2010 թվականից ի վեր Կամոն չէր փոխել իր բնակատեղին: Ամենացրտաշունչ ձմեռն ու ամենակիզիչ ամառն անգամ չէին վախեցրել նրան:
Կամոն արագիլ է, Հովտաշատ գյուղի միակ արագիլը, որին անուն էին տվել: Նրան խնամել, կերակրել էին ու անհանգստացել, երբ իր բույն վերադառնալու ժամից մի փոքր ուշացել էր:
12 տարուց ավելի Կամոն ապրել էր 70-ամյա Արշավիր Հարությունյանի տան դիմաց: Հենց Արշավիրն էլ նրան Կամո էր անվանել.
«Հիշում եմ՝ ցուրտ ձմեռ էր, բայց մեր արագիլը չչվեց տաք երկրներ, մնաց-մնաց, ասինք չէ, սա չի գնալու, որովհետեւ ինքը պինդ արագիլ էր, անունը դրիք Կամո, որպես՝ ամուր ու պինդ արագիլ»,-ասում է Արշավիր Հարությունյանը:
Դիմացկուն թռչունի երկարակեցությունն ու հավատարմությունը շատերին է զարմացրել: Առավոտյան 10-ին գնում էր, ուղիղ 17:30-ին՝ վերադառնում:
«Ինչպես էր հասկանում՝ ժամը քանիսն է, ոչ ոք գլուխ չէր հանում, երեւի ժամացույց ուներ»,- կատակում է Արշավիրը: Բույնը միայն իր համար էր նախատեսված. ինքն էր պատրաստել եւ ոչ մի այլ թռչուն բնին չէր մոտենում: Անգամ հիմա, երբ Կամոն իր բնում չէ, ոչ մի թռչուն չի մտնում նրա բնի մեջ:
2022 թվականի օգոստոսի 4-ի առավոտյան Արշավիր Հարությունյանը Կամո արագիլին տեսնում է իրենց բակում: Մտածում է՝ երեւի կեր է ցանկանում ուտել, սակայն, երբ մոտենում է, տեսնում է, որ արագիլի թեւերը սեւացել են: Բռնելու անհաջող փորձերից հետո Կամոն գնում ու այլեւս չի վերադառնում…
«Խեղճը լռիվ կեղտոտվել էր, նորմալ չէր կարողանում թռչել, մտածում եմ՝ կա՛մ շներն են կերել, կա՛մ էլ ինչ-որ մի տեղ սատկել է»,-ասում է Արշավիրը:

Լուսանկարը` «Վտանգված եւ էնդեմիկ տեսակների պահպանություն» հիմնադրամ
Արշավիրի խոսքով, գյուղում արդեն երեք տարուց ավելի է, ինչ հայտնաբերվում են աղտոտված թեւերով արագիլներ: Ամենաշատը վախենում էին, որ Կամոն նույնպես կաղտոտվի ու հենց այդպես էլ եղավ:
Անհանգստացած խնդրի հետագա հետեւանքներով դիմել են Շրջակա միջավայրի նախարարությանը՝ արագիլների կյանքը փրկելու համար: Անհրաժեշտություն էր առաջանում բացահայտել, թե որոնք են նրանց թռիչքի խափանման պատճառները եւ ինչպես պետք է կանխարգելել դրանք:
Աղտոտված արագիլների հետքերով
Արարատի եւ Արմավիրի մարզի գյուղերում շրջայցի ընթացքում աղտոտված արագիլներ են հանդիպում Հովտաշեն, Հովտաշատ, Հայանիստ, Արտիմետ, Գայ, Արաքս գյուղերում: Գյուղերի բնակիչների մեծ մասը արագիլների աղտոտումը կապում է ձկնաբուծարաններից դուրս նետվող թափոնների հետ: Արաքս գյուղի բնակիչ Մարո Հակոբյանը ասում է, որ հիմնականում իրենց գյուղում տեսնում են աղտոտված արագիլների ձագերին, մեծ արագիլներն ավելի հազվադեպ են աղտոտվում.
«Վերջերս մի ձագ վայր էր ընկել, կոտրել թեւը, չէր կարողանում թռչել, կանչեցինք, թռչնաբանները եկան, տարան»,- ասում է Մարո Հակոբյանը եւ ցույց տալիս արագիլի լուսանկարը:

Լուսանկարը` «Վտանգված եւ էնդեմիկ տեսակների պահպանություն» հիմնադրամ
Արտիմետ գյուղի բնակչուհի Կարինեն էլ նշում է, որ իրենց համար աղտոտված, չթռչող արագիլների հանդիպելն արդեն սովորական է դարձել. «Գյուղում արդեն քանի տարի է տեսնում ենք նման դեպքեր, բռնում ենք կամ, եթե մենք չենք կարողանում բռնել թռչունին, դիմում ենք Շրջակա միջավայրի նախարարությանը»:
Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության հայտնած տեղեկությունների համաձայն, 2017-2022թթ-ի ընթացքում մարզում արագիլների համատարած աղտոտման դեպքերը գրանցվել են գլխավորապես Մասիս քաղաքի Հովտաշեն, Հովտաշատ, Սիս, Նորամարգ բնակավայրերում։ Արագիլների աղտոտման եւ անկման դեպքերը նշված բնակավայրերում ՝ թափոնների կառավարման եւ աղբավայրերի շահագործման խնդիրների, մասնավորապես՝ ձկնարդյունաբերական թափոնների հետեւանքներն են:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ մարզում աղտոտված արագիլներ դիտվել են Արաքս, Ջրառատ, Գայ եւ Հայկաշեն բնակավայրերում, որոնք սահմանակից են Արարատի մարզին։
Արագիլների աղտոտվածության «առեղծվածը», կամ ինչ են ասում մասնագետները
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) Հայաստանի մասնաճյուղը 2020 թվականից ստանձնել է արագիլներին փրկողի դերը։ Կազմակերպության ծրագրերի համակարգող, կենդանաբան Լուսինե Աղաջանյանն ասում է, որ արագիլների աղտոտման հիմնախնդիրն ի հայտ է եկել 2018 թվականից:
«Կազմակերպությունը նկատել է, որ մինչեւ 2020 թվականը խնդիրը դեռեւս լուծումներ չի ստացել, որոշել է իր սեփական հետազոտության պլանը մշակել՝ պարզել, թե որոնք են արագիլների աղտոտման պատճառները»,-ասում է Աղաջանյանը:

Լուսանկարը` «Վտանգված եւ էնդեմիկ տեսակների պահպանություն» հիմնադրամ
Մշակել են պլան, ըստ որի Արարատի եւ Արմավիրի մարզերի բոլոր գյուղերում պետք է իրականացնել արագիլների հաշվառում՝ հասկանալու համար, թե ինչպիսին է աղտոտվածության աշխարհագրությունը: 2020 թվականի մայիսից օգոստոս անցկացվել է գարնանային հարցում, որի ընթացքում NABU-ի թիմը եղել է Արարատի եւ Արմավիրի մարզերի բոլոր գյուղերում։
Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականին իրականացվել է 34-օրյա, իսկ 2021 թվականին՝ 42-օրյա հետազոտություններ, որոնց ընթացքում կազմակերպության կողմից հավաքագրվել է հետեւյալ տվյալները՝ բների քանակը, չափահաս եւ անչափահաս արագիլների թիվը, բնի վիճակը, աղտոտվածության աստիճանը, բնի գտնվելու վայրը, սատկած թռչունների թիվը եւ այլն։
«Տվյալների վերլուծությունից հետո պարզվել է, որ Արարատի մարզում 2021 թվականին աղտոտվածության մակարդակը կազմում էր մոտ 60%, իսկ Արմավիրի մարզում՝ 40%»,-ասում է Լուսինե Աղաջանյանը։ Հաշվառումների արդյունքում պարզ է դարձել, որ 2020-2022 թթ. արագիլների աղտոտվածությունն աճել է. արագիլների աղտոտվածության աշխարհագրությունը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ 21%-ով ավելի էր:
Ինչո՞ւ է կարեւոր արագիլների կյանքը
Լուսինե Աղաջանյանը ասում է, որ ցանկացած կենդանատեսակ կարեւոր է բնության համար, արագիլները բացառություն չեն. նրանք բնության ցիկլի մի մասնիկն են. «Եթե մենք ինչ-որ մի օղակ այդ ցիկլից հանում ենք, ապա կանգնում ենք որեւէ խնդրի առաջ»:

Լուսանկարը` «Վտանգված եւ էնդեմիկ տեսակների պահպանություն» հիմնադրամ
Թռչնաբանը նշում է, որ արագիլների նվազումը կարող է էկոլոգիական լուրջ աղետի պատճառ դառնալ: Արագիլների թվի կրճատմանը զուգահեռ կավելանա սողունների, երկկենցաղների քանակը: Քանի որ արագիլները սնվում են նաեւ սննդային թափոններով, կառաջանան նաեւ թափոնների կուտակումներ: Բացի այդ, արագիլների թվի նվազումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ կրծողների պոպուլյացիայի վրա:
Ո՞րն է արագիլների աղտոտման պատճառը՝ ըստ NABU-ի
Արդեն աշխատանքի պլանավորման ժամանակ հետազոտողների համար պարզ է դարձել, որ հարցումների անցկացումը բավարար չէ Արարատյան դաշտում սպիտակ արագիլների աղտոտման պատճառները բացահայտելու համար: Ավելի առարկայական պատկեր ստանալու համար աղտոտված սպիտակ արագիլի փետուրների լաբորատոր փորձարկումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նպատակով 2020-ին Լուսինե Աղաջանյանը փետուրների նմուշառում է իրականացրել:
«Փետուրներն ուղարկվել են հայկական «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիա եւ ամիսներ անց պարզվել է, որ աղտոտված սպիտակ արագիլների փետուրների վրա ձկան յուղ չկա, սակայն կան օրգանական բազմաթիվ նյութեր՝ այդ թվում բուսական ծագման յուղեր»,- ասում է Աղաջանյանը: 2021-ին Լուսինեն շարունակել է ավելի համակարգված հավաքել աղտոտված արագիլների փետուրները։ Աղտոտված արագիլների փետուրների վրա հայտնաբերվել է նավթամթերք (շարժիչային յուղեր):
Ձկնաբուծարանների եւ արտադրամասերի թափոնները՝ արագիլների աղտոտման պատճառ
«ԲրդԼինքս Հայաստան» հասարակական կազմակերպությունը 2019-2022 թթ. կատարվել են աղտոտված արագիլների լրացուցիչ ուսումնասիրություններ, որն ընդգրկել է Արարատյան դաշտը: Տվյալների հավաքագրումը ներառել է 12 արշավախմբեր 42 վայրում՝ ընդհանուր 12 օր տեւողությամբ:

Լուսանկարը` «Վտանգված եւ էնդեմիկ տեսակների պահպանություն» հիմնադրամ
«Աղտոտված արագիլները դասակարգվել են երեք մակարդակի` կախված յուրաքանչյուրի աղտոտման աստիճանից. «թեթեւ աղտոտված», «միջին աղտոտված» եւ «ուժեղ աղտոտված»,-ասում է ՀԿ-ի տնօրեն, Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը:
Արագիլները «թեթեւ աղտոտված» են, երբ պարանոցի եւ որովայնի ստորին հատվածը պատված է գորշավուն երանգով, «միջին աղտոտված», երբ պարանոցը, որովայնը եւ թեւերի մի մասը պատված է մուգ մոխրագույն երանգով, եւ «ուժեղ աղտոտված», երբ գրեթե ամբողջությամբ սեւացած են:
«Ձկների մասսայական սպանդից հետո ձկան ներքին օրգանները, որոնք պատշաճ ձեւով չեն ուտիլիզացվում, լցվում են մոտակա ջրանցքները եւ հանդիսանում են յուղով լի այն ճահճային մասսան, որտեղ արագիլներն իջնում են սնունդ հայթայթելու նպատակով եւ աղտոտվում են»,-ասում է Կարեն Աղաբաբյանը:
2019 թ-ին հարցումները եւ կազմակերպության սեփական դիտարկումները թույլ տվեցին բացահայտել Թառափի ձկնաբուծարանը, որը մոտակա ջրանցքն էր թափում ձկնաբուծարանի թափոնները՝ ձկների ներքին օրգանները: Տեղի բնակիչները եւ ուսումնասիրողները տեսել են, թե ինչպես են արագիլները սնվելու նպատակով այցելում այդ վայր եւ, հավանաբար, աղտոտվում թառափների ճարպից: 2020 թ-ին բնակիչների հարցումները, ԲրդԼիքսի, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի դիտարկումները թույլ տվեցին բացահայտել Մասիսի քաղաքային ջրանցքը, որտեղ լցվում են թառափի ֆերմաների թափոնները:

Լուսանկարը` «Վտանգված եւ էնդեմիկ տեսակների պահպանություն» հիմնադրամ
«Աղտոտման մյուս աղբյուրն արտադրական թափոններն են, որոնք պարունակում են տարբեր ձեթեր»,- ասում է Կարեն Աղաբաբյանը:
Թափոնների անբարեխիղճ ուտիլիզացիայի հետեւանքով դրանք լցվում են ջրանցքների մեջ, եւ երբ արագիլները ցանկանում են կերակրել իրենց ձագերին, այդ ամբողջ ձեթային մասսան հավաքում են իրենց զոբի մեջ, վերադառնում են բույն եւ ձագերին կեր են տալիս՝ հետ տալով: Հետ են տալիս այդ մասսան բույնի մեջ, եւ դա լցվում է ձագերի վրա եւ աղտոտում նրանց: Այս է պատճառը, որ բներում չթռչող ձագերն արդեն կեղտոտված են:
Աղաբաբյանը նշում է, որ միայն 2021 թվականին ավելի քան 200 արագիլ է սատկել, մեծամասամբ՝ ձագեր: Աղտոտվածությունը թույլ չի տվել նրանց թռչել, իսկ այն ձագերը, որոնք փորձել են իրենց առաջին թռիչքը, վայր են ընկել բներից՝ կոտրելով իրենց ոտքերը եւ թեւերը:
Աղտոտվածության դեմ իրականացվող համակարգային լուծումներ
ՀԿ-ն իրականացրել է աղտոտված արագիլների մաքրման աշխատանքներ: Թռչունների լվացման աշխատանքներից հետո բազմաթիվ արագիլներ կրկին թռչել են, սակայն հիմնախնդիրը դեռեւս առկա է: Համակարգային լուծումներ իրականացնելու նպատակով առաջին հերթին գույքագրվել են բոլոր արտադրամասերը, որոնք կարող են ունենալ ձեթային, յուղանման թափոններ:

Լուսանկարը` «Վտանգված եւ էնդեմիկ տեսակների պահպանություն» հիմնադրամ
«Հաջորդ քայլով Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է կազմակերպել բոլոր այդ կազմակերպություններում եւ պահանջել թափոնների վերաբերյալ հաշվետվություն»,- ասում է Աղաբաբյանը: Նշանակում է, որ բոլոր այդ կազմակերպությունները պետք է ներկայացնեն, թե ինչ են արել թափոնների հետ: Եթե արտադրամասը հայտնում է, որ հորել է թափոնը կամ պայմանագիր է կնքել աղբավայրի հետ եւ թափոնները հանձնել աղբավայրին, այդ տեղեկություններն ստուգման ենթակա են: Այս ամենից հետո արդեն հնարավոր է կենտրոնանալ այն արտադրամասերի վրա, որոնք ոչ կանոնավոր կերպով են ուտիլիզացնում թափոնները: Արտադրամասերը նաեւ պարտավորվում են ամեն տարի թափոնների վերաբերյալ հաշվետվություն տալ, որը հնարավոր կլինի համեմատել իրենց արտադրական ծավալների հետ:
Հաջորդ քայլով իրականացվում է թափոնների վերամշակման գործընթաց: Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է ձկնարդյունաբերության թափոնների կառավարման ուղեցույց, որը տեղեկացնում է այն մասին, թե ինչ պետք է անեն արտադրամասերը թափոնների հետ եւ ինչ հետեւանքներ կարող են ունենալ խախտումները:
Օգնությունը երբեք շատ չի լինում
Շուրջ չորս տարի է, ինչ «Վտանգված եւ էնդեմիկ տեսակների պահպանություն» հիմնադրամը զբաղվում է արագիլների աղտոտման խնդրի լուծմամբ: Հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանի խոսքով՝ խնդրի համակարգումը Շրջակա միջավայրի նախարարության կողմից արդեն սկսվել է, բայց այն դեռ կա:
«Աշխատանքին մասնակցում են հիմնականում կամավորները: Երբ գալիս է այն ժամանակահատվածը, երբ ձագերը պիտի բնից թռչեն, շրջայցի միջոցով կազմակերպության անդամները հաշվառում են իրականացնում՝ հասկանալու համար, թե քանի արագիլ կա եւ ըստ դրա՝ արդեն պլանավորվում են աշխատանքը»,- ասում է Մանուկյանը:

Լուսանկարը` «Վտանգված եւ էնդեմիկ տեսակների պահպանություն» հիմնադրամ
Աղտոտվածության պատճառով արագիլների ձագերը չեն կարողանում թռչել եւ հայտնվում են փողոցներում՝ ունենալով վնասվածքներ:
«Համայնքի բնակիչները զանգահարում են կազմակերպության անդամներին, որոնք էլ իրենց հերթին շտապում են դեպքի վայր եւ տեղափոխում արագիլներին «Վտանգված եւ էնդեմիկ տեսակների պահպանություն» հիմնադրամի կենտրոն»,- ասում է նա: Արագիլները տեւական ժամանակ չսնվելու պատճառով հյուծվում են եւ անհրաժեշտություն է առաջանում որոշ ժամանակ նրանց խնամելուց հետո միայն սկսել նրանց մաքրման աշխատանքները:
Առավել խոցելի են արագիլների ձագերը
Առավել շատ աղտոտվում են մինչեւ մեկ տարեկան ձագերը. հասունների մոտ նկատվում է աղտոտվածություն, բայց ոչ այն աստիճանի, որ չկարողանան թռչել: Հիմնադրամի կողմից 100-ից ավելի արագիլներ են մաքրվել եւ բաց թողնվել, սակայն եղել են արագիլներ, որոնց վնասվածքներն այնքան շատ են եղել, որ նրանց հնարավոր չի եղել բաց թողնել:
Լվացումից հետո վտանգվո՞ւմ է արագիլների կենսունակությունը
Արագիլների կյանքը փրկելու համար անհրաժեշտություն է առաջանում լվանալ նրանց: «Սկզբնական շրջանում հարց է առաջացել, թե ինչ նյութերով եւ ինչպես պետք է դա անել, որպեսզի դա չազդի արագիլների կենսունակության վրա: Հետագայում որոշակի ուսումնասիրությունների շնորհիվ այս հարցը ստացավ իր պատասխանը»,- ասում է Մանուկ Մանուկյանը:

Լուսանկարը` «Վտանգված եւ էնդեմիկ տեսակների պահպանություն» հիմնադրամ
Լվացման աշխատանքները այդքան էլ հեշտ չեն: Մեկ արագիլին լվանալու համար անհրաժեշտ է երկուսից երեք մարդ: Անհրաժեշտ նյութերը մի քանիսն են, իսկ ջրի նախընտրելի ջերմաստիճանը՝ միջին: Լիարժեք մաքրման համար լվացումը կատարվում է երեք փուլով: Լվացմանը մասնակցում են կենդանասերները, թռչնաբանները եւ կամավորները:
Արագիլների աղտոտվածությունը Հայաստանի սահմաններից դուրս
Աղտոտված արագիլներ հանդիպում են ոչ միայն Հայաստանում: Մադրիդի հարավարեւելյան տարածաշրջանային այգու տարածքը խիստ աղտոտված է կենսամիջավայրի կառուցվածքի փոփոխության պատճառով: Այն շատ մոտ է Իսպանիայի ամենամեծ աղբավայրին (Վալդեմինգոմես): Մադրիդում արագիլների աղտոտման գլխավոր պատճառներից մեկը անասնաբուժության մեջ օգտագործվող դեղագործական միջոցներն են, որոնք հասնում են վայրի բնությանը տարբեր ուղիներով:

Լուսանկարը` «Վտանգված եւ էնդեմիկ տեսակների պահպանություն» հիմնադրամ
Ատլանտյան եւ Հյուսիսային Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում ամեն տարի հազարավոր արագիլներ են աղտոտվում եւ սատկում: Աղտոտման հիմնական պատճառը նավթն է:
Ոչ բոլոր արագիլներն են չվում Աֆրիկա։ Շատերը ձմռանը մնում են Պիրենեյան թերակղզում, որտեղ աղբավայրերը սննդի մշտական աղբյուր են դարձել։ Գիտնականները վերլուծել են աղտոտիչների եւ թունաքիմիկատների առկայությունը արագիլների բույնների մեջ: Արդյունքները ցույց են տվել, որ աղտոտման հիմնական աղբյուրը աֆրիկյան երկրներում դեռեւս օգտագործվող միջատասպանների օգտագործումն է, ուր չվում են թռչունները:
Եվ վերջում
Թեեւ արդեն մի քանի տարի կատարվում են արագիլների փրկարարական բազմաթիվ աշխատանքներ, սակայն աղտոտված արագիլներն այսօր եւս կան, իսկ աղտոտվածության աշխարհագրությունն ավելի է մեծանում: Մասնագետների, թռչնաբանների եւ բնապահպանների կողմից կատարվող ուսումնասիրությունները, արագիլների լվացման եւ վերականգնողական աշխատանքները կարեւոր են, սակայն խնդրին լիովին հրաժեշտ տալու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ:
Քրիստինա Թորոսյան
Օգտագործված հոդվածների հղումները.
• Ձկնարդյունաբերության թափոնների կառավարման ուղեցույց՝ hraman262-l.pdf (env.am)
• White stork ecology research project in Ararat valle: WS ecology research - Annual report 2021 - English..pdf
• White Storks Ciconia ciconia L. became Victims of Environmental Pollution of Ararat Plain of Armenia: http://surl.li/frizx
• Spain’s rubbish dumps are attracting white storks, but danger lurks in the trash: http://surl.li/frjag
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: