Շրջափակված Արցախի «հմայիչ» մակարոնները - Mediamax.am

exclusive
1962 դիտում

Շրջափակված Արցախի «հմայիչ» մակարոնները


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս


Արցախի շրջափակման շուրջ երկու ամիսների ընթացքում բազմիցս է խոսվել տեղական արտադրանքի խիստ սակավության, բլոկադայի բերած խնդիրների ու դրանցից քաղվող դասերի մասին: Արցախում տեղական արտադրողներն իսկապես մատների վրա հաշվելու չափ սակավ, բայց նախանձելի հաստատակամության տեր անհատներ են: Պատերազմներ, արտասահմանյան ներդրումների գրեթե իսպառ բացակայություն, տեւական անկայունություն եւ անվստահություն վաղվա օրվա նկատմամբ. թվարկվածները, թերեւս, բավարար են այստեղ բիզնես ծավալելուց առաջ, ինչպես ասում են, «յոթ անգամ չափել՝ մեկ անգամ կտրելու» համար: Մինչդեռ շրջափակումը եկավ եւս մեկ անգամ հիշեցնելու, թե որքան շատ ունի Արցախը նման համարձակության կարիքը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Այդպիսի համարձակ նախաձեռնություններից մեկն է մակարոնների տեղական միակ արտադրությունը՝ «Կամելիան», որի՝ շրջափակման պայմաններում շարունակվող աշխատանքին որոշեց հետեւել նաեւ Մեդիամաքսը:

 

Մեր նախապես պայմանավորված ժամից մի փոքր ուշ ենք այցելում «Կամելիա». Արցախում արդեն տեւական ժամանակ է, ինչ օրվա գրաֆիկը թելադրում է միայն մեկ երեւույթ՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները: Ի վերջո՝ երբ էլեկտրաէներգիան կրկին վերադառնում է արտադրամաս, իսկ սարքերը նորից սկսում աշխատել, մենք նույնպես անցնում ենք մեր աշխատանքին: Ինչպես փոքրիկ արտադրամասի բոլոր աշխատողները՝ մենք էլ զինվում ենք ստերիլ խալաթով եւ գլխարկով ու նոր անցնում առաջ:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Բլոկադայի պայմաններում գործ եք անում, սնունդ արտադրում, հպարտանալու բան է դա, ոչ թե ամաչելու», - մի քիչ բարկացած, մի քիչ էլ զարմացած ասում է մեր լուսանկարիչը՝ Դավիթ Ղահրամանյանը, նկատելով «Կամելիայի» երիտասարդ աշխատակիցների ամոթխածությունը լուսանկարչական ապարատի գործի անցնելու պահից սկսած:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Այսօր շրջափակված Արցախում 16 տեսակի մակարոնեղեն առաջարկող «Կամելիան» ունի 8 աշխատակից, մինչդեռ, ինչպես ընկերության հիմնադիր-տնօրեն Էլեն Միքայելյանն է պատմում, սկսել են 3 տեսակի մակարոնեղենով ու 2 աշխատողով:

 

«Շատերը դեռ մտածում են՝ եթե տեղական է, ուրեմն վատն է»

 

Շրջափակման պայմաններում, երբ Արցախի բոլոր խոշոր ու փոքր խանութների դարակները մեկը մյուսի հետեւից սկսեցին դատարկվել, տեղական արտադրության «Կամելիան» մտավ գրեթե յուրաքանչյուրի տուն, իր հետաքրքիր դիզայնով զվարճացեց ու ինչ-որ չափով փրկություն դարձավ շատ տան տիկինների համար: Մինչդեռ 2022թ. հունվարի կեսերից, երբ պետական պահուստներից կտրոններով առավել մատչելի մակարոնեղեն վաճառքի հանվեց, տեղական արտադրողը կրկին ստվերված է զգում իրեն, ասում է Էլեն Միքայելյանը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Ճիշտն ասած՝ այս հարցով բլոկադայի սկսվելուց ի վեր այնքան դռներ եմ թակել, մինչեւ պետնախարար: Փորձելով մարդկանց հասցնել, որ սա կարեւոր է: Ես այլ բիզնես էլ ունեմ, կարող եմ սա փակել, ինձ ու իմ տղայիս եկամուտս կբավարարի, սոված չենք մնա: Բայց ես ցանկացա իմ ուժերով ամեն ինչ անեմ, որ այս արտադրամասը Արցախում շարունակի աշխատել, - ասում է «Կամելիայի» հիմնադիր տնօրենը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Ըստ արցախցի արտադրողի՝ խնդիրը նաեւ տեղական մտածողությունն է. տեղական արտադրանքին աջակցելու միտումը Արցախ դեռ չի հասել: Ցավով է նշում, որ մարդիկ սկսել են ուշադրություն դարձնել տեղական արտադրանքին միայն ճարահատված: Բլոկադան կստիպի՞ որոշակի դասեր քաղել եւ ավելի շատ մտածել Արցախը գոնե պարենի հարցում նվազագույն ինքնաբավության բերելու՝ «Կամելիայում» այդքան էլ վստահ չեն:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Մեր ժողովրդի մեջ դեռ այդ բանը կա, շատերը դեռ մտածում են՝ եթե տեղական է, ուրեմն վատն է: Տեղական արտադրողը նույնիսկ այս պայմաններում գնահատված չէ: Մինչդեռ կռիվն էլ է դա եղել, դա մենտալիտետում նստած է»:

 

Կինը՝ բիզնեսում, պատերազմում, բլոկադայում

 

Արտադրվող մակարոնների ամեն մի տեսակը կանացի մի սանրվածքի նմանեցնելով ու փաթեթների վրա արտացոլելով կանացի հմայքի ամենատարբեր երանգները, տիկին Էլենը վերհիշել է իր բուն մասնագիտությունը՝ ոճաբան դիզայներ:

 

«Կամելիայում» նոր ծրագրեր ու գաղափարներ շատ ունեն, թեեւ բլոկադան դեռ թույլ չի տալիս ստեղծագործական մտքին ավելի շատ ազատություն տալ եւ նոր փորձարկումներ անել: Հենց նախօրեին եւս մեկ նորություն են մոգոնել՝ բոված ու համեմունքներով վերմիշելներ են սկսել արտադրել: Այժմ էլ ԱՄՆ-ից պատվեր ունեն պանրով ու համեմունքներով մակարոնների: Միտքը, ցանկությունը, փորձն ու հաստատակամությունը կա, պատվերը՝ նույնպես, միայն թե շրջափակումը ճեղքելու ու ապրանքը տեղ հասցնելու ճանապարհը չկա: Չեն սրտնեղում, տիկին Էլենն ասում է՝ կյանքում միայն մեկ բան չի պատկերացնում՝ հանձնվելը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Մունք կոտրվում չընք, շարունակում ենք կատարելագործվելը», - ասում է «Կամելիայի» հիմնադիրը:

 

«Կամելիայի» ընթացքը, դրա վերելքներն ու վայրէջքներն էլ կարծես սերտորեն կապված են արցախյան մերօրյա զարգացումների ամեն մի կետի հետ: Առաջին անգամ բացվել են 44-օրյա պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ, որոշ ժամանակ հարկադրված դադար տվել, նորից ջանացել, իսկ այս անգամ էլ նոր արտադրամասի բացումը նշել Արցախի շրջափակումից երեք օր առաջ՝ 2022թ. դեկտեմբերի 9-ին: Մինչ այսօր «Կամելիան» եւ տիկին Էլենը երեք անգամ հասցրել են ամեն ինչ զրոյից սկսել:

 

«2020 թվականի օգոստոսի 27-ին առաջին անգամ սկսեցինք գործել: Անգամ հասցրել էինք որոշակի քանակ տանել շրջաններ, գումարն էլ դեռ չէինք վերցրել, որովհետեւ նոր ապրանքատեսակ էր, մարդիկ պետք է տեսնեին՝ վաճառվում է, չի վաճառվում, եթե այո՝ շարունակեինք միասին աշխատել, եթե ոչ՝ ապրանքը հետ ստանայինք: Բայց սկսվեց պատերազմը ու դե արդեն պարզ է… Գործը վարկով ենք սկսել, այդ գումարն էլ փաստացի կորցրեցինք: Կռվից մի քանի ամիս անց մի քիչ էլ աշխատեցինք, նորից վերաբացվեցինք: Այստեղ էլ ապրանքի իրացման հետ մեծ խնդիրներ եղան: Պատերազմից հետո այնքան հումանիտար բեռ էր եկել Արցախ, որ ուր մտնում էիր, ասում էիր՝ տեղական արտադրանք է, պատասխանում էին, թե՝ «էնքան շատ ապրանք ունենք, կարանք մենք էլ քեզ տանք»: Անգամ հիվանդանոցներին, մանկապարտեզներին, որ դիմում էինք, չէին վերցնում, որովհետեւ բոլորի պահեստները լիքն էին օգնություններով: Շատ դժվար է եղել, շատ լուրջ խնդրի առաջ կանգնեցի: Հետո կամաց-կամաց, համբերություն հավաքեցի, գնացի-եկա, շարունակ բանակցում էի խանութների հետ, գնում էինք շրջաններ: Մշտական առաքում չէինք կարողանում անել, անգամ մինչեւ Մարտակերտ տաքսով էինք տանում փաթեթները: Ճիշտ  է՝ վարկը վերցնելիս բոլորին այլ էին պլանները, բայց որ կռիվը մեջ ընկավ»…

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

2021-ի սեպտեմբերի վերջին Էլեն Միքայելյանը տեղեկանում է Արցախի էկոնոմիկայի նախարարության դրամաշնորհային ծրագրի մասին: Դիմում է առանց մեծ սպասելիքներ ունենալու եւ… առաջին տեղ է գրավում: Ստացված դրամաշնորհի միջոցներով ավելացնում են սարքերի քանակը, մեծացնում են չորանոցի տարածքը եւ նոր փաթեթներ պատվիրում:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Այս ընթացքում «Կամելիան» հասցրել է խմբաքանակ ուղարկել Ճապոնիա, Ռուսաստան, վերջերս էլ՝ քաթարական ընկերությունների հետ են բանակցել, փաթեթներ ուղարկել Ավստրալիայում կայացած ցուցահանդեսներից մեկը, սակայն բլոկադայի պատճառով բոլոր այս ծրագրերը մնում են առկախված:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Լույսը որ սկսել են անջատել՝ մոտ 300 կգ ապրանք փչացավ: Սկզբում հովհարային անջատումների գրաֆիկ դեռ չկար, չգիտեինք՝ որ պահին կանջատվի, սարքերը հանկարծակի կանգնում են, խմորը միանգամից սառչում է: Հումքից բացի մի սարք էլ փչացավ: Բացի դրանից, մեր աշխատանքային ժամերը էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով նույնպես պակասել են, օրինակ՝ վաղը 8-9 ժամի փոխարեն ընդամենը 5-ն ենք կարողանալու աշխատել: Եղած էլեկտրաէներգիան էլ թույլ է, նույն սարքը առաջվա քանակը չի կարողանում արտադրել: Նախկինում եթե օրական 400 կգ էինք արտադրում, այսօրվա դրությամբ 200, 250, ամենաշատը՝ 270 »:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Մյուս խնդիրը ալյուրի հայթայթման դժվարություններն են: Գնել որակյալ մակարոնեղենի ստանդարտներին համապատասխան կարծր տեսակի ցորենի բարձր կարգի ալյուր, այժմ մեծ խնդիր է արցախցի արտադրողի համար: Պետությունն առաջարկել է տեղական ալյուր օգտագործել, բայց, ըստ Էլեն Միքայելյանի, ցավոք, որակի ցուցանիշը չի համապատասխանում: Ձեռքի տակ եղած սահմանափակ քանակն էլ, ըստ տիկին Էլենի, դեռ բավարարելու է մոտ երեք շաբաթ, եթե լույսի անջատումները չլինեին՝ է՛լ ավելի շուտ կիրացնեին այդ քանակը:

 

Ըստ Էլեն Միքայելյանի՝ շրջափակումը շատ բան ստիպեց վերանայել մարդկանց, սակայն է՛լ ավելի կարեւոր է շրջափակման վերացումից հետո կրկին հետ չսահել նույն բացերի մեջ.

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Շատ կցանկանամ, որ մեր մարդիկ սկսեն ավելի շատ գնահատել մեր հողը: Մենք Արցախում շատ լավ, շատ բերրի հող ունենք: Նույնիսկ այս եղած փոքր կտորը, որ պահպանել ենք, մեծ պոտենցիալ ունի: Բլոկադայի առաջին օրերին զանգել եմ գյուղերում իմ ծանոթներին, մի սոխ, մի կարտոֆիլ, պանիր անգամ չեմ կարողացել հայթայթվել, գյուղացին հողը չի վարում, պանիր չի սարքում: Ինչպե՞ս կլինի: Արցախի հողը մարդուն կարող է ամեն ինչ տալ»:

 

Սոֆիա Հակոբյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանին

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին