Տուն բերող երկար ճանապարհն ու Հայաստանի հետ ամուր կապ ստեղծող «Հացեկացը» - Mediamax.am

exclusive
559 դիտում

Տուն բերող երկար ճանապարհն ու Հայաստանի հետ ամուր կապ ստեղծող «Հացեկացը»


Նարինե Արշակյանը աջից՝ սպիտակ համազգեստով
Նարինե Արշակյանը աջից՝ սպիտակ համազգեստով

Լուսանկարը` «Հացեկաց»

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Հացեկաց»

Լուսանկարը` Մեդիամաքս


Նարինեն լավ տրամադրությամբ է պատրաստել թթխմորը, հյուրերի՝ մեզ համար, հաց է թխելու։ Ասում է՝ եթե հոգին խաղաղ չէ, տրամադրությունն էլ վատ է՝ իր 15 տարվա աշխատանքային փորձն անգամ զրոյանում է, զգայուն թթխմորը լավ հաց չի դառնում։ Նարինեի ընտանիքը միգրացիոն երկար փնտրտուքից հետո անցած տարի վերադարձել է Հայաստան, տունը նորոգել ու նոր գործ սկսել, հիմա տան բակում հաճախ տաք հացի բույր է տարածվում։ 

 

Պատմելու ընթացքում Նարինեն վառարանն է միացնում ու համբերությամբ սպասում մինչեւ տաքանա, հետո երեք բաժին խմոր է դնում։ Մինչ թթխմորով չիաբատաները կթխվեն՝ Նարինե Արշակյանը պատմում է, թե ինչպես է ընտանիքը երկրից երկիր գնացել, փորձել հարմարվել նոր միջավայրին, գտնել իր տեղը, բայց միշտ մտքում ունեցել վերադարձի ճանապարհը։ 

 

Անորոշության մեջ՝ «կապկած» ձեռքերով

 

1992 թվականին Հայաստանից հեռացել էինք, ապրում էինք Ռուսաստանի Կալինինգրադի մարզում։ 2022 թվականին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, որոշեցինք տեղափոխվել Ֆրանսիա։ Ժամանակավո՞ր, թե՞ մշտական՝ այդ հարցի մասին չէինք մտածում։ Մոտ երկու տարի մնացինք Ֆրանսիայում, բայց չկարողացանք հարմարվել։

 

Միգրանտի կյանքը դժվար է հատկապես աշխատող, արարող մարդու համար, ով սովոր է ինքնուրույն վաստակել։ Ֆրանսիա հասնելուց հետո Լիոնում «հանձնվեցինք»՝ դիմեցինք միգրացիոն ծառայություններին։ Սկզբում սեփական միջոցներով էինք ապրում, 2-3 ամիս անց տեղափոխեցին Լիոնից մոտ 120 կմ հեռու մի գյուղաքաղաք։ 

 

Մեր չորս հոգանոց ընտանիքին՝ ինձ, ամուսնուս եւ մեր երկու չափահաս դուստրերին բնակարան տրամադրեցին։ Նոր կարգավիճակում մեր ձեռքերն ու ոտքերն ասես կապած լինեին՝ ոչ մի բանի իրավունք չունես առանց միգրացիոն մարմիններին տեղյակ պահելու։ Չնայած օրինական էինք այնտեղ գտնվում, թաքնվելու կարիք չկար, բայց ամեն քայլին զգում էինք վերահսկողությունը։ Եթե, օրինակ, ուզում էինք Լիոն գնալ, նախ պետք է տեղեկացնեինք միգրացիոն մարմիններին, նշեինք՝ նույն օրը վերադառնալու ենք, թե՝ ոչ, եթե ոչ՝ որտե՞ղ ենք մնալու։ Դա ծանրացնում էր առօրյան։

 

Այնտեղ գտնվելու ընթացքում մեզ ապահովում էին սննդով՝ բավական շատ ու որակյալ, կազմակերպում որոշ միջոցառումներ՝ առօրյան հետաքրքրացնելու համար։ Շաբաթը երկու անգամ հաճախում էինք ֆրանսերենի դասերի։ Դժգոհ չէինք, բայց զրկված էինք աշխատելու իրավունքից եւ սա առաջին պատճառներից էր, որ սկսեցինք մտածել վերադառնալու մասին։ Աշխատանքի իրավունք ստանալու համար երկար ժամանակ էր պետք, շուրջ երկու տարին էլ, փաստորեն, բավարար չէր։ Մեզ սպասում էր տարիներ տեւող գործընթաց՝ անկանխատեսելի արդյունքով։

 

Երազանք, որ իրականացավ հայրենիքում

 

2024 թվականի ապրիլի 18-ին մեր դուստրերը որոշեցին վերադառնալ ու չնայած Ռուսաստանում կայացած էին, լավ աշխատանք ունեին, բայց Հայաստան եկան։ Ես ու ամուսինս մնացինք, բայց երբ տեսանք, որ անորոշությունը ձգձգում է, մենք էլ սկսեցինք մտածել վերադարձի մասին։ Քանի որ աղջիկները մեզնից շուտ էին վերադարձել, վերջին դատական նիստի ընթացքում մեզ «նեգատիվ» պատասխան տվեցին։ Մեր գործով զբաղվողներից մեկը խորհուրդ տվեց տեղափոխվել Ֆրանսիայի այլ քաղաք, դիմել այլ կազմակերպության, որտեղ կացարան կստանանք եւ հնարավոր կլինի անօրինական աշխատել՝ մինչեւ կարգավիճակի հարցի լուծումը։ Այսինքն՝ առաջարկում էին թաքնվելու ճանապարհը։ Չցանկացանք ապրել այդպիսի կարգավիճակով։ Վերադարձի համար դիմեցինք Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակ (OFII)։ 2024 թվականի հուլիսին էլ մենք վերադարձանք Հայաստան։ Քանի որ կամավոր վերադարձի համար մեզ նաեւ օգնություն էին տրամադրել, կարողացանք տունը մասամբ նորոգել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեռ Ֆրանսիայում գտնվելու ընթացքում մտածում էինք՝ ի՞նչ կարող ենք անել, որ վերադարձից հետո հաջողենք ու այլեւս Հայաստանից հեռանալու մասին չմտածենք։ Հետագայում՝ Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի ֆինանսավորմամբ ու «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի աջակցությամբ ձեռք բերեցինք անհրաժեշտ տեխնիկա եւ մեր տան մի հատվածում հիմնեցինք փոքր հացաբուլկեղենի արտադրամաս՝ «Հացեկացը»։ Այն կարելի է համարել իմ երազանքի իրականացումը։ Բազմալիքային հաղորդակցության մասնագետ եմ, բայց կյանքի բերումով շուրջ 15 տարի աշխատել եմ բարձրակարգ ռեստորանների հրուշակարաններում։ Միշտ ցանկացել եմ ունենալ ինձ պատկանող տարածք, որտեղ կկարողանամ կյանքի կոչել այն գաղափարները, որոնք ուրիշների խոհանոցներում հնարավոր չէր իրագործել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտադրամասը կոչել ենք «Հացեկաց», որովհետեւ հնում Հայաստանում այսպիսի անունով վայրեր են եղել, որտեղ ճանապարհորդներն ու քարավանները կանգ են առել հաց ուտելու եւ կացարան գտնելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կենտրոնացած եմ թթխմորով հացերի վրա, բայց նպատակս խմորի հետ կապված ավելի լայն տեսականի ունենալն է՝ քաղցր, ոչ քաղցր, ընդմիջման համար սննդարար կարկանդակներ։ Ամբողջահատիկի թթխմորով բորոդինսկի, չիաբատա, ֆոկաչա եմ պատրաստում, «Գրիսիննի» իտալական ձողիկներ, որոնք ոչ միայն երեխաների սիրելին են դարձել, այլեւ հարմար են որպես նախուտեստ սոուսների, գինու հետ, ապուրների կամ աղցանների կողքին։ Գաթայի հետաքրքիր բաղադրատոմս ունեմ, որը ժամանակի ընթացքում փորձելու եմ ավելի տարածել՝ հայկական գաթան էտալոն դարձնելու համար։ Մեկ ամսից էլ քիչ է, ինչ բացվել ենք, պատվերներով ենք աշխատում, պատվիրատուներն են մոտենում վերցնում, մենք ենք առաքում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկզբում ուզում էինք ամբողջ ընտանիքով զբաղվել արտադրամասով, հետո որոշեցինք, որ ամեն մեկն իր գործով կզբաղվի։ Հիմա բոլորս աշխատանք ունենք։ Հայաստանից հեռանալիս երբեք չենք մտածել անվերադարձ գնալու մասին։ Կամուրջները չենք այրել, տունը չենք վաճառել։ Մեր գիտակցության մեջ միշտ արթուն է եղել վերադարձի միտքը։ Հետեւաբար, վերադարձը մեզ համար դժվար չէր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուր էլ գնաս, որքան էլ բարեկեցիկ կյանքով ապրես, ոչ մի երկիր ու քաղաք քեզ այն զգացողությունը չի տալիս, ինչ քո տունը։ Ֆրանսիայում սնունդ, հագուստ, կացարան, որոշ չափով գումար ունեինք, բայց անորոշության զգացումը շատ ծանր էր։ Ոչ մի րոպե չենք ափսոսացել, որ վերադարձել ենք։ 1993-ից հետո, երբ Հայաստանից հեռացանք, մի քանի անգամ վերադարձի փորձ ենք արել, բայց ֆինանսական դժվարությունները ստիպել են կրկին հեռանալ այստեղից։ Այս վերադարձը երկար ու բարդ ճանապարհ էր, բայց հիմա, երբ մեր տանն ենք, մեր գործն ունենք, ամեն ինչ իր տեղն է ընկել։

 

Հոդվածը պատրաստվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի եւ «Հացեկաց»-ի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին