STARMUS-ի հյուրերը. «Քնած գեղեցկուհուն» արթնացրած Ժան-Ժակ Դորդենը - Mediamax.am

exclusive
2798 դիտում

STARMUS-ի հյուրերը. «Քնած գեղեցկուհուն» արթնացրած Ժան-Ժակ Դորդենը


Լուսանկարը` ESA

Լուսանկարը` ESA

67P/Churyumov–Gerasimenko գիսաստղը «Ռոզետա»-ից
67P/Churyumov–Gerasimenko գիսաստղը «Ռոզետա»-ից

Լուսանկարը` ESA

Լուսանկարը` ESA

Լուսանկարը` ESA

Լուսանկարը` ESA

Լուսանկարը` ESA


Տիեզերք թռչելն ու տիեզերական հայտնագործություններ կատարելն, իհարկե,  գրավիչ է, սակայն դա հնարավոր չէր լինի առանց այդ ոլորտի կառավարման հմուտ մասնագետների: Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) նախկին տնօրեն Ժան-Ժակ Դորդենի ղեկավարման շնորհիվ են իրականություն դարձել մի շարք տիեզերական ծրագրեր:

 

Այս տարի նա եւս կժամանի Հայաստան՝ մասնակցելու սեպտեմբերի 5-10-ը կայանալիք STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնին:

 

Մեդիամաքսը ներկայացնում է 4 հետաքրքիր փաստ Ժան-Ժակ Դորդենի մասին:

 

Փաստ № 1. Կանգնել է Լուսին ոտք դրած առաջին մարդու ոտքին

 

Խորհրդանշական է, որ Ժան-Ժակ Դորդենն իր մեխանիկական ինժեների մասնագիտության ուսումն ավարտել է ճիշտ այն պատմական օրը, երբ Նիլ Արմսթրոնգը ոտք է դրել Լուսնի վրա: Դրանից մոտ երկու տարի անց Paris-Le Bourget-ի ընթացքում (միջազգային ավիատիեզերական ցուցահանդես Փարիզում) երիտասարդ Դորդենը ձգտում էր ճեղքել բազմությունը. նա չէր կարող թույլ տալ, որ Լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդն անցնի Փարիզով առանց իրեն հանդիպելու:

 

Լուսանկարը` ESA

 

«Ես քայլում էի նրա դիմացով: Երդվում եմ, որ նախապես չէի ծրագրել: Ասացի նրան. «Լսի´ր, ձեռքդ սեղմելն ինձ չի հետաքրքրում, բայց կարո՞ղ եմ կանգնել ոտքիդ»: Նա ծիծաղից պոռթկաց ու թույլատրեց: Ահա այդպես ես կանգնեցի Լուսնի վրա ոտք դրածի ոտքին»,- պատմել է Դորդենը La Voix du Nord ֆրանսիական պարբերականին:

 

Փաստ № 2. 12 տարվա ռեկորդային ղեկավարություն

 

1977 թվականին Դորդենը դառնում է ֆրանսիացի այն 5 տիեզերագնացներից մեկը, որոնք պետք է մասնակցեին ամերիկյան Spacelab ծրագրին, սակայն տիեզերք թռչելու հնարավորություն այդպես էլ չի ունենում: Փոխարենը 1986 թվականին միանում է Եվրոպական տիեզերական գործակալությանը (ESA):

 

2003 թվականին ընտրվում է ESA-ի տնօրենի պաշտոնում եւ ղեկավարում այն 12 տարի: Սա ռեկորդային թիվ է ոչ միայն ESA-ի, այլեւ աշխարհի այլ տիեզերական գործակալությունների համար: 2015 թվականին նրա թոշակի անցնելուց հետո SpaceNews պարբերականը գրում է հետեւյալը.

 

Լուսանկարը` ESA

 

«Առաջնորդությունը կարող է սահմանվել որպես մի քանի կողմերի մեկ նպատակի համար համատեղ աշխատեցնելու կարողություն, որակ, որը հեշտ չի տրվում, երբ այդ կողմերը ինքնիշխան պետություններ են, յուրաքանչյուրն իր ուրույն պատմությամբ, ֆինանսական միջոցներով, գիտական եւ արդյունաբերական օրակարգով եւ ազգային հպարտությամբ: Բայց այս որակը պարբերաբար դրսեւորվում էր Ժան-Ժակ Դորդենի՝ Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավարման 12 տարիների ընթացքում»:

 

Փաստ № 3. «Ռոզետա»-ի եւ գիսաստղի հանդիպումը

 

ESA-ի պատմության նշանավոր դրվագներից մեկը՝ «Ռոզետա» ավտոմատ միջմոլորակային կայանի առաքելությունը եւս իրականացվել է Ժան-Ժակ Դորդենի ղեկավարության տարիներին: Այն տիեզերք է ուղարկվել 2004 թվականին՝ 67P/Churyumov–Gerasimenko գիսաստղի ուսումնասիրության նպատակով:

 

10 տարի 5 ամիս եւ 4 օր տեւած 6,4 միլիարդ կմ ճանապարհորդությունից հետո միայն «Ռոզետան» հասավ իր գիսաստղին: Քանի որ այն աշխատում էր արեւային էներգիայով, իսկ որոշ ժամանակ գտնվելու էր արեւից շատ հեռու եւ չէր կարողանալու էներգիա ստանալ, 2011 թվականին միացվեց քնի ռեժիմը: Այս շրջանում աշխատում էր միայն «Ռոզետա»-ի համակարգիչը եւ որոշ տաքացուցիչներ, քանի որ պետք էր համոզվել, որ այն չի սառչի արեւից շատ հեռու գտնվելով:

 

2014 թվականին, երբ գիսաստղի հետ հանդիպում մոտ էր, ամբողջ աշխարհում սպասում էին «Ռոզետայի» «արթնանալուն»: Այդ օրերին Ժան-Ժակ Դորդենը մյուս կոլեգաների պես շատ հուզված էր, որովհետեւ իրենց «քնած գեղեցկուհին» պետք է արթնանար միայնակ, քանի որ «արթացնելու համար արքայազն ուղարկել չէին կարող»:

67P/Churyumov–Gerasimenko գիսաստղը «Ռոզետա»-ից 67P/Churyumov–Gerasimenko գիսաստղը «Ռոզետա»-ից

Լուսանկարը` ESA

Դորդենի խոսքով՝ «Ռոզետայի»՝ գիսաստղի վրա զոնդ իջեցնելու օրը պետք է մտնի պատմության դասագրքեր. «Այն ոչ միայն առաջինն է, որ հանդիպում է գիսաստղի ու պտտվում դրա շուրջը, այլեւ առաջինն է, որը վայրէջք է կատարում գիսաստղի մակերեւույթին: «Ռոզետայի» հետո մենք նոր դուռ ենք բացում դեպի Երկիր մոլորակի ծագումնաբանություն ու նպաստում ապագայի ավելի լավ ըմբռնմանը: ESA-ը եւ գործընկերները այսօր արտառոց նվաճում ունեցան»,- ասել է նա:

 

Փաստ № 4. Վճռորոշ դերը միջազգային համագործակցություններում

 

Դորդենի խոսքով՝ եթե ESA-ն ադմինիստրատիվ իմաստով ինչ-որ բան կարող է սովորեցնել աշխարհին, ապա դա համաշխարհային համագործակցությունն է: Նրա ղեկավարման տարիներին ESA-ին հաջողվել է մի շարք կարեւոր միջազգային համագործակցությունների հասնել:

Լուսանկարը` ESA

2011 թվականին հենց Դորդենի շնորհիվ հաջողվեց «Սոյուզ» ռուսական տիեզերանավի թռիչքը եվրոպական տիեզերակայանից, որով տիեզերական ոլորտում Ռուսաստանի եւ Եվրոպայի ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակ դուրսբերվեց:

 

Դորդենը խթանել է նաեւ Ճապոնիայի հետ համագործակցությունը հատկապես մոլորակների հետախուզման ուղվածության BepiColombo ու Երկրի ուսումնասիրման ուղվածության EarthCare առաքելությունների շրջանակում:

 

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի տոմսերը կարող եք ձեռք բերել այս հղումով. https://www.starmus.com/tickets

 

Գայանե Ենոքյան

 

Կարդացեք նաեւ. STARMUS-ի հյուրերը. 8 փաստ լուսնագնաց Չարլի Դյուկի մասին

 

Կարդացեք նաեւ. STARMUS-ի հյուրերը. 4 փաստ «այլմոլորակայինների որսորդ» Ջիլ Թարթերի մասին

Կարդացեք նաեւ. STARMUS-ի հյուրերը. Գրավիտացիոն ալիքները «սանձող» Քիփ Թորնը

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին