Տատիկից և պապիկից հեռու լինելը երևի թե ամենադժվար բաներից մեկն է: Այսօրվա պես հիշում եմ, թե ինչքան ուրախ էի երբ իմացա, որ մեկնելու եմ օտար երկիր: Դեռ չէի գիտակցում. ուրախությունից քրոջս հետ ցատկոտում էի անկողնու վրա, բայց տատիկից թաքուն, որ տեսներ, հաստատ կբարկանար:
Մութ էր ու քամի: Լուսադեմին՝ ժամը երեքին, մեքենան կանգնեց և երեքով դուրս եկանք` մայրս, քույրս և ես: Տատիկս կանգնած սպասում էր՝ ձեռքին ճմրթած անձեռոցիկը պինդ սեղմած: Նկատեցի, որ արդեն լաց էր եղել, փաթաթվեց ինձ ու նորից լաց եղավ, ինչ որ բան ասաց ականջիս, այտս համբուրեց, ու նորից նստեցինք մեքենա: Երևի այդ պահին հասկացա, թե ինչքան հեռու եմ գնում: Երբ մենակ էինք լինում, մոտենում էր ու թաքուն ասում ականջիս`
- Գիտես չէ՞,որ քեզ էս բթիս ծայրի չափ ավել եմ սիրում քան մնացած թոռներիս, իմ մուրազ:
Ամբողջ կյանքը երազել էր աղջիկ ունենալ, բայց արդյունքում՝ երեք տղա... Առաջին թոռը ես էի՝ աղջիկ ու այն էլ իր անունով, դրա համար էլ ասում էր մուրազ, ցավոք, սրտի մուրազը հեռու էր:
Ձմռանը նորից հանդիպեցի տատիկիս. այս անգամ արդեն ինքն էր եկել ինձ մոտ, բայց՝ կարճ ժամանակով: Հայաստանը ոչ մի բանի հետ չէր փոխի, երևի բացի անունից դա էլ է նրանից ինձ մնացել: Չնայած հեռավորությանը՝ տատիկի հետ ես ինձ տանն էի զգում: Նույնիսկ օտար երկրում տատիկի պատրաստածը «հայաստանոտ» էր:
Հաջորդ հանդիպումը եղավ մեր` երկուսիս Հայաստանում: Կարոտը ֆիզիկապես չես կարող պատկերացնել կամ նկարագրել, բայց ես այն միշտ տատիս աչքերի մեջ էի տեսնում: Չնայած նրա մշտական տխուր հայացքին՝ երբ նա թոռների հետ էր լինում, մոռանում էր ամեն ինչի մասին: Երբեմն հիշում եմ, երբ նկատում էի, որ հեռվից նստած հետևում էր թոռներին, դեմքին թեթև ժպիտ կար, կարծես համակերպվել էր, որ այդ պատկերը ժամանակավոր է, ու փորձում էր վայելել ինչքան, որ կտևի:
Գիշերը, երբ դեռ քնած չէի, տետրերը ձեռքին գալիս էր, նստում կողքս ու սկսում էր կարդալ իր գրած բանաստեղծություններն ու պատմվածքները: Վաթսունականներից արդեն դեղնած տետրերի մեջ այնքան շատ պատմություններ կային, որ կարող էիր տասնյակ գիշերներ նրան լսել: Ամեն տարի, երբ ամռանը պետք է հրաժեշտ տայինք նրան միշտ ասում էր`
- Հորդ կասես, եթե մյուս տարի ձեզ չի ուղարկել, կնեղանամ:
Դրանք կախարդական խոսքերն էին, ուրախանում էի, որովհետև նշանակում էր, որ մյուս տարի ամռանը կրկին Հայաստանում կլինեմ: Երևի թե այդպես սկսվեց ամառները միշտ Հայաստանում անցկացնելու ավանդույթը: Հիմա, երբ մտածում եմ, հասկանում եմ, որ պետք է նրանից շնորհակալ լինեմ, որ ավանդույթը դեռ չի խախտվել: Երևի թե ուրախ կլիներ եթե տեսներ, որ այն սերը, որը ուներ Հայաստանի հանդեպ ու փորձում էր փոխանցել մեզ, նրա միջոցով մեր մեջ է ու ամեն տարի ավելի է շատանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: