Մոսկվայից Արցախ տեղափոխված Մերին. «Պատերազմը իմ փոխարեն որոշեց» - Mediamax.am

exclusive
2299 դիտում

Մոսկվայից Արցախ տեղափոխված Մերին. «Պատերազմը իմ փոխարեն որոշեց»


Մերի Ասատրյանը
Մերի Ասատրյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Մերի Ասատրյանը
Մերի Ասատրյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Մերի Ասատրյանը
Մերի Ասատրյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս


Ծննդով Մոսկվայից 26-ամյա Մերի Ասատրյանը գրեթե կես տարի է, ինչ Արցախում է: «Ի գործ» ծրագրի շրջանակներում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում աշխատող միջազգային հարաբերությունների երիտասարդ մասնագետը 2022թ. սեպտեմբերին է Ստեփանակերտ տեղափոխվել: Ի զարմանս մեզ, Մերիի հետ հաջողվում է հանդիպել շաբաթ օրը, պարզվում է՝ ՄԻՊ-ի գրասենյակը այդ օրը ստիպված կրճատում է աշխատանքային ժամերը՝ էլեկտրանէներգիան խնայելու նպատակով: ՄԻՊ-ի աշխատակազմի անբաժանելի մասնիկը դարձած Մերին ուրախ է, որ հենց այս թիմում է, սակայն նշում է, որ կհամաձայներ հաստիքի Արցախի ցանկացած կառույցում: Ավելին՝ «Ի գործ»-ին ուղղված իր դիմումի մեջ ի սկզբանե նշել էր, որ եթե Մոսկվայից իրեն ուղղորդեն, օրինակ, Երեւան, չի համաձայնի եւ կշարունակի փնտրել այլ ծրագրեր, որոնք իրեն կբերեն հենց Արցախ:

 

«Առաջին անգամ 2000-ականների սկիզբն էր, երբ մորաքրոջս հետ եկանք Արցախ: Այնքան լավ եմ հիշում: Արցախը միշտ եղել է իմ կյանքում այդ հաղթական պատմությունը: Այն ճշմարտությունը, որ եթե մենք մի բան մտքներիս դնենք, եթե իրոք ուզենք ու միասին գործենք՝ ամեն ինչն էլ շատ լավ ստացվում է: Պատերազմից հետո արդեն մտքիս դրել էի, որ տեղափոխվեմ Արցախ եւ ինչով կարողանամ օգտակար լինեմ այստեղին: Մոտս այն զգացողությունն էր, որ՝ էլ ե՞րբ, եթե ոչ հիմա: Որովհետեւ այդ պահին հասկանում ես, որ այլեւս ժամանակ չկա ու Արցախի հարցով պետք է ամեն օր ու ամեն ժամ աշխատենք, ու ամենակարեւորը՝ այստեղ լինենք: Բելգիայում նոր էի ավարտել ուսումս, վերադարձել էի Մոսկվա ու պետք է որոշեի, թե ինչ եմ անելու, ուր եմ գնալու: Պատերազմը իմ փոխարեն որոշեց»:

Մերի Ասատրյանը Մերի Ասատրյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Իր որոշմանն ընտանիքի արձագանքը ժպիտով է հիշում, ուրախ է, որ հարազատները երազանքի ճանապարհին չխոչընդոտեցին: Ասում է՝ առաջ պատրաստում էր ծնողներին ու եղբորը, որ մեկ տարով է գալիս, հիմա՝ սկսում է պատրաստել, որ գուցե ընդմիշտ մնա Արցախում:

 

«Ես երկու տարի արդեն պատրաստում էի մերոնց, որ մի օր գնալու եմ Արցախ, ու երբ «Ի գործ»-ից դրական պատասխանը եկավ, շատ հետաքրքիր էր, որ մամաս թեեւ մինչ այդ կարծես դեմ չէր, բայց այդ պահին շփոթվեց: Ասում էր՝ «Կարող ա՞ երեխայիս բանակ եմ ուղարկում», խառնվել էր իրար: Հետո իրենց բացատրեցին, որ ինչպես 120 000 մարդ ապրում է՝ այնպես էլ ես կկարողանամ նորմալ ապրել: Կամաց-կամաց հասկացան: Վստահ եմ, որ սրտի խորքում իրենք հասկանում են, որ դա է ճիշտը»:

 

«Բլոկադայի ժամանակ ամենալավ տեղը բլոկադայից ներս է»

 

Շրջափակման հենց առաջին օրերից է՛լ ավելի ինտենսիվ տեմպով աշխատող Մերին խոստովանում է, որ պարզապես ժամանակ չի ունեցել խուճապի մատնվելու: Ծիծաղով է արձանագրում, որ եթե Մոսկվայում մի քանի օր տաք ջուր չլիներ՝ շատ կնյարդայնանար, բայց այստեղ այդ իրականությունը շատ հանգիստ է ընդունել: Ցավով միայն փաստում է, որ բլոկադայի մյուս կողմում գտնվող ընտանիքն ավելի ծանր է տանում այս փուլը, քան հենց ինքը ներսից:

 

«Ներսից լինելը նաեւ ստիպում է ավելի «ձիգ» լինել: Դու թուլանալու իրավունք չունես ու տեղ էլ չունես թուլանալու: Շրջափակման մեջ ենք, բայց ես շատ հանգիստ եմ, որովհետեւ տիրապետում եմ իրավիճակին ներսից: Եթե հանկարծ Երեւանում լինեի էս օրերին՝ ինձ թվում է, որ անզորությունից կխելագարվեի: Պատերազմի ժամանակ Արցախին օգնելու հնարավորությունն ավելի մեծ է եղել, քան հիմա: Մարդիկ գրում են. «Ասա, ինչով քեզ օգնենք», ու չեն հասկանում ինչ անել: Դրա համար ես ամեն օր շնորհակալ եմ կյանքին, որ այս պահին այստեղ եմ: Սա այս օրերին ամենալավ տեղն է: Բլոկադայի ժամանակ ամենալավ տեղը բլոկադայից ներս է»:

 

Թե ինչի մասին էր էս վերջին 30 տարին

 

Մերին մեծ զգացմունքայնությամբ է արձանագրում, որ թեեւ ի սկզբանե Արցախում ոչ մի ծանոթ չունենալուն, առաջին իսկ օրերին շրջապատվել է մեծ հոգատարությամբ ու սիրով եւ ոչ մի պահ իրեն միայնակ չի զգացել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Տունը, որը վարձել եմ, պատկանում է մի ընտանիքի, որը Արցախյան շարժման ամբողջ բովով անցել է ու ամեն կողմից վերքեր է ստացել: Տան տիրոջ քույրը նախ Բաքվից է տեղահանվել, հետո՝ Շուշիից: Այս մարդիկ իրենց վերջին հացի կտորն էլ կկիսեն, կբերեն ինձ կտան: Նոր տարվա գիշերը խորոված էին արել, բլիթներ, մի փոքր աղցան, այսինքն՝ ինչ եղել է էդ մարդկանց սեղանին՝ բերել են, նույնից ինձ տվել: Դու զգում ես, որ իրենք գնահատում են քո այստեղ լինելը: Դա շատ ուժեղ ուղերձ է տեղացիներին: Իրենք զգում են, որ մենակ չեն: Այսինքն՝ ինչ-որ մեկը Մոսկվայից վեր է կացել ու եկել: Տան տերը մինչեւ հիմա էլ ոնց-որ չհավատա, մեկ-մեկ ասում է՝ «Բայց դու լավ մտածիր, հաստատ ուզո՞ւմ ես էստեղ լինել»: Ասում եմ՝ ես արդեն այստեղ եմ: Հենց բլոկադան սկսվել էր՝ ինձ համար շատ էին մտահոգվում, եկան, ասացին. «Մտածի դուրս գալու մասին, կուզե՞ս կազմակերպենք ինչ-որ ձեւ Կարմիր խաչով», ասացի՝ բացառված է: Ո՞ր օրվա համար եմ եկել»:

 

Արցախը, ինչ խոսք, տարբեր է, եւ Մարտունիից Ասկերան, Ստեփանակերտից՝ Մարտակերտ ու կորուսյալ Հադրութ եւ Շուշի տարբեր առանձնահատկություններ ու գույներ է իր մեջ պարունակում: Մերին նույնպես հասցրել է կլանել այդ գունապնակի մի մասը. ամենահիշարժանն, իհարկե, պատերազմից հետո գյուղեր այցերն էին:

 

«Առաջինը մտքիս Թաղավարդն է գալիս: Պատերազմը ավարտվել է հենց Թաղավարդի մեջտեղում: Բայց մարդիկ շարունակում են ապրել այնտեղ: Ավելին՝ կյանքն այնտեղ ավելի շատ է եռում, քան մնացած գյուղերում: Առաջին անգամ որ գնացինք, մեր թիմին տարան, ցույց տվեցին, որ իրենց գերեզմանոցը մնացել է փշալարից այն կողմ, տները ցույց տվեցին: Ահավոր ազդվեցի: Դա իմ առաջին դուրս գալն էր Ստեփանակերտից, պատերազմի մռմռացող սպիերը առաջին անգամ զգացի Արցախում հենց այդ օրը: Բայց թաղավարդցիները իրենք էին մեզ մխիթարում, ասում էին՝ «Լավ կլինի»: Այդ առումով Թաղավարդը ֆենոմեն է»:  

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Ի հեճուկս շատերի սպասումների՝ Մերին բավականին արագ է ադապտացվել արցախյան իրականությանը: Քիչ բան կա, որը նա կցանկանար փոխել, եղածներն էլ բնավ տաք ջուրը կամ առանձնահատուկ սնունդը չեն:

 

«Ես միշտ մտածել եմ, որ Արցախում զինվորին աստվածացնում են: Բայց գուցե նրանից է, որ շատ են զինվորականներն այստեղ, հատուկ, առանձին վերաբերմունք չկա զինվորի նկատմամբ: Զինվորականների հետ խոսում ենք, շատերն ասում են՝ «Մեր մասին ոնց-որ առանձին չմտածեն»: Օրինակ՝ սպան ուշ ժամի է գալիս տուն, վերադարձին հաց է ուզում տուն տանել, երեկոյան մնացած չի լինում խանութում: Բայց կարելի է, չէ՞, զինվորի համար առանձին պահել: Կարելի է սա բացատրել նրանով, որ այստեղ ամեն մեկի տանը կա զինվոր եւ նրան ուղղակի չեն առանձնացնում, մեզ համար զինվորը մի առանձին խավ է, բայց այստեղ ամեն մեկի եղբայրը, հայրը, ամուսինը զինվոր է: Բոլորի տանը զինվորական համազգեստը կախած է: Բայց Սփյուռքից մի քիչ ուրիշ ձեւ ես նայում: Սա, թերեւս, միակ բանն է, որ կուզեի մի քիչ փոխվեր Արցախում»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Մերիի մյուս քննադատությունը Սփյուռքին է ուղղված: Ըստ նրա՝ խոսուն է միայն այն փաստը, որ վերջին երկու տարում Արցախ եկած ընդամենը մի քանի ընկերներ ունի:

 

«Այդքան խոսում ենք Արցախի մասին, բայց գալիս հասնում ես այստեղ ու տեսնում, որ մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, որոնք եկել են ու պատրաստ են գործ անել: Այսինքն՝ ավելի շատ խոսողներ կան, քան գործողներ: Մեկ-մեկ արցախցիներն էլ հարցնում են՝ «Երկքաղաքացիություն ունե՞ս: Օ՛, երնեկ քեզ»: Շատ դժվար է բացատրել, որ այդ օտար երկրի ապրած կյանքի մեջ ոչ մի «երնեկ»-ի բան չկա: Չես կարողանում բացատրել, որ ինչքան էլ վատ լինի՝ քո հողում ապրելը ավելի լավ է, որովհետեւ դու քեզ մարդ ես զգում»:

Մերի Ասատրյանը Մերի Ասատրյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Զրուցակիցս շատ լավ է հիշում, որ Եվրախորհրդարանում Արցախի թեմայով Հայ Դատի գրասենյակի կազմակերպած կլոր սեղանի քննարկումը, որի ժամանակ Ադրբեջանի դեսպանատան կողմից ուղղորդված երիտասարդ ադրբեջանցիները ներկայացել էին շատ պատրաստված, մինչդեռ այն ժամանակ դեռ ուսանող Մերին առաջին անգամ էր լսում «Զանգելան, Ֆիզուլի, Կուբաթլու» բառերը:

 

«Չեմ թաքցնի՝ ապշած էի: Դա ինձ ցնցել էր: Ինչո՞ւ ես չգիտեմ: Սովորել եմ նաեւ Երեւանում՝ Հայ-ռուսական համալսարանում: Ինչո՞ւ սա իմ դասախոսներից չեմ լսել ժամանակին: Այդ ադրբեջանցին իմ տարիքի, իմ խավի ներկայացուցիչ էր, բայց մեր տեղակացվածության մակարդակը սարսափելի տարբեր էր: Ես անշուշտ, թեման որոշակի ուսումնասիրել էի, բայց բուն կոնֆլիկտի ընթացքը այդքան լավ չգիտեի: Իսկ իրենք հատուկ պատրաստ հարցերով, նույնիսկ՝ պատրաստ հակադարձումներով եկել էին: Այսինքն՝ զգում ես, որ պետությունն աշխատում է այս ուղղությամբ: Մեզ մոտ կարծես մեկ ուղղություն, մեկ տարբերակ չի եղել թեմայի վերաբերյալ: Ես դա հենց այդ պահին զգացի: Մենակ այն, որ մենք սկսել ենք այս պատերազմից հետո շատ պարզ իրողություններ հարցականի տակ դնել, ասել ՝ «Բայց դա մե՞րն էր որ», դա արդեն ինքնության լուրջ խնդիրների, արժեքային համակարգի, կրթական հիմքի շատ թույլ լինելու մասին է խոսում: Ես Հայաստանի, Սփյուռքի բոլոր հայերին խորհուրդ եմ տալիս որեւէ եզրակացություն անելուց առաջ գոնե մեկ անգամ գալ Արցախ՝ հասկանալու համար, թե ինչի մասին էր էս վերջին 30 տարին: Իրենց աչքով տեսնեն իրականությունը, նոր ասեն՝ Արցախը իրենց պետք է, թե պետք չէ, կամ Արցախը մենակ արցախցո՞ւնն է, թե՞ բոլորինս»:

 

Սոֆիա Հակոբյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին