«Մենք ենք մեր մեջ կրակը վառողը». պաշարված Արցախում STEM Expo կանցկացվի - Mediamax.am

exclusive
2142 դիտում

«Մենք ենք մեր մեջ կրակը վառողը». պաշարված Արցախում STEM Expo կանցկացվի


Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Արտավազդ Բոյաջյանը
Արտավազդ Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh


Օգոստոսի 6-ին Մարտակերտում անցկացվելու է Artsakh STEM Expo 2023-ը՝ «Գիտություն եւ մոտիվացիա» խորագրով։ Այն անցկացվում է երկրորդ անգամ։

 

Առաջինը կազմակերպել էր Եվրոպայի երիտասարդ ֆիզիկոսների միության արցախյան մասնաճյուղը՝ «Artsakh young minds»-ը։ Ցանկանալով գաղափարը շարունակական դարձնել ու նպաստել Արցախում STEM կրթության եւ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ կազմակերպիչները ստեղծեցին STEM Artsakh-ը։

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Էքսպոն այդ նպատակին հասնելու ճանապարհներից մեկն է։ Այն մի կողմից  արցախցի պատանիներին ու երիտասարդներին հնարավորություն է տալիս  ներկայացնել իրենց գաղափարներն ու զարգացնել կարողությունները, մյուս կողմից` ծանոթանալ Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի գիտական, ինժեներական, տեխնոլոգիական եւ IT ընկերությունների աշխատանքին, ոլորտի նորարարություններին։

 

2022-ին էքսպոն բազմամարդ էր. ոլորտի մասնագետներից բացի Երեւանից ու մարզերից 100-ից ավելի երիտասարդներ էին հյուրընկալվել Մարտակերտում։ Այս տարի, ցավոք, Հայաստանի եւ սփյուռքի խոսնակների ու մենտորների հետ հանդիպումը հեռավար է լինելու։

 

Էքսպոյի առաջին խոսնակն աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանն է։

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

«STEM talk-երը նվիրված են մեր այս տարվա խորագրին՝ գիտություն եւ մոտիվացիա։ Իսկ պանելային քննարկումների թեման լինելու է STEM-ը (գիտություն, ճարտարագիտություն, տեխնոլոգիա եւ մաթեմատիկա) կյանքում եւ բիզնեսում։ Ներգրավել ենք նաեւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների, որոնք կարող են հասանելի ձեւով բացատրել, որ գիտելիքը միայն դպրոցում ստացած, ակադեմիական նյութը չէ, այն կարելի է վաճառել, գումար աշխատել»,- ասում է Artsakh STEM Expo-ի կազմակերպչական խմբի ղեկավար Արտավազդ Բոյաջյանը։

 

Էքսպոյի ընթացքում նաեւ գաղափարների մրցույթ է լինելու։ Մասնակից խմբերը կարող են ներկայացնել իրենց գաղափարները։ Հաղթողները ստանալու են փոքրիկ ֆինանսական պարգեւ եւ իրենց գաղափարը զարգացնելու համար մենտորի շարունակական աջակցություն։

 

«Շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ կարեւորը գումար ներդնելն է, բայց մենտորի աշխատանքն ավելի արժեքավոր է։ Լավ մենտորի օգնությամբ կարող ես ավելի շատ գումար ներգրավել, քան՝ եթե ինչ-որ մեկն ուղղակի բերի, քեզ գումար տա։

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Ըստ պայմանավորվածության՝ մենտորներից չորսը պետք է մինչեւ էքսպոն հանդիպեն թիմերի հետ, օգնեն զարգացնել հմտությունները, ճիշտ ներկայացնել գաղափարը։ Իսկ 3 հաղթողների հետ արդեն առանձին մենտորներ են աշխատելու։

 

Նրանք ոչ միայն պրոդուկտի, այլեւ թիմի կարողությունները զարգացնելու ուղղությամբ են աշխատելու, եթե ուղղորդման կարիք կա, ուղղորդելու են, օգնելու են ներդրումներ ներգրավել։ Մենտորի աշխատանքը նախատեսված է 3 ամսվա համար։ Եթե նա դադարեցնում է աշխատանքը խմբի հետ, նրան մեկ այլ մենտոր է փոխարինում, մինչեւ ունենանք տեսանելի արդյունք»,- պատմում է Արտավազդը։

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

3 մրցանակ՝ սիմվոլիկ դրամական պարգեւով, նախատեսել են նաեւ հետազոտական աշխատանքների համար։ Կազմակերպիչներն այս փուլում լուրջ գիտական հետազոտություն չեն ակնկալում։ Կարեւորը՝ աշակերտներն ու ուսանողները կարողանան հետազոտել եւ ներկայացնել իրենց սովորածը։

 

Կրթության շարունակականությունն ապահովելու համար կազմակերպիչները որոշել են էքսպոյին նախորդող ու հաջորդող դասընթացների շարք անցկացնել։ Առաջին հանդիպումը «Ինչո՞ւ եւ ինչպե՞ս լինել ստեղծարար» թեմայով Synergy Armenia ընկերության տաղանդների առաջխաղացման ղեկավար Աննա Կոնջորյանն է անցկացրել։

 

Արտավազդն ասում է, որ ուրախ կլինեն էքսպոյի շրջանակում ու դրանից դուրս համագործակցել սփյուռքի եւ Հայաստանի ինժեներական, տեխնոլոգիական, կրթական հաստատությունների հետ։

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ էքսպոյի կազմակերպչական աշխատանքները դժվարացել են։ Նախաձեռնող խմբի մի մասն Արցախում, մյուս մասը Երեւանում է։

 

«Օնլայն հանդիպումների միջոցով փորձում ենք լուծել կազմակերպչական հարցերը։ Սկզբում հեշտ էր, հոսանքի անջատման գրաֆիկը կարգավորվել էր։ Բայց հիմա նորից երեքժամյա անջատումներ են լինում նաեւ երեկոյան, իսկ մենք աշխատող, սովորող ենք, երեկոյան էր հարմար խոսելը։ Հիմա բոլորով հանդիպել չենք կարող, որովհետեւ եթե Մարտակերտում լույս կա, Ասկերանում չկա, եթե Մարտունիում կա, Ստեփանակերտում չկա»։

Արտավազդ Բոյաջյանը Արտավազդ Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդը Շիրակի մարզի Փանիկ գյուղից է։ 2018-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով տեղափոխվել է Արցախ ու մնացել այստեղ։ Արդեն երեք տարի է՝ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում է ապրում ու դասավանդում դպրոցում։ 2022-ի դեկտեմբերին Երեւան էր եկել։ Ճանապարհը փակվեց, վերադառնալ չկարողացավ։

 

Ասում է՝ աշակերտները զանգում հարցնում էին՝ ե՞րբ եք գալու։ «Չգիտեմ» անորոշ պատասխանին հաջորդ հարցն էր հետեւում՝ «իսկ էքսպոն այս տարի լինելո՞ւ է»։

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

«Անցյալ տարի Երեւանից եւ մարզերից եկած երիտասարդները երկու գիշեր մնացին մարտակերտցիների տներում։ Երբ ժամանեցին, հյուրընկալող ընտանիքները հավաքվել էին Մարտակերտում, սպասում էին իրենց «բաժին» երեխային։ Բայց երեխաներն ավելի քիչ էին, քան՝ հյուրընկալողները, ու շատերը կռիվ էին անում, թե՝ խնդրում եմ, մի երեխա տուր, տանեմ իմ տուն։ Այնքան էին ուրախացել այդ հնարավորության համար, հատուկ հյուրասիրություն էին կազմակերպել։

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Մենք նախատեսել էինք, որ այս տարի գոնե արցախցիները էքսպոյի նախորդ գիշերը գան, մնան Մարտակերտում, բայց այս պայմաններում, երբ մարդիկ օրվա սննդի խնդիր ունեն, մենք նույնիսկ դա չենք կարող կազմակերպել։ Մարդիկ հուսահատվում են, բայց չպիտի ընկճվենք։ Մենք ենք մեր մեջ կրակը վառողը, միմյանց ոգեշնչողը»։

Լուսանկարը` Բիայնա Մահարի/STEM Artsakh

Էքսպոյի եւ մրցույթների մասնակցության հայտերը բաց են մինչեւ հուլիսի 20-ը։ Առաջիկայում կհրապարակվի նաեւ բանախոսների ցանկը։ Էքսպոյի ավարտին, ինչպես նախորդ տարի, համերգային ծրագիր եւ ազգագրական շուրջպար է լինելու։

 

Artsakh STEM Expo 2023-ն իրականացնելու համար reArmenıa հարթակում դրամահավաք է սկսվել։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Արտավազդ Բոյաջյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին