«Ամեն մի կտորը՝ պատմություն». Արցախի հացը Աչաջուրում - Mediamax.am

exclusive
123 դիտում

«Ամեն մի կտորը՝ պատմություն». Արցախի հացը Աչաջուրում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Տավուշի մարզկենտրոն Իջեւանից ընդամենը 15 կմ է բաժանում տեղի ամենագեղատեսիլ, աշխույժ ու բազմամարդ գյուղերից մեկը՝ Աչաջուրը։ Գյուղ մտնելուն պես աչք են շոյում նախ խաղողի բավականին հարուստ այգիները, հետո՝ վերեւից երեւացող տների խտությունը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 4 000 հոգուց ավելի է գյուղի բնակչությունը, տեղացիները պնդում են՝ ավելի շատ են։ 

 

Միկրոավտոբուսի վերջին կանգառն է մեզ պետք. «Արցախցիների փուռը ո՞րտեղ է», - հարցնում ենք եւ միջին տարիքի աչաջուրցին միանգամից մատնանշում է նորաբաց, դրսից բավականին տրամադրող գույների մեջ հացի եւ հրուշակեղենի արտադրամասը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտադրամասի հիմնադիր Դավիթ Ավագյանի հետ «Սոս մանկական գյուղեր»-ի իջեւանյան գրասենյակի՝ տեղահանված արցախցիների համար կազմակերպած կյանքի հմտությունների դասընթացին էինք ծանոթացել։ Սկզբում ինքնամփոփ ու շատ քիչ խոսող երիտասարդի՝ ամիսներ անց «Իմ առաջին արտադրանքը» գրությամբ ուղարկած «մատնաքաշ» հացի նկարը չէր կարող անտարբեր թողնել, ավելին՝ չհասցնել մեզ Աչաջուր։

 

Ավագյանների ընտանիքն ու հարազատները Մարտակերտի շրջանից են տեղահանվել Տավուշ։ Աչաջուրում են հյուրընկալվել, այլ տարբերակներ չեն էլ դիտարկել, այստեղ հարազատներ ունեին․

 

«Իմ քուր էստեղ ա իլյալ ամուսնացած, 30 տարուց ավելի։ Եկալ ընք ուրանց տոն, 21 հոգով․․․Լոխ եկալ ընք ուրանց տոն։ Մի քանի օրից հետո տներ ենք ճարալ, առանձին-առանձին, 3 տոն։ Մունք նախկինում էլ եկած ենք իլյալ էս շենը, ծանոթ ենք, որ լավ գյուղ ա, զարգացած գյուղ ա ու որպեսզի մնանք միասին ու իրար օգնական՝ մնացինք բոլորս էստեղ։ Իրար թեւ թիկունք» ,- պատմում է Դավիթի մորաքույրը՝ Գաննան, ով արտադրամասի շարժիչ ուժը լինի կարծես՝ իր տիպիկ արցախյան  նախաձեռնողականությամբ ու արագաշարժությամբ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Գաննայի խոսքով՝ եթե տուն ձեռք բերելու հնարավորություն լինի՝ անպայման հենց Աչաջուրում կփնտրեն իրենց նոր, արդեն ոչ ժամանակավոր անկյունը։

 

«Մեր Ղարաբաղի տարածքին ա նման։ Մերը Մոխրաթաղ, Մաղավուզ, մեր գյուղերն են, իրար մոտիկ էին։ Ժողովուրդն էլ համարյա նույն ձեւի են խոսում, մի քիչ երկարացնելով։ Արդեն սըվերալ ընք էս ժողովրդին։ Քյոմագ ընելն էլ գիդում ըս հունց ա... Անպայման չի քեզ էս պիրին, էն պիրին։ Բայց վեր քեզ հետ լավ են վերաբերվում, նի ես մտնում խանութ, վերաբերմունքը... Զգում ես, որ քեզ գնահատում են, ախր էդ էլ ունի նշանակություն։ Եթե հետագայում հնարավորություն ինի, մեր տոնը ինի՝ ստեղ ընք օզում։ Երեւան մունք քինան չընք։ Ամեն ինչ ստեղծալ ընք, հող ենք մշակում, կենդանի ենք պահում։ Ես շատը զբաղվում եմ թռչնաբուծությամբ, ճուտ եմ հանում, վաճառքի եմ հանում, ձու ենք վաճառում։ Իմ հավերը շատ ընտիր հավեր են։ Դավիթն էլ էս բիզնեսով ա զբաղվում, նաեւ ճագար ա պահում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընտանիքի կանանց մի մասին հացթուխի պատվավոր գոգնոցը մեկնած Դավիթին հացի արտադրամաս հիմնելու հարցում նախ Ավետարանչական եկեղեցու՝ տեղահանված արցախցիներին ուղղված բիզնես ծրագրերից մեկն է օգնության ձեռք մեկնել, ապա տեխնիկական համալրմանը մասնակցել է նաեւ ՀՕՖ-ը։

 

«Իմ եղբոր նշանածը հրուշակագործ է։ Երբ հարցրին, թե ի՞նչ գործ կուզեի այստեղ նախաձեռնել՝ մի քանի տարբերակ եմ մտածել, այդ թվում սա, մտածելով, որ իրենք կամուսնանան՝ միասին այս գործը կանենք։ Հետո զանգեցին, ասացին, որ սա կարող է ստացվել», - պատմում է Դավիթը՝ խոստովանելով, որ արդեն փորձառու եւ ծանոթությունների լայն շրջանակ ունեցող տեղացի մրցակիցների հետ «ոտք գցելն» այդքան էլ հեշտ չէ, սակայն ջանք ու եռանդ չեն խնայում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեզանից բացի եւս 2 հացի փուռ կա գյուղում, սա նոր է, իսկ մյուսները՝ 10-15 տարվա փուռեր են։ Դե, բնականաբար, ունեն իրենց մշտական հաճախորդները վաղուց։ Այժմ եւ՛ գյուղի խանութներին էլ եմ մատակարարում մեր հացը, եւ՛ Իջեւան եմ տանում, եւ՛ արդեն սկսել եմ տարածվել դեպի Շամշադին», - պատմում է երիտասարդ ձեռնարկատերը՝ հպարտությամբ մատնանշելով նաեւ իրենց բերած նորույթները. 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Օրինակ՝ գյուղում լահմաջուն իլյալ չի, մունք ըրալ ընք, պիցցան իլյալ չի, մունք ըրալ ընք, գաթան, ժենգյալավ հաց»...

 

Դավիթի մայրը՝ տիկին Հերմինեն իրեն հատուկ համեստությամբ նշում է, որ լահմաջունի հետ միասին արցախյան ժենգյալով հացն ամենավաճառված ապրանքն է, ինչ-որ պահի նույնիսկ չեն հասցրել բավարարել պահանջը։ Այժմ արցախյան խորհրդանիշ դարձած այդ «ֆասթ ֆուդի» սեզոնը նահանջում է՝ բույսերի մի մասի բացակայության պատճառով, սակայն առջեւում են արցախյան փախլավայի վայելքի օրերը. սպասում են այս տարվա թարմ ընկույզին։ Ընտանիքի կանայք նաեւ պատվերով տոնական տորթեր են պատրաստում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթն ասում է, որ Աչաջուրը տարածքի ամենաինքնաբավ գյուղերից մեկն է. այստեղ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ կա՝ դպրոց, մեծ ու փոքր խանութներ, հիվանդանոց, անգամ՝ ավտոտեխսպասարկման կետեր։ Այստեղ հաստատված տեղահանված ընտանիքներից ոչ բոլորն են, սակայն, մնացել Աչաջուրում, այժմ նրանց թիվը մոտ 10-ն է։ Մեր զրուցակիցներն էլ չեն թաքցնում՝ թյուր է կարծիքը, թե գյուղերում տները մատչելի են. Աչաջուրում թե՛ վարձավճարներն են բավականին անհամեստ, թե՛ տների վաճառքի գները։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հացի արտադրամասի տարածքը վարձակալությամբ են շահագործում, սակայն խնդիրն ավելի շատ հոսանքի տատանումներն են, որոնցից յուրաքանչյուրից հետո եթե խմորը չի փչանում՝ կանայք ուղղակի խաչակնքվում են՝ «Լյավ ընք պրծալ»։ Հենց մեր զրույցի ընթացքում էլ լույսը երկու անգամ փորձարկեց հացթուխ կանանց քար համբերությունը։ Իրականում, սակայն, միշտ չէ, որ ամեն ինչ լավ է ավարտվում։ Ավելի հզոր հոսանքային լարեր տեղադրելու համար մեծ ներդրումներ են պետք, որոնք այս պահին Ավագյանները չունեն։ Չունեն նաեւ համապատասխան մեծ սառնարան, որը թույլ կտար ավելի շատ ապրանք ստեղծել ու իրացնել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տավուշի զբոսաշրջային կարեւոր ուղղություններից մեկի՝ Մակարավանքի ճանապարհին գտնվող արցախյան այս անկյունը դժվար թե շփոթեք. Արցախի «Դեդո Բաբո»-ն եւ «Արիաննա»  ցուցանակը կհուշի, որ տեղում եք։ Արիաննան Ավագյանների կրտսեր դուստրն է, եւ ինչպես հաճախ լինում է հայկական ընտանիքներում՝ սիրո ամենամեծ դրսեւորումը նրա անվան շուրջ պետք է պտտվեր, նույնիսկ՝ բիզնեսում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմներից ու գաղթից գրեթե չեն խոսում այս արտադրամասում։ Միայն հույս ունեն՝ աշխատելու եւ աշխատանքը իրացնելու այս փոքրիկ անկյունը ոտքի վրա պահել, եւ մի օր լինել արդեն ձեռք մեկնողի եւ հույսը տարածողի կարգավիճակում, ինչպես որ սիրելի տանն էր։

 

Սոֆիա Հակոբյան 

 

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին