Ստեփանակերտի ամենալուսավոր թաղամասերից մեկի՝ իրենց ոչ պակաս լուսավոր բնակարանում պիտի հանդիպեինք տիկին Սուսաննային: Ու չնայած դրան, հարցազրույցը սկզբից մինչեւ վերջ անցնում է կիսամութ պայմաններում. «մեղավոր» էինք, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկը ճիշտ չէինք հաշվարկել այս անգամ:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
«Ախր, մի լույս չլինի՝ մի բաժակ սուրճ դնեմ ձեզ, հայ ենք, չէ, ի վերջո», - սրտնեղում է տիկին Սուսաննան, մինչ մեր միակ մտածմունքը «կիսալույսի» մեջ լավ լուսանկարներ ստանալն էր:
Երկուսուկես տարի առաջ են Խուրշուդյաններն առաջին անգամ Մեդիամաքսի տեսադաշտում հայտնվել. հետպատերազմյան Արցախ՝ տուն վերադառնալու իրերն էին դասավորում: Դա տիկին Սուսաննայի կյանքում արդեն երկրորդ որոշումն էր վերադառնալու Արցախ, առաջինը դեռ ուսանողության տարիներին էր.
«Ռուսաստանում եմ սովորել, բոլորն ասում էին՝ գնում ես՝ ինչ անես, մնա, գործ էլ կտանք, ամեն ինչ էլ: Քրոջս ամուսինն ասաց՝ «Եթե կարողանաս բացատրես, թե ինչի համար ես գնում, հենց վաղը տոմսդ առնում եմ»: Ասեցի՝ «Չգիտեմ, ներսս սեղմում է, երեւի կարոտն է»: Ասեց՝ «Ճիշտ ես»…
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Այս անգամ ոչ թե 20-ամյա ուսանող, այլ երեք երեխաների մայր Սուսաննա Խուրշուդյանն ինքն է համարձակվել դիմել մեզ՝ Արցախի շրջափակման մասին եւս մեկ անգամ բարձրաձայնելու իր հնարավորությունն օգտագործելով: Ինչպես ինքն է ասում՝ «որ աշխարհը տեսնի, լսի, իմանա»:
Խոստովանում է՝ հասկացել է, որ լուռ կրելով զրկանքն ու հավատացնելով բոլորին, որ ամեն ինչի, այդ թվում՝ եւս մեկ պատերազմի դիմակայելու ունակ են՝ սխալ է: Ինքն իրեն նոր-նոր է սկսել թույլ տալ երբեմն լաց լինել խոսափողից այն կողմ ու բաց ասել՝ «Այո, էլ չենք դիմանում»:
«Անցյալ օրը Երեւանից ընկերուհուս հետ խոսելիս առաջին անգամ լաց եղա: Ասում է՝ միշտ հույսով էիր խոսում, էս անգամ ոնց-որ ուրիշ ձեւ ա ձայնդ: Ասում եմ՝ դե ինչ անենք, արդեն հոգնել ենք: Էլ չենք դիմանում արդեն: Որ իմանանք ինչ-որ լավ բան ա մեզ սպասվում, ինչ-որ հույս կա, ինչ-որ լույս կա թունելի վերջում՝ էլի համբերենք, բայց որ անորոշություն ա՝ չգիտենք, թե ոնց մեզ պահենք: Հիշում եմ, այդ նույն օրը տղաս տան դարակները բացեց, ասեց՝ «Մամա, էս մենք արդեն աղքա՞տ ենք, ոչ մի բան չկա ուտելու»:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Եթե քաղցրավենիք չկա, միրգ չկա՝ 12 տարեկան երեխային թվում է, թե աղքատ ենք: Հիմա ճամբար եմ ուղարկել, ասում եմ՝ «Հայկո՛, նորմալ սնունդ կա՞: Ասում է՝ «Ամեն ինչ կա, բացի լավ բանից»: Գյուղից մնացած վերջին կաթնաշոռով «սիգարետներ» եմ թխել, ոտքով հասցրել քաղաքի մյուս ծայրում գտնվող ճամբարը: Նույն օրն էլ վերադարձել, հացի հերթ կանգնել տան համար: Առաջ գյուղի հետ կապը կար, գյուղից մթերք ուղարկում էին մերոնք, հիմա այդ տրանսպորտն էլ չկա, ո՞նց բերեն մարդիկ: Մեր գյուղը 18 կմ է հեռու, բայց հիմա 5 էլ լինի, 18 էլ լինի՝ կապ չունի, մեքենա չկա: Շուկայում միայն կարտոֆիլ է, դա էլ մարդիկ արդեն խուճապի մեջ 10-12 կգ-ով գնում են, տանում, որովհետեւ գիտեն, որ հեսա դա էլ չի լինի, գյուղերից բերելու վառելիք չկա»:
Հացի հերթերն ու ձեթի կամ շաքարավազի իսպառ բացակայությունը նորություն չէ երեք պատերազմ վերապրած Սուսաննայի համար: Հիշում է՝ 90-ականներին քրոջ զավակներն ավելի փոքր էին ու մինչ օրս չեն մոռանում «հաց բերող» Մինաս քեռիին:
«Եղբայրս ֆորմայով մի հաց ձեռքին մտնում էր տուն, հացը թողնում, նորից գնում: Մինչեւ հիմա, քրոջս տղան 32 տարեկան ա, էն ժամանակվա պես ասում ա՝ «Մամա՛, ինչ լավ ա, որ Մինաս քեռին մեզ էր բաժին ընկել»: Այսինքն, ինքը մինչեւ հիմա հիշում ա, որ իրենց դուռը մեկը բացում էր, հաց էր տալիս իրանց: 2016-ին եղբայրս զոհվել է: Ես ոչ մի դեպքում չեմ ուզում թույլ տամ, որ իմ երեք երեխաները նորից նույն բանի միջով անցնեն», - ասում է Սուսաննան ու չի թաքցնում՝ Արցախում նաեւ անկեղծության պակաս են զգում քաղաքական շրջանակների կողմից:
Թեեւ վերջին օրերին Արցախի շրջափակման շուրջ լրահոսի հիմնական մասը կազմում է Հակկարիի կամուրջ ուղեւորված մարդասիրական բեռով մեքենաների պատկերները, սակայն շատ արցախցիների պես տիկին Սուսաննային էլ այդ ամենն այդքան էլ չի ոգեւորում, մանավանդ, որ հենց տեղաշարժի իրավունքից զրկված լինելը Խուրշուդյանների տանը վտանգի տակ է դրել թե՛ ընտանիքի մոր առողջությունը, թե՛ երեխաների կրթության իրավունքը:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
«Մարդ ուտելուց բացի այլ պահանջներ էլ ունի, չէ՞: Մարդը չի ապրում ուտելու համար, այլ ուտում է ապրելու համար, բայց ապրելու համար ուտելուց բացի ուրիշ բաներ էլ են պետք, չէ՞: Գոնե էնքանով հանգիստ լինես, որ սթրեսից չհիվանդանաս: Էստեղ հիվանդանաս էլ՝ ճանապարհի պատճառով ինչքան խնդիր կա, որ չես կարողանում լուծել: Էն օրը գնացել էի ստուգման, պարզվում է՝ նոր առողջական խնդիր է առաջացել ու նախորդից ավելի պրոգրեսիվ: Ասում են՝ հորմոն հանձնի, այս անալիզը հանձնի, որոնց հնարավորությունը Արցախում չկա: Ասում եմ՝ «Դե չկա, ինձ ուղեգիր տվեք, Կարմիր Խաչի միջոցով գնամ Երեւանում հետազոտվեմ:» Պատասխանը՝ «Չէ, դե դա էն խնդիրը չի, որ ուղեգիր տանք Երեւան գնալու»: Ձեզ համար այն խնդիրը չի, բայց ինձ համար իմ առողջությունն ա, ինձ համար գերագույն խնդիր ա: Իրենք են որոշում, թե իմ առողջությունն ինչքանով է կարեւոր»: Ես չեմ ուզում ծանոթ ճարեմ, գումարով ոմանց պես գնամ Արցախից: Ես ուզում եմ գնամ, իմ առողջության հարցը, իմ երեխայի կրթության հարցը լուծեմ, հետ գամ: Որովհետեւ ես Արցախից հիասթափված չեմ, եթե խոսում եմ գնալու մասին: Պապաս մահացած, եղբայրս մահացած, մորս համար էդ գերեզմանն ամեն ինչ է: Բայց էդ զոհվածները չեն ասել՝ ինձանից հետո ապրեք, բայց տանջանքով ապրեք: Եղբայրս, որ կենդանի լիներ, կասեր՝ ոնց ձեզ համար լավ է, էդպես էլ արեք»:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Ընտանիքի ավագը դուստրը՝ Աննան այս տարի միանգամից երկու համալսարան է ընդունվել, սակայն շրջափակման պատճառով չի կարողանալու մասնակցել դասերին: ԵՊՏՀ եւ Հայ-ֆրանսիական համալսարանների քննություններին մասնակցել է առանձին կարգով՝ միասնական եւ ներբուհական, երկու դեպքում էլ՝ «բլոկադային», առցանց պայմաններում: Հունիսի 15-ի էսկալացիան ու դրանից հետո սկսված Արցախի արդեն տոտալ շրջափակումը Աննայի՝ լիարժեք ուսանողության երազանքը դեռ օդից կախված է պահում:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
«Երկու տարի անընդմեջ պարապում էր: Որտեղ գնում էինք ընտանիքով՝ ինքը չէր գալիս: Մամայիս տուն էինք գնում, մամաս ասում էր. «Աննան ինչի մի անգամ չի գալիս, չի՞ կարոտում ինձ»: Ասում էի՝ «Մամա, իրա յուրաքանչյուր մի ժամը իրա համար թանկ ա»: Ինչքան ջանք եմ գործադրել, ֆրանսիացի ռեկտորին նամակ եմ գրել, խնդրել եմ, որ մի բան անեն, մի ձեւ կազմակերպեն երեխան օնլայն քննություն տա, հետո նույն ձեւ մասնակցի դասերին: Մեր կամքով չի, ախր, որ չենք կարողանում գանք: Ասացին՝ սա առաջին նման դեպքն է, որ փաստացի ՀՀ քաղաքացին չի կարողանում գալ, քննությունները հանձնել: Ի վերջո ստացվեց քննությունները հեռակա կազմակերպել, պայմաններն էլ խիստ դրված, որ կապի խնդիր չլինի, հոսանքն անխափան լինի եւ այլն:
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս
Դե, ախր, էստեղ օր ա լինում, որ «Ղարաբաղ Տելեկոմը» ընդհանրապես չի գործում, լույսերն էլ 4 ժամը մեկ անջատվում են: Մի ուրիշ պայման է նաեւ, որ եթե երեխան օնլայն է հանձնում քննությունը, այսինքն՝ չի ներկայանում, առաջին տարին ուսման վարձից ո՛չ անվճար տեղի կարող է հավակնել, ո՛չ զեղչի: Իսկ Աննայի ստացած բալերով առնվազն գումարի կեսը այլ պայմաններում կարող էինք չվճարել»:
Սոֆիա Հակոբյան (Ստեփանակերտ)
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: