Արփի Թովմասյան. Իմ տատիկը, իմ պապիկը - Mediamax.am

3016 դիտում

Արփի Թովմասյան. Իմ տատիկը, իմ պապիկը


Լուսանկարը`


Պապիկս ծիրանենի էր, տատիկս՝ հեքիաթների գիրք։

 

Արդեն 17 տարի ես կիսատ թոռնիկ եմ։ Ու այնքան ուրախ եմ, որ դպրոց գնացի 6 տարեկանում, պապիկիս ձեռքը բռնած։ Հասցրեցի։ Երբ մտա դասարան, մտածում էի՝ արդեն գնացած կլինի, ինձանից մեծ մարդկանց ու գրքերի կողքին ինձ կորած զգացի։ Բայց երբ պատուհանից տեսա, թե ինչպես է պահակին ոգևորված բացատրում ծառերը ջրելու արվեստը, նորից կայի։ Կարոտում եմ։

 

Մանկությունս տատիկիս գործած տաք գլխարկով էր, պապիկիս այգու ծառերին թառած։ Տունը մեծ էր ու շատ սենյակներով, ես՝ փոքր ու չարաճճի. իմ՝ քանդել-կոտրել-թափելու սիրահար եսը դրախտում էր։ Մոխրագույն պատերն ամենագունեղն էին թվում (միգուցե որովհետև վրաները նկարում էի, բայց դա կարևոր չի)։ Պապիս դաշնամուրն ու տատիս կարի մեքենան ամենահամերաշխ ընկերներն էին։ Նկուղի պահածոները ասես երբեք չէին ավարտվում։ Բայց անվերջ թվացող տանն իմ ամենասիրելի վայրը պապիկիս ճոճանակ ծնկներն էին։ Ինձ օդ էր թռցնում, իսկ ես նայում էի իրեն ու չէի վախենում, իսկ ես նայում էի իրեն ու երջանիկ էի։

 

Տատիկս ամենաբարին էր, ու, ինչպես բոլոր բարի մարդիկ, շատ համով էր պատրաստում։ Իրենց տանը միշտ իմ սիրած խնձորով տորթից կար։ Գիշերներն էլ իմ սիրած հեքիաթների գիրքն էր դառնում, ու քանի որ արդեն պատմել էր աշխարհի բոլոր հեքիաթները` հորինում էր։ Մաքուր դարակից հանում էր փոշոտ հիշողությունները՝  հին ու մեծ  ալբոմը, ցույց էր տալիս իր ու պապիս երիտասարդ տարիքի նկարներն ու քթի տակ փնթփնթում։ Հետո խնամքով սրբում էր նկարների վրայի փոշին։ Հպարտանում էր սև ու երկար մազերով, ասում, որ պապս հենց մազերին էր սիրահարվել։ Մի անգամ էլ ակնոցների տակից նեղացած նայեց ու ասաց, որ խնձորով տորթն ավելի շատ եմ սիրում, քան իրեն։ Տորթը կիսատ թողեցի, մոտեցա ու ասացի՝ մի տխրի, երկուսիդ էլ հավասար եմ սիրում։ Սիրում եմ։

 

Տան կողքին այգի ունեինք, որտեղ ամենահամով մրգերն էին աճում։ Ծառերն այնքան բարձրահասակ էին, որ նույնիսկ պապիս ուսերի վրա չէի հասնում։ Պապս ինձ համար միշտ ծիրան էր քաղում, ես էլ նստում էի ծիրանենու տակ ու ուտում։ Հետո, որ էլ խոտերի վրա չնստեմ, ճոճանակ պատրաստեց ու կապեց ծառի ծյուղերից։ Անհոգ էի։

 

Մեկ անգամ նեղացել էի։ Պապիկս գառ էր բերել ու կապել այգում։ Սկզբում վախենում էի, հետո ընկերացանք ու սկսեցինք խաղալ։ Հաջորդ օրը վաղ առավոտյան պատահաբար տեսա, թե ինչպես է պապիկս գառը մորթում։ Երկար ժամանակ չգնացի իրենց տուն։ Մի օր ինքը մեր տուն եկավ՝ ձեռքին խաղալիք գառնուկ։ Մեծանում էի։

 

2000 թիվն էր։ Գիշեր։ Մինչ այդ երբեք չէի տեսել մայրիկիս ու հայրիկիս լացելիս։ Համոզված էի, որ միայն երեխաներն են լաց լինում, ավելի ճիշտ՝ միայն ես։ Չէի հասկանում, թե ինչ է կատարվում, ինչու են բոլորը տխուր ու լաց լինում, ինչու եմ ես տխուր ու ուզում եմ լաց լինել։ Չէի հասկանում, բայց զգում էի, որ չպիտի հարցնեմ։ Պապիկս էր մահացել։ 60 տարեկանում։ Դժվար է ինքնուրույն ծիրան քաղելը։

 

Ամիսներ անց, երբ երեխաներով մուլտ էինք նայում, ու Բեմբիի հայրը հնարավոր ամենասառը ձայնով ասաց՝ մայրդ մահացել է, երեխաներից միայն ես սկսեցի լաց լինել, որովհետև գիտեի։

 

Մենք նման ենք։ Ես շարունակությունն եմ իր աչքերի, դեմքի բարի արտահայտության ու հումորի զգացումի։ Գիտեմ, որ մի փոքր ինքն եմ, բայց ես իրեն ամբողջությամբ եմ կարոտում, իր ծնկներին, ձեռքերի վրա քնելուն, քաղած ծիրաններին։ Ես գիտեմ, թե ում եմ ուզում նմանվել, ինչպես ինքն էր հաճախ ասում.

 

«Էս կեսկիլոն իմ էրեխեն ա, ձեզ ուրիշ գտեք»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին