«Հոգնել եմ, ցավդ տանեմ». Ճանկաթաղի եւ Տումիի կորուստը մեկ կյանքի ընթացքում - Mediamax.am

exclusive
2036 դիտում

«Հոգնել եմ, ցավդ տանեմ». Ճանկաթաղի եւ Տումիի կորուստը մեկ կյանքի ընթացքում


Լուսանկարը` ՄարութՎանյան

Մարտակերտի ազատագրումը 1993 թվականի հունիսին
Մարտակերտի ազատագրումը 1993 թվականի հունիսին

Լուսանկարը` ՄարութՎանյան

Տումին
Տումին

Լուսանկարը` Սասուն Դանիելյան

Տումին
Տումին

Լուսանկարը` Սասուն Դանիելյան


Եթե Արցախյան 44-օրյա պատերազմը հայերի համար հիմնականում ասոցացվում է Շուշիի եւ Հադրութի կորստի հետ, ապա առաջին պատերազմի, թերեւս, ամենածանր շրջանը հայկական կողմի համար բաժին հասավ 1992-ի գարնան ու ամռան ամիսներին, երբ արցախահայությունը ծանր կորուստներ կրեց Արցախի հյուսիսում՝ կորցնելով Շահումյանն ու Մարտակերտի շրջանը: Վերջինիս զգալի մասի հանդեպ վերահսկողությունը հաջողվեց վերականգնել շուրջ մեկ տարի անց։

 

Տիկին Դ.Ս.-ի համար Արցախյան երկու պատերազմներն էլ անցել է ամենափշոտ, առաջին դեպքում Մարտակերտի, երկրորդին՝ Հադրութի գաղթի ճանապարհներով։ 90-ականներին տիկին Դ.-ն իր երեք երեխաների հետ ռազմական գործողությունների կիզակետում է հայտնվել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում,  2020-ի սեպտեմբերին՝ Հադրութի հայրական տնից ստիպված է եղել տարհանել նորածին թոռներին՝ հերթական անգամ համալրելով բռնի տեղահանվածների երկար ցուցակը։  Ընտանիքը պատերազմից հետո նախ ապաստանել է Արմավիրի մարզում, իսկ 2022-ի աշնանը կրկին վերադարձել Արցախ՝ բնակություն հաստատելով Ասկերանի շրջանի գյուղերից մեկում: Տիկին Դ.-ի՝ երրորդ անգամ նոր կյանք սկսելու այս փորձից ընդամենը երկու ամիս անց սկսվեց Արցախի շրջափակումը:  

 

«Ես Ադրբեջանում եմ ծնվել, Մինգեչաուրում։ Ամուսնացել եմ մարտակերտցու հետ, եկել Մարտակերտի Չինգյաթաղ (Ճանկաթաղ)։ Ծնողներս երկու երեխա Հադրութի Տումիից իրենց հետ վերցրել են գնացել Ադրբեջան աշխատելու, չորս երեխա էլ էնտեղ ենք արդեն ծնվել, ընդհանուր վեց երեխա ենք, երեքն էլ ես ունեմ, երկու տղա, մի աղջիկ։

 

1977-ին ամուսնացել եմ, ամուսինս գյուղում էր, իր քույրն էր Մինգեչաուրում, իր միջնորդությամբ ենք ամուսնացել։ Գյուղում կյանքը շատ բարդ էր, պայմանները շատ ծանր, տանն էլ հարմարություններ չկային, զոռով էինք յոլա գնում։ Դե ես քաղաքի աղջիկ…

 

Մեր քաղաքում ամեն ազգ էլ կար։ Ես հայերեն եմ դպրոցը կարդացել, թուրքերեն էլ եմ իմանում, բա իհարկե, հարեւանները բոլորը թուրքեր էին։ Շատ լավ ա եղել մեր հարաբերությունները։ Դպրոցը ավարտեցի, ցերեկն աշխատում էի, գիշերը հաշվապահություն կարդում։ Ոչ մի պրոբլեմ չէր լինում։ Հարեւան ունեինք, իրանց բայրամին հատուկ ճաշ էր բերում, փլավ, բերում հյուրասիրում էին։ Գալիս էին դուռը ծեծում, մենք էլ կոնֆետ էինք տալիս, փող էինք տալիս։ Մեզ ոչ մեկ ոչ մի հարցում չի խանգարել։ Բայց հիմա արդեն առաջվանը էլ չի լինի։ Կարողա 5 ամիս լավ մնան, 1 տարի լավ մնան, հետո վնաս տան…

 

1992-ի հուլիսը  

 

1992-ին, հուլիս ամսին, երբ գյուղը թուրքերը գրավել են, դուրս ենք եկել… Սկեսուրս էդ օրը կորավ, տղաս էլ էր կորած: Մենք երեխեքին վերցրեցինք ու փախանք, փախա անտառը։ Էնտեղ գյուղի ղեկավարությունը մեքենաներ ա տրամադրել, որ դուրս գանք։ Էդ ժամանակ ես էդ խառնաշփոթ վիճակում տղայիս մի ավտոբուս եմ դրել, դե տեղ չկար, ես մյուս տղայիս ու աղջկաս հետ հասա Ստեփանակերտ:

Լուսանկարը` ՄարութՎանյան

Անտառով էինք փախչում, ես որ հետ նայեցի՝ իրանց մեքենան էլ չերեւաց։ Ամուսինս որ եկել ա գյուղ՝ տեսել ա տղաս էնտեղ ճանապարհին, բայց սկեսուրս չկա։ Մինչեւ հիմա էլ չկա։ 85 տարեկան էր։ Անունը Կատյա։ Իր հետ անտառում մնացած մի քանի տարիքով մարդկանց գտել էին հետո սպանված, բայց իրեն ո՛չ ողջ, ո՛չ մեռած չկարողացան գտնել։ Գյուղից էլի տարեց մարդիկ եղել են, որ մահացել են։ Գիտեմ, որ հետո էլի ղեկավարությունը ուզեցել ա Ստեփանակերտից նորից մեքենա ուղարկի, որ գյուղում մնացածներին դուրս բերեն, չեն կարողացել, «Գռադ»-ով խփել են, տենց եմ լսել։  

 

Ես եկա Հադրութի հայրական գյուղս։ Չինգյաթաղը ազատագրեցին, բայց ես չեմ ուզել գնամ։ Տունը այրված էր, գնամ որտե՞ղ մնամ։ Եկել եմ հայրական գյուղումս ամեն ինչը արել պատրաստել, հիմա էլի թողեցի դուրս եկա… Ամուսինս առաջին կռվից հետո վիրավոր էր, գնաց Սարատով, որ բուժվի, տենց էլ էնտեղ ինսուլտ խփեց, մահացավ։ Էնքան դժվարությում եմ քաշել… Ինքս աշխատում էի, որ հացի համար ոչ մեկի դուռը չգնամ։ Հիշում եմ, առաջին անգամ 1800 դրամ փող էի ստացել, չէի իմանում՝ ինչ առնեմ, որ երեխեքը ուտեն։ Մի պեսոկ, մի սպիչկա… Տենց եմ յոլա գնացել։ Գիշերը լվացք եմ արել փեջի մոտ չորացրել, ցերեկը գնացել աշխատանքի, իրիկունը գնացել բոստանը ջրել, սաղ գիշեր գնում ցորենը աղում էի, որ բերեմ առավոտ հաց թխեմ երեխեքի համար։ Էն ժամանակ գյուղը որ օգնություն էլ ա եկել՝ ոչ մի բանից չենք օգտվել։

Մարտակերտի ազատագրումը 1993 թվականի հունիսին Մարտակերտի ազատագրումը 1993 թվականի հունիսին

 

Տվել են վիրավորին, զոհվածների ընտանիքներին, բայց որպես տեղահանված, որպես փախստական՝ ոչ մի բան, մի գդալ շաքար մեզ չի հասել։ Մի անգամ չեմ դիմացել, ասել եմ՝ ցուցակի առաջին տողում պտի իմ անունը լինի որպես փախստական, պատասխանել են՝ տղեքդ թող գնան աշխատեն։ Այ տենց բաներ են արել։

 

«Կարող ա էլի իրիկունը մնամ անտառի մեջ»…

 

2020-ի օգոստոսի 23-ին զույգ թոռնիկներս ծնվել են, հարսիս հիվանդանոցից բերել ենք տուն՝ կռիվը սկսել ա։ Հարսիս եղբայրը եկավ, ճանապարհեց իրանց Ստեփանակերտ, ես մնացի գյուղում։ Փեսաս պոստումը, տղեքս պոստումը, խոզը գոմումը, հավ ա, ղազ ա, ամեն ինչ էլ ունեինք։ Ես մնացի։ Ամսի 10-ին (հոկտեմբերի-խմբ.)հիշում եմ պատրաստվում էի գնայի խոզերի կերը տայի՝ զանգեցին, թե՝ թուրքերը մտել են Հադրութ։ Էլ խոզերի կերը չեմ տվել, դուրս ենք եկել։ Արդեն գյուղապետը ասեց՝ «Ինչով կարող եք՝ դուրս եկեք»։ Տեսա մեր գյուղի Անդրանիկը իր մեքենայով մարդկանց դուրս ա բերում, ես էլ եկա։ Մտածել եմ, որ հետ եմ գալու, ոչ մի բան չեմ հագել։ Մի յուբկա, մի դամաշնիկ, մի թեւավոր բլուզկա։ Տանից մի ժիլետ եմ վերցրել, մտածել եմ՝ կարող ա էլի իրիկունը մնամ անտառի մեջ, ցուրտ լինի։ Մենք չենք պատկերացրել, որ Հադրութը, Տումին կտեղահանվի։ Ինքը սարերի, անտառի մեջ ա, ջրերով հարուստ… Առաջին կռվին Հադրութի շրջանի գյուղերից մեծ մասը եկել են ապաստանել Տումի։

Տումին Տումին

Լուսանկարը` Սասուն Դանիելյան

Եթե էսպես էր որոշված՝ գոնե զգուշացնեին, երեխոնցը դուրս հանեին։ Օրինակ՝ Մարտակերտում առաջին կռվին ղեկավարությունը հստակ ասեց՝ «Պատրաստվեք, երեխոնցը հանում ենք»։ Էս անգամ ոչ մեկ ոչ մի բան չի ասել։ Լսելով, որ ամեն մարդ իրա երեխուն հանում ա գյուղից, ուղարկում Երեւան, մենք էլ ենք տեղափոխել Երեւան։ Ապրեն, լավ հյուրասիրել են, տան տերը շատ լավ տղա էր։ Աղջիկս իր 4 երեխեքով, հարսս 5 երեխեքով, հորեղբոր կինն իր երեխեքով, էդքանիս պահել ա։ Ես ասեցի՝ գուցե հարմարություն չկա, որ ես էլ գամ, շատ ենք։ Ասեց՝ «Չէ, թող գա»։

 

Որոշ ժամանակ Էջմիածնի գյուղերից մեկի մանկապարտեզի շենքում էինք մնում, փետրվարին հարսս երեխաների հետ եկավ ուրիշ գյուղ, ընտրությունների ժամանակ էլ մեզ մանկապարտեզի շենքից արդեն հանեցին, ես էլ մյուս տղայիս հետ եկա իրենց մոտ։ Մարզպետարանն էր մեզ բերել էդ շենք, ասում էին՝ մարզպետարանն էլ հետո պիտի տեղավորի մեզ, բայց չտեղավորեցին։ Օգնություն, ամեն բան տվել են, դե կամաց-կամաց քչացրին։ Բայց լավ են նայել, ամբողջ անձնակազմից մենակ լավն եմ տեսել։ Արմավիրում էլ մեր հարեւանները շատ լավն էին, ամեն ինչն էլ տալիս էին։ Հասցրել էի մի պղպեղ, մի բադրջան ցանենք։ Հետո պետությունը Արցախում տուն տրամադրեց մեզ, որպես բազմազավակ ընտանիք, եկանք, տեղավորվեցինք:

Տումին Տումին

Լուսանկարը` Սասուն Դանիելյան

2022թ. հոկտեմբերի 15-ին եկել եմ, դեկտեմբերին ճամփեն փակվեց: Էստեղ առաջին անգամ բոստան եմ արել… Կանաչիներս տեսա՞ր: Լոբի, կարտոլ, մի քիչ էլ մեղուներ ենք վերցրել: Տումիում ամեն ինչ ունեի, ամեն ինչ թողեցի։ 30-40 կիլո սալորը չիր եմ արել, թողել եկել…

 

Ես չէի ուզում էլ Ղարաբաղ գալ։ Հոգնել եմ, ցավդ տանեմ։ Սաղ կյանք երեխոնցը էնքան եմ վերցրել վազվզել դես ու դեն՝ զոռով սաղ սալամաթ ազատել եմ։ Հիմա էլ աղջիկս ա երեխոնցը վերցրել փախել, տղաս էլ իրա երեխոնցն ա մի կերպ փրկել, էդքանից հետո»…           

 

***

 

Ճանկաթաղն Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անցել է Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ 1992 թվականի հուլիսին։ Մյուս տարվա հունիսի 20-ին գյուղն ազատագրվել է։ Մարտակերտի շրջանի 6 այլ գյուղեր 1992-ից ի վեր մինչ օրս շարունակում են մնալ ադրբեջանական տիրապետության տակ՝ ամբողջությամբ հայաթափ։

 

2020-ի աշնանը տեղի ունեցած Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ռազմական ագրեսիայի հետեւանքով նույն կերպ հայաթափվել են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղն ու Մատաղիս քաղաքը՝ անցնելով Ադրբեջանի վերոհսկողության տակ։

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին