Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները - Mediamax.am

exclusive
7861 դիտում

Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Արցախի շրջափակման 7 ամիսների ընթացքում հաճախ է խոսվել «բլոկադայում ծնվածների» մասին: Ինչ խոսք, ծնվածների թվերը եզակի հույսի շող էին Արցախից որեւէ դրական լուրի սպասողների համար: Մինչդեռ այդպես էլ չծնվածների մասին քչերն են իմանում: Թերսնուցում, մշտական սթրես, վառելիքի բացակայության պատճառով ներքին տեղաշարժի անհնարինություն, անհրաժեշտ բուժօգնության հասանելիության խնդիր, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ու գազի իսպառ բացակայության հետեւանքով կենցաղային ծանր պայմաններ իրենց բոլոր հետեւանքներով: Սրանք, թերեւս, բավարար պատճառներ են լուրջ մտահոգվելու, որ առաջիկա ամիսներին կարող ենք արձանագրել Արցախում ծնելիության նվազման միտումներ:

 

Բլոկադայում վերը նշված խնդիրների պատճառով այդպես էլ չծնված բալիկներին կորցրած կամ հղիությունը հարկադրաբար ընդհատած կանանց մասին, հասկանալի պատճառներով, Արցախում հրապարակային խոսելուց խուսափում են եւ՛ հասարակությունը, եւ՛ մասնագետները: Մինչդեռ ՄԱԿ-ի՝ ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման կոնվենցիայի երկրորդ հոդվածում տեղ գտած առնվազն երկու կետ խոսում է հենց նման իրավիճակների մասին.

 

Որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,

 

Այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը:

 

Բլոկադայի գրեթե ամբողջ ընթացքում Կարմիր Խաչի առաքելությունն իրականացրել է Արցախից հղի կանանց տեղափոխման ծրագիր՝ բժշկի համապատասխան ցուցման դեպքում: Այս փոխադրումները, սակայն, ժամանակ առ ժամանակ ընդհատվում են իրավիճակի սրմանը զուգահեռ, իսկ լավագույն դեպքում հղիները կամ առողջական լուրջ խնդիրներ ունեցող այլ անձինք ստիպված են լինում սպասել տեղափոխման իրենց հերթին, որը երբեմն շաբաթներ ու ամիսներ է տեւում:

 

Հուլիսի 11-ին Ադրբեջանը հերթական անգամ խոչընդոտել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների անցումը Լաչինի միջանցքով եւ գործ հարուցել ԿԽՄԿ դեմ՝ մեղադրելով նրանց մաքսանենգության մեջ: Այսպիսով՝ բուժառուների տեղափոխումները կրկին անորոշ ժամանակով դադարեցված են:

 

«Մի բան, որ նախկինում հնարավոր չէր պատկերացնել»        

 

Մեր զրուցակիցներից 36-ամյա Վ-ի հղիությունը բլոկադայի հետ հավասար է զարգացել. անցած 7 ամիսների ընթացքում նա մեկ անգամ չէ, որ հայտնվել է հիվանդանոցում՝ վիժման վտանգով:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

«Հղիությանս մասին իմացել եմ 2022թ․ դեկտեմբերի 10-ին։ Օրը շաբաթ էր։ Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 12-ին, գնացի լաբորատորիա, մի շարք անալիզներ հանձնեցի։ Մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ ճանապարհը նորից փակվել է։ Այդ անալիզներն այդպես էլ Երեւան չուղարկվեցին։ Դա առաջին խնդիրն էր, որին առերեսվեցի հղիությանս ընթացքում։ Տանը միշտ կատակով ասում ենք, որ մեր բալիկը բլոկադայի հասակակիցն է։ Եվ, ինչ թաքցնեմ, հույս ենք պահում, որ ծնվելուն պես բլոկադան էլ կվերանա» ։

 

Երիտասարդ կինը խոստովանում է՝ կենցաղային խնդիրներից զատ, պաշարված Արցախում սերնդի շարունակության համար պատասխանատու կանանց ամենամեծ խնդիրը, այնուամենայնիվ, անդադար սթրեսն է.

 

«Երբ գազօջախն ընդամենը կահույքի մաս դարձավ, մենք վերադասավորեցինք սենյակները։ Բազմոցն ու բազկաթոռը եկան, շարվեցին փայտի վառարանի շուրջը։ Եվ մենք վերհիշեցինք, որ վառարանի վրա եփած ճաշն անհամեմատ համով է, տերեւներով ու խոտաբույսերով թեյը՝ նույնպես։ Ես չեմ սիրում տրտնջալ, բողոքել։ Հարմարվել ու ապրել ենք։ Կենցաղային խնդիրները շատ ավելի հեշտ են հաղթահարվում, քան հոգեբանական խնդիրները։ Ամենամեծ փորձությունը անորոշությունն է։ Մշտական տագնապը։ Ես մինչեւ հիմա ինքս  ինձ հարցնում  ու պատասխան չեմ գտնում՝ արդյոք անպատասխանատվություն չէ՞ այս պայմաններում երեխա ունենալը։ Հղիության վաղ շրջանում, երբ առաջին անգամ երեխային կորցնելու վտանգով հիվանդանոց պառկեցի, պարզվեց, որ անհրաժեշտ դեղը ծննդատանը չկա։ Բժիշկն առաջարկեց փոխարինողը՝ միաժամանակ  ամուսնուս  առաջարկելով ինքնուրույն գտնել դեղը։ Բայց նրա անհույս ժպիտը հուշում էր, որ բոլոր  որոնումները վառելիքի ապարդյուն ծախս պիտի լինեն. Ստեփանակերտում այդ դեղը  չկա։ Իսկ վառելիքի սղությունն իսկապես լուրջ խնդիր էր եւ է» ։

 

Հղիների ու նոր ծննդաբերած կանանց համար այդքան կարեւոր վիտամինները պարունակող մթերքներից այսօր Ստեփանակերտի խանութներում եւ շուկայում չկա գրեթե ոչինչ: Շաբաթներ առաջ հայտնված տեղական եւ շատ թանկ ձմերուկը, կիլոգրամը 600 դրամով կարտոֆիլն ու 1300 դրամով լոբին միակ տեղական մթերքներն են, որոնք հնարավոր է ձեռք բերել: Կաթնամթերքի տեղական արտադրությունը, որը ինչ-որ տեղ մեղմում էր ճգնաժամը ձմռան ու գարնան ամիսներին, այժմ նույնպես կանգնած է՝ համապատասխան տարաների բացակայության պատճառով:

 

Հղիության ընթացքում համապատասխան սննդի բացակայության, հեմոգլոբինի բարձրացման համար մի քանի փունջ սպանախի կամ որեւէ բանջարեղենի անվերջ ու հուսահատ փնտրտուքների մասին Վ.-ն համեստորեն լռում է: Գուցե այն պատճառով, որ իր իսկ աչքի առաջ առավել ծանր հետեւանքներով դեպքեր էլ են եղել:   

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

«Առաջին անգամ ծննդատանը ես թերսնված հղի տեսա, որը նույնիսկ ուշաթափվեց միջանցքում, բոլորիս աչքի առաջ։ Թե ինչ գնով են աշխատել Արցախի հիվանդանոցները՝ միայն իրենք կիմանան։ Ես միայն կարող եմ վկայել բուժաշխատողների հոգատարության ու սրտացավության մասին։ Ես տեսել եմ, թե ինչպես են բուժքույրերը ուտելիք տանում նշածս թերսնված հղիի համար, ինչպես են բժիշկները համոզում մեզ, որ միրգ-բանջարեղենը՝ հեչ, կարեւորը մենք միս ուտենք։ Մի բան, որ նախկինում հնարավոր չէր պատկերացնել։ Նախկինում շատ բան չէր հնարավոր պատկերացնել։ Օրինակ, որ հնարավոր է ես հրաժարվեմ Կարմիր խաչի միջոցով մեկնել Երեւան՝ լրացուցիչ հետազոտությունների, չնայած բժշկի հորդորներին: Որովհետեւ չեմ կարող որդուս տանը թողնել։ Ոչ թե որովհետեւ նրան խնամող չի լինի, պարզապես ամեն վայրկյան կարող է նորից պատերազմ բռնկվել։ Ու մենք նրա կողքին չենք լինի։ Ես դա թույլ տալ չեմ կարող։

 

Այժմ, երբ երեխայի ծնվելուն մեկ ամիս է մնացել, ի հայտ եկավ եւս մեկ խնդիր․ Ստեփանակերտում խնդիր է նորածնի հագուստ, մանկասայլակ, տակդիր եւ նման այլ իրեր գտնելը։ Հատկապես, երբ ի վիճակի չես շրջել քաղաքի բոլոր խանութները։ Ոտքով։ Վառելիքի խնդիրը, ինչպես ասացի,  սրվում է օրեցօր։ Որոշ ապրանքներ պատվիրեցի Երեւանից։ Բայց հունիսի 15-ի դեպքից հետո այդ հնարավորությունն էլ կորավ։ Երեւանից որեւէ ապրանք այլեւս չի կարող Արցախ հասնել» ։

 

Ստեփանակերտում բնակվող եւ երեք ամիս առաջ մայրացած Մարգարիտա Ղուշունցը պատմում է արդեն հետծննդաբերական բարդությունների մասին: Առաջին իսկ խնդրի հետ երիտասարդ մայրիկը բախվեց ծննդատան վերակենդանացման բաժնից հիվանդասենյակ տեղափոխվելու պահից սկսած: Մարգարիտայի փոքրիկի ծնվելու օրերին Արցախում արդեն շաբաթներ շարունակ դադարեցված էր գազամատակարարումը եւ ջեռուցման խնդիրների պատճառով անհնար էր հիվանդասենյակի ջերմաստիճանն անհրաժեշտ նորմայի մեջ պահել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

«Ստիպված երեխաներին մի քանի ծածկոցով փաթաթում, պահում էինք մեր կողքին, ես էլ վիրահատված: Այն կանայք, որոնք կեսարյան հատումով են ծննդաբերել, կհասկանան, թե որքան բարդ բան է դա», - հիշում է Մարգարիտան:

 

Գազի եւ տրանսպորտի բացակայության պատճառով Մարգարիտայի հարազատները նրա սնունդը հիմնականում ոտքով էին բերում հիվանդանոց: Բերում էին այն, ինչ գտնվում էր շրջափակված քաղաքում:

 

Ներկայում Մարգարիտան նաեւ ստիպված է կաթնախանուրդ հայթայթել երեք ամսական աղջկա համար, քանի որ իր կրծքի կաթը թեեւ բավարար է, սակայն բավարար վիտամիններ չի պարունակում փոքրիկի համար՝ մոր «բլոկադային» սննդակարգի պատճառով: Թե որքան բարդ է շրջափակված Արցախում հայթայթվել կաթնախարնուրդ՝ գիտեն միայն արցախցի մայրիկները:

 

Մեզ հետ խոսելու պահին Մարգարիտան գտնվում էր շաքարավազի երկար ու ձիգ հերթի մեջ, որտեղից հույս ուներ վերադառնալ այնքան շաքարավազով, որ գոնե քաղցր թեյ խմի՝ կաթնարտադրությունը պահելու համար: Բլոկադային հերթը, ինչպես հաճախ է պատահում Արցախում, ապարդյուն անցավ այդ օրը նաեւ Մարգարիտայի համար:  

 

Երեխայի համապատասխան ոչ ալերգիկ հագուստը, տակդիրներն ու խնամքի այլ պարագաներ գտնելը, ըստ Մարգարիտայի, նույնպես մեծ խնդիր են. փոքրիկ Ռոզիի համար նոր օրորոց ու վաննա այդպես էլ չգնեցին:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

«Մեկ այլ խնդիր է, որ գազի բացակայության ու էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով մշտական տաք ջրի խնդիր կա եւ ոչ միշտ ենք կարողանում երեխային խնամել համապատասխան ձեւով: Ստիպված օգտագործում ենք թաց անձեռոցիկներ, որոնք գտնելը նույնպես շատ դժվար է, եղածն էլ շատ թանկ է», - ասում է Մարգարիտան, որի ամենամեծ ափսոսանքն ու ապրումները, թերեւս, կապված են նրա հետ, որ նորածին Ռոզիին իր ուզածի չափ ժամանակ հատկացնել չի կարող այս շրջանում. երեք երեխաների մայրը շրջափակված Արցախում խիստ թանկացումների պատճառով չի կարող հույսը դնել միայն ֆիզարձակուրդի վճարումների վրա եւ ստիպված է վերադառնալ աշխատանքի:

 

Համարձակվե՞լ երեխա ունենալ բլոկադայում, թե՞ ոչ. մայրացած ու չմայրացած արցախաբնակ հայ կանայք չեն կարող հստակ պատասխանել այս հարցին:

 

Մարգարիտան երրորդ բալիկի մասին իմացել է բլոկադայից ամիսներ առաջ, սակայն չի թաքցնում՝ հետպատերազմյան Արցախում նորից մայրանալը հեշտ որոշում չէր.

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

«Հղիությանս մասին իմացել եմ օգոստոսի 5-ին, հենց այդ օրերին նորից խփել էին Մարտակերտի վրա, զոհեր ունեինք: Ես հենց այդ պահին էլ երկընտրանքի առաջ էի՝ ունենալ այս հրաշքին, թե ոչ: Հաղթեց այն միտքը, որ մեր ազգը, թեկուզ հենց այս պայմաններում, բայց պիտի բազմանա: Շատ լավ գիտակցելով, որ ինչքան գնա՝ ավելի է դժվարանալու: Թշնամու ձեռագիրն իմանալով, գիտեի, որ թե՛ հղիության ընթացքում ենք խնդիրներ ունենալու, թե՛ դրանից հետո: Ու հենց այդպես էլ եղավ»:

 

Սոֆիա Հակոբյան (Ստեփանակերտ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին