Ռոզա Սաֆարյանը դասավանդում է շուրջ 30 տարի։ Իրանում հայերենի, իսկ արդեն 20 տարի է Կանադայում ֆրանսերենի ուսուցիչ է։
Ռոզան Թեհրանից է։ Ասում է՝ Իրանում Հայաստանի դեսպանի շնորհիվ էր, որ կարողացավ Երեւանում բանասիրական կրթություն ստանալ։
«Իմ ու քրոջս ցանկությունը տեսնելով՝ դեսպանը երաշխավորեց, որ գանք Հայաստան։ Դժվար ժամանակներ էին, բայց երջանիկ եմ, որ կարողացա սովորել Հայաստանում։ Դժվարությունները կոփում են մարդուն. աշխարհայացքս փոխվեց, լրիվ ուրիշ մարդ դարձա։ Երեւանում սովորելն անկյունաքարային նշանակություն ունեցավ ինձ համար։ Եթե այդ հնարավորություն չլիներ, չգիտեմ՝ հիմա ինչ կանեի, որտեղ կլինեի։ Ու դրա համար է, որ երախտապարտ եմ, ուզում եմ ստացածս հետ վճարել»,- հուզմունքը զսպելով պատմում է Ռոզան։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ասում է՝ սփյուռքում ապրելով՝ փորձել է «թեկուզ մի կաթիլ» օգտակար լինել՝ ընտանիքը հայ պահել, հայերեն դասավանդել, հայ համայնքում ակտիվ լինել։ Վերջերս որոշեց, որ զբոսաշրջիկի կարգավիճակով Հայաստան գալն իրեն այլեւս չի բավարարում։ 30 տարվա մանկավարժական փորձառությամբ՝ որոշեց կամավորել հայրենիքում ու դիմեց Հայ կամավորների միություն (Аrmenian Volunteer Corps):
«Դժբախտաբար, ուշ գլխի ընկա, ուշ սկսեցի, թեկուզ՝ որպես կամավոր։ Բայց ավելի լավ է ուշ, քան՝ երբեք։ Տարիքն արգելք չեղավ, որովհետեւ ունեմ ցանկություն, էներգիա, սիրում եմ մասնագիտությունս։ Հավատացեք, որ էնտեղ դասավանդելիս՝ միշտ մտքումս ասում էի՝ ինչո՞ւ այս բանը Հայաստանում չանեմ։ Ընտանիքս էլ սիրով ընդունեց որոշումս, քաջալերեց։ Անգամ մտածում ենք, որ մյուս անգամ ամուսինս էլ կգա»։
Պատրաստ էր Հայաստանի ցանկացած անկյուն գնալ ու անել որեւէ օգտակար աշխատանք, բայց Հայ կամավորների միությունից առաջարկեցին զբաղվել իր սիրած գործով՝ Վանաձորում ֆրանսերեն դասավանդել։
Հայաստանի կրթական համակարգին Ռոզան ծանոթ չէր ու դասավանդման երկու շաբաթները նրա համար մեծ փորձառություն էին։ Հաջորդ անգամ ավելի պատրաստված կգա, դասագրքերի նմուշներ կբերի, եթե հաջողվի, ուրախ կլինի հայաստանցի ուսուցիչների հետ իր փորձով կիսվել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նկատել է, որ Հայաստանում ուսուցիչ-աշակերտ կապը թույլ է։ Վստահ է, որ դասավանդումը աշակերտին ճանաչելու միջոց է. եթե հարաբերությունները մտերիմ լինեն, վստահության մթնոլորտ ձեւավորվի, ուսուցչին շատ հեշտ կլինի նաեւ գիտելիքը փոխանցել։
«Շատ մեծ դեր ունի նաեւ խրախուսանքը։ Եթե ամենաթույլ աշակերտին վստահություն ես փոխանցում, խրախուսում ես, կարճ ժամանակում փոխվում է։ Մենք միշտ մտածում ենք, որ ես՝ որպես ուսուցիչ, ավելի շատ բան գիտեմ եւ պիտի հսկեմ աշակերտին։ Բայց էդպես չէ, մենք պետք է լինենք, ինչպես հավասարը հավասարի հետ։ Դա տեսնելով՝ աշակերտը հանգստանում է, չի վախենում։ Մենք պիտի նրան առիթ տանք սխալվելու ու սովորելու, բայց ոչ թե սխալը կրկնելու:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ուսուցիչը չպիտի կանգնի դասարանի կենտրոնում, խոսի, իսկ աշակերտները լուռ հետեւեն։ Դասավանդումը պետք է աշակերտակենտրոն լինի։ Երեխաները սովորում են այն ժամանակ, երբ ներգրավված են։ Փոքրերը երգ են սիրում, խաղ են սիրում։ Առաջին օրը, երբ սկսեցի երգել կամ խաղալ, արձագանք չտեսա եւ շատ զարմացա՝ ինչպե՞ս, չե՞ն սիրում երգել։ Բայց պարզվեց, որ իրենց համար տարօրինակ է, որ ուսուցիչը երգի կամ խաղա»։
Ինչպես Ռոզան է ասում, իր «լուսավոր, փայլուն ու աշխատասեր» աշակերտների միջոցով նաեւ Վանաձորին է ծանոթանում։ Այստեղ տրանսպորտից հրաժարվել է, որովհետեւ «քայլելով ավելի լավ ես ճանաչում քաղաքը, գնումներ ես կատարում, վաճառողից մի երկու բան ես լսում, կողքովդ անցնող մարդկանց խոսակցություններն են ընկնում ականջդ»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ասում է՝ Վանաձորում իրեն ավելի թեթեւ ու թարմ է զգում, եւ դրան նաեւ Լոռու բնությունն ու առողջ սնունդն է նպաստում։
«Թեթեւ եփ ու թուխ եմ անում համեղ ուտելիքներով, մանավանդ՝ Վանաձորի բանջարեղենը շատ եմ սիրում։ Կանաչեղենի, մածունի համը տարբեր է։ Էնտեղ պիտի համեմունքներ ավելացնես, որ համ ստանաս, բայց էստեղ բնական համը կա։ Ամեն ինչ հաճույքով ուտում եմ եւ փորձում եմ նոր ճաշատեսակներ սովորել»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ընտանիքին անպայման մասնակից է դարձնում իր առօրյային։ Ծիծաղելով ասում է, թե աշխատում է գեղեցիկ լուսանկարներ անել, որ ամուսնուն ու տղաներին էլ ոգեւորի Հայաստան գալ։ Նրանց արձագանքից էլ ինքն է ոգեւորվում։ «Ամուսինս գրել էր՝ Վանաձորի խաղաղությունը զգացվում է նույնիսկ նկարներից»։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Վահե Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: