Շաքարային դիաբետ. Էլենի «քաղցր» կյանքն ու կարծրատիպերի դեմ պայքարը - Mediamax.am

exclusive
3109 դիտում

Շաքարային դիաբետ. Էլենի «քաղցր» կյանքն ու կարծրատիպերի դեմ պայքարը


Էլեն Հարությունյանը
Էլեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլեն Հարությունյանը
Էլեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլեն Հարությունյանը
Էլեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլեն Հարությունյանը
Էլեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլեն Հարությունյանը
Էլեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլեն Հարությունյանը
Էլեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Էլենի պայուսակում ուսանողին ու աղջկան անհրաժեշտ իրերից բացի միշտ կարելի է գտնել շոկոլադ, ինսուլին, գլյուկոմետր։ 16-ամյա Էլեն Հարությունյանը 6 տարի է՝ ունի շաքարային դիաբետ։ Ասում է՝ սա ոչ թե հիվանդություն, այլ՝ ապրելակերպ է։

 

Ընտանիքի օգնությամբ դժվար ու հուսահատեցնող պահերը հաղթահարելուց հետո Էլենը շաքարային դիաբետ ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին աջակցելու ծրագիր է սկսել․Հայաստանի գյուղական համայնքներ է այցելում, դիաբետի մասին խոսում։ Ակտիվ է նաեւ սոցցանցերում, այստեղ նրա առաջնային խնդիրը դիաբետի մասին կարծրատիպերը կոտրելն է։

Էլեն Հարությունյանը Էլեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ու այս բոլոր նախաձեռնություններով Էլենն ուզում է ավելի լավ ու առանց կարծրատիպերի կյանք իր ու իր «քաղցրերի ընտանիքի» անդամների համար։

 

«Ինչպե՞ս է հնարավոր, որ էս տարիքի երեխան շաքարային դիաբետ ունենա»

 

Շուտով կլրանա 6 տարի, որ ունեմ շաքարային դիաբետ։ Փոքր էի, շատ բան չէի հասկանում, սակայն ծնողներիս արձագանքից պարզ էր, որ ինձ հետ կատարվում է ինչ-որ բան, որը մարդկանց կողմից այդքան էլ չի ընդունվելու։

 

Քանի որ պապիկս ունի շաքարային դիաբետ, մենք արդեն տեղեկացված էինք։ Թեեւ ծնողներս սկզբում ծանր էին տանում, բայց հենց ընտանիքիս աջակցությամբ կարողացա ամեն ինչ հաղթահարել։ Երեւանում ստուգումներ անցնելուց հետո վերադարձա մեր քաղաք՝ Սիսիան։ Մտավախություն ունեի, որ ընկերներս սկսելու են ինձ հարցեր տալ, չասեմ՝ ճնշման ենթարկել։ Բայց ամեն ինչ այլ կերպ եղավ, որովհետեւ դասղեկը զրուցել էր երեխաների հետ, բացատրել՝ ինչ է շաքարային դիաբետը, ինչպես խոսել ինձ հետ այդ մասին, ինչպես անել, որ ավելի շուտ հարմարվեմ իմ նոր կարգավիճակին։ Դրա շնորհիվ առաջին փուլը հեշտ հաղթահարեցի։

Էլեն Հարությունյանը Էլեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ տեղափոխվեցինք Երեւան, սկսվեց հիասթափության մի շրջան։ Էստեղ կարծրատիպերը շատ-շատ էին՝ ինչպե՞ս է հնարավոր, որ էս տարիքի երեխան շաքարային դիաբետ ունենա, դասախոսներն ու ուսանողները, իրենք էլ չցանկանալով, կարող էին ինչ-որ արտահայտություններով վիրավորել ինձ։ Այդ վիճակից դուրս գալու համար ինձ որեւէ զբաղմունք էր պետք։ Սկսեցի կամավորել դիաբետ ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող «Կաթիլ» բարեգործական հիմնադրամում։ Էստեղ շփումներն ինձ շատ օգնեցին հասկանալ, որ պետք է ինչ-որ կերպ հաղթահարեմ այդ հիասթափությունն ու թույլ չտամ, որ մյուսներն էլ բախվեն դրան։

 

«Հասկացա, որ ինձ ու իմ «քաղցր» ընկերներին օգնելու համար անհրաժեշտ է կարծրատիպերի հետ աշխատել»

 

Ծնողներիս սթրեսը տեսնելով՝ հասկանում էի, որ պարբերաբար հանդիպելու եմ դիաբետը նոր հայտնաբերած երեխաների եւ նրանց ծնողների, որոնք այս ամենի միջով պիտի անցնեին։ Որոշեցի մի ծրագիր նախաձեռնել. ՀՕՖ-ի եւ «Կաթիլ» հիմնադրամի աջակցությամբ սկսեցի Սիսիան համայնքի գյուղական բնակավայրեր գնալ ու պատմել շաքարային դիաբետի առաջացման պատճառների, կարծրատիպերի մասին, իրազեկել մարդկանց։ Ծրագիրը հաջողվեց, հիմա արդեն տարբեր գյուղական բնակավայրերից իրենք են առաջարկում, որ գնամ, խոսեմ երեխաների հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոցիալական ցանցերում դիաբետի մասին առաջին գրառումս կատարեցի, որովհետեւ ուզում էի, որ գոնե իմ շրջապատում մարդիկ իմանան դրա մասին, կարողանան առաջին բուժօգնություն ցույց տալ։ Հետո հասկացա, որ ինձ ու իմ «քաղցր» ընկերներին օգնելու համար անհրաժեշտ է կարծրատիպերի հետ աշխատել։ Ամենամեծ կարծրատիպերից մեկն այն է, որ շաքարային դիաբետ ունեցող անձինք չեն կարող ուտել քաղցր, արագ սնունդ կամ բանան՝ այն ամենը, ինչ պարունակում է գլյուկոզա։ Կարծրատիպ կա, որ չի կարելի ամուսնանալ, երեխա ունենալ, որ շաքարային դիաբետը չփոխանցվի։ Ցավոք, կան մարդիկ, որ մտածում են՝ դիաբետը վարակիչ է, ու այդ պատճառով որոշ ծնողներ արգելում են իրենց երեխաներին դպրոցում նստել շաքարային դիաբետ ունեցող աշակերտի կողքին։ Այս կարծրատիպերը կարող եմ անվերջ թվարկել։

 

«Կյանքն ամեն ինչից առավել է»

 

Դիաբետ ունեցող մարդը պետք է ընդունի, որ սա ապրելակերպ է։ Արտասովոր ոչինչ չկա, պարզապես պետք է կարողանալ հաշվել հացային միավորներն ու դա ճիշտ համադրել ինսուլինի քանակի հետ, պետք է իմանալ՝ որ ժամերին չափումները կատարել, ինչ զգացողություններ են առաջանում գլյուկոզայի բարձրացման-իջեցման դեպքում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընկերներս գիտեն՝ երբ ցանկանան, իմ պայուսակում միշտ կոնֆետներ կան։ Բացի դա, միշտ ինձ հետ են երկու ինսուլինները՝ երկարատեւ եւ կարճատեւ ազդեցության, գլյուկոմետրը։

 

Իմ օրակարգում չափումները պարտադիր են։ Առաջին չափումն առավոտյան է, հետո՝ ամեն սնունդ օգտագործելուց առաջ, ու կախված գլյուկոզայի քանակից՝ ներարկում կամ չեմ ներարկում ինսուլին։ Օրվա ընթացքում, հատկապես՝ դասերի ժամանակ, պարտադիր հետեւում եմ իմ զգացողություններին, որովհետեւ ֆիզիկական ակտիվությունն իջեցնում է գլյուկոզան ու մեծացնում հիպոգլիկեմիայի՝ արյան շաքարի մակարդակի կտրուկ նվազման հավանականությունը։ Այդ ժամանակ պետք է արագ քաղցր մի բան ուտեմ, հյութ խմեմ։ Պարտադիր չափումներ ունեմ նաեւ երեկոյան ու գիշերը։ Թեկուզ զարթուցիչի օգնությամբ, արթնանում, չափում եմ։

Էլեն Հարությունյանը Էլեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բնականաբար, տարբեր միջավայրերում, նույնիսկ՝ դասի ժամանակ է կարիք լինում չափել գլյուկոզա, ինսուլին ներարկել։ Ես դրա հետ կապված որեւէ բարդույթ չունեմ, բայց շատ մարդկանց համար դա խնդիր է, քանի որ կողքի հայացքները շատ տարօրինակ են։

 

Դիաբետի մասին մարդկանց տեղեկացված լինելը շատ կարեւոր է, որովհետեւ, հատկապես հիպոգլիկեմիայի ժամանակ, երբ մենք թուլություն ենք զգում, երբեմն դժվարանում ենք գլյուկոզան չափել։ Օրինակ, իմ ընտանիքի անդամները, ընկերները իրենց ցանկությամբ սովորել են չափել, ներարկել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Իհարկե, երբ նույն գործողությունը կատարում ես 6 տարի շարունակ ու կատարելու ես ամբողջ կյանքում, ինչ-որ պահի հոգնում ես, ու դա, հիմնականում, զուգադիպում է հիասթափությունների հետ։ Բայց նույնիսկ այդ ժամանակ պետք է գիտակցել, որ կյանքն ամեն ինչից առավել է։

 

«Դիաբետը խելացիների եւ հարուստների ապրելակերպ է»

 

Մենք միշտ ասում ենք, որ «դիաբետը խելացիների եւ հարուստների ապրելակերպ է»։ Դիաբետի յուրաքանչյուր պարագա շատ թանկ է։ Պետությունը մինչեւ 18 տարեկան տալիս է ինսուլին, թեստ-երիզ եւ այլ պարագաներ, 18-ից հետո՝ միայն ինսուլին։ Բայց դա էլ շատ անհատական է, որովհետեւ հաճախ պետության տված որոշ պարագաներ, օրինակ՝ թեստ–երիզը, չի բավարարում, ու անհրաժեշտ է լինում գնել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոյություն ունեն գլյուկոմետրին փոխարինող մոնիտորինգային սենսորներ, որոնք շատ են հեշտացնում մեր կյանքը։ Այն փակցնում ենք մարմնին, հիմնականում՝ ձեռքին կամ փորին, ու ցանկացած պահի հեռախոսի կամ ապարատի միջոցով կարող ենք տեսնել մեր գլյուկոզայի մակարդակը, հասկանալ՝ ինչ պատճառով բարձրացավ կամ իջավ, ու շատ այլ մանրամասներ։ Սա շատ լավ, բայց շատ թանկ լուծում է. գինը սկսում է մոտավորապես 30 հազար դրամից, եւ պետք է փոխել 14 օրը մեկ, եթե ավելի շուտ չվնասվի։

 

«Մենք «քաղցրերի ընտանիքն» ենք»

 

Ես ինձ հասարակությանը ներկայացնում եմ որպես «քաղցր աղջիկ»։ Իհարկե, տարիները կոփում են մեզ, բայց, միեւնույն է, եթե հանդիպում ենք կարծրատիպերի, նյարդայնանում ենք։ Հասարակության վերաբերմունքը փոխելու հարցում շատ կարեւոր է դիաբետ ունեցող երեխաների ծնողների դերը։ Շատերը փորձում են թաքցնել, որ երեխան ունի շաքարային դիաբետ, նույնիսկ՝ ուսուցիչներից, մինչդեռ դա անհրաժեշտ է եթե երեխան դպրոցում վատ զգա, օգնության կարիք ունենա։

 

Իմ ծնողները երբեք չեն թաքցրել, ամեն կերպ աջակցել ու աջակցում են ինձ, միշտ ասել են, որ ես խնդիր չունեմ, դա ուղղակի ապրելակերպ է։ Պարզապես ծնողներս ինձ տալիս են հնարավորություն, որ ապրեմ ավելի լավ կյանքով, քիչ առնչվեմ կարծրատիպերի, չեն սահմանափակում իմ՝ շաքարային դիաբետի մասին խոսելիս։

 

Ես էլ փորձում եմ ուրիշներին օգնել։ Ինձ հաճախ են գրում դիաբետ ունեցող ծանոթ-անծանոթ մարդիկ, ցանկանում են հանդիպել, խոսել իրենց մտահոգությունների մասին։ Երբ սոցցանցերում տեսնում են իմ գրառումները, հասկանում են, որ իրենք մենակ չեն, եւ որ մենք «քաղցրերի ընտանիքն» ենք։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին