Ցավի հաղթահարումը «Հայորդի»-ում՝ թիկունք թիկունքի տված - Mediamax.am

exclusive
2067 դիտում

Ցավի հաղթահարումը «Հայորդի»-ում՝ թիկունք թիկունքի տված


Լուսանկարը` «Հայորդի» նախաձեռնություն

Արեն Արուշանյանը
Արեն Արուշանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար Կիրակոսյանը
Գոհար Կիրակոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Հայորդի» նախաձեռնություն

Լուսանկարը` «Հայորդի» նախաձեռնություն

Վաչե Վարդանյանը
Վաչե Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարո Ասատրյանն իր ջոկատի հետ
Կարո Ասատրյանն իր ջոկատի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հռիփսիմե Մայիլյանը որդու հետ
Հռիփսիմե Մայիլյանը որդու հետ

Լուսանկարը` «Հայորդի» նախաձեռնություն


«Հայրենիքը մեր՝ արծիվ վիրավոր,

Նորից սավառնեց երկնում լազուր,

Արեւը ժպտաց մեր թաց աչքերին,

Ու իր գիրկ կանչեց չքնաղ «Հայորդին»…

 

12-ամյա Արենը երգում է «Հայորդի» ճամբարի օրհներգը, որ մասնակիցներով միասին գրել են երեկոյան խարույկի շուրջ: Նա Արցախի Հաթերք գյուղից է եւ արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է «Հայորդի» ճամբարին:

 

Ամենքի սրտում՝ մեկ երազանք

 

«Հայորդի» ամենամյա ճամբարը ստեղծվել է 2020 թվականից հետո՝ միավորելու եւ աջակցելու պատերազմի հետեւանքով տուժած ընտանիքների երեխաներին: Այս տարի այն նվիրված է Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի հիշատակին:

 

Արենը պատմում է, որ ճամբարում շատ խաղեր են խաղում, տարբեր հյուրերի են ընդունում, մասնակցում ազգային երգուպարի դասերի: «Այս տարի շատերը նոր են սովորում «Յարխուշտա» ու «Թամզարա» պարել, բայց ես անցյալ տարի ճամբարում սովորեցի ու հիմա հիշում եմ»,- ասում է Արենը: Խոստովանում է՝ մաքրություն անելիս մի քիչ գլուխ են պահում, հետո արագ հավելում, թե ինչ քան կարեւոր է կարգուկանոնի պահպանումը:

Արեն Արուշանյանը Արեն Արուշանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարցին, թե ինչ մասնագիտություն է ընտրելու, Արենն առանց տատանվելու պատասխանում է. «Զինվորակա´ն»: Այստեղ շատերն են նրա պես մտածում, երազանքներն էլ նույնն են՝ վերադառնալ Արցախ, վերադարձնել «խաբեությամբ խլված հողերը», իսկ թե ինչ է պետք անել դրան արժանանալու համար, Արենը գիտի. «Պետք է չխաբենք մեկս մյուսին, լավ գործեր անենք ու Աստծուն հավատանք»:

 

Այս նույն հարցին նման պատասխան է տալիս նաեւ ճամբարի մեկ այլ մասնակից՝ Գոհարը, Արցախի հերոս, գնդապետ Հայկ Կիրակոսյանի դուստրը. «Դադարենք խաբել միմյանց»: Նա եւս երկրորդ անգամ է մասնակցում ճամբարին:

Գոհար Կիրակոսյանը Գոհար Կիրակոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դեռ նախորդ տարվանից այստեղ շատ ընկերներ եմ ձեռք բերել: Նոր մասնակիցներ եւս կան, բայց նրանց հետ էլ շատ արագ ընկերացանք: Ժամանակը շատ ուրախ է անցնում, ափսոս, որ արագ ավարտին է մոտենում»,- ասում է Գոհարը:

Լուսանկարը` «Հայորդի» նախաձեռնություն

Գոհարի մայրը՝ Մարգարիտան եւս միացել է ճամբարին՝ որպես ջոկատավար: «Հայորդի» ճամբարի թիմում են զոհված զինծառայողների կանայք, մայրեր, նաեւ 44-օրյա պատերազմի օրերին վիրավորում ստացած զինծառայողներ: Ինչպես իրենք են ասում՝ նույն ցավի կրողն են ու բոլորը մեկ ընտանիք են դարձել:

 

Երազանքներն իրականանալու հատկություն ունեն

 

Մեկ-շաբաթյա ճամբարի 3 փուլերի ընթացքում «Հայորդին» հյուրընկալել է 300-ից ավելի երեխաների: Ճամբարում ընդգրկվել են 2014 թվականից ի վեր հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների երեխաները ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից: Ցավոք, Արցախի շրջափակման հետեւանքով մի շարք երեխաներ, որոնք նախորդ տարիներին եղել էին ճամբարում, այս տարի չկարողացան մասնակցել:

Լուսանկարը` «Հայորդի» նախաձեռնություն

Ճամբարի իրականացման համար նախաձեռնող խումբն ամեն տարի տարածք էր վարձակալում, եւ սեփական ճամբարն ունենալը դարձել էր երազանք:

 

Նախաձեռնության հիմնադիր Վաչե Վարդանյանը երկար ժամանակ մտածում էր միջոցներ հայթայթելու ու որեւէ գյուղում փոքր առանձնատուն գնելու մասին, որտեղ թեկուզ ոչ մեծ խմբերով, բայց կկարողանար ընդունել երեխաներին: Այդ ժամանակ Վաչեն չէր էլ կարող պատկերացնել, թե ինչպես երազանքի մասին մտքերն ու որոնումներն իրենց արտացոլումը կգտնեն իրական կյանքում:

Վաչե Վարդանյանը Վաչե Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի օր զանգ ստացա մեր մշտական բարերարներից մեկից, որը չի սիրում, երբ հիշատակում ենք իր անունը: Հարցրեց, թե երբ եմ ազատ, որ գնանք ճամբարի տարածքը նայելու: Սկզբում չէի հասկանում՝ ինչի մասին է խոսում, հետո պարզվեց, որ արդեն չորս հարկանի շինություն է գնել Հանքավանում, որը պատրաստվում է անժամկետ ու անվարձահատույց տրամադրել «Հայորդի»-ին»,- պատմում է Վաչեն:

 

Ճամբարային օրերից զատ՝ տարածքը կծառայեցնեն որպես հանգստի գոտի՝ պատերազմի հետեւանքով տուժած ընտանիքների համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարածքի առկայությունը, թեկուզ եւ մեծ նվեր էր, սակայն թիմին դժվար աշխատանք էր սպասվում: Նախաձեռնողներն ընդամենը մի քանի ամիս ունեին 4 հարկանի շենքն ամբողջապես վերանորոգելու եւ կահավորելու համար: Ճամբարից մեկ օր առաջ աշխատանքները դեռ ավարտված չէին, սակայն միահամուռ ջանքերի շնորհիվ «Հայորդին» կարողացավ արդեն հուլիսի 18-ին ընդունել 100-ից ավելի երեխաների:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր նվիրատուների կողմից հավաքված միջոցներով ձեռք ենք բերել 120 մահճակալներ, բարձեր, ներքնակներ, վերմակներ, շենքում լուծել ենք մի շարք տեխնիկական խնդիրներ, զրոյից կառուցել ենք պահանջվող չափորոշիչներին համապատասխան խոհանոց, վերանորոգել ենք ճաշարանի տարածքը եւ կատարել այլ աշխատանքներ»,- ներկայացնում է Վաչեն:

 

Հաղթահարումը՝ իրար թիկունք լինելով

 

22-ամյա Կարո Ասատրյանը, որ 44-օրյա պատերազմի մասնակից է, «Հայորդի»-ի  ջոկատավարների թիմին միացել է դեռեւս նախորդ տարվա ճամբարի ժամանակ:  

 

«Երեխաները երբ նոր են գալիս ճամբար, մտածում են, թե միայն խաղեր են լինելու, բայց հետո, երբ հասկանում են, թե ինչ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում իրենց համար, իրենց հետաքրքրությունները միանգամից փոխվում են, սկսում են ակտիվ մասնակցել ազգային երգուպարին, համերգներին»,- ասում է Կարոն:

Կարո Ասատրյանն իր ջոկատի հետ Կարո Ասատրյանն իր ջոկատի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճամբարի 3 փուլերի ընթացքում երեխաների հետ հոգեւոր զրույցներ է վարել Խաչիկ համայնքի հոգեւոր հովիվ, Տեր Հովհաննես քահանա Մաթեւոսյանը: Հանքավան է այցելել նաեւ «Կարմիր Արեւ» մանկապարտեզի թիմը, որի հմուտ մասնագետները երեխաների հետ անցկացրել են տարատեսակ թերապիաներ՝ օգնելու կառավարել եւ արտահայտել հույզերը, դուրս բերել ներսում կուտակված էմոցիաներն ու մտքերը: Երեխաների հետ անհատական աշխատանքներ են իրականացրել նաեւ «Առաջնագծի հոգեբաններ» ՀԿ-ի մասնագետները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճամբարային օրերից երեխաների համար, թերեւս, ամենահիշարժանը պարապլանով թռիչքն է եղել: Վաչե Վարդանյանի խոսքով՝ դա նաեւ օգնեց երեխաներին պատերազմի հետեւանքով ձեւավորված վախերի հաղթահարման հարցում:

 

Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի բարեգործական հիմնադրամի տնօրեն, Դավիթ Ղազարյանի այրի Հռիփսիմե Մայիլյանը, որն աջակցել է ճամբարի կազմակերպչական աշխատանքներին, կարեւորում է ճամբարի դրական ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա:

Հռիփսիմե Մայիլյանը որդու հետ Հռիփսիմե Մայիլյանը որդու հետ

 

«Այս տարի մեր ուշադրության կենտրոնում են եղել 2022թ. սեպտեմբերյան պատերազմի զոհերի երեխաները, քանի որ նրանք դեռ նոր են հաղթահարում ցնցումը: Նախորդ տարի համերգների ժամանակ շատ երեխաներ չէին պարում, լալիս էին, իսկ այս տարի արդեն իրենք են օգնում նոր եկած երեխաներին հաղթահարել կորստի ցավն ու նորից իրենց մեջ ուրախանալու ուժ գտնել»,- ասում է Հռիփսիմեն:

 

Նրա խոսքով՝ ջոկատավարներ կանայք էլ ճամբարում գտնում են միմյանց, իրար կողքին լինում. «Կարծես թերապիա լինի բոլորիս համար, այստեղ իրար ուժ ու էներգիա ենք տալիս, որ կարողանանք դիմակայել դժվարություններին:

Լուսանկարը` «Հայորդի» նախաձեռնություն

Վաչե Վարդանյանը հուսով է, որ հաջորդ տարի կկարողանան էլ ավելի շատ երեխաների ներգրավել ծրագրում. «Ցավոք, մեր կարիքը դեռեւս կա, եւ սահմանի յուրաքանչյուր դեպքի հետ այդ կարիքն աճում է»:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին