Մյուռոն. 2000-ամյա սուրբ յուղը եւ ազգային կնիքը - Mediamax.am

exclusive
3341 դիտում

Մյուռոն. 2000-ամյա սուրբ յուղը եւ ազգային կնիքը


Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը
Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը
Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից


Սեպտեմբերի 28-ին, Սուրբ Գեւորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

Մյուռոնի նշանակության ու գործածության, պատրաստման ընթացքի, օրհնության կարգի, հրաշագործ զորության մասին Մեդիամաքսը զրուցել է Մայր Աթոռի միաբան Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ։

 

Մյուռոնն օրհնված յուղ է՝ Սուրբ Հոգու նյութական արտահայտությունը։ Մյուռոնի ծագումը կապվում է Քրիստոսի 12 առաքյալներից Սուրբ Թադեոսի հետ։ Հայաստան գալով՝ նա իր հետ բերած յուղով օծել է հիվանդ Աբգար թագավորին եւ բուժել նրան։ Այդ յուղն օգտագործելով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պատրաստել է եւ օրհնել հայկական առաջին մյուռոնը։

 

«Ամեն անգամ մյուռոնօրհնության ժամանակ հին մյուռոնը խառնում ենք նորին։ Դրանով, կարծես, հասնում ենք մինչեւ Սուրբ Թադեոս առաքյալը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, կապ ենք հաստատում մեր հավատքի հոր օրհնած առաջին մյուռոնի հետ, որովհետեւ հավատում ենք, որ դրա մեջ եղած շնորհը մշտապես պահպանվում է եկեղեցում։

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Հայկական մյուռոնը տարբերվում է բոլոր մյուս եկեղեցիների օրհնած յուղերից։ Մեզ համար մյուռոնը պարզ յուղ չէ, այն մեր ազգային, քրիստոնեական կնիքն է։ Աշխարհասփյուռ հայությունը, որտեղ էլ լինի, իր ճակատին կրում է Սուրբ Էջմիածնում օրհնված մյուռոնը, եւ սա մեզ համար միավորիչ, շաղախող ուժ ունի։

 

Մյուռոնի հանդեպ ակնածանքի եւ հարգանքի նշաններից է հայկական ընտանիքներում կնքահորը՝ քավորին տրվող պատիվն ու ինքնատիպ վերաբերմունքը։ Մեր ժողովուրդն իր սերը, պատկառանքը սուրբ յուղի նկատմամբ դրսեւորել է նաեւ տարբեր արտահայտություններով։ Իր խոսքերին առավել ստուգություն հաղորդելու համար շատ անգամ կարելի է լսել «Էն կանաչ մեռոնը վկա», երեխայի անմեղությունն ու մաքրությունը ցույց տալու համար «Մեռոնի հոտը դեռ գալիս է» ժողովրդական արտահայտությունները: Երբ մեկը սկսում է իրեն վատ պահել, ասում են` «Կանաչ մեռոնը պակասել է»»,- ասում է Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավանդաբար մյուռոնօրհնեք կատարվում է 7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ավելի հաճախ։ Երջանիկ է այն կաթողիկոսը, որ իր գահակալության ընթացքում գոնե մեկ անգամ մյուռոն է օրհնում։ Սուրբ յուղի օրհնությունը կատարվում է նաեւ ազգային, եկեղեցական կարեւոր իրադարձությունների, տոների առիթով։

 

Մյուռոնը երկու հիմնական նյութ ունի՝ ձիթենու յուղ եւ բալասան։ Դրանց խառնվում են հոտավետ խնկեր, ծաղիկներ, արմատներ, անուշահոտ համեմունքներ, յուղեր։ Դարերի ընթացքում մյուռոնի պատրաստության համար անհրաժեշտ նյութերի թիվը փոխվել է։

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

«Մեզ հասած ամենահին՝ 14-րդ դարի հայրապետական Մաշտոց ծիսամատյանում, որով կատարվում է մյուռոնի օրհնությունը, նշված է, որ նյութերը 40-ն են, այլ ձեռագրերում այդ թիվը հասել է մինչեւ 58-ի։ Դրանք հիմնականում բերվում են արտերկրից՝ արեւադարձային եւ մերձարեւադարձային երկրներից՝ Պաղեստին, Հունաստան, Իսրայել, Հնդկաստան։ Վերջին շրջանում մյուռոնի բաղադրությանն  ավելացվել են բույսեր ու ծաղիկներ Հայաստանից եւ Արցախից, ընդհանուր՝ 72 նյութ։ Այս նյութերը խորհրդանշում են մեր քրիստոնեական կյանքի եւ հավատքի անուշահոտությունը։

 

Որոշ նյութերի բացակայությունը չի կարող արգելք լինել մյուռոնի օրհնության համար, բայց ձիթենու յուղն ու բալասանը պարտադիր են։ Բալասանը փշատենու նման մշտադալար ծառի կեղեւի կտրվածքից հոսող նյութ է։ Այն տարբեր կրոններում գործածվել է բժշկության նպատակով։ Մյուռոնի կանոնը հրահանգում է՝ որքան շատ լինի բալասանը, այնքան՝ լավ»։

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Մյուռոնօրհնեքի պատրաստությունը սկսվում է տարիներ առաջ։ Նախ, տարբեր երկրներից, հիմնականում սփյուռքի թեմերում ծառայող հոգեւորականների եւ աշխարհականների միջոցով, Սուրբ Էջմիածին են բերվում անհրաժեշտ նյութերը։

 

«Մյուռոնի նյութերը մշակում են հոգեւորականները՝ կոշտերը ծեծում, մանրացնում, մաղում։ Վեհափառ Հայրապետն օրհնում է բոլոր նյութերը, դրանք լցվում են մեծ կաթսայի մեջ, եւ երեք օր՝ գիշեր ու ցերեկ, շարականների, աղոթքների, սաղմոսների երգեցողությամբ, մյուռոնը շոգիացման եղանակով եփվում է կրակի վրա։ Երբ կաթսան կրակից վերցնում են, թողնում են մի քանի օր, որպեսզի չլուծված նստվածքը իջնի, եւ պարզված, մաքուր հեղուկը մնա։ Հետո այն քամում են մաքուր կտավով եւ պահում մինչեւ մյուռոնօրհնության օրը։  

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Մյուռոնի կանոնն ասում է, որ պետք է բոլոր նյութերին մոտենալ երկյուղածությամբ եւ զգուշությամբ, քանզի դրանք պետք է իրար միավորվեն, շաղախվեն, եւ Տերը վարձահատույց կլինի պատրաստողներին»։

 

Աշխարհականները չեն կարող ներկա լինել մյուռոնի պատրաստությանը, բայց նախորդող 40 օրերին կարող են մասնակցել երեկոյան ժամերգությանը եւ կաթսայի շուրջ կատարվող աղոթքին։

 

Մյուռոնին դիպչել թույլատրվում է միայն քահանայական ձեռնադրություն եւ օծում ունեցող անձանց։ Հավատացյալները մյուռոնից «մի մասնիկ» կարող են ունենալ հունվարի 6-ին՝ մասնակցելով ջրօրհնեքի արարողությանը եւ վերցնելով օրհնված ջուր, որի մեջ հեղվում է նաեւ սրբալույս մյուռոն։ Բացի այդ, կյանքում մեկ անգամ՝ մկրտության ժամանակ, մյուռոնով դրոշմում են մկրտվողի մարմնի 9 մասերը։ Մյուռոնով օծում են նաեւ եկեղեցու հիմքի խաչապատկեր սալիկները, եկեղեցու դուռը, զանգը, գմբեթի խաչը, սուրբ խորանը, մկրտության ավազանը, սրբապատկերները։

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Մյուռոնն օգտագործվում է նաեւ հոգեւորականների՝ քահանաների, եպիսկոպոսների եւ կաթողիկոսների ձեռնադրության ժամանակ։ Հավատացյալները համբուրում են հոգեւորականի աջը, որովհետեւ այն օծված է սուրբ մյուռոնով։

 

3 կարեւոր սրբությունները

 

1897 թ. սեպտեմբերի 14-ին Խրիմյան Հայրիկը Մայր Աթոռում կատարում է իր առաջին մյուռոնօրհնությունը: «Արարատ» ամսագիրը, նկարագրելով արարողության մանրամասները, գրում է, որ վանքի բակում կարելի էր լսել բոլոր բարբառներն ու Կովկասի լեզուները։

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

«Այդ երեկո հրավառություն կար վանքի բակում եւ ճեմարանում: Նվագում էին զինվորները, որոնց հետ մրցում էին աշուղները իրենց ազգային ժողովրդական երգերով: Երեք օր շարունակ Մայր Տաճարը լիքն էր ուխտավորներով, որոնք ամեն ջանք գործ էին դնում, որ հարյուրավոր վերստեր գալուց հետո կարողանան գոնե մի անգամ համբուրել Ս. Մյուռոնի կաթսան»:

 

Մյուռոնի օրհնությունը վերապահված է Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Մյուռոնօրհնության օրը Վեհափառը, հոգեւոր դասի ուղեկցությամբ, «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության եւ Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո, գալիս է դեպի Բաց խորան։

Լուսանկարը` PAN Photo

Նրան ուղեկցում են 12 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, որոնք բերում են մյուռոնի օրհնության համար անհրաժեշտ 3 սրբությունները՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով խաչը, Սուրբ Գեղարդը եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, ինչպես նաեւ այլ կարեւոր սրբություններ։

 

Սուրբ Խաչը

 

Ամենայն Հայոց կաթողիկոսը սրբալույս մյուռոնը նախ օրհնում է Սուրբ խաչով, որի մեջ զետեղված է Տիրոջ խաչափայտից մասունք։

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

«Սուրբ Գրիգոր Նարեկացին իր աղոթամատյանի 93-րդ գլխում, որը նվիրված է մյուռոնին, ասում է, որ այս խնկելի, պաշտելի եւ երանելի յուղը մարդուն որեւէ օգուտ չի տա, եթե չտյառնագրվի (չխաչակնքվի) տերունական սուրբ խաչով։ Հայոց Եկեղեցին ունի Տիրոջ խաչափայտից մի քանի մասունք, բայց առնվազն վերջին 300 տարում մյուռոնի օրհնություն կատարվում է 1652 թվականին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի համար պատրաստված մասունքակիր խաչով։

Լուսանկարը` PAN Photo

Ժամանակին մյուռոնն օրհնվել է Գետարգելի Սուրբ Խաչով, որը հայտնի է նաեւ Սեղբեստրոսի Սուրբ Նշան անունով։ Սա այն խաչն է, որով 1023 թ. հունվարի 6-ին Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը (1019-1058) կատարեց նշանավոր ջրօրհնեքը»,-ասում է Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

 

Սուրբ Գեղարդ

 

Աստվածամուխ Գեղարդը՝ նիզակի ծայրը, որով խոցել են խաչված Քրիստոսի կողը, համաքրիստոնեական սրբություն է, որը Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն՝ Հայաստան է բերել Սուրբ Թադեոս առաքյալը։

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

«Գեղարդը երկար տարիներ պահվել է Փոքր Հայքի Կամրջաձորի վանքում, 13-18-րդ դարերում՝ Այրիվանքում, դրա համար Այրիվանքը նաեւ Գեղարդավանք են անվանել։ 18-րդ դարում այն տեղափոխվել է Սուրբ Էջմիածին։

 

Գեղարդը հայտնի է իր հրաշագործ, ժանտախտահալած զորությամբ։ Օրինակ 1765 թվականին, երբ Ալաշկերտում ժանտախտ է բռնկվում, Սիմեոն Երեւանցի կաթողիկոսը Գեղարդն  ուղարկում է այնտեղ, եւ այդ պատուհասը վերանում է։

 

Գեղարդի զորությանը հավատացել են անգամ մահմեդականները եւ հարեւան մյուս ժողովուրդները։ 1797 թվականին Թիֆլիսում բռնկված ժանտախտի համաճարակը փարատելու համար վրաց Գեորգի թագավորը դիմում է մեր կաթողիկոսին՝ Ղուկաս Ա Կարնեցուն՝ խնդրելով Գեղարդը Թիֆլիս տանել։ Ըստ պատմական տեղեկությունների՝ շատ չանցած՝ այս հիվանդությունը վերանում է քաղաքից։ Գեղարդը Թիֆլիս է տարվել նաեւ 1811, 1814 թվականին, իսկ 1846-1847 թվականներին պտտեցրել են Անդրկովկասում։ Դրանից հետո վերադարձվել է Սուրբ Էջմիածին եւ այլեւս Հայաստանից դուրս չի բերվել»։

 

2014 թվականից Գարեգին Երկրորդ կաթողիկոսի օրհնությամբ՝ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարթողիմեոս առաքյալների տոնը հռչակվել է աստվածամուխ սուրբ Գեղարդի ուխտի օր: Տարին մեկ անգամ այն դրվում է Մայր Տաճարում, եւ հավատացյալները հնարավորություն են ունենում խոնարհվելու Տիրոջ կողը խոցած Գեղարդին:

 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը

 

«Աջի եւ Ս. Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված»: Առաքել Դավրիժեցու խոսքերը վերաբերում են Գրիգոր Լուսավորչի ձեռքի մասունքին, որը պահվում է աջ ձեռքի տեսքով պատրաստված մասունքարանում։ Սրբի մասունքները մեզ են հասել 4-րդ դարից, բայց արծաթյա ոսկեջրված աջաձեւ մասունքարանը, որում այսօր էլ պահվում է Լուսավորչի մասունքը, 17-րդ դարում պատրաստել է Հակոբ 4-րդ Ջուղայեցի կաթողիկոսը։

Լուսանկարը` PAN Photo

Գրիգոր Լուսավորիչը համաքրիստոնեական սուրբ է, եւ նրա մասունքները սփռված են ամբողջ քրիստոնյա աշխարհում: Նրա անունով եկեղեցիներ եւ խորաններ կան կաթոլիկ եւ ուղղափառ բազում եկեղեցիներում։

 

Մյուռոնի հրաշագործ զորությունը

 

Մյուռոնի հրաշագործ զորության մասին վկայող բազմաթիվ պատմություններ կան։ Այդ հրաշքները տեղի են ունեցել դարեր առաջ ու նաեւ մեր օրերում՝ սրբալույս յուղին հավատքով մոտեցողների կյանքում։

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

«Բազմաթիվ հոգեւորականներ իրենց հոգեւոր փորձառությունից վկայում են, որ մահամերձ մարդը, հատկապես՝ նորածին մանուկը, որին բժշկությունը որեւէ հույս չի տվել, սուրբ մկրտությունից հետո առողջացել է։ Նման հրաշք նաեւ ինձ հետ է պատահել։ 6 օրական մահամերձ երեխա էին բերել մկրտելու։ 3 հոգով էին՝ հայրը, մայրը, կնքահայրը։ Ձմեռ էր, երեխան տաքության մեջ։ Երբ մանկանը Սուրբ Ավազանի մեջ ընկղմեցի, մյուռոնով դրոշմեցի, ասացի՝գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է՝ տաքություն չունի։ Մայրը վերցրեց երեխային, իսկապես, տաքություն չուներ։ Այդ երեխան հիմա 12 տարեկան է։

 

Մյուռոնի զորության եւ ուժի հետ կապված նաեւ պատմական վկայություններ կան։ Գրիգոր Դարանաղցի ժամանակագիր վարդապետը, նկարագրելով 1605 թվականի ձմռանը տեղի ունեցած մյուռոնօրհնությունը, նշում է, որ եղանակը սաստիկ ցուրտ էր, մարդիկ նույնիսկ ատամներն էին կրճտացնում: Բայց երբ հին մեռոնի մակարդը լցնում են նորի մեջ եւ օրհնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով, կաթսան սկսում է եռալ եւ գոլորշի է դուրս գալիս: Տաճիկների մեծավոր Ղուլ Աղասին, որին կոչում էին Տավութ Աղա, մոտենում է կաթսային, ձեռքերը հպում պղնձի կողին եւ ի լուր ամենքի ասում. «Հավատացի, ինչ լսել էի Մեռոնի մասին»»։

Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենահետաքրքրական հրաշքը կապված է Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հետ։ 1023 թվականի հունվարի 6-ին՝ Աստվածհայտնության տոնին, Բյուզանդական կայսեր եւ ավագանու ներկայությամբ նա պետք է ջրօրհնեք կատարեր։ Պատմիչ Արիստակես Լաստիվերդցին գրում է, որ երբ Պետրոս կաթողիկոսը մյուռոնը կաթեցնում է, հանկարծ ճառագայթող լույսի ցնցուղներ են դուրս գալիս ջրից։ Այլ պատմիչներ ավելացնում են, որ Հայոց Հայրապետի աղոթքի զորությունից գետը մի պահ կանգ է առնում, հետո ջրերը ետ են դառնում։ Այստեղից է կաթողիկոսը ստանում «Գետադարձ» անունը»,- ասում է Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Յուրաքանչյուր կաթողիկոսի երազանքն է եղել գոնե մեկ անգամ մյուռոն օրհնել։ Բայց եղել են հայրապետներ, որոնք տարբեր պատճառներով սրբալույս մյուռոնի օրհնություն չեն կատարել։ Օրինակ, Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան կաթողիկոսն իր կարճ գահակալության ընթացքում չի հասցրել մյուռոն օրհնել, քանի օր 1909 թվականին նշանակված արարողությունը հետաձգվել է Կովկասում բռնկված խոլերայի պատճառով։

 

Խորեն Ա Մուրադբեկյան եւ Գեւորգ Չորեքչյան կաթողիկոսները նույնպես հնարավորություն չեն ունեցել մյուռոն օրհնել՝ խորհրդային կարգերի պատճառով։

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Սակայն 29 տարվա դադարից հետո՝ 1955 թվականին, նորընտիր Վազգեն Առաջին կաթողիկոսը կատարել է իր առաջին մյուռոնօրհնությունը։ Գահակալության ընթացքում նա եւս 5 անգամ օրհնել է մյուռոնը, այդ թվում՝ 1991 թվականին. նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին մյուռոնը Վազգեն կաթողիկոսն անվանել է «անկախության»։  

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Նրան հաջորդած Գարեգին Առաջին կաթողիկոսը մեկ անգամ՝ 1996 թվականի սեպտեմբերին է օրհնել մյուռոն ու այն անվանել «վերածնության»։

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Հաջորդ մյուռոնօրհնությունը ոչ թե 7, այլ 5 տարի անց էր՝ 2001 թվականին՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Արարողությունը կատարել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։ 2024-ի սեպտեմբերին նա 4-րդ անգամ կօրհնի սրբալույս յուղը։

Լուսանկարը` Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի արխիվից

Դարերով մյուռոնն ընկալվել է որպես ազգը միավորող սրբություն։ Զաքարիա ծայրագույն վարդապետը հիշեցնում է Ռաֆայել Պատկանյանի՝ մյուռոնօրհնության շքեղ կաթսա պատրաստելու նախաձեռնությունը։ Գրողը նամակով խնդրել է կաթողիկոսի օրհնությունը՝ կաթսայի պատրաստման համար համընդհանուր հանգանակություն կազմակերպելու նպատակով։

 

«Ի նկատի ունենալով հայոց ներկա վիճակը այն խճճյալ հանգամանաց մեջ, ուր գտնվում է ազգը, նորա հոգեպես իրար հետ կապողը համարում եմ ո՛չ նոր լեզուն, ո՛չ դպրոցները, ո՛չ գրականությունը, ո՛չ նյութական շահերը, ո՛չ միտք զարգացնող գաղափարները, միով բանիվ ոչինչի եւ ոչինչ, այլ միայն Սուրբ Մյուռոնը, որը հավասարապես եւ առանց բացառության ամեն հայի համար նվիրական է՝ իշխանազն մեծատունեն բռնած մինչեւ հետին մուրացիկ աղքատը, եւ զառամյալ ծերունիեն սկսած մինչեւ նորածին երեխան․ կրկնում եմ՝ միմիայն հայկական մյուռոնը, Մայր Աթոռի մեջ պատրաստած, ճանաչում եմ ամեն հայի համար հավասարապես սուրբ, նվիրական, պաշտելի եւ կարեւոր։ Այս է պատճառը, որ հայկական մյուռոնը ճանաչում եմ ես այն ազգային դրոշակը, որի ներքո հավատով, հույսով եւ սիրով ժողովվում են ամեն հայք առանց խտրականության, հասակի եւ վիճակի, եւ դիտավորություն ունեցա շինել տալ մի կաթսա, որի ծախքն պիտի լցնի երկրագնդիս վրա գտնված ամեն հայի լուման»։

Լուսանկարը` PAN Photo

Պատկանյանը նամակում նկարագրել է կաթսան, նշել այն անձանց անունները, ովքեր պատրաստ են ֆինանսավորել։ Սակայն նախաձեռնությունը մնացել է անկատար։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մյուռոնի տարբեր կաթսաներ են պահվում։ Բայց արդեն 127 տարի մյուռոնօրհնության համար օգտագործվում է 1895 թվականին պատրաստվածը, որում առաջին անգամ սուրբ մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը։

 

«Կաթսան Սուրբ Էջմիածնին է նվիրել Նոր նախիջեւանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Այն պատրաստվել է Մոսկվայում` հայտնի Օվչիննիկովի արհեստանոցում: Կաթսան ամբողջությամբ արծաթից է, տարողությունը՝ շուրջ 180 լիտր։ Կաթսայի վրա պատկերված են Քրիստոսի մկրտությունը՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի ձեռքով, Սուրբ Աբգար արքայի մկրտությունը՝ Սուրբ Թադեոս առաքյալի կողմից, արքայական ընտանիքի մկրտությունը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ, Միածին Որդու էջքը, Հոգեգալուստը եւ Մայր Տաճարը։ Կաթսայի գծագրության ծախսերը հոգացել է Հարություն Եզյանցը, իսկ կաթսայի վրայի ձուլածո կաղապարները պատրաստվել են Սերովբե Հարությունյանի տպարան-գործարանում»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուռոնօրհնության արարողությունից հետո կաթսան 7 օր մնում է Մայր Տաճարում, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան այն համբուրել եւ օրհնություն ստանալ:

 

Ավանդաբար՝  արարողությանը մասնակցելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ժամանում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները, նվիրապետական աթոռների գահակալները, նաեւ՝ մեծ թվով ուխտավորներ։

Լուսանկարը` PAN Photo

Մյուռոնօրհնությունից հետո՝ հատուկ արարողության ժամանակ, Վեհափառը թեմակալ առաջնորդներին է նվիրում մյուռոնով լցված սափորներ կամ սրվակներ։ Վերադառնալով իրենց թեմեր՝ նրանք նոր մյուռոնով ջրօրհնեք են կատարում եւ բաժանում ժողովրդին, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան հաղորդվելու նոր օրհնված սրբալույս յուղին։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին