«Ֆիլմային» Աֆրիկան ու Armenian Geographic-ի վերելքը Կիլիմանջարո - Mediamax.am

exclusive
2321 դիտում

«Ֆիլմային» Աֆրիկան ու Armenian Geographic-ի վերելքը Կիլիմանջարո


Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo


2023թ. փետրվարին Հայկական աշխարհագրական նախագծի (ArmGeo) խումբը վերելք իրականացրեց Աֆրիկայի ամենաբարձր գագաթ՝ Կիլիմանջարո (5895մ): Գրավիչ ու «ֆիլմային» Աֆրիկայի, տեղում բնակվող Մասսայի ցեղի հետ շփման ու, իհարկե, վերելքի մասին Մեդիամաքսին պատմել է ArmGeo-ի հիմնադիր Տիգրան Վարագը:

 

«Յոթ հրաբուխ» նախագիծը

 

Աֆրիկա այցելելը մանկության երազանքի նման մի բան էր: Հետաքրքրում էր նաեւ վերելքը Կիլիմանջարո, քանի որ այն Աֆրիկայի ամենաբարձր կետն է: Երբ սկսեցինք «Յոթ հրաբուխ» նախագիծն, այս երազանքն ավելի իրատեսական դարձավ:

Լուսանկարը` ArmGeo

Նախագծի նպատակն է բարձրանալ բոլոր աշխարհամասերի ամենաբարձր հրաբուխները: Դրա իրականացումը սկսեցինք վերելքից Էլբրուս, որը Եվրոպայի ամենաբարձր հրաբուխն է, անցյալ տարի Իրանում բարձրացանք Դեմավենդ՝ Ասիայի ամենաբարձր հրաբուխը, ու սկսեցինք պլանավորել Կիլիմանջարոյի վերելքը, որն Աֆրիկայի եւ՛ ամենաբարձր գագաթն է, եւ՛ ամենաբարձր հրաբուխը:

 

Խմբի ընտրությունն ու անվտանգությունը

 

Տանզանիա մեկնեցինք քսան հոգանոց խմբով: Սա հայկական ամենամեծ խումբն է, որ երբեւէ բարձրացել է Կիլիմանջարո: Ընտրության հատուկ չափանիշներ չունեինք, քանի որ ի սկզբանե վերելքի համար գրանցվել էին մարդիկ, որոնք ունեն արշավական փորձ, տարվա ընթացքում մեզ հետ պարբերաբար վերելքներ են կատարում եւ մեր ընկերներն են: Եւս երեք մարդ խմբին միացավ արտերկրից՝ Էստոնիայից ու ԱՄՆ-ից:

Լուսանկարը` ArmGeo

Աֆրիկյան վերելքին նախապատրաստվելիս անվտանգության առանձնահատուկ միջոցառումներ չենք ձեռնարկել: Կային մարդիկ, որոնք Տանզանիա մեկնելուց առաջ որոշեցին պատվաստվել Դեղին տենդի դեմ: Այս պատվաստումը պարտադիր չէր, քանի որ բարձրադիր հատվածքներում Դեղին տենդով վարակված մոծակները տարածված չեն ու վարակվելու հավանականությունը փոքր է:

Լուսանկարը` ArmGeo

Ամեն դեպքում, մեզ հետ նաեւ մոծակների դեմ պայքարի միջոցներ էինք վերցրել: Արդեն Տանզանիայում դեղատնից գնեցինք ու սկսեցինք խմել Մալարիայի դեմ հաբեր: Քանի որ մեր խմբին ուղեկցում էին տեղացիներ, նրանք ձեռնարկում էին բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ամեն ինչ անվտանգ լինի:

 

15 ժամ տեւած ուրախ թռիչքը

 

Երեւանից Տանզանիա ճանապարհի ընդհանուր տեւողությունը մոտ 15 ժամ է: Սա հաշվի առնելով՝ մեզ հետ գրքեր ու այլ զբաղմունքներ էինք վերցրել, որպեսզի թռիչքների ընթացքում չձանձրանանք: Իրականում ճանապարհն այնքան թեթեւ եւ ուրախ անցավ, որ գրքերից գոնե մեկ էջ այդպես էլ չկարդացինք (ծիծաղում է –հեղ.):  

Նախ Երեւանից մեկնեցինք Դոհա՝ Քաթար, որտեղից էլ մոտ երկու ժամ անց՝ Տանզանիա: Այստեղ օդանավակայանում մեզ դիմավորեցին տեղացի գործընկերները:

Լուսանկարը` ArmGeo

Նրանց հյուրընկալություն շատ յուրահատուկ է: Առաջին իսկ պահից մեզ ներկայացան իրենց ազգային երգով ու պարով, պատմեցին սեփական մշակույթի մասին: Այնպես որ, Տանզանիա մեկնելն ու Կիլիմանջարոյի վերելքը կազմակերպելը սպասվածից շատ ավելի հեշտ ստացվեց:  

 

Վերելքը, Կիլիմանջարո ազգային պարկն ու հոգատարությունը

 

Կիլիմանջարո բարձրանալու մի քանի երթուղի կա: Դրանցից միայն մեկի դեպքում է գիշերակացը կազմակերպվում ոչ թե վրաններում, այլ՝ տնակներում: Վերելքն առավել հարմարավետ դարձնելու համար ընտրեցինք հենց այս երթուղին:

Լուսանկարը` ArmGeo

Կիլիմանջարո լեռը համանուն ազգային պարկի տարածքում է ու դրա համակարգված աշխատանքը մեզ շատ տպավորեց: Այստեղ մուտք գործելուց առաջ կատարում ես անհրաժեշտ վճարումներն ու պարտավորվում ենթարկվել գործող կանոններին: Դրանցից մեկով, օրինակ, վերելք կատարողների իրերը՝ մինչեւ 16 կգ քաշով, տանում են ուղեկցող բեռնակիրները: Նրանք ամբողջ ընթացքում շատ բարեհամբույր էին, օգնում էին ամեն ինչով, երգում էին, պարում:

Լուսանկարը` ArmGeo

Շատ տպավորիչ էր ազգային պարկի մաքրությունը, մուտքից մինչեւ գագաթ գոնե մի կոնֆետի թուղթ հողին գցած չէիր տեսնի: Ճամբարներում եւս ամեն ինչ շատ կոկիկ էր, միշտ կար մաքուր սպիտակեղեն:

 

Հոգատարության մի յուրահատուկ դրսեւորում էլ եղավ, որը, երեւի, ամենահաճելին էր բոլորիս համար: Ամեն անգամ, երբ հոգնած հասնում էինք ճամբար, բեռնակիրները թասերի մեջ տաք ջուր էին լցնում, առանձին-առանձին մոտեցնում բոլորիս, որպեսզի ոտքերը տաք ջրի մեջ դնենք ու փոքր-ինչ հանգստանանք քայլելուց հետո:

 

Ինչ վերաբերում է բուն վերելքին, ամեն օր բարձրանում էինք մոտ 1000 մետր ու գիշերում ճամբարում: Կիլիմանջարոյի վրա անցկացրեցինք 4 գիշեր:

Լուսանկարը` ArmGeo

Այն բավականին ակտիվ լեռ է ու շատերին է գրավում՝ որպես Աֆրիկայի բարձրագույն կետ: Քանի որ բավականին զբոսաշրջային է, կարող է թվալ՝ վերելքի համար թեթեւ սար է, բայց սա այնքան էլ ճիշտ չէ: Այո, ռելիեֆը ժայռային չէ, պետք է պարզապես քայլել, բայց դա բավականին բարդ է կլիմայի փոփոխությունների ու բարձրության պատճառով: 

Լուսանկարը` ArmGeo

Տանզանիայում երկու եղանակ կա՝ ամառ ու անձրեւների սեզոն: Երբ մեզ մոտ ամառ ու ձմեռ է, այնտեղ ամառ է՝ վերելքներ կատարելու սեզոն: Մարտից սկսվում են անձրեւներ, որոնք կարող են շաբաթներով շարունակվել:

 

Աֆրիկյան շոգից մինչեւ -20

 

Հետաքրքիր էր կլիմայի փոփոխությունը: Երթուղու սկզբում աֆրիկյան շոգ ամառ էր: Քայլում էինք ջունգլիներով, ճանապարհին խիտ բուսականություն էր, հանդիպում էինք կապիկների: Երկրորդ ճամբարից հետո բնությունն ավելի չորային դարձավ, բուսականությունից միայն կակտուսներ կային: Դրանից վերեւ՝ 3500-4700 մ բարձրության վրա, կլիման տափաստանային էր՝ առանց բուսականության:

Լուսանկարը` ArmGeo

Վերջին ճամբարից դեպի գագաթ ճանապարհին եղանակը բավականին ցուրտ էր: Բարձրության հաշվին ջերմաստիճանը տատանվում էր -10 -20 սահմաններում:  

 

Մասսայի ցեղի հետ շփումը

 

Վերելքից բացի, մեկ օր ունեինք սաֆարի տուրի համար: Ուղեւորվեցինք Նգորոնգորո խառնարան, որը 20 կմ տրամագծով հսկայական տարածք է զբաղեցնում: Շատ ֆիլմային տեսարաններ էին այստեղ: Բնության մեջ հանդիպեցինք գրեթե բոլոր կենդանիներին, որոնց մասին երբեւէ լսել էինք՝ առյուծ, անտիլոպ, կապիկ, ընձուղտ, գետաձի: Նույնիսկ որսի տեսարանի ականատես եղանք՝ բորենին վազում էր եղնիկների հետեւից, բայց նրանց հասնել չկարողացավ:

 

Մեր ուղեկցորդն առաջարկեց գնալ նաեւ տեղի Մասսայի ցեղի գյուղերից մեկը, ծանոթանալ նրանց կենցաղին:

Լուսանկարը` ArmGeo

Այստեղ եւս մեզ դիմավորեցին ազգային երգ ու պարով, ինչից հետո խումբ-խումբ հյուր գնացինք նրանց տներ: Դրանք կառուցված էին ցեխից, գոմաղբից, եղեգներից ու ծառի ճյուղերից: Իրենց խոսքով՝ ամառային սեզոնին տանը հով է լինում, իսկ անձրեւների ժամանակ այն թույլ չի տալիս, որ ջուրը ներս լցվի:  

Ցեղի հետ շփումը տեղի էր ունենում մեր ուղեկցորդի օգնությամբ, բայց նրանք նաեւ անգլերեն որոշ բառեր գիտեին: Մնացածն իրար «ձեռքով-ոտքով» բացատրում էինք:  

 

Մասսայի ցեղը բավականին մեծ սփռվածություն ունի: Նրանք բնակվում են Տանզանիայի հյուսիսում եւ Քենիայի հարավում, չունեն պետականություն կամ պետական սահմաններ հասկացությունները: Կրում են իրենց ազգային տարազները, զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, ապրում են առանց էլեկտրականություն:

Լուսանկարը` ArmGeo

Ինչպես հասկացանք՝ այս ցեղի ներկայացուցիչները չունեն նաեւ անձնագրեր կամ գրանցում, հետեւաբար հայտնի չէ նրանց հստակ թիվը: Ըստ որոշ հաշվարկների՝ ցեղի ներկայացուցիչների թիվը հասնում է մեկ միլիոնի: Տպավորիչ էր, որ առ այսօր կան այսպես ապրող մարդիկ:

 

Կիլիմիանջարոյի սիմվոլիկան

 

Միանշանակ է, որ տեղացիները շատ են սիրում Կիլիմանջարոն: Նրանք իրենց երկիրը ներկայացնում են հենց այս սարով: Մերձակա գյուղերում ու քաղաքներում ամեն ինչ՝ գարեջրից սկսած մինչեւ սրճարաններ ու խանութներ, «Կիլիմանջարո» անունն են կրում:

Լուսանկարը` ArmGeo

Լեռը տեղացիների համար նաեւ եկամտի աղբյուր է դարձել, քանի որ գրավում ու Տանզանիա է բերում մարդկանց ամբողջ աշխարհից:

 

ArmGeo-ն հայտարարել է Կիլիմանջարո-2024 վերելքի մասին: Մանրամասները՝ հղումով:

 

Յանա Շախրամանյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին