«Ո՛չ Հայկանուշ, ո՛չ Հայկուհի. Հայկան։ Մամայիս պապիկի անունը Հայկ էր։ Եթե տղա ծնվեի, անունս Հայկ կդնեին, բայց ծնվեցի ես ու եղա Հայկան»,- ծանոթանալիս իր անվան շուրջ ստեղծված շփոթությունը, սովորաբար, այսպես է բացատրում ամերիկահայ Հայկան Չոլագյանը։
Ասում է՝ իր անունը շատ է սիրում, որովհետեւ չկրկնվող է։ Միայն մի անվանակցի է ճանաչում. «Մեր համայնքից մի կին է։ Դիմելիս՝ իրեն ասում են «մեծ Հայկան», ինձ՝ «փոքր Հայկան»»։

Լուսանկարը` Մեդիամաքս
30-ամյա ամերիկահայուհին չորրորդ անգամ է Հայաստանում։ Այլեւս չէր ցանկանում Հայաստան գալ որպես զբոսաշրջիկ. թեկուզ փոքր, բայց օգտակար մի բան էր ուզում անել։ Ամուսնու հետ քննարկեց ու որոշեց դիմել «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրին։
«Ամուսինս ամերիկացի է, բայց գիտի՝ ինչ կարեւոր է հայրենիքս ինձ համար։ Ու այդ պատճառով ասաց՝ գնա։ Գիտեի, որ ամուսնուս պիտի կարոտեմ, բայց հայրենիքս ավելի եմ կարոտել։ Արդեն 6 տարի է, որ Հայաստան չէի եկել։ Եվ այդ տարիների ընթացքում ինչեր պատահեցին…Պատերազմից 3 տարի հետո եկա, բայց շատ ուշացա»,- ասում է՝ հուզմունքը զսպելով։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայկանը տարրական դասարանների ուսուցչուհի է՝ «դասվար»՝ նոր բառ, որ սովորեց Հայաստանում։ Վանաձորում, որտեղ ապրում է արդեն 6 շաբաթ, կամավորում է՝ երեխաներին անգլերեն է սովորեցնում։
«Դեպի Հայք»-ի այլ կամավորների հետ շաբաթական հավաքներ, հայերենի դասեր, տարբեր ոլորտի մարդկանց հետ հանդիպումներ, էքսկուրսիաներ են ունենում։ Ասում է՝ սա մի կարեւոր փորձառություն է, որը դժվար թե ունենար, եթե Հայաստան գար այլ նպատակով։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մենք չունենք այսպիսի հնարավորություն գալ, ապրել, աշխատել Հայաստանում, մեր ժամանակն ու հմտությունները կամավոր ծառայեցնել։ Շատ մարդիկ են սփյուռքից գալիս արձակուրդ, դա էլ լավ է, թող գան, հայրենիքը տեսնեն։ Բայց սա Հայաստանն ու հայերին ավելի խորը ճանաչելու, կապեր, հարաբերություններ հաստատելու հնարավորություն է։ Եթե ծրագրով այստեղ չգայի, հավանաբար Վանաձորը չէի տեսնի։ Շատ կարեւոր է առնչվել Հայաստանի տարբեր հատվածների, եւ ոչ թե միայն Երեւանի, զբոսաշրջային առումով հետաքրքիր վայրերի հետ»։
Աշխատելու ընթացքում Հայկանը նաեւ ուսումնասիրում է Հայաստանի կրթական համակարգը։ Ասում է, իրականում, այստեղ խնդիրները նույնն են, ինչ՝ Ամերիկայում։ Բայց մի բան նրան զարմացրել եւ ուրախացրել է։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես այստեղ երեք կենտրոններում սովորող երեխաների հետ եմ աշխատում։ Հաճելիորեն զարմացա, երբ տեսա, որ այս երեխաներին տալիս են ապագայի հմտություններ. նրանք նկարում են, կավագործություն, կարել, գորգ գործել են սովորում։ Ամերիկայում այդպես չէ»։
Հայկանը մի քիչ շփոթված է։ Ասում է՝ մի կողմից այս երեխաների մեջ մեծ ապագա է տեսնում, մյուս կողմից տխրեցնող խոսակցություններ է լսում, որ Վանաձորը ծերանում է, երիտասարդները հեռանում են քաղաքից ու երկրից։
Հայկանը հատկապես սիրում է երեկոյան ժամերը, երբ վերադառնում է իրեն հյուրընկալող ընտանիք ու, ինչպես ինքն է ասում, «հյուրընկալ մայրիկի» հետ երկար զրուցում են։
«Այս մարդիկ իրենց դռներն են բացել ինձ համար։ Վանաձորում շատ հյուրընկալ են, ուր գնում եմ, զգում եմ, որ բոլորը հոգ են տանում իմ մասին։ Շատ եմ սիրում հատկապես տուն գնալու ժամանակը, որ ճաշում ու խոսում ենք։ Շատ եմ լսում իմ հյուրընկալ մայրիկին, որովհետեւ կյանքում շատ բան է տեսել՝ երկրաշարժ, Արցախյան առաջ պատերազմ, խորհրդային տարիներ, անկախություն։ Իրենից շատ բան եմ սովորում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ես արեւմտահայերեն եմ խոսում, բառապաշարս հարուստ չէ, բայց հյուրընկալ մայրիկիս հետ շատ հանգիստ եմ, ինքը շատ դանդաղ է խոսում, որ հասկանամ։ Շատ համբերատար է։ Եթե ինչ-որ բառ չգիտեմ, տետրակիս մեջ գրում եմ, թարգմանում, բացատրում է։ Այսպես հայերեն ավելի լավ եմ սովորում»։
Հյուրընկալ մայրիկից Հայկանը նաեւ հաց թխել, նոր ճաշատեսակներ պատրաստել ու տարբեր երգեր է սովորել։ Շուտով ծրագիրն ավարտելու եւ Ամերիկա է վերադառնալու. իրողություն, որ միանգամից փոխում է տրամադրությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Հիմա պիտի սկսեմ լալ, շատ լալկան եմ։ Երբ «Դեպի Հայք»-ի առաջին հարցազրույցին էի մասնակցում, էլի լացում էի, միշտ լացում եմ։
Սա շատ լավ փորձառություն էր, շատ բախտավոր ենք, որ այս ծրագիրն ունենք, կարող ենք գալ ու հայրենիքի հետ կապը ստեղծել։ Բայց վատ եմ զգում, որ չեմ մնում, հետ եմ գնում։ Ի՞նչ հասկացա, չգիտեմ։ Բայց սա իմ ներքին կոնֆլիկտն է։ Թեեւ Հայաստան տեղափոխվելու գաղափարը դեռ հեռու է, բայց այս մեկ ամսվա ընթացքում մի քայլ ավելի մոտեցավ»։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Վահե Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: