Հարազատներն ու ծանոթները գիտեն՝ եթե Գայանեն չի երեւում, ուրեմն, նրան մեղվանոցում է պետք փնտրել։ «Մեղվանոցն ինձ համար ոնց որ պաշտպանություն լինի աշխարհից, իմ միկրոաշխարհն է»,- ասում է երիտասարդ մեղվաբույծը։

Լուսանկարը` Մեդիամաքսի
Լեզվաբան եւ միջազգային տուրիզմի մասնագետ Գայանե Սիմոնյանը դեպքերի բերումով է հայտնվել մեղուների աշխարհում։ Մի քանի տարի առաջ որոշեց, որ էլ չի ուզում մասնագիտությամբ աշխատել։ Թողեց Երեւանը, վերադարձավ ծննդավայր՝ Սպիտակ՝ իր գործը հիմնելու։ Պարտքով մոմաթերթ վերցրեց, սկսեց մեղրամոմից մոմ պատրաստել։ 2016 թվականին իր արտադրանքը ներկայացրեց մի էքսպոյում։ Արձագանքը գերազանցեց սպասելիքները։ Մարդիկ հետաքրքրվում էին՝ մեղր չունի՞։
Առանց փորձ ու գիտելիք՝ գնեց առաջին փեթակներն ու սկսեց մեղվաբուծությամբ զբաղվել։

Լուսանկարը` Մեդիամաքսի
«Վարկով փեթակ էի գնում, որ մեղր ստանամ, վաճառեմ, վարկը մարեմ, մեկ էլ՝ մեղր չկա, որովհետեւ գիտելիք չունես, մեղվին ճիշտ չես պահել, հանգցրել ես (մեղվի դեպքում սատկել չենք ասում, այլ՝ հանգչել)»։
2018-ին հիմնեց «BeeLife» ընկերությունը, ու մայրիկի օգնությամբ սկսեցին մեղրի ճյուղավորված արտադրությունը։ Իսկ համավարակից հետո գործն ամբողջությամբ ինքն է ղեկավարում։

Լուսանկարը` Մեդիամաքսի
«Քանի որ զբաղմունք չունեի, սթրեսից դուրս գալու համար մտա մեղուների մեջ եւ ուղն ու ծուծով դարձա մեղվաբույծ. հա՛մ սթրեսից դուրս եկա, հա՛մ մասնագիտական որակավորում ստացա»։
Հիմա 70 մեղվաընտանիք ունի։ Տարբեր մեղվամթերքներ ու դեղեր է պատրաստում, մեղրից կոսմետիկա է ստանում, զբոսաշրջիկների է հյուրընկալում ու պատմում մեղուների զարմանալի աշխարհի մասին։

Լուսանկարը` Մեդիամաքսի
«Մեղուների մոտ մայրիշխանություն է։ Փեթակում մի մայր է՝ իրենց ղեկավարն է, թագուհին է։ Առանց մոր փեթակը կործանվում է։ Մայրը երբեք մենակ չի լինում, նրան միշտ ուղեկցում է խնամող շքախումբը. կերակրում են, պաշտպանում, մազերն են սանրում։
Երբ մայրը պատրաստ է բեղմնավորման, հարսանեկան թռիչքի է դուրս գալիս։ Բոռերը գալիս ու կռվի են բռնվում։ Ով ավելի աշխույժ է, նրա հետ էլ մայրը բեղմնավորվում է։ Դա մոր կյանքի միակ թռիչքն է, հետո իջնում է փեթակ ու էլ երբեք դուրս չի գալիս։ Մայրը օրական մինչեւ 2 հազար ձու կարող է դնել։ Թեեւ մինչեւ 5 տարի կարող է ապրել, բայց ցանկալի է՝ 2 տարին մեկ փոխել մորը, որ փեթակն աշխույժ մնա, արդյունավետությունը չկորցնի»։

Լուսանկարը` Մեդիամաքսի
Գայանեն բացատրում է, որ եթե փեթակն ինչ-որ պատճառով որբանում է, մեղուները վերցնում են 1-3 օրական մի քանի ձու ու դրանց կերակրում մայրակաթով։
Թթվասերի նման սպիտակադեղնավուն այդ նյութը մեղուներն են արտադրում։ Մի քանի օր անց մայրերը ծնվում ու սկսում են իրար հետ կռվել։ Հաղթողը դառնում է փեթակի մայրը։
Ի տարբերություն մոր՝ մեղուները մոտ 2 ամիս են ապրում։ Գայանեն ասում է, որ մոր երկարակեցության գաղտնիք մայրակաթի մեջ է, որը 70-ից ավելի հիվանդություն է բուժում եւ երիտասարդացնող հորմոն է պարունակում։

Լուսանկարը` Մեդիամաքսի
«Սա գերմանական մեղվամայր է՝ տոհմային, մաքրացեղ, նույնիսկ անձնագիր ունի»,- Գայանեն ցույց է տալիս գլխին դեղին նշանով ու «47» համարով առանձնացող մեղվին։
Որպեսզի մաքրացեղ մայր մեղուն պատահական բոռի հետ չխաչասերվի, ու սերնուդները պահպանեն գերմանական «գենը», արհեստական բեղմնավորման սարք է ձեռք բերել։ Նիդերլանդներից հատուկ մասնագետ են հրավիրել, որ սովորեցնի՝ ինչպես այն օգտագործել։

Լուսանկարը` Մեդիամաքսի
Գայանեն ասում է, որ առաջիկա տարիների իր նպատակը մայրաբուծարան հիմնելն է, տոհմային մայրերով տնտեսությունը զարգացնելն ու արտաքին շուկա դուրս գալը, սկզբի համար՝ արաբական երկրներ։ Զուգահեռ որոշել է մեղվազբոսաշրջությունը՝ ապիտուրիզմը զարգացնել։ Տանը գաստրոբակ է բացել։ Զբոսաշրջիկները գալիս, շրջում են մեղվանոցում, մեղր, խոտաբույսերով թեյ, բակում տեղադրված թոնրի գաթա, լավաշ համտեսում, մասնակցում են մոմ պատրաստելու վարպետության դասին։ Վերջերս նաեւ ինհալացիայի սարք է գնել. փեթակին միացած խողովակով դուրս եկող օդը հատկապես օգտակար է ալերգիա, շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց։

Լուսանկարը` Մեդիամաքսի
Գայանեն ասում է, որ այն ամենը, ինչին հասել է մի քանի տարում, միայն բիզնես չէ։ Ուզում է մարդկանց սովորեցնել գնահատել մեղուներին, մեղվամթերքի բազմազանությունն ու օգտակարությունը ցույց տալ, իր օրինակով մշակույթ փոխել։
«Երբ ես էի մտնում այս ոլորտ, երիտասարդ կադրեր չկային, տղամարդիկ քամահրանքով էին վերաբերվում, ասում էին՝ հաստատ չի կարողանալու, ընդամենը մարքեթինգ է անում։ 10 տարի առաջ մեղվաբուծությունը համարվում էր «փորով» պապիկների գործ, որ թոշակի են անցնում, սկսում մեղվաբուծությամբ զբաղվել։ Հիմա ժամանակները փոխվել են։

Լուսանկարը` Մեդիամաքսի
Բացի արտադրությունից, մենք նաեւ սոցիալական կարեւոր նպատակ ունենք՝ համայնքում զարգացնել մեղվաբուծությունը։ Երկու տարի առաջ սեմինար արեցինք՝ օնլայն եւ օֆլայն։ Միայն օֆլայն հանդիպումներին Սպիտակի շրջանից 25 կին է մասնակցել։ Այս տարի էլ Հոլանդիայից փորձագետ է գալու, կին մեղվաբույծների համար մոտ 15 օր անվճար թրեյնինգներ է անելու»։
Արտադրամասի մուտքի մոտ Գայանեն Էյնշտեյնի խոսքերն է փակցրել։ «Եթե մեղուները վերանան աշխարհից, 4 տարի անց նաեւ մարդկությունը կվերանա»։ Երիտասարդ մեղվապահն ասում է՝ եթե մարդկային հասարակությունը մեղվից օրինակ վերցներ, աշխարհն այնքան լավը կդառնար։

Լուսանկարը` Մեդիամաքսի
«Ձմռան ցրտին պարսը կծկվում, գունդ է դառնում ու սկսում է պահեստային մեղրով սնվել։ Կծիկի ներսում գտնվող մեղվի տեղը տաք է, իսկ եզրինը սառչում է։ Իրենք դա գիտակցում են, ու դրա համար պարսը պտտվում է այնպես, որ եզրի մեղուն կարողանա մեջտեղ գալ, տաքանալ, իսկ տաքացածն այդ ընթացքում դուրս է գալիս։

Լուսանկարը` Մեդիամաքսի
Փեթակում ամենակարեւորը հնազանդությունն է, ամեն մեկն իր գործն ունի։ Մեղվափեթակի դիմաց՝ արկանոցի մոտ, պահակ մեղուներն են, ներսում տարածքը մաքրող սանիտար մեղուներն են, մի քիչ խորանում ես, մորը խնամող շքախումբն է, երիտասարդ մեղուների խումբը ձագերին է կերակրում, խնամում։ Հատուկ խումբ կա, որ դաշտից նեկտարն է բերում է, խումբ կա, որ նեկտարը վերցնում, սկսում է վերամշակել, պահեսատավորել։ Ծեր, արդեն ուժ չունեցող մեղուներին ուղարկում են մոտիկ տեղ՝ ջուր բերելու։ Եթե սատկելու ժամանակը եկավ, դուրս են գալիս, որ չկեղտոտեն փեթակը։ Եթե կերի համար պատերազմ է լինում, մի փեթակի մեղուները հարձակվում են մյուս փեթակի վրա, մեղուները մինչեւ վերջին շունչն իրենց ընտանիքը պահում են։ Եթե մայրը որակով է, փեթակն ընտիր բերք է տալիս, ինչպես պետության դեպքում։ Իսկ եթե մայրն անորակ եղավ, փեթակն ուղղակի գոյատեւում է»։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Վահե Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: