«Մարկ Գրիգորյանի հետ զբոսանքից հետո նորից սիրահարվեցի Երեւանին» - Mediamax.am

exclusive
309 դիտում

«Մարկ Գրիգորյանի հետ զբոսանքից հետո նորից սիրահարվեցի Երեւանին»


Կարինե Քոչարյանը, Մարկ Գրիգորյանը, Գոհար Հարությունյանը եւ Աննա Պերյանը
Կարինե Քոչարյանը, Մարկ Գրիգորյանը, Գոհար Հարությունյանը եւ Աննա Պերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարուհի Սարիբեկյանը՝ աջից
Զարուհի Սարիբեկյանը՝ աջից

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինե Քոչարյանը, Աննա Պերյանը եւ Գոհար Հարությունյանը
Կարինե Քոչարյանը, Աննա Պերյանը եւ Գոհար Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինե Քոչարյանը
Կարինե Քոչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը եւ Աննա Պերյանը
Մարկ Գրիգորյանը եւ Աննա Պերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար Հարությունյանը եւ Մարկ Գրիգորյանը
Գոհար Հարությունյանը եւ Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունիսի 16-ից 20-ը Մեդիամաքսը եւ ARARAT-ն անցկացրել էին համատեղ թեստ-խաղ՝ նվիրված ARARAT-ի Երեւան ձայնային ուղեցույցին։ 

 

Բոլոր հարցերին ճիշտ էր պատասխանել 12 մասնակից, իսկ նրանցից  վիճակահանությամբ ընտրվածները հնարավորություն էին ստացել զբոսնել Երեւանով ձայնային ուղեցույցի հեղինակ, գրող Մարկ Գրիգորյանի հետ։ 

 

Զբոսանքի երթուղին սկսվում էր Ռադիոյի տան մոտ եւ անցնելով Երեւանի կենտրոնով՝ ավարտվում Phoenix բարում, որտեղ ARARAT-ի հիմքով պատրաստված կոկտեյլների ուղեկցությամբ հերթը հետաքրքիր եւ ջերմ զրույցներինն էր։ 

 

Մեդիամաքսը եւս մասնակցել է զբոսանքին՝ արձանագրելով մասնակիցների տպավորությունները։ 

 

Ռադիոյի տան «ռիթմը», եռանկյունաձեւ Շախմատի տունն ու Վան Խաչատուրի «թաքնված» ստեղծագործությունը 

 

Ռադիոյի տան մոտ թեստ-խաղի հաղթող մասնակիցներին հանդիպելուց եւ ծանոթանալուց հետո Մարկ Գրիգորյանն անմիջապես մոտենում է Հնչող արձանին եւ ստուգում՝ լսվում է արդյոք «քարե» ռադիոընդունիչի երաժշտությունը.

 

«Սա կարեւոր է։ Լավ ավանդույթները պետք է պահպանել»։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Խոսելով ARARAT-ի ձայնային ուղեցույցի մասին՝ բացատրում է՝ ցանկանում էր հետաքրքիր զբոսանք ստեղծել Երեւանով, որն անուղղակի կապ կունենա նաեւ Երեւանի կոնյակի գործարանի հետ։ 

 

Արդյունքում Ռադիոյի տան մոտ սկսվող, Սայաթ-Նովա պողոտայով անցնող ու Phoenix բարում ավարտվող երթուղին ընդգրկել է տասը կանգառ, որոնցով կարող եք քայլել ականջակալներից լսվող Մարկ Գրիգորյանի հետաքրքիր պատմությունների ուղեկցությամբ։ Մինչ այդ, թեստ-խաղի հաղթողները նույն ճանապարհն անցնում են հեղինակի ընկերակցությամբ՝ զրույցներով, հարցերով ու քննարկումներով։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Որպես մեկնարկային կետ Ռադիոյի տան ընտրությունը պատահական չէ, որովհետեւ այն նախագծել է Հովհաննես Մարգարյանը՝ Երեւանի կոնյակի գործարանի շենքի հեղինակը։ Ռադիոյի տան ճակատային հատվածի կամարներն ունեն իրենց «ռիթմը»։ Եթե ուշադիր լինեք, առաջին հարկի կամարներն ավելի լայն են, վերեւում՝ ավելի նեղ։ Շենքի ռիթմն, ասես, կրկնակի արագանում է», - պատմում է Մարկ Գրիգորյանը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաջորդ կանգառը Եղիշե Չարենցի հուշարձանն է, որտեղ քննարկվում են բանաստեղծի կյանքի դրվագներն ու ստեղծագործությունները։ Ինչպես նկատում է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հետ կապված հետաքրքիր ֆենոմեն կա. 

 

«Բոլորն այն անգիր գիտեն, բայց ոչ մեկ չի կարողանում հիշել՝ երբ, ինչ պայմաններում ու ինչ տարիքում է սովորել։ Թվում է՝ այն միշտ մեզ հետ էր»։ 

Զարուհի Սարիբեկյանը՝ աջից Զարուհի Սարիբեկյանը՝ աջից

Լուսանկարը` Մեդիամաքս

Հերթը երթուղու երրորդ կանգառինն է՝ Շախմատի տուն։ 

 

«Այս շենքի հետ կապված ինձ համար մի առեղծված կա՝ ինչո՞ւ է այն եռանկյունի, չէ՞ որ շախմատն իր էությամբ քառակուսի է։ Կա վարկած, որ հեղինակը ոգեշնչվել է Էրեբունի ամրոցի եռանկյունի ձեւից։ Շատ եմ ափսոսում, որ ճարտարապետը ողջ չէ եւ չենք կարող հարցնել իրենից։ Ի դեպ, բնական է, որ Շախմատի տունը կրում է Տիգրան Պետրոսյանի անունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել դրա կառուցման մեջ», - պատմում է Մարկ Գրիգորյանը։ 

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո քայլում ենք Սայաթ-Նովա պողոտայով, որը բացվել է 1963թ.-ին՝ Սայաթ-Նովայի 250-ամյակի կապակցությամբ։ Ի թիվս այլ գեղեցիկ շենքերի եւ կոթողների՝ Սայաթ-Նովա 25 հասցեում է գտնվում «Արարատ» տրեստի աշխատակիցների շենքը, որտեղ ապրել է հայ կոնյակագործության լեգենդար վարպետ Մարգար Սեդրակյանը։

 

«Այստեղ մի պահ կանգ առեք եւ նայեք ձեր առջեւ», - ասում է Մարկ Գրիգորյանը՝ բացատրելով. 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տեսնում ենք նկարիչ եւ ճարտարապետ Վան Խաչատուրի մոնումենտալ գեղանկարչության գործերից մեկը։ Սայաթ-Նովա պողոտայի կողմից այն հաճախ չեն նկատում, իսկ հեղինակի մյուս նման ստեղծագործությունը, որը երեւում է Աբովյան փողոցից («Անի» հյուրանոցի հետնամասում) տեսել ենք շատերս»։ 

 

Հետո՝ «Անի» հյուրանոց, պատմություններ Սուրբ Աննա եկեղեցու մասին, «Մոսկվա» կինոթատրոն եւ Phoenix բար՝ ամփոփելու ստացած տպավորությունները։ 

 

«Ցանկացել ենք երախտիքի խոսք հայտնել մեր մայրաքաղաքին»

 

«Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, եթե ձայնային ուղեցույցն ARARAT-ինն է, ինչո՞ւ երթուղին ի վերջո չի հասցնում զբոսնողին ARARAT թանգարանը։ Սա ոչ թե պատահականություն է, այլ՝ մեր գիտակցված ընտրությունը։ Այս նախագծով ցանկացել ենք երախտիքի խոսք հայտնել մեր մայրաքաղաքին, հարգանքի տուրք մատուցել բոլորիս սիրելի Երեւանին», - ասում է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ձայնային ուղեցույցը գործարկվել է այս տարվա մայիսին՝ Թանգարանների գիշեր միջոցառմանն ընդառաջ։ Զարուհի Սարիբեկյանի խոսքով՝ գաղափարի հիմքում ցանկությունն էր, որ ARARAT թանգարանի յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունենա ուղեցույցի միջոցով շրջել նաեւ Երեւանում, ճանաչել ու սիրել Հայաստանի մայրաքաղաքը.

 

«Իհարկե, այս նախագծի թիրախում միայն մայրաքաղաքի հյուրերը չեն, այլեւ՝ երեւանցիները, որովհետեւ սա հնարավորություն է տեսնել հարազատ քաղաքը նոր դիտանկյունից»։ 

Կարինե Քոչարյանը, Աննա Պերյանը եւ Գոհար Հարությունյանը Կարինե Քոչարյանը, Աննա Պերյանը եւ Գոհար Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարուհի Սարիբեկյանը նշում է՝ սա Մեդիամաքսի հետ իրականացրած միակ ու հաստատ վերջին նախագիծը չէ. 

 

«Շատ հաճելի է տեսնել մեր այսօրվա մասնակիցների դրական տպավորությունները։ Հետաքրքիր է, որ հաղթողների թվում ունենք թե՛ Երեւանի բնակիչներ, թե՛ մասնակից, որ եկել է Վանաձորից։ Սա կարեւոր է, որովհետեւ ARARAT-ը նախ եւ առաջ ջերմ շփման, նոր ծանոթությունների եւ գեղեցիկ պահերի մասին է»։  

 

Վանաձորյան քամին, շտապելիս գեղեցիկը նկատելու եւ Երեւանին նորից սիրահարվելու կարեւորությունը 

 

Թեստ-խաղի հաղթողներից Կարինե Քոչարյանը հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ է։ Զբոսանքին մասնակցելու համար եկել է Վանաձորից։ Մյուս մասնակիցները կատակում են, թե իր հետ վանաձորյան զով քամի է «բերել», քանի որ երթուղին սկսելուն պես երեւանյան շոգը փոքր-ինչ մեղմանում է։ 

Կարինե Քոչարյանը Կարինե Քոչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Թեստ-խաղին մասնակցեցի շատ պատահաբար։ Որոշ հարցերի պատասխաններ ի սկզբանե գիտեի, մյուսներինը գտա՝ համադրելով ունեցածս տեղեկությունները։ Շատ ուրախացա, երբ տեսա անունս հաղթողների թվում։ Որդիներս դեռ ուսանողական տարիներից տեղափոխվել են մայրաքաղաք, վաղուց պետք է հյուր գայի իրենց, սա էլ շատ լավ առիթ դարձավ», - ժպտում է Կարինեն։ 

 

Ասում է՝ զբոսանքից ստացած տպավորությունները հիանալի են եւ դրանց մասին դեռ երկար է պատմելու մտերիմներին. 

 

«Շատ յուրահատուկ օր էր։ Գիտեմ՝ գնալու եմ տուն ու հիմա էլ հարազատներիս «հարցազրույց» տամ՝ ցույց տալով բոլոր նկարներն ու կիսվելով Երեւանի «գաղտնիքներով»»։ 

 

Աննա Պերյանը երկար տարիներ աշխատում է մտավոր սեփականության ոլորտում։ Ասում է՝ միշտ հետաքրքրվել է Երեւանի պատմությամբ ու ճարտարապետությամբ. 

Մարկ Գրիգորյանը եւ Աննա Պերյանը Մարկ Գրիգորյանը եւ Աննա Պերյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս շրջայցի հնարավորության համար շատ շնորհակալ եմ եւ՛ ARARAT-ին, եւ՛ Մեդիամաքսին։ Մեծ բավականություն եմ ստացել»։ 

 

Աննան կիսվում է՝ Մարկ Գրիգորյանի գործունեությանը հետեւում է վաղուց, նայել է Երեւանի մասին նրա բոլոր հաղորդումները. 

 

«Չէի պատկերացնում, որ մի օր իր հետ անձամբ կզրուցեմ Երեւանի մասին, ավելին՝ կզբոսնենք քաղաքով։ Այսօրվա բացահայտումներից մեկն ինձ համար Վան Խաչատուրի «թաքնված» ստեղծագործությունն էր։ Նկատել եմ, որ քաղաքով քայլելիս հաճախ շտապում ենք հասնել մեկ կետից մյուսը՝ չնկատելով տարբեր հետաքրքիր կանգառներով լի ճանապարհը, որ ընկած է այդ երկու կետի միջեւ։ Մեկ այլ հետաքրքիր դիտարկում էլ արեցի։ Այսօր մենք՝ մի քանի անծանոթ մարդ, հանդիպեցինք առաջին անգամ եւ զբոսնեցինք Երեւանով։ Երեկոյի վերջում շատ հաճելի զգացողություն էր, քանի որ պարզվեց իրար հետ այնքան խոսելու, քննարկելու թեմա ունեինք, որ զրույցը կարող էր շարունակվել մինչեւ լույս»։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար Հարությունյանը առաջատար մասնագետ է Երեւանի պետական բժշկական համալսարանում։ 

 

«Իհարկե, գիտելիքս ստուգելու ցանկությունը եւս կար, բայց թեստ-խաղին մասնակցելու գլխավոր մոտիվացիաս Մարկ Գրիգորյանն էր։ Նա ինձ համար իրական երեւանցի է, ում կարող ես անվերջ լսել», - ասում է։ 

 

Գոհարի խոսքով՝ Երեւանի կենտրոնական փողոցներով նա քայլել է հազարավոր անգամներ, բայց այս զբոսանքն անկրկնելի էր, որովհետեւ թույլ էր տալիս տեսնել նորն ու նայել շենքերին այլ դիտանկյունից։ 

Գոհար Հարությունյանը եւ Մարկ Գրիգորյանը Գոհար Հարությունյանը եւ Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երեւանն իմ հարազատ քաղաքն է, որտեղ սիրելի զբաղմունք ունեմ՝ միշտ կարդում եմ շենքերին փակցված հուշատախտակները։ Նույնիսկ այս դեպքում Սայաթ-Նովա 25 հասցեում՝ Մարգար Սեդրակյանի հուշատախտակի կողքին, երբեք չէի նկատել ժողովրդական երգերի հեղինակ Սաղաթել Դավթյանի հուշատախտակը։ Իհարկե, նկատել էի «Անի» հյուրանոցի պատին աղջկա հարթաքանդակը, բայց չէի մտածել, որ նրա ձեռքերի դիրքը՝ ափերով դեպի դիտողը, հյուրընկալության խորհրդանիշ ունի», - ասում է Գոհար Հարությունյանն ու ամփոփում.  

 

«Մարկ Գրիգորյանի հետ զբոսանքից հետո նորից ու նորից սիրահարվեցի իմ Երեւանին»։ 

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին