեր մագիստրոսական ծրագրի լեզուն անգլերենն է, քանի որ կարծում ենք՝ այն կհետաքրքրի ոչ միայն ՀՖՀՀ ուսանողներին, այլեւ այլ համալսարաններում ինֆորմատիկայի ոլորտում սովորողներին: Բացի այդ, ուսանողները կսովորեն ֆրանսերեն, ինչը էական նշանակություն ունի ԱԲ բազմալեզու հետազոտությունների համար։ Ի  դեպ, դասերը կազմակերպվելու են երեկոյան, ինչը թույլ կտա ուսանողներին աշխատել օրվա ընթացքում եւ սովորել երեկոյան: Նրանք բաց չեն թողնի մասնագիտական ոլորտում կայանալու որեւէ հնարավորություն, կշարունակեն գումար վաստակել ու զուգահեռ ստանալ նոր գիտելիքներ ու հմտություններ, որոնք կկարողանան կիրառել իրենց աշխատավայրում:

 

Քրիստինա Սարգսյան, ՀՖՀՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան

 

Ֆակուլտետի չորրորդ կուրսում ես դասավանդում եմ արհեստական բանականություն, հետեւաբար, ուսանողներն ինձ հարցնում են մեր մագիստրոսական նոր ծրագրի մասին, նրանց հետաքրքրությունը հենց առարկայի հետ է կապված: Միեւնույն ժամանակ, նրանց ակնկալիքներն ու սպասելիքները շատ զանազան են, որոշ դեպքերում չեն պատկերացնում, թե հետագայում որտեղ կարող են կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները: Արհեստական բանականության ոլորտը դեռ զարգանում է Հայաստանում, բայց զարգանում է կայծակնային արագությամբ: Այս առումով շատ կարեւոր է մասնագետներին թե՛ իրազեկելը, առանձնահատկություններն ու հնարավորությունները ներկայացնելը, թե՛ նրանց իրական աշխատանքային խմբերում ներգրավելը: Այս գործնական մասնակցությունը նախատեսված է մեր մագիստրոսական ծրագրով:

 

Այն մասնագիտական երեք ճյուղավորում ունի, որոնք ուսանողները կարող են ընտրել կրթության ընթացքում՝ հիմնվելով իրենց հետաքրքրությունների վրա:

Առաջինը համակարգչային տեսողությունն է, պատկերի ճանաչումը, զարգացումը եւ վերլուծությունը: Սա շատ հեռանկարային ուղղություն է եւ կարող է կիրառվել սկսած ռազմական ոլորտից, մինչեւ առօրյա կյանք:  

Քրիստինա Սարգսյանը Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդ ուղղությունը ճանաչողական ծրագրերն են, որոնք նպաստում են գիտելիքահեն որոշումների կայացմանը: Կրթական առումով սա եզակի առաջարկ է Հայաստանի համար:

 

Երրորդ ուղղությունը մտացածին զարգացումների կառավարումն է, ռոբոտների «ուղեղի» ձեւավորումը, որը նույնպես Հայաստանում դեռ զարգացման փուլում է:

Թե՛ պատկերների, թե՛ ձայների ճանաչումը, թե՛ գիտելիքահեն որոշումների կայացման համակարգումը դասավանդվելու է նաեւ Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի մեր գործընկերների կողմից, ինչը հնարավորություն կտա տեղայնացնել, Հայաստան բերել նրանց փորձը:

 

Ալեն Կրուզիլ, Թուլուզ 3 համալսարանի դոցենտ, ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համադեկան, Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի Computational Imaging and Vision (MINDS) թիմի անդամ

 

Այս մագիստրոսական նոր ծրագրի միտքն առաջացել էր դեռ բակալավրիատի կրկնակի դիպլոմի ծրագիրը ստեղծելիս (ՀՖՀՀ շրջանավարտները ստանում են երկու՝ հայկական եւ ֆրանսիական (եվրոպական) դիպլոմ – հեղ.): Ցանկանում էինք մեր համալսարանների միջեւ համագործակցությունը սկսել բակալավրիատից ու հասցնել մինչեւ դոկտորանտուրա: Ինչ վերաբերում է մագիստրոսական ծրագրի թեմատիկային, մասնագիտացմանը, բնականաբար, այն ընտրել ենք՝ հիմնվելով բացահայտ պահանջարկի վրա:

Ալեն Կրուզիլը Ալեն Կրուզիլը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուսումնասիրվել են Թուլուզում առկա ինֆորմատիկայի ոլորտի մասնագիտություններն ու կրթական ծրագրերը, եւ ընտրվել է այն, որն ամենից շատ կհամապատասխաներ ՀՖՀՀ պահանջներին: Մենք հույս ունենք նաև, որ ապագայում մագիստրոսական այս ծրագիրն ավարտողները նույն թեմայով թեզ կգրեն ու կպաշտպանեն Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Թուլուզի համալսարանի եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ղեկավարմամբ:  

 

Օլիվիե Գասքե, Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի պրոֆեսոր, Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի տրամաբանության, փոխազդեցության, խոսքի եւ հաշվարկի թիմի անդամ

 

Հայ ուսանողներին դասավանդելը շատ հաճելի է: Նրանք ակտիվ են, մասնակցում են դասին եւ սիրում են խմբային աշխատանքներ: Ֆրանսիայում էլ ենք ուսանողների հետ խմբային աշխատանքներում, բայց այս առումով նրանք համեմատաբար պասիվ են: Այս անգամ, երբ եկանք ՀՖՀՀ, թռիչքից հետո բավականին հոգնած էինք: Երկուշաբթի երեկոյան հասանք Երեւան ու արդեն երեքշաբթի առավոտյան պետք է դասախոսեինք: Երբ լսարան մտանք, ուսանողներից այնքան հզոր էներգիա փոխանցվեց, որ մոռացանք մեր հոգնածության մասին:

Օլիվիե Գասքեն Օլիվիե Գասքեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեւորում ենք, որ Հայաստանում ինֆորմատիկայի ոլորտում մեծ թիվ են կազմում աղջիկները: Ֆրանսիայում ոլորտի ուսանողների մոտ 10 տոկոսն են աղջիկներ, այստեղ՝ գրեթե կեսը: Մեզ համար սա շատ հաճելի անակնկալ էր:

 

ՀՖՀՀ-ում «Արհեստական բանականության գիշեր» միջոցառումը կազմակերպվել էր SoftConstruct ընկերության հովանավորությամբ: Միջոցառման ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, կիբերանվտանգության ոլորտի փորձագետներ:

 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին