Գորիսում վաղ առավոտից Արցախից եկող մեքենաների հոսքը չի դադարում։ Այստեղ խցանումներ են, շատ մեքենաներ կանգնած են փողոցի երկայնքով, մարդիկ դրսում սպասում են նորության, շատերը չգիտեն՝ ուր գնալ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ստեփանակերտից սկսած մեքենաների կուտակումներ է մինչեւ Լաչինի միջանցք, 5 շարք մեքենա է գնում, բոլորը շտապում են դուրս գալ»,-պատմում է Գորիս ժամանած քաղաքացիներից մեկը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Դեռեւս սեպտեմբերի 25-ի առավոտյան Ստեփանակերտից շարժված մեքենաներն այսօր լուսաբացին նոր հասան Կոռնիձոր։
«Տեղ-տեղ ժամերով մեքենան կանգնում էր, չէինք հասկանում՝ ինչու»,-պատմում է Սարուշենցի Ռուզան Իսրայելյանը, որն իր երեք անչափահաս երեխաների հետ 20 ժամից ավել ճանապարհ է եկել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրանք փախել են գյուղից պատերազմի առաջին գիշերը, երբ Սարուշենը հրետակոծվում էր տարատեսակ զինատեսակներից եւ ԱԹՍ-ներից, մնալու որեւէ հնար չկար։
«Գյուղի տղամարդիկ մնացին, որ գյուղը պաշտպանեն, կանայք, երեխաներն ու ծերերը փախան անտառ։ Մեկ օր անտառներով փախել ենք, որ դրոններից պաշտպանվենք, հետո մի կերպ հասել Ստեփանակերտ»,- պատմում է Ռուզանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Փախստականներով լեցուն ու շրջափակումից հյուծված Ստեփանակերտը բոլորովին պատրաստ չէր ընդունել նման քանակի փախստականների, որոնք գալիս էին թշնամու կողմից արդեն զավթված տարածքներից։ Շատերը ստիպված են եղել գիշերել բաց երկնքի տակ՝ առանց սննդի։
«Օդանավակայանի կից տարածքում էինք, խոտերի վրա էինք քնում։ Երկու օր չեմ կարողացել երեխաներիս համար սնունդ գտնել, սոված էին։ Տնից դուրս գալիս բացի փաստաթղթերից ուրիշ ոչինչ չէի վերցրել, անգամ հագուստ»,- պատմում է Ռուզանը։
Նա երեխաների հետ շուտով կուղեւորվի Հանքավանում գտնվող «Հայորդի» ճամբար, որն այս օրերին կացարան է տրամադրում պատերազմի հետեւանքով զոհված հայորդիների ընտանիքներին։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Բացի կացարանից՝ ընտանիքներին տրամադրելու ենք նաեւ անվճար սնունդ, հոգեբանի աջակցություն եւ այլ ծառայություններ»,- պատմում է «Հայորդի»-ի հիմնադիր Վաչե Վարդանյանը։ Արդեն մի քանի օր է նա անդադար զանգեր է ստանում Արցախի բնակիչներից՝ կացարան գտնելու հույսով։
«Ճամբարում կարող ենք ընդունել ընդամենը 150 հոգի, սակայն հույս ունենք, որ այլ նախաձեռնություններ, ձեռնարկատերեր եւս նման գործունեություն կսկսեն ծավալել։ Մենք պետք է կարողանանք պատշաճ օգնություն ցուցաբերել մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք այս ամբողջ ընթացքում անպատկերացնելի դժվարություններ են կրել»,- ասում է Վաչե Վարդանյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կոռնիձորի հումանիտար կենտրոնը շարունակում է ընդունել Արցախից բռնագաղթված քաղաքացիներին։ 5 ամյա Արենը բացում է իրեն հատկացված սննդի տուփն ու զարմանքով թվարկում՝ լոլիկ, վարունգ, երշիկ, հետո միանգամից սկսում շոկոլադ ուտել։ Սրանք այն մթերքներից են, որոնցից շրջափակման բերումով շատերը զրկված են եղել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Միեւնույն ժամանակ Ստեփանակերտում մարդիկ փորձում են միջոցներ գտնել Հայաստան գալու համար։ Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետալի պայթյունի զոհերի ու տուժածների մեծ թիվը պայմանավորված է հենց վառելիքի համար անեզր հերթերով։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Շրջափակման հետեւանքով վառելիքի սղությունը հանգեցրել է նրան, որ այսօր բոլորը բենզին են փնտրում, մարդիկ երկար հերթեր են կանգնում, որ գոնե մի փոքր վառելիք կարողանան ձեռք բերել՝ մինչեւ Հայաստան հասնելու համար»,- ասում է Տաթեւիկ Խաչատրյանը, որը դեռեւս Ստեփանակերտում է։ Երկար որոնումներից հետո նրա ամուսինը վերջապես փոքր քանակությամբ վառելիք է գտել եւ շուտով նրանք եւս կկարողանան դուրս գալ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Լրագրող Ասպրամ Ավանեսյանը Ստեփանակերտից պատմում է, որ մարդիկ այրում են իրենց համար թանկագին այն իրերը, որոնք վերցնել չեն կարող, որպեսզի դրանք հանկարծ չպղծվեն թշնամու կողմից.
«Շատերն այրում են իրենց զինվորական համազգեստը։ Մի տարեց կին լալիս էր ու ասում, որ երկար տարիներ ինքն այդ համազգեստը խնամքով լվացել է, արդուկել, իսկ հիմա ինքն իր ձեռքերով այրում է»։
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան (Գորիս)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: