Արցախցի արվեստագետների ու երեխաների երջանկության կղզի «ԿերամաԶարդը» - Mediamax.am

exclusive
172 դիտում

Արցախցի արվեստագետների ու երեխաների երջանկության կղզի «ԿերամաԶարդը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էռնա Մկրտչյան
Էռնա Մկրտչյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիանա Հովսեփյանը երեխաների հետ աշխատելիս
Դիանա Հովսեփյանը երեխաների հետ աշխատելիս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ազատուհի Սիմոնյանը
Ազատուհի Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Միջինում մարդն իր գիտակցական կյանքի մեկ երրորդ մասն անցկացնում է աշխատավայրում, ուստի երջանիկ կյանք ապրելու մեջ աշխատանքն առանցքային դեր ունի: Ըստ ճապոնական «Իկիգայի» սահմանման՝ «կյանքի գործում» չորս հիմնական գործոն է կարեւոր. անել այն, ինչը սիրում ես, ինչը քեզ մոտ լավ է ստացվում, ինչի կարիքն ունի աշխարհն ու ինչի համար կվճարվես: Այս բոլոր բաղադրիչների համատեղումը հեշտ մարտահրավեր չէ, սակայն դրա իրականացմանն են ձգտում «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանում՝ փորձելով ստեղծել երջանիկ ու օգտակար միջավայր աշխատակիցների ու արվեստանոցի հյուրերի համար: 

 

Մեդիամաքսը պատմում է «ԿերամաԶարդ» սոցիալական ձեռնարկատիրության գործունեության, նպատակների ու երջանկության ամպիկներ ստեղծելու ձգտման մասին:

 

Աշխատատեղեր արվեստի ոլորտում 

 

«ԿերամաԶարդ»-ը հիմնադրվել է 2022 թվականի վերջին «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի կողմից: Վերջինիս խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանը ծնունդով Իրանի Սպահան քաղաքից է՝ Նոր Ջուղա հայ համայնքից, սակայն արդեն 25 տարի է ապրում է Հայաստանում: Նա երկար տարիներ աշխատել է Արցախի Հանրապետությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իսկ վերջին տարիներին եղել է Արցախի նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդականը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ազատուհու խոսքով՝ սոցիալական ձեռնարկատիրությունը հիմնելու գաղափարը բխել է անհրաժեշտությունից. 2020 թվականի պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված տասնյակ-հազարավոր մարդիկ աշխատանքի խնդիր ունեին: Հիմնադրամի հետ սկսել են կապ հաստատել արվեստի ոլորտի տարբեր գործիչներ՝ նկարիչներ, քանդակագործներ, որոնք դժվարանում էին մասնագիտությամբ աշխատանք գտնել: 

 

«Ցանկանում էինք սկսել մի այնպիսի ծրագիր, որն արվեստի ոլորտի գործիչներին կապահովեր աշխատանքով եւ միեւնույն ժամանակ կկարողանար ինքնաֆինանսավորվել, որպեսզի մշտապես կախում չունենանք նվիրատուներից: Ծնվեց գաղափար ստեղծելու խեցեգործական արվեստանոց, որտեղ արցախցի արվեստագետները վերապատրաստվելուց հետո կկարողանան արտադրել կերամիկական իրեր՝ ոգեշնչվելով մեր ազգային մշակույթի ժառանգությունից, իսկ արտադրանքի վաճառքով հնարավոր կդառնա ապահովել ծրագրի շարունակականությունն ու ընդլայնումը»,- ասում է «ԿերամաԶարդ»-ի հիմնադիրը: 

 

Գաղափարի առաջին հավատացողներից էր SPFA Arménie կազմակերպությունը, որի սկզբնական ներդրման շնորհիվ էլ ծրագիրը հնարավոր դարձավ: 

 

Ստեղծագործելու միջավայր ու մշակութային պայքար

 

Հետզհետե, «ԿերամաԶարդը» դարձել է ոչ միայն աշխատավայր, այլեւ այնպիսի միջավայր, որտեղ արվեստագետները կկարողանան ազատ ստեղծագործել ու իրենց երջանիկ զգալ: Այսօր արվեստանոցն ունի 9 աշխատակից, որոնցից 8-ն Արցախից են: 

Լուսանկարը` Մեդիամաքս

«ԿերամաԶարդ»-ի գլխավոր նկարչուհի Էռնա Մկրտչյանը 27 տարի աշխատել է Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որտեղ նկարչություն է դասավանդել: Նա նաեւ Արցախի Նկարիչների միության անդամ է: 

 

2023 թվականի բռնի տեղահանությունից հետո Էռնայի համար շատ կարեւոր էր շարունակել աշխատել մասնագիտությամբ, քանի որ դա այն է, ինչն իրեն հոգեհարազատ է: 

 

«Արդեն մեկ տարի է այստեղ եմ աշխատում: Շատ հանգիստ միջավայր է, նաեւ ստեղծագործական ազատություն կա, ինչն արվեստագետի համար առանցքային է: Աշխատանքները ստեղծելիս, թեեւ մշտապես ոգեշնչվում եմ ավանդական զարդանախշերից, փորձում եմ նաեւ ստեղծագործել՝ դարձնելով աշխատանքներն ավելի նորաոճ»,- պատմում է նկարչուհին: 

Էռնա Մկրտչյան Էռնա Մկրտչյան

Լուսանկարը` Մեդիամաքս

«ԿերամաԶարդ»-ի արվեստանոցում ավելի քան հարյուր միավոր ապրանքատեսակ կա, սակայն դրանց դիզայնը խիստ բազմազան է՝ հաճախ նաեւ եզակի: Էռնա Մկրտչյանը նաեւ սկսել է կերամիկական սպասքի հավաքածուների նկարազարդում՝ ոգեշնչվելով Թումանյանի հեքիաթներից: 

 

«Կարծում եմ, որ երեխաների համար թե´ հետաքրքիր են, թե´ ուսուցանող»,- ասում է նկարչուհին: 

 

Ազատուհի Սիմոնյանի խոսքով՝ յուրաքանչյուր կավե արտադրանք եռակի թրծում է անցնում. դա թեեւ ծախսատար է, սակայն բարձր որակի գրավականն է: Բացի զուտ գեղեցիկ իրեր լինելուց՝ «ԿերամաԶարդ»-ի արտադրանքներն ունեն նաեւ «անձնագիր», որը պատմում է պատկերված զարդանաշխի ծագման ու խորհրդի մասին: 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս գործունեությամբ թեկուզ փոքր, բայց կարեւոր պայքար ենք տանում նաեւ մշակութային պատերազմում՝ ձգտելով հանրահռչակել այն ժառանգությունը, որը եւս թշնամին ցանկանում է յուրացնել»,- ասում է արվեստանոցի հիմնադիրը:   

 

Կավաթերապիա՝ արցախցի երեխաների համար

 

«ԿերամաԶարդը», որպես սոցիալական ձեռնարկատիրություն, բացի արցախցիների համար աշխատատեղեր ապահովելուց ունի եւս մեկ նպատակ՝ աջակցել արցախցի երեխաներին պատերազմի եւ տեղահանության հետեւանքով առաջացած հոգեբանական մարտահրավերների հաղթահարման հարցում: 

Աշխարհում շատ հայտնի է կավաթերապիան՝ որպես արտթերապիայի արդյունավետ մոդել: Արվեստանոցի մասնագետներն անվճար դասընթացներ ու թերապիա են անցկացնում երեխաների հետ՝ մի կողմից փոխանցելով գիտելիք, մյուս կողմից՝ օգնելով դուրս մղել վախերն ու սթրեսը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«ԿերամաԶարդ»-ի տնօրեն Դիանա Հովսեփյանը, որը նաեւ ծրագրի հոգեբանն ու կավաթերապեւտն է, պատմում է, որ կավաթերապիայից հետո երեխաները հաղթահարում են մանր մոտորիկայի հետ կապված խնդիրները, ձերբազատվում են շփման պատնեշներից, զարգացնում խոսքը: 

 

«Կավն ունի նաեւ մագնիսի նման հատկություն. այն վերցնում բացասական էներգիաները: Բացի բուն կավաթերապիայի ազդեցությունից, արվեստանոցը նաեւ համայնքային ջերմ շփումների վայր է դարձել. այստեղ գալիս են Արցախում նույն թաղամասում ապրած երեխաներ ու ծնողներ, նորից վերականգնում կորցրած կապը, ավելի մտերմանում ու օգնում միմյանց»,- ասում է հոգեբանն ու հավելում, որ յուրաքանչյուր կավաթերապիայից հետո կապ են հաստատում մայրիկների հետ՝ հասկանալու արդյունավետությունն ու հիմնականում դրական արձագանքներ են ստանում:

Դիանա Հովսեփյանը երեխաների հետ աշխատելիս Դիանա Հովսեփյանը երեխաների հետ աշխատելիս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ թեեւ մեկ կավաթերապիայի համար նախատեսված է 1-1,5 ժամ, սակայն, հաճախ, երեխաները ցանկություն են հայտնում շատ ավելի երկար մնալ, իսկ հաջորդ այցին անհամբերությամբ են սպասում: 

 

Երկուսուկես տարվա գործունեության ընթացքում «ԿերամաԶարդ»-ը կարողացել է հյուրընկալել շուրջ 500 արցախցի երեխայի: Թիմը շարունակաբար ջանում է, որպեսզի կարողանա նոր նվիրատուների գտնել՝ ծրագիրն ընդլայնելու համար:

 

«Հենց այս պահին շուրջ 250 արցախցի երեխա է հերթագրված մեզ մոտ անվճար կավաթերապիայի ու կավագործության գալու համար: Որպեսզի կարողանանք շատերին ընդունել, նաեւ վճարովի դասեր ենք անցկացնում ոչ արցախցիների համար՝ բացատրելով, որ կավագործության մեկ ժամի դիմաց վճարված 4000 դրամը, բացի հմտություն ու իրենց ձեռքով ստեղծած մեկ իր ստանալու ուրախությունից՝ նաեւ հնարավորություն է տալիս 1-2 արցախցի երեխայի եւս հաճախելու մեզ մոտ»,- մանրամասնում է Ազատուհին: 

 

Սոցիալական ազդեցություն՝ բիզնես շահույթի փոխարեն

 

«ԿերամաԶարդ»-ի արտադրանքը վաճառվում է Հայաստանի գրեթե 25 խանութներում, ներկայացված է մի քանի հյուրանոցներում ու ռեստորաններում: Ազատուհի Սիմոնյանի խոսքով՝ վաճառքից ստացված ամբողջ գումարը վերադառնում է ծրագրին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներկայումս կարողանում են ապահովել ծախսածածկի 50-60%-ը, իսկ մնացյալի համար դեռեւս ունեն նվիրատուների աջակցության կարիքը: 

 

«Ցավոք Հայաստանի շուկան սահմանափակ է, արտահանումն էլ բավականին դժվարեցված: Չնայած խնդիրներին՝ փորձում ենք կամաց-կամաց առաջ շարժվել»,-ասում է նա:

 

«ԿերամաԶարդ»-ի հիմնական նվիրատու-գաղափարակիցներից է Վահե Ֆաթթալ հիմնադրամը: Վահե Ֆաթթալը սիրիահայ արվեստագետ է, որը նաեւ Արցախի Հանրապետության եռագույն դրոշի ու Արցախյան շարժման խորհրդանիշ բռունցքի դիզայներն է:   

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սրանք Արցախի պետականության կայացման ու նաեւ մեր գիտակցության մեջ մեծ դեր ունեցող խորհրդանիշեր են: Ես շատ հպարտ եմ, որ նման գործընկերներ ունենք, քանի որ դա նշանակում է՝ ճիշտ ճանապարհի վրա ենք»,- հավելում է Ազատուհին:

 

Երջանկության ամպիկը, որ կանձրեւի բոլորի համար

 

Ծրագրի մեկ այլ ազդեցություն է երեխաների շրջանում դեպի արվեստի ճյուղեր սեր արթնացնելը: Ազատուհու համար այս գործոնն առանձնահատուկ կարեւոր է, քանի որ ըստ նրա՝ արվեստն օգնում է ավելի երջանիկ լինել: 

Ազատուհի Սիմոնյանը Ազատուհի Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ մարդը կարող է շատ գումար վաստակել, սակայն չանել իր սիրելի աշխատանքը ու այդ դեպքում «սրտում ոչինչ չի առկայծի»:

 

«Մեր արվեստանոցում հակառակն է. թեեւ աշխատավարձը շատ բարձր չէ, բայց մենք մեզ լավ ենք զգում, մեր թիմն իրեն հասարակության մեջ օգտակար է զգում: Հիմա, երբ երեխաները կգան կավաթերապիայի, մեր կավագործներն իրենց հմտությունը կսկսեն փոխանցել իրենց ցավը կիսողներին՝ առանց որեւէ ակնկալիքի: Եվ հենց այստեղ է, որ մեկը մյուսին օգնելով ձեւավորվում է երջանկության ամպիկը»,- ասում է Ազատուհին: 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի շատ հայտնի ու ինձ համար գործող խոսք կա. դու երբեք չես կարող դժոխքում դրախտ կառուցել: Անգամ եթե ինքդ ապրում ես դղյակում, բայց հարեւանդ քաղցած է, քո դրախտը չի կարող լիարժեք լինել: Մեր տեսլականն այն է, որ բոլորս ապրենք համահավասար մի միջավայրում, որտեղ մեկի դրախտը մյուսի դժողքին չի հանդիպում: Դա անելու համար պետք է միմյանց հասկանալ եւ անկեղծորեն ապրումակցել»,- ամփոփում է նա: 

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին