Լուսառատից Մոխրաթաղ. պաթետիկից դեպի իրական սերը տանող ճանապարհը - Mediamax.am

exclusive
4501 դիտում

Լուսառատից Մոխրաթաղ. պաթետիկից դեպի իրական սերը տանող ճանապարհը


Աստղիկ Քեշիշյանը
Աստղիկ Քեշիշյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Աստղիկ Քեշիշյանը
Աստղիկ Քեշիշյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Աստղիկ Քեշիշյանը
Աստղիկ Քեշիշյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Աստղիկ Քեշիշյանը
Աստղիկ Քեշիշյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Աստղիկ Քեշիշյանը
Աստղիկ Քեշիշյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս


Արցախի շրջափակման օրերին այստեղ հաճախ են սիրում են կրկնել, թե բախտավոր են այն արցախցիները, ովքեր մնացել են շրջափակումից ներս՝ հայրենի Արցախում: Հայաստանից կամ Սփյուռքից Արցախ տեղափոխված քիչ, բայց իրենց «բախտավոր» համարող նվիրյալները նույնպես այդ կարծիքին են. վստահ են՝ անտարբեր չլինելով Արցախի ներկայի ու ապագայի հանդեպ, չէին կարողանա հեռվից դիտել այս դժվարին շրջանը: Միայն մեկ «բայց» կա. ի տարբերություն տեղացիների՝ նրանց տունը կիսված է բլոկադայի երկու կողմերում, իսկ սերն ու ապրումները երկու կես եղած Արցախի ու հեռվում մնացած հարազատների միջեւ:

 

Այո, վերջին երկու տարում Արցախը հյուրեր քիչ է ընդունում: Սակայն հենց պատերազմից հետո՝ խոցված ու կիսված Արցախում առավել քան զգացմունքային ու խոսուն են այն քիչ, բայց կարեւոր պատմությունները մարդկանց մասին, որոնք իրենց ներուժը, հոգատարությունն ու փորձն են բերում թվում է թե է՛լ ավելի ներփակված Արցախի տարբեր բնակավայրեր:

 

24-ամյա Աստղիկ Քեշիշյանը Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում է ապրում: Ինչպես եւ պայմանավորվել էինք, կեսօրին Ստեփանակերտի ավտոկայանում մեզ է սպասում: Խոստովանում է՝ մինչեւ վերջ վստահ չէր, որ հանդիպումը կկայանա, չգիտեր չէր՝ տրանսպորտ կգտնվի, թե ոչ:

 

Շուրջ մեկուկես տարի «Դասավանդիր Հայաստան»-ի թիմին միացած Աստղիկի համար Արցախի շրջափակման, «գազային տեռորի» եւ էներգետիկ ճգնաժամի հետեւանքներն առաջին հերթին զգալի են մայրաքաղաքից հեռու գտնվող գյուղական համայնքի՝ է՛լ ավելի մեկուսացմամբ: Մոխրաթաղից ուղիղ տրանսպորտ դեպի Ստեփանակերտ մինչ օրս էլ չի գործում, իսկ տաքսիով Մարտակերտ ու այնտեղից էլ երթուղայինով ճանապարհը շարունակելը գազի բացակայության պատճառով խիստ բարդացել է:  

 

Ծննդով Արարատի մարզի Լուսառատ գյուղից Աստղիկը, սակայն, հիշում է, որ անցյալ տարվա ձմեռը Մոխրաթաղում ավելի ծանր է տարել. դեռ չէր սովորել փայտի վառարանը վառել, տունը ցուրտ էր: Այժմ՝ շրջափակման օրերին անկումային տրամադրություններն ավելի քիչ են: Շրջափակումից ուղիղ մեկ օր առաջ էր վերադարձել Արցախ, հիմա ավելի քան ուրախ է այդ առիթով: Հիմա միայն էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակ մի փոքր տխուր է մութ տանը հաճախ առանց շարժական ինտերնետի միայնակ նստելը, բայց օգնության են հասնում ընկերները, որոնք հեռախոսից այն կողմ նրանց ընկերակցում են, մինչ տունը կլուսավորվի:

Աստղիկ Քեշիշյանը Աստղիկ Քեշիշյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Երիտասարդ ուսուցչուհին կատակում է, որ բլոկադայի վերջում արժե Արցախում խոզի արձան դնել, որպես այս օրերին մեզ «սովից փրկած» կենդանու, մինչդեռ իրականում ինքն այնքան էլ չի սիրում, երբ շրջափակված Արցախի մասին բոլոր քննարկումները տանում են դեպի սննդի հայթայթման խնդիրը:

 

«Ես որպես բլոկադայի դրական կողմ դիտարկում էի, որ գուցե նիհարեմ, բայց հակառակը եղավ: Անընդհատ մարդիկ ինչ-որ բան են բերում, մեկը գնում է՝ մյուսն է գալիս, ու էդպես շարունակ: Մի քիչ էլ վատատես ու զգուշավոր լինելով բլոկադայի առաջին օրերին գնումներ եմ կատարել, բայց միեւնույնն է՝ օգնել ցանկացող մարդկանց հոսքը չի դադարում: Զրույցների ընթացքում միշտ ասում էինք՝ մի ճանապարհ է, պատկերացնու՞մ եք՝ փակվի: Բայց դրանք ուղղակի օդի մեջ զրույցներ էին, ոչ ոք դա այդքան իրական չէր պատկերացնում: Կարծում եմ, որ շատ սխալ է շեշտադրումը դնել միայն սննդի ու հումանիտար աղետի վրա: Եկեք պատկերացնենք, որ Ադրբեջանը հանկարծ մեզ տոննաներով սնունդ ուղարկի, ուրեմն վե՞րջ, մեր խնդիրներն ավարտվեցի՞ն: Մենք համաձա՞յն ենք այդ տարբերակին: Ուղղակի սնունդ ունենանք, դեղ ունենանք եւ վերջ: Ինչքան էլ պնդեն, որ ճանապարհը ազատ է՝ ո՞նց է ազատ, եթե ես հիմա ուզում եմ տուն գնալ ու, ասենք, երկու օրից հետ գալ, բայց չեմ կարող: 21-րդ դարում դու չես կարողանում ազատ տեղաշարժվել եւ էլեմենտար տուն գնալու խնդիր ունես»:

 

Մարտակերտյան արմավենին եւ դրա ետեւում թաքնված «դրաման»

 

«Արցախադարձների» մեջ արդեն հնաբնակ համարվող Աստղիկը լավ է հիշում Մոխրաթաղում իր առաջին օրը: Արցախը երիտասարդ լրագրողի եւ ուսուցչուհու կամքն ու հաստատակամությունը սկսել է փորձարկել հենց այդ պահից սկսած:

 

«Նախորոք տունս տեսել էի, բայց միայն դրսից: Բակում ֆիքսել էի, որ արմավենու ծառ ունեմ ու միայն այդ մտքով էի, որ հեսա գալու եմ, սիրուն հագնվեմ, արմավենու ծառի տակ էկզոտիկ նկարներ անեմ: Իրականում այդ տանը շատ երկար ժամանակ ոչ ոք չէր ապրել, ներսում ձեւափոխելու, կարգավորելու շատ բան կար:

 

Բարեբախտաբար, ծնողներս ինձ չլսեցին ու առաջին օրերին եկան հետս, օգնեցին, հակառակ դեպքում վազելով հետ կգնայի երեւի: Հիշում եմ՝ մաքրում էինք, մաքրում, բայց այն ոչ մի կերպ չէր դառնում այն տունը, որտեղ ես կուզենայի ապրել: Այդ օրը տունն այդպես էլ վերջնական կարգի չեկավ, մենք էլ այդ փոշուց այնքան էինք կեղտոտվել, որ չէինք ուզում հարեւաններին անհանգստացնել իրենց մոտ գիշերելու համար, չնայած որ մինչ այդ մարդիկ արդեն եկել էին, իրենց օգնությունն առաջարկել: Հայրիկս ու քույրս մի կերպ մեքենայի մեջ տեղավորվեցին, քնեցին, իսկ ես նստել էի պատշգամբում, նայում էի աստղերին ու ինքս ինձ ասում՝ «Աստղի՛կ, էս ինչ արեցիր դու քո կյանքի հետ»: Շատ դրամատիկ օր էր: Մի քանի օր անց ամեն ինչ սկսեց կարգավորվել ու զգացի, որ չէ, լավ էլ կարող եմ այստեղ ապրել»:

Այդպես էլ մնաց Աստղիկը Մոխրաթաղում, ուր մինչ օրս դասավանդում է Հայոց լեզու եւ գրականություն: Մոտ 300 հոգի բնակչությամբ գյուղի դպրոցում կա 69 աշակերտ: Աստղիկն աշխատում է 8-րդ եւ ավելի բարձր դասարանցիների հետ: Ասում է՝ պատերազմից հետո գյուղի բնակչությունը չի պակասել, բոլորը վերադարձել են:

Աստղիկ Քեշիշյանը Աստղիկ Քեշիշյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

«Երբ ես գնացի՝ մարդիկ արդեն որոշ ժամանակ արդեն վերադարձել ու ապրում էին համայնքում, արդեն բավականին կայուն էր վիճակը, մարդիկ կամաց-կամաց սկսում էին վերադառնալ իրենց նախկին առօրյային: Հիմա տարբերությունը, իհարկե, մեծ է: Անորոշությունն ավելի շատ է: Այն ժամանակ ավելի մեծ վստահություն կար ռուս խաղաղապահների հանդեպ ու մարդկանց մեջ հույս կար, որ գոնե մինչեւ 2025 ամեն ինչ հանգիստ է լինելու: Հիմա ավելի տխուր են մարդիկ: Բայց նույն Մոխրթաղում էլի խոսակցություններ չկան, որ հենց ճանապարհը բացվի՝ գնանք: Բոլորն էլ ասում են՝ «Սա է մեր տունը, ո՞ւր պիտի գնանք»:

 

Ամանորին Արցախի Մարտունին՝ Հռոմի փոխարեն

 

Արցախի ամենահակասական՝ շրջափակված Ամանորը, երբ մթնոլորտում այնքան անորոշություն կար, որ մարդիկ դժվարանում էին նույնիսկ վաղվա օրվա մաղթանքներ հնչեցնել, հատկապես առանձնահատուկ էր նրանց համար, ում ընտանիքները բլոկադայից այն կողմ՝ ՀՀ-ում կամ Սփյուռքում էին: Աստղիկը, ով Ամանորի գիշերը պատրաստվում էր Հռոմում լինել, փոխարինեց այն արցախյան Մարտունիով ու Ամարասի վանք այցով:

 

«Նախկինում, երբ տեսնում էի արշավական խմբերի նախաձեռնություններ Ամանորն Արցախում նշելու, միշտ մտածում էի՝ ինչ հավես կլինի, կարելի է մի անգամ գնալ: Բայց, իհարկե, ոչ այս պայմաններում: Նոր տարվա գիշերը պետք է լինեի Հռոմում, դրանից հետո ընտանիքով Իսպանիա պետք է գնայինք: Մինչեւ վերջին օրերը հույս ունեի, որ գուցե ճանապարհը բացվի, կարողանամ գնալ, բայց քրոջս ասում էի՝ «Դու տրամադրվի՛ր, որ միայնակ ես գնալու, ինձ հույսեր մի ներշնչիր: Որովհետեւ ինչքան ներշնչում եմ՝ այդքան հետո ավելի ծանր է լինելու ինձ համար»: Ամեն դեպքում, միայնակ չմնացի Ամանորին: Գյուղացիներից էլ, աշակերտներիցս էլ շատ էին հրավիրողները, որ իրենց հետ անցկացնեմ Նոր տարին: Բայց, ի վերջո, մենք «Դասավանդիր, Հայաստանի»-ի ուսուցիչներով Մարտունու Սոս գյուղում նշեցինք, նաեւ Ամարաս գնացինք: Կեսգիշերին բոլորի ծնողները միաժամանակ զանգում, խառը իրար շնորհավորում էին: Ե՛վ ծիծաղելի էր, եւ՛ հավես էր, եւ՛ տխուր էր»:

 

Աստղիկը չի խորշում խոստովանել՝ եղել են պահեր, երբ իրավիճակը հոգեպես ճնշել, տրամադրության խիստ վայրիվերումների պատճառ է դարձել, անգամ եղել են պահեր, որ ինքը մտածել է՝ վերջ, ճանապարհը բացվի՝ գնալու է:

 

«Այդ ժամանակ, որքան էլ զարմանալի թվա, ինձ սթափեցրել է հայրս: Ասաց՝ «Բայց դու հասկանում ես, չէ՞, որ դա նշանակում է փախուստ: Այսինքն՝ այն, ինչին այդքան ձգտում են  ադրբեջանցիները»: Նույնիսկ երբ նոր հայտնի դարձավ, որ գալու եմ Արցախ, մերոնք եւ՛ չէին ուզում, եւ՛ միեւնույն ժամանակ ուրախ էին ինձ համար: Որովհետեւ հասկանում էին, թե որքան պետք է դա եւ՛ Արցախին, եւ՛ ինձ»:

 

Մեկուկես տարի անց Արցախն արդեն նաեւ իր տունը համարող Աստղիկը չի խուսափում առողջ քննադատությունից. կցանկանար, որ մարդիկ ավելի շատ օգտագործեին հողի ներուժը, ավելի ակտիվ զբաղվեին նաեւ անասնապահությամբ: Հիշում է՝ Արարատի իրենց գյուղում կյանքն առավոտյան 6-ից եռում էր: Երիտասարդ ուսուցչուհին նույնպես նկատում է, որ բլոկադան ինքնըստինքյան բերում է արցախցիներին այս գիտակցությանը, հուսով է՝ ոչ ապարդյուն:

Աստղիկ Քեշիշյանը Աստղիկ Քեշիշյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Ինչպես «Դասավանդիր Հայաստան»-ի բոլոր ուսուցիչները՝ Աստղիկը նույնպես երկու տարով է համայնքում, այսինքն՝ կես տարի անց հրաժեշտ կտա Արցախին: Ծրագրի շրջանակներում ՀՀ ներսում ուսուցիչները սովորաբար հնարավորություն չունեն ընտրելու այն մարզն ու գյուղը, որտեղ դասավանդելու են: Արցախը, սակայն, բացառություն է, եւ այնտեղ ուսուցիչները մեկնում են սովորաբար իրենց իսկ գիտակցված ընտրությամբ: Ինչպես շատերի մոտ՝ Աստղիկի դեպքում էլ այդ որոշումը խիստ էմոցիոնալ, բայց նույնքան հաստատակամ էր:

 

«Ես մինչեւ պատերազմը ոչ մի անգամ չեմ եղել Արցախում: Նույնիսկ «Դեդո Բաբո»-ի կողքին այդ շաբլոն նկարից չունեի: Պատերազմից հետո մեղավորության զգացում կար, որ չեմ էլ տեսել այն, ինչ կորցրել ենք: Երբ մինչ Քարվաճառի ու Քաշաթաղի հանձնումը մի քանի օր ունեինք՝ երկուսն էլ հասցրեցի գնալ: Դրանք իմ կյանքի եւ՛ ամենասիրուն, եւ՛ ամենատրավմատիկ օրերից էին, քանի որ գնում տեսնում մի դրախտավայր ու կարծես ասում՝ «Բարեւ ձեզ եւ ցտեսություն»: Ես միշտ սիրել եմ Արցախը, առանց այն տեսնելու: Միշտ մեզ մանկուց սովորեցրել են, չէ՞, Արցախը, Արցախը… Մի քիչ պաթետիկ սեր էր դա, անշուշտ՝ կեղծ չէր, բայց պատասխանատվություն չենթադրող սեր էր: Եվ ես որոշեցի, որ ուզում եմ գալ ու մոտիկից սիրել այն, գալ ու անպայման ապրել էստեղ: Բացի այդ, ես ինքս գյուղական համայնքից եմ եւ ինքս էլ դպրոցական տարիներին միշտ ցանկացել եմ, որ դրսից ինչ-որ թարմություն գա, հոգնեցուցիչ էր դպրոցի միապաղաղ կյանքը: Եվ ես ուզում էի լինել այստեղի երեխաների համար այդ թարմությունը եւ կարծում եմ՝ եղա: Հարցն այն չէ, որ դու ավելի լավն ես կամ ավելի վատը, դու ուղղակի թարմություն ես:

Աստղիկ Քեշիշյանը Աստղիկ Քեշիշյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Մի անգամ միջոցառում էինք կազմակերպել գյուղում երեխաների համար, աղջիկներից մեկը այդ օրն ասաց՝ «Ես մտածում էի, որ իմաստ չկա մեր գյուղում մնալու եւ ես ուզում էի գնալ գյուղից, բայց ձեր գալուց հետո հասկացա, որ մենք կարող ենք մնալ գյուղում եւ փոխել այն դեպի լավը»: Շատ էի հուզվել այդ պահին: Երեխաները դարձել են ավելի բաց, ավելի նախաձեռնող: Եթե նույնիսկ մի քանի հոգու մեջ սա փոխվի՝ արդեն շատ կարեւոր է: Մեր ուսուցիչներից մեկն էլ պատմել է, որ տանը դժգոհել է, թե՝ «Ինչքան կարելի է էսպես ապրել, թողնենք, գնանք», ամուսինն էլ ասել է՝ «Էդ խոխեն ուրիշ տեղից վեր ա կացել եկել, իսկ դու ասում ես՝ գնանք»….

 

Սոֆիա Հակոբյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին