Իմ պապիկը... Պապիկ, ում աշխարհում եւ ամենից շատ էի սիրում, այլեւս ինձ հետ չէ, բայց միայն ֆիզիկապես, իսկ հոգեպես անբացակա է իմ մտքերից, միշտ ուղղորդել ու ուղղորդելու է ինձ:
Պապիկ, ով ամենալավն էր հասկանում ինձ եւ ում խորհուրդների կարիքը հիմա ավելի շատ եմ զգալու: Մեկ շաբաթ է, ինչ կորցրել եմ նրա հետ անձնապես հաղորդակցվելու հնարավորությունը, բայց մտքերում միշտ լսում եմ խրատները, բարի ու անկեղծ խորհուրդները, հիշեցնում, որ անպայման խմի դեղերն ու դադարի ներշնչել, որ հիվանդ է:
Ո՜նց եմ կարոտելու պապիս բարակ ձայնը, «հա ջան», «իմ բալա», «մատաղ լինեմ» արտահայտությունները: Կարոտելու եմ, որովհետեւ էլ չեմ լսելու, բայց եւ չեմ մոռանալու: Կարոտելու եմ պապիս ժպտացող աչքերը, որոնց խորքում այնքա՜ն տանջանք ու միեւնույն ժամանակ երջանիկ օրերը նշմարող փայլ կար: Կարոտելու եմ փոս ընկած այտերը, որոնք համբուրելիս ինձ աշխարհի ամենաերջանիկն էի զգում, կարոտելու եմ մշտապես սառած ձեռքերը, որոնց ուզում եմ դիպչել, բայց անկարող եմ: Ինչքա՜ն ծրագրեր մնացին անկատար:
Անհոգ մանկությանս պայծառ հիշողությունների համար պարտական եմ նաեւ պապիս, ում մշտական եւ անփոխարինելի ուղեկիցն էի ես` պապիս անդրանիկ թոռը:
Պապս բնություն պաշտող մարդ էր: Արարատի մարզի Ռանչպար գյուղում այգի ուներ, որին անվարձահատույց (բարեկամի այգին էր) տիրություն էր անում, ծառեր էր տնկել: Տարիներ անց «հայտնվեց» այգու սեփականատերն ու վաճառեց այն: Վերջերս էր, հիշողությունների հետքերով պապս գնաց տեսնելու այգին, ծառերը, բայց փոխարենը կոճղեր գտավ: Որքան էր հուզվել, փոքր երեխայի նման արտասվում էր. չէ՞ որ ամեն ծառի հետ ինքն էլ էր մեծացել, ուրախացել ամեն բողբոջի, ծաղկի ու պտղի համար. «Մեղք էին ծառերը, ախր նրանց խնամել առանձնապես պետք չէր»:
Սիրում էր իր ծննդավայրը` Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղը, որտեղ թողել էր մանկության չարաճճի հիշողությունները, որտեղ ծանոթացել էր իր առաջին եւ միակ սիրո հետ: Մահից առաջ էլ աչքը գյուղի ճամփին էր, բայց, ցավոք, ցանկությունն անկատար մնաց:
Պապս ուրիշի ցավով միշտ վշտացող, ուրախությամբ ուրախացող ու ծանոթ-անծանոթի բարին կամեցող անձնավորություն էր: Մարդ, ում կորստյան ցավը դարձել էր ոչ միայն մեր` հարազատներիս վիշտը, այլ ծանոթ-անծանոթի, ով երբեւէ շփվել էր պապիս հետ:
Ցավոք, այս կյանքում մարդն ուղղակի անկարող է քննել կամ փոխել Աստծու որոշումները: Ինչեւէ, Աստված երեւի վերեւում էլ լավ մարդկանց կարիքն ունի:
Հողդ թեթեւ լինի վրադ, իմ բարի Ռաֆիկ պապիկ: Համոզված եղիր, որ քո զավակների, թոռների ու ծոռների հետ են մնացել ու դեռ շարունակելու են փոխանցվել խորհուրդներդ, միշտ միասնական ու սիրով մնալու կոչերդ,չարին բարով պատասխանելու հորդորներդ:
Որքան կուզեի նորից լսել բարակ ձայնդ, բայց, ավա՜ղ…
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: